84 զոհ. Ֆրանսիայում սուգ է
Ըստ վերջին տվյալների, Նիսում ամբոխի վրա բեռնատարի վրաերթի հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 60-ը: Զոհերի և տուժածների թվում երեխաներ կան: Զոհերի մեծ մասը հիմնականում Ֆրանսիայի քաղաքացիներ են, սակայն կան նաև արտասահմանցիներ՝ զոհվել է Հայաստանի 1, Ռուսաստանի 1, Ուկրաինայի 1, ԱՄՆ 2 քաղաքացի:
Բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ երեկոյան ժամը 23:00-ին, երբ մարդիկ հավաքվել էին Նիսի կենտրոնում Բաստիլի գրավման օրը նշելու: Բեռնատարը մտել է ամբոխի մեջ և, մարդկանց վրաերթի ենթարկելով, անցել 2 կմ 60 կմ/ժ արագությամբ: Այնուհետև վարորդը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ: Ոստիկանները ոչնչացրել են նրան:
Բեռնատարի ղեկին էր Նիսի բնակիչ, Ֆրանսիայի քաղաքացի թունիսցի 31-ամյա Մոհամեդ Լահուայեջ Բուխլելը: Նա մի քանի դատվածություն ուներ տարբեր տեսակի օրինախախտումների համար, սակայն ահաբեկիչների հետ կապ չէր նկատվել:
Ֆրնասիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կատարվածն ահաբեկչություն է անվանել: Սակայն մինչ այժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում հանցագործության պատասխանատվությունն իր վրա չի վերցրել:
Ֆրանսիայի նախագահն արտակարգ դրություն է մտցրել 3 ամսով և եռօրյա սուգ հայտարարել: Երկրում անվտանգությունը պահպանվելու է իրավապահ մարմինների և օգնության կանչված ռեզերվի ուժերով:
Ոստիկանությունը կոչ է արել քաղաքացիներին արյուն հանձնել:
Մինչ այդ, 2015թ-ի նոյեմբերին “Իսլամական պետությունը Փարիզում ահաբեկչական ակտ էր իրականացրել, որը 130 մարդու կյանք էր խլել:
Բեռնատարով նմանատիպ հարձակում Ֆրանսիայում տեղի է ունեցել 2014թ-ին:
2014թ-ի դեկտեմբերի տարբեր օրերին միմյանցից անկախ երկու մեքենա նպատակաուղղված վրաերթի էին ենթարկել մայթի մարդկանց: Դրանցից մեկի վարորդն այդ ընթացքում բղավել էր “Ալլահ ակբար: Դա տեղի էր ունեցել Դիժոնում: Տուժել էր 13 մարդ: Հետագայում պարզվել էր, որ 40-ամյա վարորդը հոգեկան հիվանդ է և ջիհադիստների հետ որևէ կապ չի ունեցել:
Հաջորդ օրը Նանտ քաղաքում բեռնատարը մտել էր Սուրբ Ծննդյան տոնավաճառի տարածք: Վրաերթի հետևանքով մահացել էր 1 մարդ, վիրավորվել՝ 9-ը: Վարորդն ինքն իրեն մի քանի վնասվածքներ էր հասցրել: 2016թ-ին մինչ դատական գործընթացի ավարտը նա ինքնասպանություն էր գործել բանտում: