«Գործընթաց կա, արդյունք՝ ոչ»․ ապօրինի գույքի բռնագանձումը ՀՀ-ում
Ապօրինի գույքի բռնագանձումը ՀՀ-ում
Հայաստանի գլխավոր դատախազությունն այսօր հայց է ներկայացրել դատարան, որով պահանջել է հայտնի գործարար, խորհրդարանի նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանից բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 86 մլրդ դրամ և ոչ միայն։
Սա ապպօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման միակ գործը չէ։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի փոխանցմամբ՝ 2020 թվականի սեպտեմբերից մինչ օրս դատարան է ներկայացվել 93 հայցադիմում։ Կառավարության նիստի ընթացքում նա հայտարարել է, որ «պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 1000 անշարժ և 200 շարժական գույք»։ Գլխավոր դատախազի խոսքով՝ ապօրինի գույքի բռնագանձման գործերով ընդհանուր հայցագինը գերազանցում է 500 միլիարդ դրամը։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ասում է՝ Փաշինյանի կողմից ապօրինի գույքի բռնագանձման թեմայի շոշափումը վկայում է այն մասին, որ վարչապետին «զեկուցել են իր վարկանիշի սրընթաց անկման մասին»։ Չի բացառում նաև, որ սպասվում են նոր կոռուպցիոն սկանդալներ, «բացահայտումներ և աղմկոտ ձերբակալություններ»։
«Սեփականության վերաբաժանման գործընթացը նոր փուլ է մտնում։ Ամբողջական իշխանությունը ենթադրում է նաև «հեղափոխական» օլիգարխիա»,- ընդգծում է Սուրենյանցը։
Ծառուկյանից կարող են բռնագանձել 86 մլրդ դրամից ավելի գումար
Գլխավոր դատախազությունում Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի ուսումնասիրությունը մեկնարկել էր դեռևս 2020 թ․-ի հոկտեմբերի 8-ին։ Դատարանի որոշմամբ՝ Ծառուկյանին և նրա հետ փոխկապակցված անձանց արգելվել է կատարել մի շարք անշարժ և շարժական գույքերի տնօրինման հետ կապված գործողություններ: Ապօրինի գնահատված գույքերի ձեռբերման օրինականությունը հիմնավորող տվյալներ դատարան չեն ներկայացվել։
Արդեն այս տարի՝ 2023 թ․-ի հոկտեմբերի 9-ին գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան, այն ընդունվել է վարույթ։
Հայցադիմումի համաձայն՝ դատախազությունը դատարանին ներկայացրել է պահանջ՝ Գագիկ Ծառուկյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ բռնագանձել՝
- 79 անշարժ գույք,
- 42 տրանսպորտային միջոց,
- չնույնականացված 8 տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեք՝ 348 մլն 194 հազար դրամ,
- զիջված պահանջի իրավունքի գումար՝ շուրջ 33 միլիոն դրամ,
- 10 անշարժ գույքի, որոնք օրենքի իմաստով պատկանում են Գագիկ Ծառուկյանին,
- 39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր.
- 63 մլրդ դրամի փոխառությունների պահանջի իրավունք,
- 12 ֆիզիկական և իրավաբանական անձանց (ում հնարավոր չի եղել նույնականացնել) տրամադրված փոխառությունների գումարի չափ գումար՝ շուրջ 16.8 մլրդ դրամ,
- 86 մլրդ 400 մլն դրամի բռնագանձման պահանջ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամուտների և օրինական եկամուտներով չհիմնավորվող վճարումների, փոխանցումների և այլ ելքերի հանրագումար:
«Պետությանը վերադարձվել է 6 անշարժ ու 1 շարժական գույք»
Գլխավոր դատախազը կառավարության անդամներին տեղեկացրել է․
«Մինչ օրս կնքվել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով պետությանը վերադարձվել է 6 անշարժ ու 1 շարժական գույք՝ ընդհանուր 2 միլիարդ 100 միլիոն դրամ արժեքով։ Վերադարձվել է նաև շուրջ 79 միլիոն դրամ»։
Արդյունքում՝ ՀՀ սեփականությանը վերադարձված անշարժ գույքի ցանկ են ներառվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարակից տարածքում գտնվող 4 հողամասերը։
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի համաձայն՝ վարույթը կարող է ավարտվել հաշտության համաձայնությամբ, եթե անձը, որին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույքը, ներկայացնում է օրենքով նախատեսված հայտարարագիր։
Նույն օրենքով սահմանվում է, որ համաձայնության արդյունքում պետք է ՀՀ-ը փոխանցվի գույքը, բռնագանձման անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը՝ դրամով։ Գույքի արժեքը հաշվարկվում է հաշտության կնքման պահին գույքի շուկայական արժեքի հիման վրա։ Չի կարող սահմանվել գույքի փոխանցման ավելի ցածր չափ, քան գույքի արժեքի 75 տոկոսը։
Հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր և կողմերի համատեղ ստորագրված դիմումով ներկայացվում է առաջին ատյանի դատարան: Մեկամսյա ժամկետում դատարանը կայացնում է համաձայնությունը հաստատելու կամ չհաստատելու մասին վճիռ։
Վարդապետյանի փոխանցմամբ՝ իրականացվում է նաև պետական և հանրային շահերի պաշտպանության գործընթաց, որի շրջանակներում ներկայացվել է մոտ 235 հայց։ Հայցի առարկա են հանդիսանում մի շարք զբոսայգիներ, Երևանում տեղակայված «Մոսկվա» կինոթատրոնի և Նկարիչների միության շենքերի պահպանության գոտու տարածքները, Գյումրի քաղաքի Կումայրի արգելոց-հուշարձանի հողամասերը։
«Կառավարությունը կուլիսային գործարքների մեջ չէ»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է՝ դեռևս 2018 թ․-ին գալով իշխանության՝ հանրությանը խոստացել են վերադարձնել «պետությունից գողացված գույքը», այնինչ «ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունը չեն կատարել»։
«Երբ հիմա ուզում ենք արձանագրել՝ ինչ է մինչ այս պահն արված, տեսնում ենք՝ կան բազմաթիվ հայցեր, բայց մեկ կամ երկու ձեռքի վրա կարող ենք հաշվել, թե ինչ արդյունքներ ենք արձանագրել»,- հայտարարել է նա։
Փաշինյանի գնահատմամբ՝ կան գործընթացներ, բայց «մեծ հաշվով արդյունքներ չկան», թեև տարվել է մեծ աշխատանք, իրականացվել են բարեփոխումներ դատաիրավական համակարգում․
«Հայտնի կոռուպցիոն գործեր ունենք, որոնք գտնվում են դատական գործընթացների մեջ, և ես ունեմ տպավորություն, որ այդ գործերը կարող են 25 տարի տևել։ Սա մեծ պրոբլեմ է»։
Ասում է՝ մարդիկ կարող են մտածել, թե կառավարող մեծամասնությունը «ինչ-որ կուլիսային գործարքների» մեջ է, որի արդյունքում դատական պրոցեսների անհարկի ձգձգումներ են տեղի ունենում։ Վստահեցնում է՝ նման գործարքներ չկան, պարզապես չեն ուզում դիմել «վենդետաների ժանրի»։
«Մեզ համար սկզբունքային է եղել, որ պրոցեսները լինեն դե յուրե հիմնավորված և օրենքի դաշտում»,- ընդգծել է նա։
Փաշինյանի խոսքով՝ դատական գործընթացները չեն կարող անվերջ լինել, պետք է ներկայացնել հստակ վիճակագրություն ոչ թե դատարան ուղարկված հայցերի, այլ կայացված մեղադրական և արդարացնող դատավճիռների վերաբերյալ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ապօրինի գույքի բռնագանձումը ՀՀ-ում