Նոր ուժ հին դեմքերո՞վ․ գործարար Սամվել Կարապետյանի քաղաքական հայտը
Սամվել Կարապետյանի նոր քաղաքական ուժը
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանն, ով Հայաստանում երկամսյա կալանքի տակ է իշխանազավթման կոչ հնչեցնելու համար, օրերս հայտարարել է՝ մեկնարկել է քաղաքական նոր ուժի ձևավորման գործընթաց։ Արդյո՞ք ինքը Կարապետյանն է ԱԱԾ մեկուսարանից ղեկավարելու այն, հայտնի չէ։ Քաղաքական հայտ ներկայացրած գործարարը չի բացառում նաև ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ։
Խորհրդարանական ընդդիմությունից միայն «Պատիվ ունեմ» խմբակցությունն է հայտարարել, որ սատարում է Կարապետյանին։ Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասել է՝ համախոհ են համարում, քանի որ նա հստակ ասել է՝ «իր առաջնային նպատակն իշխանափոխությունն է»։ Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքից ողջունել են Սամվել Կարապետյանի ներկայացրած քաղաքական հայտը։ Համագործակցության պատրաստակամության մասին ոչինչ չեն ասել։ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժից միայն նշել են, թե՝ «ժամանակը կտա բոլոր հարցերի պատասխանները»։
Իշխող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», հայտարարել է՝ «նոր ուժի» ստեղծումն իրենց չի վախեցնում, պարզապես մտահոգված են, որ «Ռուսաստանի քաղաքացին փորձում է խառնվել ՀՀ-ի ներքաղաքական կյանքին»։
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկմամբ՝ խոսքը ոչ թե նոր ուժի ձևավորման, այլ հին ուժերին նոր փաթեթավորմամբ ներկայացնելու մասին է։
«Ըստ էության, քաղաքական գործընթացներում էական փոփոխություններ չեն լինի, իսկ «նոր ուժը» կպայքարի ընդամենը խորհրդարանում արմատական ընդդիմադիրների ներկա տեղերը 2026 թ․-ին [խորհրդարանական ընտրություններ ՀՀ-ում] պահպանելու համար»,- իր հոդվածում գրել է Ղևոնդյանը։
Իշխանությունը զավթելու կոչից բացի Սամվել Կարապետյանին ներկայացվել են նաև «առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման», «առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելը կազմակերպելու» և «առանձնապես խոշոր չափերով խարդախություն կազմակերպելու» մեղադրանքներ: Գործարարի պաշտպանության խորհուրդը, սակայն, հայտարարում է՝ բոլոր 4 մեղադրանքներն էլ անհիմն են, Կարապետյանը «քաղաքական հետապնդման» է ենթարկվում։
- «Անջատե՛ք թշնամու ձայնը»․ ՀՀ-ում պահանջում են դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը
- «ՀԷՑ-ի պետականացումը կնպաստի ՀՀ-ում ռուսական ազդեցության գահավիժմանը»․ հայ քաղաքագետ
- «Հայ եկեղեցականների քայլերում կա ոչ միայն ռուսական հետք, այլև ուղղորդում»․ լարվածություն Մայր Աթոռում
- Հայաստանում կանխվել է պետական հեղաշրջման իրագործում․ հրապարակված են ապացույցներ
«Երկիրը պետք է կառավարեն պրոֆեսիոնալները, որոնց ձեռքերը մաքուր են»
Այսօր ֆեյսբուքյան էջում տարածած ելույթում գործարարի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանն անդրադարձել է ստեղծվող քաղաքական նոր ուժին։ Շեշտել է՝ սկզբունքը մեկն է․
«Եթե կառավարման համակարգում կա պրոֆեսիոնալ, ով տիրապետում է գործին և ձեռքերը մաքուր են, նա, չնայած իր քաղաքական հայացքներին, պետք է մեծ դեր զբաղեցնի երկրի զարգացման մեջ»։
Նրա փոխանցմամբ՝ այն ռազմավարությունը, որ գործել է մինչև օրս, չի կարող արդյունավետ լինել 2030 թ․-ին: Կարծում է՝ պետք է պատրաստ լինել լրիվ այլ մարտահրավերների։
Նարեկ Կարապետյանը վստահեցրել է՝ նոր ուժը կարող է ավելի պրոֆեսիոնալ կառավարել և նշել՝ նախևառաջ պետք է ապաքաղաքականացնել պետական կառավարման համակարգը․
«Նախարարությունները պետք է լինեն միայն պրոֆեսիոնալիզիմի հիմքի վրա ստեղծված համակարգեր: Այսպիսի քաղաքականացված պետական ապարատով դու չես կարող հաջողությունների հասնել»։
Անհրաժեշտ է համարել նաև Սփյուռքի, ՀՀ-ի լավագույն մասնագետներով, այդ թվում՝ բիզնեսում մեծ փորձ ունեցող մարդկանցով համալրումը։
«Շատերն ասում են, որ բիզնեսը չպետք է մտնի պետական ապարատ: Այդ դեպքում ովքե՞ր պետք է լինեն մեծ պետական համակարգերի կառավարիչները, եթե ոչ այն մարդիկ, ովքեր ունեն փորձ: Միայն կորպորացիաների ղեկավարները կարող են ունենալ փորձ կառավարել 5-10 հազար անձնակազմից բաղկացած թիմ: Ինչպես ԱՄՆ-ում է, Եվրոպայում է, անգամ Ռուսաստանում»,- ընդգծել է կալանավորված գործարարի եղբորորդին:
Սամվել Կարապետյանը հուլիսի 14-ին հայտարարել էր՝ «մեր քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է»։ Նա նշել էր, որ մեծ հարգանքով է վերաբերվում «մինչ օրս Նիկոլ Փաշինյանի հակազգային իշխանության քաղաքականության դեմ իրական պայքար մղած քաղաքական ուժերին և գործիչներին»։
«Բայց մենք Հայաստանի համար լավ ապագա կառուցելու մեր պատկերացումն ունենք։ Ու գնալու ենք մեր ճանապարհով, մեր նոր թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ»,- նկատել էր նա։
Ավելի վաղ գործարարը ևս մեկ ուղերձ էր հղել և նշել․ «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը անելիք չունեն Հայաստանում ու պետք է կապ չունենան հայ ժողովրդի ապագայի հետ»։
«Մարիոնետավա՞ր է ուզում աշխատել»․ Փաշինյան
Նախօրեին կազմակերպված մամուլի ասուլիսում Սամվել Կարապետյանի քաղաքական հավակնություններին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցրել է՝ երկրի օրենսդրության համաձայն՝ այլ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ոչ վարչապետի, ոչ էլ պատգամավորի թեկնածու։
«Էլ ի՞նչ, ուզում են Հայաստանում ստեղծել քաղաքական ուժ, որ թելերով մարիոնետային կառավարում իրականացնե՞ն։ Հայաստանը հո պռախադնոյ դվոր [проходной двор- միջանցիկ բակ] չի կամ մարիոնետների թատրոն չի: Իմ համոզմամբ՝ չի»,- հայտարարել է Փաշինյանը։
Ընդգծել է՝ Կարապետյանը կարող է դառնալ միայն քաղաքի ավագանու թեկնածու, եթե, իհարկե, հաշվառված է Հայաստանում:
Փաշինյանի գնահատմամբ՝ գործարարի քաղաքականությամբ զբաղվելու մտադրությունը ֆեյք նարատիվ է։ Ասում է՝ Կարապետյանը նման հայտարարություններ է անում «քաղաքական հալածյալի» իմիջի մեջ տեղավորվելու համար։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի մեկնաբանությունը
«Օգտվելով Հայաստանի ժողովրդավարական կարգերի հնարավորություններից՝ խիստ ավտորիտար պետության քաղաքացի Սամվել Կարապետյանը փորձում է քաղաքական դերակատարում ստանձնել, ինչը, թեև, անտրամաբանական է, սակայն, քաղաքական և իրավական տեսակետից, ընդունելի։ Իսկ որո՞նք են նրա «պատկերացումները», «ճանապարհը» և «թիմը», որոնց մասին խոսում է հայտարարության մեջ։
Սամվել Կարապետյանի քաղաքական պատկերացումների մասին կարելի է ենթադրել՝ ելնելով նրա նախկին հայտարարություններից։ Ըստ էության, ՀՀ քաղաքական դաշտում Սամվել Կարապետյանն ունեցել է երկու հիշվող դերակատարում։
Առաջին հանրային նշանակալի գործողությունը թվագրվում է 2015 թ․, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խիստ ընդդիմադիր դիրքավորում էր ընտրել այն ժամանակ իշխող Հանրապետական կուսակցության նկատմամբ և սկսել էր քաղաքական գործընթաց։ Սամվել Կարապետյանի հետ հանդիպումից և զրույցից հետո, սակայն, Ծառուկյանը ետ կանգնեց իր ճանապարհից։ Երկրորդ «հայտնությունը» ՀՀ քաղաքական դաշտում տեղի ունեցավ 10 տարի անց՝ 2025թ․ հունիսին, երբ Հայաստան ժամանած Կարապետյանը ՀՀ իշխանությունների և եկեղեցու ղեկավար շրջանակի միջև հակասության վերաբերյալ կարծիք հայտնեց, որը իրավապահ մարմինները գնահատեցին առերևույթ հակաօրինական, ինչից հետո Կարապետյանը հայտնվեց ԱԱԾ մեկուսարանում։
Այս երկու իրադարձությունների և ԱԱԾ մեկուսարանից մի քանի հայտարարությունների ընդհանուր վերլուծությամբ կարելի է հանգել մեկ եզրակացության․ քաղաքական գործընթացների վերաբերյալ Կարապետյանի պատկերացումները ընդգրկվում են ՀՀ արմատական ընդդիմության տիրույթում, արտաքին քաղաքականության մեջ ենթադրվում է ռուսամետ միտումների առկայություն, ներքին քաղաքականության մեջ՝ ուժեղ և մեծ լիազորություններ ունեցող լիդեր և ավտորիտար փոխհարաբերություններ։
Այս եզրահանգումը հիմք է տալիս ենթադրելու, որ Կարապետյանի ազդարարած «նոր ուժը» բաղկացած է լինելու վերջին յոթ տարվա ընթացքում ՀՀ ինքնիշխանության և պետականության ամրապնդման դեմ ամեն կերպ պայքարող մարդկանցից, որոնք որևէ դեպքում ՀՀ քաղաքական դաշտում «նոր» համարվել չեն կարող, ինչքան էլ ստվերային լինի նրանց դերակատարումը։
Մյուս կողմից, հաշվի առնելով, որ 2018-25 թթ․ այս քաղաքական հատվածի կողմից իշխանությունների դեմ և հանուն ռուսական կողմնորոշման ու ժողովրդավարության վարկաբեկման կիրառվել են գոյություն ունեցող գրեթե բոլոր տեխնոլոգիաները, ապա անհասկանալի է, թե ինչ «նոր ճանապարհ» է գծագրելու Կարապետյանը։
Ամենայն հավանականությամբ, Սամվել Կարապետյանը կփորձի հավաքագրել արմատական ընդդիմության տարբեր թևերի ներկայացուցիչներին՝ նպատակ ունենալով ստանալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ընտրազանգվածի քվեները և երկրորդ տեղը գրավել 2026 թ․ խորհրդարանական ընտրություններում։ Սա ենթադրում է նաև արմատական ընդդիմադիրների ճամբարում հակասությունների աճ։
Մեծ հավանականությամբ կարող ենք կանխատեսել, որ «նոր ուժը» իրենից ներկայացնելու է «հին ուժ՝ հին տեխնոլոգիաներով և դեմքերով», ընդամենը նոր փաթեթավորմամբ կամ նոր անվանումով։ Ըստ էության, քաղաքական գործընթացներում էական փոփոխություններ չեն լինի, իսկ «նոր ուժը» կպայքարի ընդամենը խորհրդարանում արմատական ընդդիմադիրների ներկա տեղերը 2026թ․ պահպանելու համար»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Սամվել Կարապետյանի նոր քաղաքական ուժը