Ադրբեջանի ներքին զորքերը կենթարկվեն նախագահին․ ինչի՞ կարող է հանգեցնել
Ադրբեջանի ներքին զորքերի լիազորությունները
Ադրբեջանի Միլլի Մեջլիսը (խորհրդարանը) ընդունել է նոր օրենք, որի համաձայն՝ ներքին զորքերն անմիջականորեն նախագահին են ենթարկվելու։ Նախկինում զորքերը գտնվում էին Ներքին գործերի նախարարության հրամանատարության ներքո։
Իշխանություններն այս որոշումը ներկայացնում են որպես անհրաժեշտ քայլ անվտանգային ոլորտում։ Քննադատները պնդում են, որ այն ուղղված է նախագահական իշխանության հետագա ամրապնդմանը և կարող է օգտագործվել բողոքի ցույցերն ուժով ճնշելու համար։
Ընդդիմությունը կարծում է, որ ներքին զորքերն անմիջապես նախագահի հրամանատարության ներքո դնելը հանգեցնում է իշխանության չափազանց կենտրոնացման և նախագահական լիազորությունների վտանգավոր ընդլայնման։
Մեկնաբանները նշում են, որ այս քայլը նախապատրաստությունն է հնարավոր սոցիալ-տնտեսական դժգոհությունների, այդ թվում՝ 2026 թվականին սպասվող ճգնաժամի։
- ԵՄ-ն ու Ադրբեջանը․ մարդու իրավունքները՝ էներգետիկ քաղաքականության ստվերում
- Փաշինյանն առաջարկում է փակել արցախցիների վերադարձի և «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները
- «Պայմանները լինելու են շուկայական»․ ՀՀ փոխվարչապետը՝ Ադրբեջանից նավթամթերք ներկրելու մասին
Նոր օրենքն ու ընդունված փոփոխությունները

Ադրբեջանի ներքին զորքերը զինվորական ստորաբաժանումներ են, որոնք պատասխանատու են հասարակական կարգի պահպանման համար: Նոր օրենքը մի շարք էական փոփոխություններ է մտցրել այդ զորքերի կարգավիճակում և լիազորություններում: Հիմնական փոփոխությունները ներառում են`
Անմիջական ենթակայություն երկրի նախագահին: Ներքին զորքերի հրամանատարն այժմ հաշվետու է ոչ թե Ներքին գործերի նախարարությանը, այլ ուղիղ Ադրբեջանի նախագահին: Սա հիմնավորվում է այն փաստով, որ Սահմանադրության համաձայն՝ նախագահը Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է:
Ձերբակալման և կալանավորման լիազորություններ: Նոր օրենքը ներքին զորքերին տալիս է ոստիկանական գործառույթներ: Նրանք այժմ ունենալու են կասկածյալներին կալանավորելու և ձերբակալելու լիազորություն: Նախկինում այս զորքերը նման լիազորություններ չունեին:
Զանգվածային անկարգությունների և չարտոնված բողոքի ցույցերի կանխարգելում: Ներքին զորքերը կկարողանան մասնակցել զանգվածային անկարգությունների և հասարակական կարգի խմբային խախտումների ճնշմանը: Հատկանշական է, որ 1994 թվականի օրենքն արգելում էր չարտոնված հանրահավաքները ցրելուն ներքին զորքերի մասնակցությունը:
Ուժի և զենքի կիրառում: Օրենքն ընդլայնում է ներքին զորքերի ուժ կիրառելու լիազորությունները: Նրանց զինանոցն այժմ ներառում է էլեկտրաշոկային սարքեր, ռետինե փամփուշտներ, հատուկ սարքավորումներ և այլ ոչ մահացու միջոցներ: Բացի այդ, թույլատրվում է նաև հրազենի կիրառումն այնպիսի ծայրահեղ իրավիճակներում, ինչպիսիք են ահաբեկչական հարձակումները, պատանդառությունները, զինված հարձակումներն ու ապստամբության փորձերը։
Նախորդ իրավական նորմերի համեմատ սա ներքին զորքերին տալիս է գործողությունների զգալիորեն ավելի մեծ ազատություն։
Պաշտոնապես այս փոփոխությունները հիմնավորվում են երկրի պաշտպանունակության և ներքին անվտանգության ամրապնդման անհրաժեշտությամբ: Խորհրդարանական ոլորտային հանձնաժողովի նախագահ Արզու Նագիևը հայտարարել է, որ 2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո հին՝ 1994 թվականին ընդունված օրենքը թարմացման կարիք ուներ։
«Նոր օրենքի ընդունումն անհրաժեշտ է երկրի պաշտպանունակության ամրապնդման և ներքին կայունության ապահովման տեսանկյունից»,— ասել է Նագիևը։
Ելնելով այս հայտարարությունից՝ կարելի է ասել, որ իշխանությունները փոփոխությունները ներկայացնում են որպես անվտանգության ոլորտի արդիականացմանն ուղղված քայլ։
Պաշտոնական դիրքորոշում. Անվտանգություն և միասնական ղեկավարում
Իշխանության ներկայացուցիչներն ու նրանց մերձավորները ներքին զորքերի՝ նախագահին ենթարկվելը համարում են դրական և անհրաժեշտ քայլ: Նրանց փաստարկները ներկայացնում ենք ստորև՝
Համապատասխանություն գերագույն գլխավոր հրամանատարի սկզբունքին
Խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Էլման Մամեդովը նշել է, որ նախագահը նաև Զինված ուժերի, այդ թվում՝ ներքին զորքերի գերագույն գլխավոր հրամանատարն է:
Նրա խոսքով՝ պետք է լինի միասնական ղեկավարում, և այս փոփոխության մեջ ոչ մի արտասովոր բան չկա: Պաշտոնյաների դիտարկմամբ՝ խոսք է գնում նախկինում գոյություն ունեցող զուգահեռ հրամանատարական շղթան վերացնելու և բոլոր ուժային կառույցները մեկ կենտրոնից ղեկավարելու մասին։
Օրենքի թարմացում և առկա կարիքներ
Իշխանությունները հայտարարում են, որ «Ներքին զորքերի կարգավիճակի մասին» գործող օրենքն ընդունվել է մոտ 30 տարի առաջ և չի արտացոլում ժամանակակից իրողությունները:
Նշվում է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի փորձը և համավարակի ժամանակ հասարակական կարգը պահպանելու համար ներքին զորքերի օգտագործումը բացահայտեցին նրանց լիազորությունների բացերը:
Նոր օրենքը, ըստ նրանց, նպատակ ունի լուծել այդ բացթողումներն ու բարձրացնել ներքին զորքերի արդյունավետությունը թե՛ պատերազմի, թե՛ արտակարգ իրավիճակների ժամանակ։
Միասնական ղեկավարման առավելություններ
Պաշտոնական պարզաբանումների համաձայն՝ 1990-ականների սկզբին տարբեր զինված կազմավորումների՝ իշխանության տարբեր կենտրոնների ենթարկվելը երկրում քաոս էր առաջացրել։ Պատգամավոր Էլման Մամեդովը հիշում է, որ այդ ժամանակահատվածում ներքին զորքերը ենթարկվում էին մեկ ղեկավարի, իսկ Պաշտպանության նախարարության ուժերը՝ մեկ այլ.
«Արդյունքում համակարգման պակաս կար, և թշնամին [նկատի ունի Հայաստանը – խմբ.] օգտագործեց դա մեր տարածքները գրավելու համար։ Այժմ բոլոր ուժային կառույցների՝ անմիջականորեն նախագահին ենթարկվելը կստեղծի միասնական հրամանատարություն և կկանխի նման քաոսը»։
Այս տրամաբանության հիման վրա իշխանությունները շեշտում են, որ ղեկավարման կենտրոնացման հաշվին փոփոխությունները կամրապնդեն երկրի պաշտպանունակությունը։
Բողոքի ցույցերի ճնշում
Էլման Մամեդովը ընդդիմության քննադատությունը համարում է անհիմն։ Նա «բացարձակապես անհիմն» է անվանել այն պնդումները, որ ներքին զորքերը նախագահին ենթարկեցնելը կապված է, իբր, սպասվող ճգնաժամի նախապատրաստման հետ։
Պաշտոնյաները պնդում են, որ սրանք զուտ իրավական և տեխնիկական ճշգրտումներ են, որոնց պետք չէ տալ քաղաքական ենթատեքստ։ Նրանք նաև նշում են, որ ներքին զորքերը նախկինում նույնպես գտնվում էին նախագահի ընդհանուր ղեկավարման ներքո, իսկ նոր փոփոխությունները պարզապես իրավաբանորեն ամրագրում են առկա իրադրությունը։
Այսպիսով, պաշտոնական կողմը շեշտը դնում է անվտանգության, կայունության և միասնական ղեկավարման փաստարկների վրա։ Պահպանելով դրական տոնը՝ այս քայլը գնահատում է որպես ուժային կառույցների առավել ճկուն և արդյունավետ կառավարմանն ուղղված միջոցառում։
Միևնույն ժամանակ քննարկումներում կարևոր տեղ է զբաղեցնում հարցի մյուս կողմը՝ որոշման սոցիալ-քաղաքական հետևանքներն ու ժողովրդավարական արժեքներին սպառնացող ռիսկերը։ Այս առումով առաջ են քաշվում մի շարք քննադատական գնահատականներ և ենթադրություններ։
Քննադատություն և մտահոգություններ
Անկախ քաղաքական մեկնաբանները, իրավապաշտպաններն ու ընդդիմության ներկայացուցիչները կարծում են, որ ներքին զորքերի՝ անմիջականորեն նախագահին ենթարկվելը ընկալվում է որպես բացասական ազդանշան ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության համար։
Նրանք կարծում են, որ այս քայլը պայմանավորված է ոչ միայն տեխնիկական և իրավական պատճառներով, այլև իշխանությունների՝ սեփական դիրքերն ամրապնդելու ցանկությամբ։ Բողոքների առանցքում հետևյալ հարցերն են՝
Իշխանության և ավտորիտարիզմի ամրապնդում
Քննադատները նշում են, որ փոփոխություններն էլ ավելի են ընդլայնում նախագահ Ալիևի լիազորությունները և փաստացի նրա ձեռքում կենտրոնացնում են անձնական զինված ուժեր։ Որոշ մեկնաբաններ սա համարում են պետության ղեկավարի լիակատար գերիշխանության հաստատում գործադիր իշխանության մյուս ճյուղերի նկատմամբ։
«Իլհամ Ալիևը, վախենալով հնարավոր հեղաշրջման հետևանքով իշխանության կորստից և ոչ մեկին չվստահելով, ուժային կառույցները կենտրոնացնում է իր ձեռքում»,— պնդում են քննադատները։
Այս տեսակետի համաձայն՝ նախագահը, առանց որևէ ինստիտուտի վրա հույս դնելու, ձգտում է պաշտպանել իր իշխանությունը՝ հաստատելով ուղիղ վերահսկողություն բոլոր ուժային կառույցների նկատմամբ։
Ժողովրդավարական վերահսկողության թուլացում
Եթե նախկինում ներքին զորքերը ենթարկվում էին վերահսկողության որոշակի մեխանիզմների Ներքին գործերի նախարարության կազմում, ապա անմիջական ենթակայությունը նախագահին կարող է նվազեցնել նրանց հաշվետվողականությունը խորհրդարանի և հասարակության առջև։
Այս առումով ընդգծվում է «ուժային կառույցների՝ քաղաքացիական վերահսկողությունից դուրս մնալու ռիսկը»։ Ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու իրավաբանները կարծում են, որ առանց արդյունավետ խորհրդարանական և դատական վերահսկողության մեծանում է երկրի ներսում նախագահի անձնական հայեցողությամբ զինված կազմավորումների օգտագործման հավանականությունը։
Բողոքի ցույցերն ուժով ճնշելու հնարավորություն
Ամենատարածված քննադատությունն այն է, որ նոր փոփոխությունները նպաստում են հասարակական բողոքի ցույցերի բռնի ցրմանը՝ կարգուկանոնի պահպանման պատրվակով։ Օրենքի համաձայն՝ ներքին զորքերն այժմ կարող են մասնակցել չարտոնված հանրահավաքների ցրմանը։ Սա մեծացնում է այն ռիսկը, որ ցանկացած խաղաղ բողոքի ակցիա կորակվի որպես հասարակական կարգի խախտում և կճնշվի ուժի կիրառմամբ։
Որպես օրինակ ներկայացվում են 2020 թվականին Բելառուսում և 2019 թվականին Ռուսաստանում Ազգային գվարդիայի մասնակցությամբ արձանագրված ոստիկանական և զինվորական զանգվածային բռնությունները։ Ադրբեջանցի քննադատները վախենում են, որ նմանատիպ սցենարի դեպքում ներքին զորքերը այժմ կարող են ուղիղ կերպով մոբիլիզացվել։
2026 թվականի ճգնաժամին նախապատրաստվելու մասին պնդումներ
Որոշ վերլուծաբաններ այս որոշումը կապում են երկրում հնարավոր տնտեսական ճգնաժամի հետ: Տնտեսագետները կանխատեսում են, որ 2026 թվականին Ադրբեջանում մակրոտնտեսական իրավիճակը կարող է վատթարանալ, կարող է գրանցվել գնաճ և գործազրկության աճ։
Օրինակ՝ Հանրապետական այլընտրանքային կուսակցության նախագահ, տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլիի խոսքով՝ «2026 թվականը, հավանաբար, ճգնաժամի սկիզբ կլինի», քանի որ տնտեսական աճն արդեն դանդաղում է, գները բարձրանում են, իսկ բնակչության իրական եկամուտները՝ նվազում:
Այս ֆոնին քննադատները ենթադրում են, որ Իլհամ Ալիևը նախապես պատրաստվում է հնարավոր հանրային դժգոհությանը: Եթե տնտեսական իրավիճակը կտրուկ վատթարանա, բողոքի ցույցերի հավանականություն կլինի։ Ուստի ներքին զորքերին ուղղակիորեն իրեն ենթարկեցնելով՝ կառավարությունն ամրապնդում է ռազմական և ոստիկանական ուժերի միջոցով դրանք ճնշելու իր կարողությունը։
Անվտանգության և ազատության դիլեմա հասարակության մեջ
Ընդունված որոշումն արդիական է դարձրել «հանուն անվտանգության ազատությունը զոհաբերելու» շուրջ հանրային բանավեճը: Փոփոխությունների կողմնակիցները պնդում են, որ հեղաշրջման, ահաբեկչության կամ զանգվածային անկարգությունների սպառնալիքի դեպքում պետությունը պետք է ունենա արձագանքման ուժեղ մեխանիզմներ:
Սակայն քննադատները կարծում են, որ բողոքի ցույցերին ներքին զորքերի միջամտելու հնարավորությունն ու դրա համար իրավական հիմքը կարող են հանգեցնել մարդու իրավունքների իրավիճակի հետագա վատթարացմանը։
Քննադատների դիրքորոշումն այն է, որ ներքին զորքերը նախագահին ենթարկելը հակասում է ժողովրդավարական կառավարման սկզբունքներին։ Արդյունքում մեկ անձ՝ նախագահը, միաժամանակ ձեռք է բերում բանակի, ոստիկանության և ներքին զորքերի նկատմամբ ուղիղ և զսպող վերահսկողություն՝ խաթարելով իշխանությունների տարանջատման սկզբունքն ու պետական ինստիտուտների միջև հավասարակշռությունը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ադրբեջանի ներքին զորքերի լիազորությունները