«Երևանն առաջարկները փոխանցել է Բաքվին»․ Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիր
«Հայաստանը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, և մեր առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ամբողջական փաստաթղթի նախագիծը, ներառյալ՝ հայկական կողմի առաջարկները Երևանը փոխանցել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին։
Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի թեմային նախօրեին անդրադարձել էր նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու նշել, որ քննարկվող տեքստում Ղարաբաղի մասին հիշատակում կա։
Պաշտոնական Բաքուն արձագանքել է «Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմ ստեղծելու» մասին Գրիգորյանի հայտարարությանը։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ նման դրույթ ներառելու ջանքերը «բոլորովին անհիմն են»։ Բաքվում դա ընկալվում է որպես «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից չհրաժարվելու հավաստիք»։ Եվ կրկին շեշտվում է, որ «ԼՂ-ի բնակչության իրավունքներն ու անվտանգությունն ապահովվելու են Ադրբեջանի Սահմանադրության համաձայն», քանի որ դա Ադրբեջանի «ներքին գործն» է։
Ո՞րն է խաղաղության պայմանագրի՝ հայկական կողմի տեսլականը․ վարչապետի և ԱԽ քարտուղարի մեկնաբանությունները
«Պետք է պարունակի հակակշիռների և զսպումների գործուն համակարգ»
Խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ հայտարարել է կառավարության ղեկավարը։ Փաշինյանի խոսքով՝ այնպիսի համակարգ պետք է գործի, որը «կբացառի տևական և կայուն խաղաղության խաթարման որևէ սցենար»։
«Սրա իմաստն այն է, որ փաստաթղթի ստորագրումը ոչ թե պետք է վերակերպվի պատերազմի՝ արդեն խաղաղության պայմանագրի հիման վրա (սա աբսուրդ է հնչում, բայց կարող է լինել նաև այսպիսի սցենար), այլ ընդհակառակը՝ իսկապես նշանակի տևական խաղաղություն»,- շեշտել է նա։
Հայաստանի վարչապետը հույս է հայտնել, որ բանակցությունների արդյունքում նկատված որոշակի առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել: Վերահաստատել է կառավարության և անձամբ իր հանձնառությունը՝ օր առաջ ստորագրելու այնպիսի պայմանագիր, որը տևական և կայուն խաղաղության երաշխիք կդառնա: Նա վստահեցրել է՝ պատրաստ է վերցնել ու կրել նման պատասխանատվություն:
«Նախագծի վրա աշխատում ենք հետևյալ տրամաբանությամբ՝ ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել: Հասկանալի է, իհարկե, որ այդ փաստաթուղթը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանը կողմ է Բաքվի և Ստեփանակերտի միջև քննարկումներին»
Նախօրեին ասել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու մատնանշել նման երկխոսության համար «միջազգային տեսանելի մեխանիզմի» ներդրման անհրաժեշտության մասին։ Գրիգորյանի խոսքով՝ այդ մեխանիզմին կարող է անդրադարձ լինել երկու երկրների միջև կնքվելիք խաղաղության պայմանագրում։ Ասում է՝ Հայաստանը մեխանիզմի կայացման ուղղությամբ շարունակում է աշխատել նաև միջազգային գործընկերների հետ։
«Այն կարող է լինել միջազգային այլ կառույցների կամ այլ ֆորմատով: Դա հստակ չէ, քննարկման առարկա է, պետք է շարունակենք քննարկել՝ հստակեցնելու համար»,- հայտարարել է Գրիգորյանը։
Հայաստանի ԱԽ քարտուղարի գնահատմամբ՝ հայկական կողմի համար առաջնային է ոչ թե ֆորմատը, այլ մեխանիզմի ստեղծումը։
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Գրիգորյանը հաստատել է՝ քննարկվող տեքստում ԼՂ-ի մասին հիշատակում կա, սակայն հիշեցրել, որ «այդ փաստաթուղթը դեռ վերջնական չէ, բանակցություններ են ընթանում»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիր