«Համակարգված խոշտանգումներ Վրաստանում». ցուցարարների հանդեպ բռնության մասին
Համակարգված խոշտանգումներ Վրաստանում
Վրաստանում գործող Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հրապարակել է 2024 թ.-ի նոյեմբերի 28-դեկտեմբերի 20-ը Վրաստանում բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին հետաքննության նախնական եզրակացությունը։ Զեկույցը կազմվել է միջազգային կազմակերպությունների աջակցությամբ։
Ապացույցները ներառում են բաց աղբյուրներից ստացված լուսանկարներ և տեսանյութեր, հարցազրույցներ, ոստիկանության կողմից բռնության ենթարկված 11 զոհերի անկախ դատաբժշկական փորձաքննության արդյունքներ, այդ թվում՝ բժշկական քարտերի և վնասվածքների այլ ապացույցների ուսումնասիրություն։
Ասոցիացիայի ղեկավար Նոնա Կուրդովանիձեի խոսքով՝ դատաբժշկական փորձաքննության արդյունքները ցույց են տալիս զոհերի ստացած վնասվածքների անհանգստացնող պատկեր և հավելում՝ հատկապես տարածված են դեմքի և գլխի վնասվածքները։
2024 թ. դեկտեմբերի 10-24-ը Խոշտանգումների զոհերի վերականգնման միջազգային խորհուրդը (IRCT), Անկախ դատաբժշկական փորձագիտական խումբը (IFEG) և Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունն (OMCT) իրականացրել են համատեղ առաքելություն՝ աջակցելու Վրաստանի Երիտասարդ իրավաբանների ասոցիացիային, Խոշտանգումների զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնման կենտրոնին, Թբիլիսիում հանուն մարդու իրավունքների արշավին և այլ վրացական կազմակերպությունների։ Այդ առաքելությանը հետազոտական աջակցություն է ցուցաբերել Օմեգա հետազոտական հիմնադրամը։
Ի՞նչ է ասված եզրակացության մեջ․ համառոտ
● Հարցմանը մասնակցած տուժածները, ականատեսները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ընդգծել են ցույցերի բացարձակապես խաղաղ բնույթը։
● Ականատեսների խոսքերով՝ ցույցերը դաժանորեն ցրել են պղպեղի սփրեյների, արցունքաբեր գազի և քիմիկատներով հագեցած ջրի շիթերի օգնությամբ։
● Տուժածները պատմել են, որ արցունքաբեր գազը չափազանց հզոր էր և նույնիսկ օդում էր առաջացնում ուժեղ գրգռվածություն, որն ուղեկցվում էր ապակողմնորոշմամբ, գլխացավերով և ֆիզիկական անհարմարության այլ ձևերով։
● Ջրցան մեքենաների օգտագործումը հատկապես խնդրահարույց է՝ հաշվի առնելով Թբիլիսիի ցածր ջերմաստիճանն (-1°C-ից մինչև +8°C) ու ջրի մեջ քիմիկատների առկայությունը։
● Չնայած իրավապահները բազմիցս ցուցարարներին կոչ են արել լքել ակցիայի վայրը, նրանք չեն տրամադրել բաց և անվտանգ ուղիներ տարածքից դուրս գալու համար, իսկ որոշ դեպքերում ծեծի են ենթարկել և շրջափակել տարածքը լքել փորձող ցուցարարներին։
● Հարցմանը մասնակցածները նաև պատմել են, որ ոստիկանությունը առանձին ցուցարարների դուրս էր հանում ամբոխից և ենթարկում ֆիզիկական բռնության, չնայած նրանք վտանգ չէին ներկայացնում։
● Բռնության դեպքերը հավանաբար տեղի են ունեցել Ռուսթավելիի պողոտայում և հարակից փողոցներում, ինչպես նաև ոստիկանական մեքենաներում (միկրոավտոբուսներում և մարդատար մեքենաներում)։ Տուժածները և ականատեսները հաղորդել են դեմքին, գլխին և մարմնի այլ մասերին ոտքերով հարվածների մասին, սակայն նշել են, որ հետագայում ոստիկանները սկսել են հարվածներ հասցնել միայն մարմնին՝ վնասվածքները պակաս նկատելի դարձնելու համար։
● Տուժածները նաև հայտնել են, որ հարձակումները հաճախ ուղեկցվել են վիրավորանքներով, սպառնալիքներով (այդ թվում՝ սեռական բռնության), ինչպես նաև ծաղրող կամ նվաստացնող մեկնաբանություններով։ Հարցվածները մատնանշել են լրագրողների վրա հարձակման և մեդիա աշխատողների ձերբակալության դեպքեր, այդ թվում՝ վկայական ունեցողների։
● Շատ զոհեր ստացել են լուրջ վնասվածքներ, այդ թվում՝ քթի կոտրվածքներ, գլխուղեղի ցնցումներ և փափուկ հյուսվածքների վնասվածքներ։ Որոշ դեպքեր վկայում են հնարավոր նյարդաբանական, ինչպես նաև հոգեբանական տրավմաների մասին։
● Գլխի և դեմքի ծանր վնասվածքներով տուժածների տոկոսը անհանգստացնող չափով բարձր է, ինչը վկայում է ֆիզիկական բռնության կիրառման նպատակաուղղված մարտավարության մասին։ Իրենց ցուցմունքներում տուժածները նշել են՝ ուժայինները հարվածում էին «կոշտ ձեռնոցներով», որոնք մեծացնում են հարվածի ուժն ու առաջացնում ծանր վնասվածքներ։
● Մի քանի զոհեր հաղորդել են նաև կողոսկրերի և ողնաշարի վնասվածքների մասին։ Զննման ժամանակ նրանցից շատերի մոտ հայտնաբերվել են նաև կապտուկներ և կարմրություններ ստորին վերջույթների վրա, հատկապես ազդրերի հետևի մասում, ինչը ապացույց է այն բանի, որ նրանց ոտնատակ են տվել և ծեծել, երբ պառկած են եղել։
● Շատ դեպքերում վնասվածքների բնույթը հաստատում է տուժածների հայտարարություններն այն մասին, որ իրենց շղթայել են, այնուհետև հարվածել բռունցքներով կամ ոտքերով։ Հաճախ դա տեղի է ունեցել տրանսպորտային միջոցում, ինչն իրավապահներին տվել է գաղտնիության և իրենց գործողությունները հաշվարկելու հնարավորություն։
● Նկատված վնասվածքները նման չեն այն վնասվածքներին, որոնք առաջանում են երկու կողմերի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում։
● Դատաբժշկական փորձաքննության տվյալները, այդ թվում՝ վնասվածքների բնույթի նկարագրությունը, վկայում են ցուցարարների և նրանց աջակիցների նկատմամբ շարունակական խոշտանգումների և դաժան վերաբերմունքի համակարգված քաղաքականության և պրակտիկայի մասին, ինչը հաճախ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրանք գտնվել են ոստիկանության վերահսկողության ներքո։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Համակարգված խոշտանգումներ Վրաստանում