«Մարում է հայ գերիների վերջին հույսը»․ Կարմիր խաչի Բաքվի գրասենյակը կփակվի
ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի փակումն ու հայ գերիները
Հայաստանում ակտիվորեն քննարկվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական գրասենյակի փակման թեման։ Բաքվի ներկայացուցչությունն առաջիկայում կդադարեցնի իր գործունեությունը, Ադրբեջանի իշխանությունների պահանջն է։
Կարմիր խաչը միակ անկախ կառույցն է, որը այցելում էր Բաքվում պահվող հայ գերիներին։ Նրանց պաշտոնապես հաստատված թիվը 23 է։
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը Factor TV-ի եթերում հայտարարել է՝ Կարմիր խաչի գործունեության դադարեցումից հետո հայ գերիները կմնան Բաքվի բանտում՝ «ամողջովին մեկուսացված» իրավիճակում։
Մինչ իրավապաշտպանները խոսում են Բաքվում մի քանի տասնյակ հայ գերիների մասին, Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է միայն 23 գերիների առկայությունը։
Մի քանի ամիս է, ինչ անկախ ԶԼՄ-ների ու միջազգային կառույցների բացակայության պայմաններում Բաքվի ռազմական դատարանում ընթանում է հայ գերիներից 16-ի, այդ թվում՝ ԼՂ-ի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունը։ Նրանք Բաքվի բանտում են շուրջ երկու տարի։ Գերեվարվել են Ադրբեջանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումից հետո։
Հայ գերիների շահերը դատարանում ներկայացնում են Ադրբեջանի կողմից նշանակված հանրային պաշտպանները։ Նրանք զրկված են անկախ փաստաբան ունենալու հնարավորությունից։ Գերիներից միայն (Արցախի նախկին պետնախարար) Ռուբեն Վարդանյանն ունի միջազգային փաստաբան: Ամերիկացի Ջարեդ Գենսերին, սակայն, թույլ չեն տալիս լինել Բաքվում և մասնակցել դատական գործընթացին։ Հայ իրավապաշտպանները, իրենց հերթին, ահազանգում են՝ դատավարությունները բեմականացված են, քրեական գործերը՝ կեղծված։ Բարձրաձայնում են նաև գերիների իրավունքների ոտնահարման մասին։
- «Բաքվին անհանգստացնում են ՀՀ դատական հայցերը, սլաքներն ուղղվում են Ալիևի վրա»․ կարծիք
- ՀՀ-ն դադարեցրել է հայ ծերունու գլխատած ադրբեջանցու հետախուզումը․ կա՞ բացատրություն
- «Թրամփի վարչակազմի համար հայ գերիների ազատ արձակումն առաջնահերթություն է»․ Ջարեդ Գենսեր
- Բաքուն առաջարկում է Երևանին գործակցել և հանձնել «հանցագործներին». ո՞ւմ մասին է խոսքը
«Այլևս չենք այցելելու գերիներին»
Կարմիր խաչի միջազգային կոմիտեից Բաքվի բանտում պահվող հայ գերիների ընտանիքներին տեղեկացրել են՝ այլևս չեն այցելելու նրանց հարազատներին: Մինչդեռ ընտանիքները միայն այս կառույցի միջոցով էին կարողանում տեղեկանալ իրենց գերեվարված հարազատների առողջական վիճակի մասին, տեսակապով զրուցել, հագուստ և հիգիենայի պարագաներ փոխանցել։
«Մեզ՝ ընդհանուր բոլոր գերիների հարազատներին, ասել են, որ Կարմիր խաչն ընդհանրապես չի այցելելու, էլ հարաբերություն չունենք գերիների հետ»,- «Ազատություն» ռադիոկայանին պատմել է գերիներից մեկի հարազատը:
Նրա խոսքով՝ Բաքվի ներկայացուցչության փակման պարագայում կմարի «թե՛ իրենց, թե՛ գերիների վերջին հույսը»։
«Միակ միջոցը ԿԽՄԿ-ն էր, որ ընտանիքների հետ կապում էր, մի քիչ էդ մարդկանց մոտ լույս էր վառվում, էդ էլ անջատեցիք, էդ էլ կտրեցիք»,- նկատել է նա։
Հայ գերիներն իրենց հարազատների հետ կապ են պահպանում Ադրբեջանի իշխանությունների միջոցով կազմակերպվող հազվադեպ հեռախոսազանգերի միջոցով։ Պարզ չէ՝ արդյո՞ք խնդրով զբաղվող կառույցի գործունեության դադարեցումից հետո պաշտոնական Բաքուն սեփական նախաձեռնությամբ կշարունակի իրականացնել այդ գործառույթը։
Վերջին այցելությունը հունիսին էր կազմակերպվել
Հունիսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել էին ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիներին։ Այդ մասին հայտնել էր ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով միջազգային կառույցի պաշտոնական հաղորդագրությունը։
«Կայացել են անհատական հանդիպումներ, ստեղծվել են պայմաններ նրանց ընտանիքների հետ կապ հաստատելու համար, ինչպես նաև փոխանցվել են ընտանիքներից ուղարկված ծանրոցներ»,- ասված էր հրապարակման մեջ։
Թե հայ գերիներից քանիսի և կոնկրետ ում հետ են հանդիպել միջազգային կառույցի աշխատակիցները՝ չէր հաղորդվել։
«Շարունակում ենք երկխոսությունը Ադրբեջանի իշխանությունների հետ»
Թե երբ է փակվելու Կարմիր խաչի Բաքվի ներկայացուցչությունը՝ հայտնի չէ։ Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Զառա Ամատունու փոխանցմամբ՝ այդ մասին առաջիկայում պաշտոնական հաղորդագրություն կտարածվի։
Կկարողանա՞ արդյոք փակումից հետո ԿԽՄԿ-ն այցելել հայ գերիներին: Հարցը դեռևս անպատասխան է։
«Այս հարցի շուրջ շարունակվում է երկխոսությունը Ադրբեջանի իշխանությունների հետ, սակայն ձևաչափի մասին որևէ հստակություն չկա»,- հայտարարել է Ամատունին։
Շեշտել է՝ քննարկվում են տարբեր հարցեր։ Դրանք վերաբերում են ինչպես գերիներին, այնպես էլ պահվող այլ անձանց և անհհետ կորածներին։
Վարչապետը պնդում է՝ գերիների վերադարձի հարցն օրակարգում է, հարազատներն արդյունքի են սպասում
«Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա որևէ բանակցություն, չկա որևէ խոսակցություն, որի ընթացքում գերիների հարցին չի տրվում պատշաճ, անհրաժեշտ տեղ»,- իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Բաքվում պահվող հայ գերիների հարազատներին, սակայն, հարցով զբաղվելու մասին իշխանությունների հավաստիացումները չեն գոհացնում։ «Ազատության» հետ զրույցում նրանցից մեկն ասել է՝ տարիներով սպասել չի կարելի․
«Մի ամիս սպասենք, երկու ամիս, երեք ամիս․․․ Չի կարելի տարիներով սպասել, ասել՝ զբաղվում ենք: Եթե մարդը մի բանով զբաղվում է, թեկուզ չնչին արդյունքը երևում է գոնե մի տեղ»:
Հարազատների ուղերձը ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը նույնն է՝ «օգնեք, որ գերիները տուն վերադառնան»։ Ակնկալում են, որ իրենց հուզող հարցերը անձամբ վարչապետ Փաշինյանի հետ քննարկելու ևս մեկ հնարավորություն կունենան։
Փորձագիտական կարծիք
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը Factor TV-ի հետ զրույցում ասել է․
«Մենք գերիների մեկուսացվածության [արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով] հարցը միշտ բարձրաձայնել ենք՝ հաշվի առնելով, որ խոշտանգումների կանխարգելման մարմինների հասանելիություն չի ապահովվել, օտարերկրյա անկախ փաստաբանները զրկված են եղել իրենց վստահորդներին տեսնելու հնարավորությունից, ինչը ևս մեկուսացվածության տարր է։ Ընտանիքի անդամները երբևէ չեն կարողացել այցելել իրենց հարազատներին։
Սակայն մինչև հիմա ունեինք այն վերապահումը, որ այդ մեկուսացվածությունը մասնակիորեն, շատ հատվածական ձևով կոտրում է Կարմիր խաչը, որը միջազգային կազմակերպություն է։ Այժմ ունենք վիճակի վատթարացում։
Ադրբեջանը նպատակային քաղաքականությամբ հայ պատանդներին դրել է incommunicado (մեկուսի, առանց հաղորդակցության) վիճակում։ Եթե նախկինում խոսում էինք խոշտանգումների կոնկրետ դրսևորումների մասին, այս պահին նաև հավելում ենք, որ իրականացվում է խոշտանգողների հանցագործությունները թաքցնելու, քողարկելու պետական հովանավորչական քաղաքականություն։
Բաքուն ստեղծել է այսպես կոչված Խոշտանգումների դեմ պայքարի կոմիտե։ Ավելի քան պարզ է, որ այդ կոմիտեն գործելու անկախություն չի ունենալու և ճշմարտությունը չի բարձրաձայնելու։ Դա ընդամենը իմիտացնող քայլ է։ Ադրբեջանը չի կարող որևէ ողջամիտ բացատրություն տալ միջազգային հանրությանը, թե ինչու է հայերին պահում բացարձակ մեկուսացվածության պայմաններում։
Որպես հնարավոր պաշտպանական թեզ՝ նրանք առաջ են բերել այդ կոմիտեի գործունեությունը։ Փորձելու են հայտարարել, թե, իբր, հայերը չեն գտնվում բացարձակ մեկուսացվածության պայմաններում, ներպետական մեխանիզմը, իբր, իրականացնում է այցելություններ, ունի համանման մանդատ, ինչ միջազգային կառույցը»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի փակումն ու հայ գերիները