«Հայաստանն ամուր տեղ ունի Եվրոպայի ժողովրդավարական երկրների շարքում»․ Փաշինյան
Փաշինյանի ելույթը ԵԽԽՎ 2025 թ․-ի նստաշրջանում
«Հայաստանն այսօր համեստ, բայց ամուր տեղ է զբաղեցնում Եվրոպայի ժողովրդավարական երկրների շարքում»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Շեշտել է՝ Հայաստանի համար ժողովրդավարությունը «հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն, քաղաքական հավատամք և երկրի արժեքային համակարգի անբաժանելի մաս»։ Իսկ Եվրոպայի խորհուրդը «մեր տունն է, որտեղ մենք հասցե ենք ստանում որպես ժողովրդավարական պետություն»։
Փաշինյանի փոխանցմամբ՝ 2018 թ․-ի թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում արձանագրվել են հսկայական ժողովրդավարական ձեռքբերումներ։ Դրանց շարքում առանձնացրել է ՀՀ-ի հանրային և պետական կյանքում կանանց ներգրավվածության աստիճանը։
«Մեր երկրի խորհրդարանում կին պատգամավորների թիվը երբեք այնքան մեծ չի եղել, որքան այսօր։ Կին նախարարների թիվը կառավարությունում երբեք այնքան շատ չի եղել, որքան այսօր։ Ներքին գործերի նախարարությունը, որ ամենամեծ իրավապահ կառույցն է, Դատախազությունը, Արտաքին հետախուզության ծառայությունը կանայք են ղեկավարում, ինչն աննախադեպ է մեր պատմության համար»,- հայտարարել է կառավարության ղեկավարը։
Ելույթում Փաշինյանն անդրադարձել է երկրի ժողովրդավարական առաջընթացին, ընտրական գործընթացներին, Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը և ոչ միայն։ Վարչապետը պատասխանել է նաև ԵԽԽՎ պատգամավորների հարցերին:
Կարևոր դրվագները՝ հակիրճ
- Հայաստանը՝ Արևմուտքի և ՌԴ միջև․ կառավարության «բալանսավորման» քաղաքականության ռիսկերը
- «Ոչ ոք չի կարող սպառնալ ՀՀ-ին»․ Փաշինյանը՝ ռուսաստանաբնակ հայ գործարարին
- «Այսօր ավելի անկախ ու ինքնիշխան ենք, քան երբևէ». Փաշինյան
«Ժողովրդավարությունը բառի բուն իմաստով փրկեց ՀՀ պետականությունը»
Փաշինյանի դիտարկմամբ՝ ժողովրդավարությունը Հայաստանում վստահելի ձեռքերում է, ընդ որում՝ ոչ թե կառավարության և քաղհասարակության, այլ հենց ժողովրդի։ Նկատել է՝ ամենախոցելի շրջանում՝ 2020 թ․-ի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո կիրառվեցին ՀՀ-ում ժողովրդավարությունը քայքայելուն ուղղված մի շարք գործիքներ, այդ թվում՝ հիբրիդային հարձակումներ․
«Ինչ-որ առումով 44-օրյա պատերազմը հիբրիդային պատերազմի մաս էր, որի թիրախում Հայաստանի պետականությունն էր, ՀՀ-ի անկախությունը։ Բայց գիտե՞ք, հենց ժողովրդավարությունն էր, որ բառիս բուն իմաստով փրկեց Հայաստանի պետականությունն ու անկախությունը»։
Վարչապետի գնահատմամբ՝ հակաժողովրդավարական ուժերը պահանջում էին իշխանությունը հանձնել իրենց՝ օգտվելով պատերազմից և դրան ուղեկցող ապատեղեկատվությունից։
«Մենք ասացինք, որ ժողովրդից ստացած իշխանությունը չենք կարող հանձնել որևէ մեկին, կարող ենք միայն ժողովրդին վերադարձնել»,- հայտարարել է նա և հիշեցրել 2021 թ․-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։
Ըստ Փաշինյանի՝ ոչ ոք չէր հավատում, որ սահմանին էսկալացիաների, Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի և տեղեկատվական ահաբեկչության պայմաններում իշխող ուժը կրկին կստանա ժողովրդի վստահության քվեն, բայց ստացավ, ավելին՝ ձևավորեց սահմանադրական մեծամասնություն։
«Սա տեղի ունեցավ մի հիմնական պատճառով` ժողովուրդը հասկացավ, որ այդ ընտրությունն է, որ երաշխավորելու է իր՝ ժողովրդի իշխանությունը Հայաստանում։ Կարող եմ միանշանակ և աներկբա արձանագրել, որ այսօր, այո՛, իշխանությունը ՀՀ-ում պատկանում է ժողովրդին, ով Հայաստանում ժողովրդավարության երաշխավորն է»,- ընդգծել է նա։
«Որևէ ընտրություն կեղծելու փորձ անգամ չի եղել»
ԵԽԽՎ բարձր ամբիոնից Փաշինյանը վստահեցրել է՝ իր իշխանության գալուց ի վեր ՀՀ-ում չի եղել որևէ ընտրություն կեղծելու փորձ և հավելել՝
- 2018 և 2021 թվականների համապետական խորհրդարանական ընտրությունները միջազգային հանրության կողմից գնահատվել են որպես ազատ, մրցակցային, ժողովրդավարության չափանիշներին համապատասխանող,
- ՏԻՄ որևէ ընտրության արդյունքների հետ կապված բողոքի ակցիաներ չեն եղել, մի շարք համայնքներում հաղթել են ընդդիմադիր կուսակցություններ։
«Սա չի նշանակում, թե մեր երկրում ընտրական ժողովրդավարությունը խնդիրներ չունի։ ՀՀ-ում որոշ ուժերի կողմից ընտրակաշառքի պրակտիկան շարունակում է կիրառվել»,- նկատել է նա։
Խնդիրն, ըստ վարչապետի՝ ոչ միայն այն է, որ իրավապահներից մեծ ջանք է պահանջվում նման դեպքերը բացահայտելու համար, այլև այն, որ չկան գործնական մեխանիզմներ ընտրությունների արդյունքների վրա ընտրակաշառքի ազդեցության չափը պարզելու համար։
Շեշտում է՝ ընտրակաշառքի պրակտիկան շարունակող ուժերը շատ դեպքերում աջակցություն են ստանում նաև «իրենց համախոհ արտերկրյա ուժերից»։ Բացի այդ, կիրառում են իրենց լրատվական ռեսուրսները՝ տարածելով ապատեղեկատվություն։
«Ապատեղեկատվության այս արշավի դեմ գործնական միջոցների ձեռնարկումը կարող է մեկնաբանվել որպես խոսքի ազատության սահմանափակման փորձ, իսկ գործողությունների բացակայությունը դիտարկվում է որպես ժողովրդավարության խեղճություն, անպաշտպանություն»,- նշել է Փաշինյանը։
«2018 թ․-ից ի վեր Հայաստանի տնտեսությունն աճել է շուրջ 43%-ով»
Հեղափոխության և ժողովրդավարության արդյունքների մասին խոսելիս՝ ՀՀ վարչապետը ներկայացրել է նաև որոշ սոցիալ-տնտեսական ցուցանիշներ։ Նրա փոխանցմամբ՝
- 2018 թ․-ից ի վեր ՀՀ տնտեսությունն աճել է շուրջ 43%-ով,
- պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են,
- կոռուպցիայի ընկալման համաթվում Հայաստանը 2018 թ․-ի համեմատ ավելի քան 40 կետով առաջընթաց է ապահովել։
Կարծում է՝ հնարավոր է ավելին։ Այդ ճանապարհին, ըստ նրա, ահռելի մեծ աշխատանք կա անելու, մասնավորապես՝
- անկախ դատական համակարգը կայացնելու,
- հակակոռուպցիոն ամբողջական ու վստահելի համակարգ ներդնելու,
- ժողովրդավարությունը թիրախավորող հիբրիդային հարձակումներին դիմակայելու,
- օրենքի և իրավունքի գերակայությունն արմատավորելու,
- մարդու իրավունքների պաշտպանությունն ուժեղացնելու,
- պետության նկատմամբ մարդկանց վստահությունը մեծացնելու ուղղություններով։
«Հայաստանը վստահորեն գնալու է այս ճանապարհով։ Եվ վստահ ենք, որ այս ճանապարհին ունենալու ենք Եվրոպայի խորհրդի և նրա կառույցների ամուր աջակցությունը»,- ասել է նա։
«Խաղաղությունն ամենօրյա աշխատանք է»․ ՀՀ-Ադրբեջան կարգավորման մասին
Փաշինյանը բարձր է գնահատել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններն ու հայտարարել, որ առանց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «անհատական և անձնական ներգրավվածության հնարավոր չէր լինի հասնել այդ արդյունքին»։
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը որակել է որպես պատմական իրադարձություն։ Հերթական անգամ արձանագրել է՝ խաղաղությունն ամենօրյա աշխատանք է, «նորածին երեխայի նման պահանջում է ամենօրյա խնամք»․
«Մեր նորածին խաղաղությունն այսօր արդեն 1 ամիս 22 օրեկան է։ Եվ խանդաղատանքով պիտի խնամենք նրան, սիրենք ու հոգ տանենք նրա մասին, որ նա մեծանա, հասունանա, ուժեղանա և իրենով ծաղկեցնի Հարավային Կովկասի մեր տարածաշրջանը»։
Խաղաղության հաստատումն, ըստ նրա՝ ինչպես Հայաստանի կառավարության և ժողովրդի, այնպես էլ Ադրբեջանի կառավարության և ժողովրդի ձեռքբերումն է։ Այս համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է նաև անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումն ու երկարատև կոնֆլիկտի հետևանքով անազատության մեջ հայտնված անձանց, Բաքվում պահվող հայ գերիների խնդիրների հասցեագրումը։
Փաշինյանը՝ Գազայում պատերազմի դադարեցման, արցախցիների վերադարձի և «միջանցքի» մասին
ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում Հայաստանի վարչապետը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով մի շարք օրակարգային հարցերի։
Գազայում պատերազմի դադարեցման մասին
«Նախագահ Թրամփը խաղաղության ծրագիր է առաջարկել, և միջազգային հանրությունն արդեն ողջունել է այդ ծրագիրը։ Մենք նույնպես ողջունում ենք։ Հույս ունեմ, որ ծրագրի իրագործման արդյունքում, ի վերջո, կհաջողվի խաղաղություն հաստատել Գազայի գոտում։ Նախորդ տարի Հայաստանը ճանաչել է Պաղեստինի պետությունը։ Եվ մենք ուշիուշով հետևում ենք գործընթացներին։ Հույս ունենք, որ ի վերջո խաղաղություն կհաստատվի նախագահ Թրամփի ջանքերի արդյունքում և միջազգային հանրության աջակցության պայմաններում»։
Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի մասին
«Ես ուղիղ ասում եմ, որ դա [ԼՂ-ի հայերի վերադարձը] իրատեսական չեմ համարում։ Ավելին, կարևորում եմ մարդկանց ազնվորեն այդ մասին ասելը, որպեսզի նրանք իրենց հեռանկարները և պլանները կառուցեն։ Փախստականների վերադարձի թեման այս համատեքստում վտանգավոր եմ համարում խաղաղության [Հայաստան-Ադրբեջան] գործընթացի համար։
Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում և որպես ՀՀ քաղաքացի՝ ապրեն, ստեղծագործեն, իրենց բարեկեցությունը կառուցեն Հայաստանում։ Սա է մեր ռազմավարությունը»։
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին
«Դուք [Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության պատգամավոր Էդվարդ Լի] օգտագործում եք «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Որտեղի՞ց այդ արտահայտությունը Ձեզ։ Նման բան ոչ մի փաստաթղթում չկա, չի եղել և համոզված եղեք՝ չի լինի Հայաստան-Ադրբեջան համաձայնեցված որևէ փաստաթղթում:
«Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կոպտագույն խախտում է։ Որևէ մեկը իրավունք չունի Հայաստանի տարածքի վրա անուն դնել, եթե դա չի ընդունվել Հայաստանի կառավարության կամ խորհրդարանի կողմից:
Խստորեն դատապարտում եմ Ձեր կողմից ապալեգիտիմ բառապաշարի օգտագործումն այս հեղինակավոր դահլիճում և ինստիտուտում»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փաշինյանի ելույթը ԵԽԽՎ 2025 թ․-ի նստաշրջանում