«ՀԷՑ-ի պետականացումը կնպաստի ՀՀ-ում ռուսական ազդեցության գահավիժմանը»․ հայ քաղաքագետ
ՀԷՑ-ի պետականացումը Հայաստանում
Հայաստանի խորհրդարանն օրերս ընդունեց օրինագիծ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պետականացնելու մասին։ Օրինագիծը հաստատվեց միայն իշխանական պատգամավորների ձայներով։ Ընդդիմությունը դեմ էր նախագծի ընդունմանը, ահազանգում էր «ՀԷՑ-ը խլելու» գործընթացի մասին, պնդում, որ դա բացասաբար է ազդելու երկրի ներդրումային միջավայրի վրա։
2017 թվականի ապրիլից ՀԷՑ բաժնետերերն են «Տաշիր Կապիտալ» (բաժնետոմսերի 70%) և Liormand Holdings Limited (բաժնետոմսերի 30%) ընկերությունները։ «Տաշիր Կապիտալը» մտնում է «Տաշիր» հոլդինգի մեջ, որի սեփականատերն է ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը։ Մյուս ընկերությունը ևս կապվում է նրա անվան հետ։ Հունիսի 18-ից Կարապետյանը երկամսյա կալանքի տակ է, մեղադրվում է իշխանազավթման հրապարակային կոչ անելու մեջ։
«Հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Դա տեղի կունենա արագ»,- նույն օրը ֆեյսբուքյան էջում գրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Իսկ ավելի ուշ պարզաբանել էր՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ՀԷՑ-ի նկատմամբ ֆինանսական հատուցման մեխանիզմներ ներդնելու հանձնարարական է տվել մեկուկես ամիս առաջ, երբ դեռ չէր հնչել «եկեղեցու կողքին կանգնելու» մասին Կարապետյանի հայտարարությունը։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի գնահատմամբ՝ ՀԷՑ-ի պետականացման գործընթացը պետք է դիտարկել Ռուսաստանի հիբրիդային հարձակումների օջախները չեզոքացնելու տրամաբանության մեջ։
«Միայն ՀԷՑ պետականացումը չի կարող բավարար համարվել «ռուսաֆիկացման» գործընթացը կասեցնելու համար»,- իր հոդվածում գրել է Ղևոնդյանն ու հավելել, որ Հայաստանին պետք է վերադարձվեն նաև «Հայռուսգազարդ»-ն ու «Հարավկովկասյան երկաթուղին»։
Բոլոր մանրամասները
- «Հայ եկեղեցականների քայլերում կա ոչ միայն ռուսական հետք, այլև ուղղորդում»․ լարվածություն Մայր Աթոռում
- Լավրովի այցը Երևան. ավանդական ծրագիր և ոչ ավանդական ընդունելություն
- «Հայաստանի վարչապետը ՌԴ պետք է գնա միայն կնճռոտ հարցեր բարձրացնելու նպատակով»․ կարծիք
«Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորման համար հիմք էր ծառայել նրա հարցազրույցը։ Կարապետյանն անդրադարձել էր եկեղեցի-իշխանություն հակասություններին և հայտարարել՝ ինքը եկեղեցու կողքին է։ Շեշտել էր՝ եթե քաղաքական գործիչներին չհաջողվի լուծել հարցը, իրենք իրենց ձևով «կմասնակցեն եկեղեցու դեմ արշավին»։
Իշխանությունները չէին բացառել, որ «մենք մեր ձևով» մասնակցությունը կարող էր ենթադրել զենքի գործադրում։ Վարչապետ Փաշինյանը պատահական չէր համարել այն, որ Կարապետյանը սկսեց հայտարարություններ անել հենց այն ժամանակահատվածում, երբ կառավարության անդամները ստացան հանձնարարական՝ վերականգնել ՀԷՑ-ի կողմից ժողովրդին հասցված վնասները կամ պետականացնել կառույցը։
Գործարարի փաստաբանները, սակայն, պնդում են՝ հայտարարությունը եղել է եկեղեցուն և իշխանություններին հաշտեցնելու մասին, և բարձրաձայնում Կարապետյանի նկատմամբ «քաղաքական հետապնդման մասին»։
Ի՞նչ է ենթադրում օրինագիծը
Ընդունված փոփոխությունների համաձայն՝ հնարավոր կլինի ՀԷՑ-ի կառավարումը ժամանակավոր կառավարչի հանձնել: Նախագծում նկարագրված մեխանիզմը հետևյալն է՝
- կառավարությունը ՀԷՑ-ի խախտումների վերաբերյալ հաղորդում կարող է ներկայացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով,
- այդ դեպքում հանձնաժողովի նախագահն առավելագույնը 5 օրվա ընթացքում վարչական վարույթ պետք է հարուցի:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին են վերապահվելու «կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու», այդ թվում՝ ժամանակավոր կառավարիչ նշանակելու գործառույթները։
Նախագիծն ունի հետադարձ ուժ, այսինքն՝ գործընթացը կարող է սկսվել նաև նախկինում կատարված խախտումների համար:
Ստացվում է՝ ՀԷՑ-ի կառավարիչը կարող է փոխվել մի քանի օրվա ընթացում։ Թեկնածուի մասին հարցերն իշխող ուժն անպատասխան է թողնում։
Օրինագծի համաձայն՝ եթե խախտումների հիման վրա հարուցված վարույթի արդյունքում ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու որոշում կայացվի, գործադիրն ընկերության սեփականատերերին կառաջարկի իր հետ համաձայնեցված կարգով օտարել բաժնետոմսերը, գույքը:
Խուզարկություններ և ձերբակալություն ՀԷՑ-ում
Այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեն խուզարկություններ էր իրականացնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում, ինչպես նաև ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը։
Կոմիտեից հայտնել էին, որ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են «անհետաձգելի քննչական գործողություններ»։
Դրանք շարունակվեցին 5 ժամից ավելի։ Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի խոսքով՝ իրավապահները 37 փաստաթուղթ են առգրավել:
Ավելի ուշ հաղորդվեց, որ իրավապահները ձերբակալել են ՀԷՑ-ի Մուսալեռի մասնաճյուղի (Արմավիրի և Արագածոտնի մարզեր) գլխավոր ինժեներ Արա Ավագյանին և տեղափոխել Զեյթունի քննչական բաժին։ Հայտնի չէ՝ ինչ գործի շրջանակում է նա ձերբակալվել։
«ՀԷՑ–ը Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել»․ Փաշինյան
«Իմ բազմաթիվ մարզային այցելությունների ընթացքում զարմանքով և զայրույթով արձանագրել եմ, որ, ըստ էության, ՀԷՑ–ն իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել։ Իմ վերլուծությունը հիմք է տալիս մտածել, որ այդ ամենը արվել է և արվում է ՀՀ-ում ներքին դժգոհություն գեներացնելու համար»,- ավելի վաղ լրագրողների հետ զրույցում նշել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա բնորոշմամբ՝ «եկեղեցին ՀԷՑ–ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար ընդամենը ծխածածկույթ է»։
Փաշինյանը շեշտել էր՝ պետականացումը մի փուլից բաղկացած գործընթաց չէ, օրինագծի ընդունումը որակել էր որպես «առաջին անհրաժեշտ գործողություն»․
«Պետությունը կստանձնի ՀԷՑ-ի կառավարումը, և այդ կետից սկսած մենք ավելի հանգիստ պայմաններում հետագա սցենարները կքննարկենք»։
«Պայքարելու ենք իրավական մեխանիզմներով»․ ՀԷՑ-ի ներկայացուցիչ
Օրինագծի ընդունումից առաջ մամուլի ասուլիսով էր հանդես եկել ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ Շեշտել էր՝ ընկերության դեմ պայքարում են «մարտեր առանց կանոնների» ձևաչափով․
«Մենք պատրաստվում ենք բոլոր իրավական ճանապարհներով պայքարել այս գործընթացի դեմ։ Ունենք ուժեղ իրավաբանական թիմ։ Մենք ճիշտ ենք, իսկ ճիշտ լինելն ուժեղացնում է մի քանի անգամ»։
Ղազինյանի խոսքով՝ լիազոր մարմինը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երբեք նույնիսկ ակնարկ չի արել, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատանքը կարող է հիմք հանդիսանալ լիցենզիայի դադարեցման համար։
Հունիսի 18-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում հրապարակվեց որոշում ՀԷՑ-ին 10 միլիոն դրամով տուգանելու վերաբերյալ։ Մատնանշվում էին էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների և էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնների խախտումները։
ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանն ու ընտանիքը չեն բացառել մինչև անգամ ՀՀ-ի դեմ միջազգային արբիտրաժային վարույթի հարուցումը։
Մասնավորապես, Կարապետյանները հայտնել են՝ պետական մարմիններին ծանուցում են ուղարկել ներդրումային վեճի վերաբերյալ, որը հիմնված է Հայաստանի և Կիպրոսի միջև 30 տարի առաջ ստորագրված ներդրումների խթանման և պաշտպանության համաձայնագրի վրա: Նրանք ՀԷՑ-ը տնօրինում են նաև Կիպրոսում գրանցված Liormand Holdings Limited ընկերության միջոցով։
«Այդ համաձայնագիրը ներդրողներին հնարավորություն է տալիս դիմել միջազգային արբիտրաժ՝ պետության կողմից իրենց իրավունքների խախտման դեպքում։ Նման գործընթացները բացասական ազդեցություն են ունենում երկրի ներդրումային գրավչության վրա»,- հայտարարել են ընտանիքի ներկայացուցիչները։
Փորձագիտական կարծիք
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի փոխանցմամբ՝ տարիներ շարունակ Ռուսաստանը մեծ հետաքրքրություն է դրսևորել Հայաստանում տնտեսական գործունեության ուղղությամբ։ Արդյունքում՝ ՌԴ պետական կամ պետության հետ սերտ առնչություն ունեցող մասնավոր կազմակերպությունների կողմից գնվել կամ պայմանագրային հիմունքներով վերցվել են գազի մատակարարման, երկաթուղու, բջջային կապի, արտադրության և ծառայությունների ամբողջական ոլորտներ կամ մեծ մասնաբաժիններ․
«Հիմնական շարժառիթը եղել է մեկը՝ պետության տոտալ ռուսաֆիկացում, ինչը պետք է ժամանակի ընթացքում հնարավորություն ստեղծեր ամբողջապես կառավարել ՀՀ տարածաշրջանային և գլոբալ քաղաքականությունը, իսկ եթե հարմար առիթ լիներ, միացնել Հայաստանը ռուսական ինտեգրացիոն գլխավոր նախագծին՝ «Միութենական պետությանը»»։
Իր հոդվածում Ղևոնդյանը շեշտել է՝ նշված ծրագրի իրականացման համար «պարարտ հող» էր Հայաստանում ռուսամետ իշխանության գոյությունը՝ ի դեմս ՀՀ երկրորդ նախագահ, «Ռուսաստանի մեծ նվիրյալ» Ռոբերտ Քոչարյանի։
Հիշեցրել է՝ նախ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն վաճառվել է ռուսական «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բ.Վ.» ընկերությանը, իսկ 2015 թ․-ին, երբ գների բարձրացման դեմ խոշոր ընդվզումներ եղան Հայաստանում, ռուսական ընկերությունն այն վաճառել է հայկական արմատներով ռուս գործարար Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությանը։
Քաղաքագետի գնահատմամբ՝ ՀԷՑ-ի պետականացման մասին օրինագծի ընդունումն արմատապես փոխում է «ռուսաֆիկացման» տրամաբանությունը․
«ՀՀ ինքնիշխանության ամրապնդումը և ռուսական հիբրիդային գործիքների նվազեցումն իրենց հերթին հանգեցնում են ռուսական ազդեցության գահավիժմանը»։
Ղևոնդյանը զարմանալի չի համարում այն, որ Մոսկվան մեծ անհանգստությամբ և ուշադրությամբ է հետևում ՀՀ-ում ընթացող գործընթացներին։ Նկատում է՝ Հայաստանի իշխանությունների գործողությունները քննադատող հայտարարություններով են հանդես գալիս ինչպես ռուս պաշտոնյաներն ու փորձագետները, այնպես էլ ՀՀ-ում «ռուսական ազդեցությունը պաշտպանող քաղաքական ուժերը և ռուսական ֆինանսներից օգտվող փորձագետները»։
Դրական է գնահատում մեկնարկած գործընթացը, բայց նաև շեշտում՝ «ռուսաֆիկացման» գործընթացը կասեցնելու համար միայն ՀԷՑ պետականացումը բավարար չէ․
«Հայռուսգազարդ», «Հարավկովկասյան երկաթուղի» և մի շարք այլ կազմակերպություններ դեռևս շարունակում են հանդիսանալ ռուսական հիբրիդային հարձակումների օջախներ։ Ինչպես էլեկտրական ցանցերի դեպքում, այս ենթակառուցվածքները ևս ՀՀ սեփականությունն են և պետք է վերադարձվեն Հայաստանին»։
Փորձագետը համոզմունք է հայտնել, որ ենթակառուցվածքները Հայաստանի ժողովրդին վերադարձնելն ունի առանցքային նշանակություն պետականության և անվտանգության ամրապնդման գործընթացի շարունակականության համար։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀԷՑ-ի պետականացումը Հայաստանում