Հայաստանում կկրկնապատկվի շահումով խաղերի ոլորտի պետական տուրքը
ՀՀ-ում խաղային ոլորտի տուրքը կկրկնապատկվի
Շահումով խաղերի ոլորտի պետական տուրքը Հայաստանում կկրկնապատկվի։ Խորհրդարանը 58 կողմ, 2 դեմ, 17 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է նախագիծը երկրորդ ընթերցմամբ, այսինքն՝ ամբողջությամբ։
Օրինագիծն ուժի մեջ է մտնելու այս տարվա ապրիլի 1-ից։ Նախագծի հեղինակ, իշխող ուժի պատգամավոր Հայկ Սարգսյանը պնդում է՝ օնլայն խաղատների և բուքմեյքերական գործունեության տուրքերի կրկնապատկման արդյունքում պետությունը կստանա տարեկան շուրջ 13 մլրդ դրամ հավելյալ եկամուտ։
Սա ոլորտի կարգավորմանն ուղղված քայլերից միայն մեկն է։ Կառավարությունը մտադիր է ստեղծել նաև ոլորտը վերահսկող մարմին՝ խաղային օպերատորի ինստիտուտ, ինչպես նաև առանձին խմբերի, օրինակ՝ սոցիալական աջակցություն ստացող քաղաքացիների համար սահմանել խաղադրույք կատարելու արգելք։
«Մենք ունենք պայմանավորվածություն․ քանի դեռ օպերատորը չի մտել, տուրքը անընդհատ բարձրանալու է։ Սա ոչ այնքան ֆիսկալ նպատակ է հետապնդում, այլ այն, որ հնարավոր տարբեր լոբբինգային խոչընդոտները վերացնենք»,- նախօրեին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Խաղային բիզնեսի ներկայացուցիչներն այս տուրքից բացի վճարում են նաև տուրք գործունեության լիցենզիայի համար, գումարն անփոփոխ է՝ տարեկան 600 մլն դրամ։ Երկու տիպի տուրքերից բացի վճարում են նաև շահութահարկ։
- Հայրիկների ակումբներ Հայաստանում․ ինչպես դառնալ ուշադիր հայր և աջակցող ամուսին
- Հայ երիտասարդները վերադառնո՞ւմ են բուհ․ աննախադեպ մասնակցություն քննությունների առաջին փուլին
- ՀՀ-ում կներդրվի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ
50 մլրդ խաղադրույք ներգրավելու համար՝ 100 միլիոն տուրք
Նախքան օրինագծի ընդունումը խաղային ոլորտի ընկերությունները սպորտային տոտալիազատորների դեպքում յուրաքանչյուր 50 միլիարդ դրամ խաղադրույք ներգրավելու համար վճարում էին 50 միլիոն դրամ, իսկ օնլայն խաղատները յուրաքանչյուր 100 միլիարդ դրամ խաղադրույք ստանալու համար՝ 175 միլիոն դրամ տուրք:
2025 թ․-ի ապրիլի 1-ից հետո ամեն 50 միլիարդ խաղադրույք ներգրավելու համար տոտալիզատորները պետք է վճարեն 100 միլիոն, իսկ օնլայն խաղատները 100 միլիարդ խաղադրույք ներգրավելու համար՝ 350 միլիոն դրամ:
Գործադիրը չի բացառում, որ առաջիկա տարիներին տուրքը կարող է մինչև անգամ հնգապատկվել։
Մասնավորապես՝ օրինագծի համաձայն՝ մինչև 2028 թ․ տուրքը կեռապատկվի, կքառապատկվի և կհնգապակտվի, եթե մինչ այդ ներդրված չլինի խաղային օպերատորի ինստիտուտը։
Ակնկալվում է, որ օպերատորի գոյության պայմաններում տուրքի բարձրացում տեղի չունենա։ Գործադիրի փոխանցմամբ՝ օպերատորը պետք է հասանելիություն ունենա խաղային ընկերությունների ֆինանսական շարժին, տեսնի՝ որքան խաղաղրույք է կատարվել, որքան շահումներ են եղել, որքան է նրանց հասույթն ու շահույթը:
Ներկա պահին Պետական եկամուտների կոմիտեն հիմք է ընդունում ընկերությունների ներկայացրած տվյալներն ու ըստ այդմ հաշվարկում հարկերը։
2024 թ․-ին օնլայն խաղատների հաշիվներին է փոխանցվել ավելի քան 811 մլրդ դրամ
Խորհրդարանի նիստի ժամանակ այդ մասին հայտնել է օրինագծի հեղինակ, պատգամավոր Հայկ Սարգսյանը։
«Եթե այդ գումարները մտնեին տնտեսության մեջ, համախառն ներքին արդյունքը կաճեր 10-15 տոկոսով, իսկ պետական եկամուտները` 7,34 տոկոսով»,- նկատել է նա։
Սարգսյանը շեշտել է՝ ներկա պահին խաղատների և օնլայն խաղատների գործունեությունը Հայաստանում օրենքով արգելված չէ։ Պատճառն այն է, որ դեռևս չկա «համացանցը կառավարելու և արտասահմանյան օնլայն խաղատների հասանելիությունը մեր երկրում գոնե 90 տոկոսով արգելափակելու հնարավորություն»։
Իշխող ուժի պատգամավորը պնդել է՝ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում վերջին տարիներին գրանցված ինքնասպանությունների զգալի մասի պատճառը խաղամոլությունն է։ Հայտարարել է՝ 2024 թվականին բանակում տեղի ունեցած ինքնասպանությունների կեսից ավելին ևս խաղամոլության հետևանք է։
ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի դիտարկմամբ՝ օրինագիծը լուծում է ոչ թե խաղամոլության չտարածման, այլ արդարացի հարկման խնդիրը:
Հիշեցրել է՝ խաղային օպերատորին վերաբերող օրենքն ընդունվել է անցյալ տարի, բայց ինստիտուտը պետք է ներդրվի 2025 թ․-ի ընթացքում: Ըստ նրա` պետությունը պետք է ամեն քայլ ձեռնարկի, որպեսզի առավել կարճ ժամանակահատվածում «թեկուզ իմպերատիվ տարբերակներով սահմանափակի խաղադրույքների տարածումը»:
«Սահմանափակել անապահով անձանց մուտքը բուքմեյքերական հարթակներ»
Հայաստանի վարչապետը կարծում է՝ կարիք կա ներդնել նույնականացման մեխանիզմներ, որոնք թույլ կտան սահմանափակել սոցիալապես անապահով, նպաստառու անձանց մուտքը բուքմեյքերական հարթակներ․
«Եթե որևէ մեկը խաղադրույք է անում, հետո պետությունից նպաստ է ստանում, մենք պետք է տանք նպաստը, բայց մյուս կողմից պետք է արգելենք, որ նա խաղադրույք կատարի»։
Նիկոլ Փաշինյանը հայտնել է՝ ինքն այս հարցում ռադիկալ է տրամադրված, տարբեր քննարկումների ժամանակ նույնիսկ ծայրահեղ լուծումներ է առաջարկել։ Ի վերջո, կառավարությունը որոշել է ընթանալ «հավասարակշռված ճանապարհով», այն է՝ հարկային քաղաքականության խստացում և խաղային օպերատորի ներդնում։
Հիշեցրել է՝ վերջին տարիներին բուքմեյքերական գործունեության հարկային բեռը մի քանի փուլով բարձրացել է, պետությունը սահմանել է խաղադրույքների համար պետական տուրք, որն էլ հիմա կրկնապատկվում է։
Անդրադառնալով օպերատորի ներդրման հարցին՝ վարչապետ Փաշինյանը նկատել է՝ դա պետությանը թույլ կտա վերահսկել խաղադրույքները, շահումները և դրանց հարկումը։ Չի բացառել, սակայն, որ հնարավոր են «արհեստական խոչընդոտներ», որոնք կարող են տարբեր միջոցներով ձգձգել օպերատորի մուտքը շուկա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ-ում խաղային ոլորտի տուրքը կկրկնապատկվի