«Դո՛ւրս Հայաստանից»․ Երևանում Վալենտինա Մատվիենկոյին դիմավորեցին բողոքի ակցիայով
Մատվիենկոյի այցը Հայաստան
Պաշտոնական այցով Երևանում է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ ԱԺ շենքի դիմաց Մատվիենկոյի այցի դեմ բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ արևմտամետ ուժերը։ Սա երկրորդ նման ակցիան է, առաջինը շաբաթներ առաջ էր, երբ Հայաստան էր ժամանել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Դավաճաններ», «Դուրս ՀՀ-ից», «Մարդասպաններ», «Ֆաշիստներ»․ այս և այլ վանկարկումներով են քաղաքացիներն արձագանքել Մատվիենկոյի այցին։ Ոստիկանության ուժեր էին կենտրոնացված ԱԺ շենքի մոտ։ Իրավիճակը թեժացել է, երբ նույն վայրում հայտնվել են նաև ՌԴ-ին սատարող ցուցարարներ՝ հայ-ռուսական «դարավոր բարեկամության» մասին պաստառներով։ Երկու հակադիր խմբերը պարբերաբար լեզվակռվի են բռնվել։ Բախումներ, սակայն, տեղի չեն ունեցել։
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն այցի շրջանակներում այցելել է Երևանի Հաղթանակի զբոսայգի, հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին։ Մատվիենկոն այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ դրել զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։
Մայիսին Երևան կատարած այցի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայոց ցեղասպանության հուշահամալիր չէր այցելել, Ծիծեռնակաբերդ նրա անունից ծաղկեպսակ էր ուղարկվել։ Հայ հանրությունը վրդովվել էր այդ փաստից, ինչին ի պատասխան ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտնել էր՝ «աշխատանքային այցերի պարագայում ծրագրում նմանատիպ բաղադրիչների ներառումն իրականացվում է այցելող կողմի նախաձեռնությամբ»։
- Լավրովի այցը Երևան. ավանդական ծրագիր և ոչ ավանդական ընդունելություն
- «Այսօր ավելի անկախ ու ինքնիշխան ենք, քան երբևէ». Փաշինյան
- «Էրդողանի հայտարարությունը վկայում է Թուրքիա-ՌԴ գործարքի մասին». կարծիք Երևանից
- ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացումները կանդրադառնան և ՀՀ քաղաքացիների վրա
«ՀՀ-ն այլևս ՌԴ-ին չի դիտարկում որպես դաշնակից»․ բողոքի ակցիայի մասնակից
Ազգային ժողովի շենքի դիմաց հավաքված տասնյակ քաղաքացիներից մեկը «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն էր։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է՝ ակցիայի նպատակն է ցույց տալ՝ ՌԴ-ին այլևս որպես դաշնակից չենք դիտարկում․
«Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ, իսկ պատերազմ վարում են թշնամիները: Իրենք այլևս այստեղ չպիտի մտնեն որպես սեփական տարածք, իրենք պետք է իմանան, որ մի քանի անգամ ավելի պետք է մտածեն Հայաստան գալիս»։
Բաբաջանյանի համոզմամբ՝ Հայաստանի համար դաշնակից կարող են լինել բացառապես այն երկրները, որոնք «ճանաչում են ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ժողովրդավարական հեռանկարները, Հայաստանի զարգանալու, անվտանգ, պաշտպանունակ, դիմակայուն լինելու իրավունքը»։
Մատվիենկոյին դիմավորել էր ՀՀ ԱԺ նախագահը, ով պարբերաբար քննադատում է Մոսկվայի քաղաքականությունը
Հայաստանի խորհրդարանի խոսնակը օդանավակայան էր գնացել ծաղիկներով։ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին դիմավորելու պատրաստակամության մասին Սիմոնյանը լրագրողներին հայտնել էր այս տարվա մայիսին։
«Ես իրեն անձամբ խոստացել եմ։ Նա ասաց՝ բա ո՞նց էիք տիկին Փելոսիին [ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ] դիմավորել օդանավակայանում: Eս ասացի՝ երբ Դուք գաք, մեծ հաճույքով Ձեզ ևս կդիմավորեմ»,- մանրամասնել էր Սիմոնյանը։
Ալեն Սիմոնյանը բազմիցս կոշտ քննադատության է ենթարկել Հայաստանի հանդեպ ՌԴ վարած քաղաքականությունը։ Խորհրդարանի խոսնակը «հյուսիսային հարևանին» մեղադրել է ՀՀ դեմ հիբրիդային պատերազմ վարելու և այդ նպատակին մեծ գումարներ ուղղելու մեջ։
«ՀՀ-ի դեմ տարվում է հիբրիդային պատերազմ, որը երբեմն ակտիվանում է, և փորձում են Հայաստանում իշխանություն փոխել, միտինգների անոնսներ են անում ռուսական հեռուստաալիքներով։ Զգուշացնեմ, որ դա 2026 թ․-ին [խորհրդարանական ընտրությունների ժամանակ] է՛լ ավելի է ակտիվանալու: Սակայն, չեմ վախենում ասել, որ դա հակառակ ազդեցությունն է ունենալու։ Եվ այն վարկանիշը, որն ունի գործող իշխանությունը, կրկնապատկվելու է։ Ու մենք շնորհակալ ենք դրա համար»,- նկատել է նա։
ԱԺ նախագահը կարծիք է հայտնել, որ պետականության և անկախության աստիճանը բարձրացնելուն միտված Հայաստանի քայլերը դուր չեն գալիս նրանց, ովքեր կարծում են, որ «ՀՀ-ն պետք է միշտ կախված լինի ինչ-որ կենտրոնից, ՀՀ-ն միշտ պետք է ունեն մեծ եղբայր՝ ինչ-որ մեկի դեմքով»։
Ի՞նչ է հաղորդվել երկկողմ հանդիպումների մասին
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Մատվիենկոն վերահաստատել է փոխադարձ հարգանքի և բարեկամության հիման վրա Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու ՌԴ պատրաստակամությունը։
Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ Մատվիենկոն շեշտել է՝ ուրախ են որոշ ժամանակ անց վերսկսել խորհրդարանական մակարդակով քաղաքական երկխոսությունը։ ՀՀ ԱԺ նախագահը, իր հերթին, նշել է՝ նման փոխադարձ այցերը կարևոր են երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից։
Հայաստանի խորհրդարանից հայտնում են, որ Մատվիենկո-Սիմոնյան առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված կազմով հանդիպում, որի ժամանակ քննարկվել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր՝ քաղաքական, տնտեսական, կրթական ու մշակութային հարցեր, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին․
«ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման հարցում` նշելով, որ Հայաստանը սպասում է ադրբեջանական կողմին, որպեսզի ստորագրվի համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը։ Դաշնային խորհրդի նախագահն էլ, իր հերթին, ընդգծել է՝ ՌԴ-ն տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է»։
Նիստերից մեկի ժամանակ ՀՀ ԱԺ նախագահն իր ռուս գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող հայ գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրի վրա։
Մատվիենկոն և Սիմոնյանը բացել են Ռուսաստանի դաշնային ժողովի և Հայաստանի ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը: Նիստը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին։
Այնուհետև ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը մասնակցել է Հայաստան-Ռուսաստան միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովին։ Մեկօրյա համաժողովի ընթացքում քննարկվելու են հայ-ռուսական միջպետական, ինչպես նաև միջհամայնքային հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր։ Լիագումար նիստի ավարտին նախատեսված է նաև երկկողմ փաստաթղթերի փոխանակման արարողություն։
«Ամեն բան հարթ ու անամպ չէ»․ ՀՀ ԱԳ նախարարը՝ ՌԴ հետ հարաբերությունների մասին
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի համոզմամբ՝ հայ-ռուսական հարաբերություններն այսօր շատ առողջ են և գործընկերային։ Նախօրեին Միրզոյանը խորհրդարանում ասել է, որ փորձում են այնպես անել, որ «իրար նկատմամբ թղթով սահմանված պարտավորություններն իրականացվեն ամբողջ ծավալով»։
Նրա փոխանցմամբ՝ Հայաստանն ու Ռուսաստանը սերտորեն համագործակցում են ԵԱՏՄ շրջանակներում, ընդ որում՝ ՀՀ համար «մասնակցությունը շատ շահավետ» է․
«Սա չի նշանակում, թե ամեն ինչ անամպ է, ամեն ինչ հարթ է, իհարկե, ոչ։ Կան խնդիրներ, կան էական հարցեր, որոնց շուրջ ռուսաստանցի գործընկերներն իրենց դիրքորոշումն ու իրադարձությունների նկատմամբ ընկալումն ունեն, պատճառաբանություն, թե ինչու այդպես ստացվեց։ Մեզ համար ճշմարտությունը բոլորովին այլ է»։
Նախարարի խոսքով՝ կողմերն «ինչ-որ կերպ նորմալ ապրում են» դիրքորոշումների տարբերություններով։ Շեշտում է՝ «մենք իրենց մեղքն ենք տեսնում ինչ-որ բանում, իրենք, միգուցե, մեր մեղքը` ինչ-որ բանում, մենք համոզված ենք, որ, օրինակ, մենք ենք ճիշտ»։
Հայ-ռուսական հարաբերությունները սրված են՝ սկսած 2022 թվականի սեպտեմբերից։ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Մոսկվան և իր հհովանու տակ գործող ՀԱՊԿ ռազմական դաշինքը պայմանագրային պարտավորությունները կատարելու փոխարեն հայտարարեցին՝ սահմանը սահմանազատված չէ։ Երևանը պատասխանեց, որ դա նշանակում է՝ դաշնակիցները չեն ճանաչում ՀՀ սահմանները, ուստի հարց է առաջանում, թե որտեղով է անցնում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին։
Երևանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից, միայն հայտարարել է անդամության սառեցման մասին, թեև նման ընթացակարգ դաշինքը չունի։
Հայ պաշտոնյաները վերջին տարիներին չեն մասնակցում ՀԱՊԿ նիստերին, անդամ երկրների համատեղ զորավարժություններին։ Բացի այդ, Հայաստանը չի վճարել նաև 2024 թ․-ի համար նախատեսված անդամավճարը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Մատվիենկոյի այցը Հայաստան