Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը
Հայաստան-Ադրբեջան․ տարածքային ամբողջականության ճանաչում
Ադրբեջանն ու Հայաստանը վերահաստատել են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրին, ըստ որի՝ երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Այս մասին ասվում է Եվրամիության և Ֆրանսիայի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկփուլ հանդիպման արդյունքներով հայտարարության մեջ։
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և կեսգիշերն անց Պրահայում հանդիպումներ են կայացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի մասնակցությամբ։
Երկու փուլից բաղկացած հանդիպման արդյունքում ընդունվել է հայտարարություն, որում Ադրբեջանը և Հայաստանը առաջին անգամ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։
Հայտարարության մեջ ասվում է.
- Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
- Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում մինչև հոկտեմբերի վերջ:
- Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով:
- Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:
- Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը:
Փաշինյան-Ալիև հանդիպման առաջին փուլից հետո Ադրբեջանի նախագահը հարցազրույց է տվել տեղական հեռուստաընկերություններին, որտեղ կրկնել է այն թեզը, թե «Ղարաբաղի և Ադրբեջանի այդ հատվածի հայ բնակչության ապագան երկրի ներքին գործն է»։
Միաժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս հանդիպումից հետո Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը և միջպետական բոլոր հաղորդակցությունների բացմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։
Հայաստան-Ադրբեջան․ տարածքային ամբողջականության ճանաչում