ՀՀ-Վրաստան ապրանքաշրջանառությունը 2024 թ.-ին․ նկատելի անկում՝ լավատեսության ֆոնին
BPN-ի տվյալները ՀՀ-Վրաստան առևտրի մասին
Հունվարի 30-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այցելել էր Հայաստան և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկել ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական հարաբերությունների խորացման թեման։ Այցի շրջանակներում վարչապետները նաև անցկացրել են Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ։
Այնուհետև համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանն ասել է, որ նման հանդիպումները շատ կարևոր են, իսկ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրումը դարձել է անցած՝ 2024 թվականի նշանակալի իրադարձություններից մեկը։
Այս կապակցությամբ The Business Professionals Network-ը (BPN) հավաքագրել է տվյալներ 2024 թվականին Վրաստանի և Հայաստանի միջև առևտրային հարաբերությունների վերաբերյալ։ Եվ դրանք այնքան էլ լավատեսական չեն, որքան երկու երկրների կառավարությունների հայտարարությունները։
Այսպես, BPN-ի տվյալների համաձայն՝ անցյալ տարի Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունը կրճատվել է․ 2024 թվականին այն կազմել է 853,711 մլն դոլար, մինչդեռ նախորդ տարի կազմում էր 1,123 մլրդ դոլար։
Կրճատվել է նաև Վրաստանից Հայաստան արտահանումը՝ 2023 թ.-ի 787,159 մլն դոլարից հասնելով 617,533 մլն դոլարի (2024 թ.)։
Հայաստանից Վրաստան արտահանումն իր հերթին նշված ժամանակահատվածում նվազել է՝ 336,529 մլն դոլարից հասնելով 236,177 մլն դոլարի։
Արտահանում/ներմուծում
2024 թ.-ին Վրաստանից Հայաստան արտահանվող ապրանքների առաջին հնգյակը.
- Մարդատար ավտոմեքենաներ – 99,658 մլն դոլար
- Էթիլային սպիրտ, ալկոհոլային խմիչքներ – 48,029 մլն դոլար
- Նավթ և նավթամթերք – 22,601 մլն դոլար
- Բուլդոզերներ, ավտոգրեյդերներ, էքսկավատորներ, կոմպակտորներ – 22,001 մլն դոլար
- Բեռնատար ավտոմեքենաներ – 14,684 մլն դոլար
2024 թ.-ին ՀՀ-ից Վրաստան արտահանվող ապրանքների առաջին հնգյակը.
- Պղնձի հանքաքար և խտանյութեր – 68,904 մլն դոլար
- Ածխածնային պողպատից կիսաֆաբրիկատներ – 24,017 մլն դոլար
- Սիգարներ, սիգարիլոսներ և սիգարետներ՝ ծխախոտից կամ դրա փոխարինիչներից – 21,622 մլն դոլար
- Բանկաներ, շշեր և այլ ապակե տարաներ – 20,181 մլն դոլար
- Թանկարժեք մետաղների հանքաքարեր և խտանյութեր – 16,616 մլն դոլար
Զբոսաշրջություն
Հայաստանի քաղաքացիները թվաքանակով երրորդ տեղում են Վրաստանի ընդունած զբոսաշրջիկների շարքում։
Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ 2024 թվականին Վրաստան է այցելել Հայաստանի 948,299 քաղաքացի, ինչը կազմում է այցելուների ընդհանուր թվի 12,7%-ը։ Սակայն նախորդ տարվա համեմատ Հայաստանից ժամանողների թիվը նվազել է 1,5%-ով։
Դրամական փոխանցումներ և ներդրումներ
2024 թվականի դեկտեմբերին Հայաստանից Վրաստան է փոխանցվել 1,302 մլն դոլար, իսկ Վրաստանից Հայաստան՝ 1,042 մլն դոլար։ Վիճակագրության համաձայն՝ Հայաստանը Վրաստան դրամական փոխանցումներ ուղարկող 25 երկրների շարքում է։
Վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2024 թ.-ի երրորդ եռամսյակում Հայաստանը Վրաստանում ներդրել է 5,777 մլն դոլար, երկրորդ եռամսյակում՝ 3,481 մլն դոլար, առաջին եռամսյակում՝ 6,905 մլն դոլար։ Չորրորդ եռամսյակի տվյալները դեռևս հայտնի չեն։ Այսպիսով, երեք եռամսյակների ընթացքում ընդհանուր առմամբ ներդրվել է 16,163 մլն դոլար։