«Շուտով արդյունքներ կունենանք»․ Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի քննության մասին
Արարատ Միրզոյանի դեմ մահափորձը բացահայտված չէ
2020 թվականին Հայաստանի ԱԺ նախագահ, այժմ՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ մահափորձի դրվագով ակտիվ քննչական գործողություններ են կատարվում։ Այսօր խորհրդարանում նման հայտարարությամբ է հանդես եկել Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։
Պատգամավորները Պողոսյանից հետաքրքրվել են՝ ինչո՞ւ 4,5 տարի անց գործը դեռ բացահայտված չէ։ Ի պատասխան պաշտոնյան վստահեցրել է՝ շուտով արդյունքներ կլինեն և հայտնել, որ նախորդ տարի մեկ անձ կալանավորվել է։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը մահափորձի դրվագով մեկ անձի կալանավորումը «ծիծաղելի թիվ» է որակել։ Նկատել է՝ գործի բացահայտված չլինելը քաղաքացիների մոտ անպատժելիության զգացողություն է առաջացնում, ասում են, թե՝ ուղիղ եթերում ԱԺ նախագահ սպանողներին չեք կարողանում գտնել և պատժել։
ՔԿ նախագահը ևս մեկ անգամ հայտարարել է՝ առաջիկայում արդյունքներ կունենանք: Տեղեկացրել է, որ քննություն է ընթանում ինչպես կազմակերպիչների ու հիմնական դերակատարների, այնպես էլ անմիջական կատարողների մասով։
«Մեզ համար քրեական վարույթների մեջ կարևոր և անկարևոր գործեր գոյություն չունեն։ Բայց այդ գործը նաև մեր առաջնահերթություններից է։ Իմ անմիջական հսկողության ներքո է և նաև իմ առաջնահերթությունն է»,- վստահեցրել է Պողոսյանը;
44-օրյա պատերազմի ավարտն ազդարարող փաստաթղթի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո երկրում զանգվածային անկարգություններ էին տեղի ունեցել։ Տասնյակ անձինք ներխուժել էին կառավարություն և Ազգային ժողով։ ԱԺ-ին հարակից տարածքում խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը ենթարկվել էր դաժան ծեծի, դեմքի, գլխի և ձեռքի վնասվածքներ ստացել, լրջորեն վնասվել էր պաշտոնյայի աչքը։ Այդ դեպքից հետո Միրզոյանը մի քանի անգամ վիրահատվեց, նոր միայն ի վիճակի եղավ վերադառնալ աշխատանքի։
- «Բաքվին անհանգստացնում են ՀՀ դատական հայցերը, սլաքներն ուղղվում են Ալիևի վրա»․ կարծիք
- «Եթե Թրամփը պահանջի, Բաքուն կստորագրի ՀՀ հետ պայմանագիրը»․ կարծիք
- «Բաքուն վերաշարադրում է պատմությունն ու սպառնում ՀՀ-ին». «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին
- 2024 թ․-ին Բաքուն ավելի քան 2 մլրդ դոլարի զենք է գնել․ նոր ագրեսիայի՞ է պատրաստվում
Քրեական գործի մանրամասները. էլ ի՞նչ է հայտնել Քննչական կոմիտեի նախագահը
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր մանրամասներ է ներկայացրել 2020 թվականին Արարատ Միրզոյանի դեմ տեղի ունեցած մահափորձին առնչվող քրեական գործից: Խորհրդարանականներին հիշեցրել է՝ զանգվածային անկարգությունների հետ կապված վարույթը քննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում, իսկ ինքն այդ ժամանակ զբաղեցրել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի պաշտոնը․
«Հենց սկզբի օրվանից ակտիվ քննչական գործողություններ են կատարվել: Առաջին 1-2 ամսում մի քանի տասնյակ անձանց վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Եվ այս պահին արդեն իսկ ունենք մեղադրական դատավճիռներ»։
ՔԿ նախագահի փոխանցմամբ՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվել են բազմաթիվ համակարգված և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այդ թվում՝ առանձին-առանձին հատվածներում անձանց նույնականացնելու, կազմակերպիչներին և դերակատարներին պարզելու ուղղությամբ։
Ասում է՝ մահափորձ կատարելու դրվագով նախորդ տարի մեկ անձ կալանավորվել է, իսկ ակտիվ քննչական գործողությունները շարունակվում են։
«Հավաստիացնում եմ, որ հենց հիմա այդ գործով քննչական ստորաբաժանումը պլանավորում է անհետաձգելի քննչական գործողություններ, և շուտով արդյունքներ կունենանք: Ի պատիվ ԱԱԾ–ի՝ բազմաթիվ չպարզաբանված անձանց արդեն իսկ նույնականացրել ենք»,- նկատել է Քննչական կոմիտեի նախագահը:
Մանրամասներ, սակայն, Պողոսյանը չի հայտնել։ Նշել է, որ չի ցանկանում խոչընդոտել նախաքննության բնականոն ընթացքին։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Արարատ Միրզոյանի դեմ մահափորձը բացահայտված չէ