ԱՄՆ պատժամիջոցների տակ է հայտնվել նաև Վրաստանի հատուկ նշանակության զորքերի ղեկավարը
Վրաստանի հատուկ նշանակության զորքերի ղեկավարը ԱՄՆ պատժամիջոցների տակ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նախօրեին հայտարարել է Վրաստանի չորս քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Նրանք են ՆԳՆ հատուկ նշանակության զորքերի ղեկավար Զվիադ Խարազիշվիլին (հայտնի Խարեբա մականունով), նրա տեղակալ Միլերի Լագազաուրին, ինչպես նաև ռուսամետ Alt-info շարժման առաջնորդներ Կոկի Մորգոշիան և Զուրա Մախարաձեն:
Բացի այդ, Պետդեպարտամենտը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի կառավարության և խորհրդարանի ավելի քան 60 անդամների, այդ թվում՝ նրանց ընտանիքի անդամների նկատմամբ:
Հաղորդվում է նաև, որ ցուցակում ներառված են բիզնեսի ղեկավարներ, որոնք ներգրավված են կոռուպցիոն սխեմաներում, ինչպես նաև ապատեղեկատվության ու բռնության տարածմանը նպաստող անձինք:
Որպես այս երկու որոշումների կայացման պատճառ մատնանշվել է ժողովրդավարության խաթարումը, խաղաղ բողոքի ցույցերի դաժան ճնշումը և քաղաքական հակառակորդների դեմ հաշվեհարդարները:
Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ ասվում է, որ պատժամիջոցների տակ հայտնված անձինք «չարաշահել են իրենց լիազորությունները Վրաստանի ժողովրդի հիմնարար ազատությունները սահմանափակելու համար»:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ նշված անձանց ողջ գույքն ու ակտիվները, որոնք գտնվում են ԱՄՆ-ում կամ ԱՄՆ իրավասության ներքո գտնվող երկրներում, կսառեցվեն, իսկ դրանց հետ կապված ցանկացած գործողություն կարգելվի:
Նաև կսառեցվեն բոլոր այն օբյեկտները, որոնց 50% և ավելի տոկոսն ուղղակիորեն կամ անուղղակիորեն, անհատապես կամ միասնաբար պատկանում են պատժամիջոցների տակ հայտնված մեկ կամ մի քանի անձանց:
«ԱՄՆ քաղաքացիները կարող են ենթարկվել քաղաքացիական կամ քրեական պատժի այս որոշումը խախտելու համար: Ֆինանսական հաստատությունները և այլ անձինք, ովքեր կմասնակցեն պատժամիջոցների տակ գտնվող իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ գործարքներին կամ գործունեությանը, կարող են ենթարկվել պատժամիջոցների կամ հարկադրանքի միջոցների:
Արգելքները ներառում են ցանկացած ներդրում կամ գումարի, գույքի կամ ծառայությունների տրամադրում նշված անձանցից որևէ մեկի կողմից կամ նրա օգտին, ինչպես նաև այդ անձանցից ցանկացած ներդրման կամ գումարի, ապրանքների կամ ծառայությունների ստացում»,- ասված է հրապարակված հայտարարության մեջ:
Ահաբեկչության դեմ պայքարի և ֆինանսական հետախուզության հարցերով ԱՄՆ ֆինանսների փոխնախարարի պարտականությունները կատարող Բրեդլի Սմիթը հանդես է եկել հետևյալ մեկնաբանությամբ.
«Այսօրվա որոշումն ընդգծում է Արևմուտքի մտահոգությունը Վրաստանի ղեկավարության հակաժողովրդավարական գործողությունների վերաբերյալ: «Սև ցուցակում» ներառված անձինք բռնի գործողություններ են կիրառել խաղաղ բնակչության նկատմամբ՝ սեփական նպատակներին հասնելու համար:
Մենք մտադիր ենք պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր փորձում են խախտել Վրաստանի ժողովրդի իրավունքները»:
2024 թվականի մայիսի 23-ին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման համար պատասխանատու անձանց նկատմամբ վիզաների սահմանափակման նոր քաղաքականության մասին, ինչպես նաև հայտնեց, որ ԱՄՆ-ը լիովին վերանայում է Վրաստանի հետ համագործակցության բոլոր ասպեկտները:
Շուտով վիզային սահմանափակումներ մտցվեցին Վրաստանի կառավարության և խորհրդարանի ավելի քան 30 անդամների նկատմամբ, ովքեր պատասխանատու էին քաղաքացիական հասարակության հանդեպ բռնության և ահաբեկման, ինչպես նաև խաղաղ հավաքների ազատությանը սպառնալու համար:
Հուլիսի 5-ին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը Վրաստանում նախատեսված Noble Partner զորավարժությունները հետաձգվում են անորոշ ժամկետով: Հայտարարության մեջ ասվում էր, որ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը նախաձեռնել է Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների վերանայում:
Բացի այդ, հուլիսի 31-ին հաղորդվեց, որ ամերիկացի կոնգրեսականները նամակ են հղել Բլինքենին՝ պահանջելով ֆինանսական պատժամիջոցներ սահմանել Իվանիշվիլիի նկատմամբ: