Ադրբեջանին մեղադրում են Իսրայելի օգտին լրտեսության մեջ, Բաքուն հերքում է
Ադրբեջանին մեղադրում են Իսրայելի հետախուզությանն օգնելու մեջ
Ադրբեջանը հայտնվել է միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում Իրանի և Իսրայելի միջև աճող լարվածության ֆոնին: Տարածվող հիմնական մեղադրանքները վերաբերում են, իբր, Ադրբեջանի կողմից Իսրայելին հետախուզական աջակցություն տրամադրելուն:
Նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կտրականապես հերքում է այս մեղադրանքները: Միևնույն ժամանակ ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին չի բացառում, որ համացանցում հայտնված տեղեկությունները կարող են ճշմարիտ լինել:
Լրտեսության և համագործակցության մեղադրանքներ
Իրան-Իսրայել հակամարտության սրման առաջին օրը սոցցանցերում և որոշ մեդիա հարթակներում կրկին հայտնվեցին հայտարարություններ այն մասին, որ Ադրբեջանն Իսրայելին տրամադրում է հարթակ լրտեսական գործունեություն իրականացնելու համար: Այսպես, «X» հարթակում (նախկին Twitter) Israel News Pulse էջը, որն ունի 84 հազար հետևորդ, հրապարակել էր հետևյալ գրառումը՝
«Ադրբեջան (Իրանի հետ սահմանակից երկիր): Անհրաժեշտության դեպքում Իսրայել պետությունը կարող է օգտագործել մեր տարածքը Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համար: Մենք երբեք Իսրայելին մենակ չենք թողնի սպառնալիքի առաջ, ցանկացած սցենարի դեպքում կլինենք նրա կողքին»:
Տարածվող պնդումների մեջ կան նաև մեղադրանքներ այն մասին, որ Ադրբեջանն Իսրայելի համար ռազմաբազաներ է բացել, իսկ Իսրայելի քաղաքացիներին տրամադրել է ադրբեջանական անձնագրեր:

Այս մեղադրանքները նույնպես արձագանք են գտել թուրքական ԶԼՄ-ներում, և Ադրբեջանը քննադատության է ենթարկվել: Մասնավորապես, Haber Global հեռուստաալիքը (ֆինանսավորվում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի կողմից) հրապարակել է նյութեր, որոնք պաշտպանում են այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումը:
Ադրբեջանը հերքում է մեղադրանքները

Ադրբեջանական պաշտոնատար անձինք անմիջապես և կտրականապես հերքեցին այս մեղադրանքները:
Նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հունիսի 13-ին «X» հարթակում հրապարակած հայտարարության մեջ տեղեկությունը որակեց «բացարձակապես անհիմն և երևակայության արդյունք»:
Նա նշեց, որ այս մեղադրանքները նպատակաուղղված, ապատեղեկատվական արշավի մաս են:
Նկատելի է նաև, որ պաշտոնական Բաքուն մտադիր է ամրապնդել հարաբերությունները Իրանի հետ: Հունիսի 4-ին Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու թեման:
Աֆղան Մուխթարլի. «Մեղադրանքները կարող են ճշմարիտ լինել, արտասովոր ոչինչ չեմ տեսնում»

Լրագրող-միգրանտ Աֆղան Մուխթարլին JAMnews-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև գոյություն ունի խորը և բազմակողմանի գործակցություն:
Նրա խոսքով՝ այդ գործակցությունն ընդգրկում է ոչ միայն ռազմական և տնտեսական ոլորտները, այլև հետախուզությունն ու անվտանգությունը: Մուխթարլին նշել է, որ չնայած շարունակվող հակամարտությանը՝ Ադրբեջանը նավթ է արտահանում Իսրայել և նրանից մեծ քանակությամբ զինամթերք գնում:
«Հայտնի է, որ իսրայելական հատուկ ծառայություններն են զբաղվում Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի անվտանգության ապահովմամբ: Հնարավոր է՝ ադրբեջանական հատուկ ծառայությունները գործողություններ են իրականացնում հարավային Ադրբեջանում (տարածաշրջան Իրանում), այնտեղ տեղեկատվության աղբյուրներ և գործակալներ են պահում: Սա հնարավոր է, քանի որ Իրանի ադրբեջանցիները ատում են այնտեղի ռեժիմը և, հավանաբար, գործակցում են Ադրբեջանի հետ:
Բացի այդ, հաշվի առնելով ադրբեջանա-իսրայելական կապերը՝ տեղեկությունների փոխանցումն Իսրայելին նույնպես հնարավոր է: Բայց այս ամենն առայժմ միայն տեսություն է: Մենք չունենք փաստեր, որ դա հաստատենք: Նա, ով տարածում է այս տեղեկությունը, նույնպես չունի փաստեր: Հիքմեթ Հաջիևի խոսքերից բացի մենք չունենք նաև հերքող փաստեր: Դա կարող է հնարավոր լինել: Անձամբ ես այդտեղ արտասովոր ոչինչ չեմ տեսնում:
Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրման ժամանակահատվածներում իրանական Ադրբեջանում (տարածաշրջան Իրանում) հայտնվում էին Իլհամ Ալիևի լուսանկարով պաստառներ, հակաիրանական և ադրբեջանամետ կարգախոսներ: Սա նույնպես պետք է հաշվի առնել: Կատարվող դեպքերը պատահական իրադարձություններ չեն: Բացի այդ, Եվրոպայի տարբեր երկրներում ապրող ադրբեջանական համայնքներն էլ են հակաիրանական ակցիաներ իրականացրել»:
Փակ տեղեկատվական ռեժիմ և սպեկուլյացիաներ
Ադրբեջանի տեղեկատվական քաղաքականությունը, հատկապես անվտանգության և արտաքին կապերի ոլորտներում, առանձնանում է բարձր մակարդակի կենտրոնացմամբ և անթափանցելիությամբ: Դա նպաստում է երկրի մասին սպեկուլյատիվ բնույթի տեղեկությունների տարածմանը: Ռազմական և հետախուզական ոլորտներում Իսրայելի հետ ունեցած գործակցության օրինակներն էլ հիմքեր են ստեղծում նման պնդումների համար:
Պատմական և աշխարհաքաղաքական համատեքստը
Ադրբեջանն Իրանի հետ երկարամյա պատմական և մշակութային կապեր ունի։ Հաշվի առնելով, որ Իրանում ապրում են միլիոնավոր էթնիկ ադրբեջանցիներ՝ իրանա-ադրբեջանական հարաբերությունները հատկապես զգայուն բնույթ են կրում: Մյուս կողմից՝ Ադրբեջանը սերտ տնտեսական և ռազմական գործակցություն է հաստատել Իսրայելի հետ: Իսրայելը Ադրբեջանի համար զինամթերքի հիմնական մատակարարներից մեկն է, էներգետիկ ոլորտում նույնպես կապերն ամուր են:
Այնուամենայնիվ, Իրանի ակնհայտ, բայց գաղտնի աջակցությունը Հայաստանին ժամանակ առ ժամանակ լարվածություն է առաջացնում Ադրբեջանի և Իրանի հարաբերություններում: Ադրբեջանը պնդում է, որ այս հավասարակշռված դիվանագիտական իրավիճակում փորձում է պաշտպանել իր ինքնիշխանությունն ու անվտանգությունը:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ադրբեջանին մեղադրում են Իսրայելի հետախուզությանն օգնելու մեջ