Հայաստանի ՔԿՀ-ներում ավելի շատ կալանավորված անձ կա, քան դատապարտյալ․ վերլուծություն
Կալանավորված անձանց իրավունքները ՀՀ-ում
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող կալանավորված անձանց թիվը գերազանցում է դատապարտյալների թվին: Մասնավորապես՝ 2024 թ․-ին ՔԿՀ-ներում պահվող անձանց ընդհանուր թիվը կազմել է 2686։ Այդ անձնացից միայն 1285-ն է եղել դատապարտյալ, 1401-ը եղել է կալանավորված անձ:
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ սա մտահոգության առիթ է, հատկապես այն դեպքում, երբ 2021 թ․-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը հնարավորություն է տալիս կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանքից մինչև զինվորական հսկողություն։
Civilnet.am-ում հրապարակված հոդվածում Հովհաննիսյանը նկատել է՝ 2018-2022 թթ. Հայաստանի դեմ կալանքի կիրառման հետ կապված 19 վճիռ (ՄԻԵԴ) է եղել, բոլորը վերաբերվել են նախորդ իշխանությունների օրոք արձանագրված խախտումներին։
«Բոլոր վճիռներով Հայաստանի դատարանները անօրինական կերպով կալանքն ընտրել են որպես խափանման միջոց՝ ուղղակիորեն դակելով քննչական մարմնի միջնորդությունը, հստակ և պատշաճ չհիմնավորելով կալանավորման անհրաժեշտությունը և վնաս հասցնելով ազատության և անձեռնմխելիության մարդու հիմնարար իրավունքին»,- ընդգծել է նա։
Ստորև ներկայացնում ենք իրավապաշտպանի հոդվածը՝ կրճատումներով
- «Ալիև, ի՞նչ կասեք Ադրբեջանի քաղաքացիների հետ խաղաղություն կնքելու մասին»․ լրագրողի նամակը բանտից
- Վրացի լրագրող Մզիա Ամաղլոբելին դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
- Հոգևորականի օրագիրն ու ՀՀ-ում հեղաշրջման փորձը․ մանրամասնում է ՔԿ-ի նախագահը
Կալանքը՝ ամենահաճախ կիրառվող խափանման միջոց
«Հայաստանի քրեական արդարադատության համակարգում կալանքը շարունակում է մնալ ամենահաճախ կիրառվող խափանման միջոցներից մեկը: Թեև իրավապաշտպան խմբերը բազմիցս բարձրաձայնել են կալանքի չարաշահման և անհամաչափ կիրառման մասին, գործնականում այն հաճախ է կիրառվում։ Խնդիրն առավել ակնդետ է դառնում քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց դեպքում՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրության և երկարացման ձևով։
Ահա վերջին երեք տարվա դինամիկան, որտեղ երևում է, որ էական փոփոխություններ չեն արձանագրվել.
- 2024 թ․– ընդհանուր՝ 2686, որից դատապարտյալ՝ 1285, կալանավորված անձ՝ 1401,
- 2023 թ․– ընդհանուր՝ 2469, որից դատապարտյալ՝ 1152, կալանավորված անձ՝ 1317,
- 2022 թ․– ընդհանուր՝ 2265, որից դատապարտյալ՝ 1055, կալանավորված անձ՝ 1210։
Այսպիսով, պարզ է դառնում, որ կալանավորված անձանց թիվը ՀՀ քրեակատարողական հիմնարկներում գերակշռում է դատապարտյալների թվին, ինչը մտահոգության լրջագույն առիթ է, հատկապես այն դեպքում, երբ 2021 թ․-ի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը հնարավորություն է տվել նոր հայեցակարգային մոտեցման՝ կապված այլընտրանքային խափանման միջոցների կիրառման բազմազանության հետ»։
Խափանման այլընտրանքային միջոցները նվազագույնի կհասցնեն մարդու իրավունքներին հասցված վնասը
«Ըստ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի 115-րդ հոդվածի՝
1. խափանման միջոցներն են կալանքը և այլընտրանքային խափանման միջոցները,
2. այլընտրանքային խափանման միջոցներն են`
- տնային կալանքը,
- վարչական հսկողությունը,
- գրավը,
- պաշտոնավարման կասեցումը,
- բացակայելու արգելքը,
- երաշխավորությունը,
- դաստիարակչական հսկողությունը,
- զինվորական հսկողությունը:
Այլ կերպ ասած, խափանման միջոցների համակարգն ուղղված է դատական մարմիններին այնպիսի երաշխիքներ տրամադրելուն, որ մարդու ազատության և անձեռնմխելիության իրավունքին հասցված վնասը նվազագույն լինի, ինչպես նաև, մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովվի նրա իրավունքների հնարավորինս նվազ սահմանափակմամբ»։
ՄԻԵԴ-ն այս հարցում հստակ դիրքորոշում ունի
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ կայացրած որոշումներում տվել է հստակ դիրքորոշում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման վերաբերյալ:
Նույնիսկ եթե անձը եղել է փախուստի և հետախուզման մեջ, և Հայաստանի դատական համակարգը հենց այդ հիմնավորումն է բերել կալանքը երկարացնելու համար, ՄԻԵԴ-ի դիրքորոշումը մնացել է անփոփոխ:
Մասնավորապես, Փաշինյանն ընդդեմ Հայաստանի 2022 թ․-ի ապրիլի 7-ին հրապարակված ՄԻԵԴ-ի վճիռը, որի շրջանակում քննվել է Նիկոլ Փաշինյանի` 2009 թ․-ի հոկտեմբերի 12-ից 2010 թ․-ի հունվարի 19-ը նրան ապօրինի կալանքի տակ պահելու վերաբերյալ դիմումը, արձանագրել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում, դիմումատուի համար չի ապահովվել համարժեք պաշտպանություն կամայականությունից, ինչը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով կալանավորման օրինականության պահանջի հիմնական տարրերից է»։
Դատարանների որոշումները հաճախ կաղապարային են
«Այս մոտեցումները վկայում են համակարգային խնդիրների մասին՝ նախնական կալանքի գերօգտագործում, անհատականացված գնահատման համակարգի բացակայություն, դատական վերահսկողության լրջագույն բացթողումներ։
Դատարանները հիմնականում բավարարում են քննչական մարմինների միջնորդությունները՝ առանց խորքային քննության։
Դատարանների որոշումները հաճախ կաղապարային են և չեն անդրադառնում կոնկրետ գործի հանգամանքներին։ Այլընտրանքային խափանման միջոցները իրենց ողջ բազմազանությամբ չեն կիրառվում։
Արդյունքում հանրային ընկալման մեջ ձևավորվում է մոտեցում, որ կալանքը գործիք է քրեական վարույթի շրջանակներում անձի ճնշման և վերահսկողության համար, այլ ոչ անհրաժեշտություն։
Ցավոք, հարկ է արձանագրել, որ ՀՀ դատական համակարգում տասնամյակներով կիրառվող պրակտիկաները չեն փոխվում, և եթե այժմ մենք ստանում ենք ՄԻԵԴ վճիռներ նախորդ իշխանության ժամանակահատվածում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտումների վերաբերյալ, ապա նման որոշումներ մենք ունենալու ենք նաև հաջորդիվ՝ մերօրյա դատարաններում կիրառվող կալանավորուման որոշումների օրինականության դեմ»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Կալանավորված անձանց իրավունքները ՀՀ-ում