Դանիայում Հայաստանի դեսպանի ՄԻԵԴ ներկայացված հայցը Հայաստանի դեմ բավարարվել է
Դանիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան դեռ այն ժամանակ, երբ որպես ընդդիմադիր գործիչ ոտնահարվել են նրա իրավունքները:
2017թ. փետրվարին Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել է կուսակցական գործունեությունից հրաժարվելու մասին: Եվ այդ հայտարարությունից մի քանի ամիս անց նշանակվել Դանիայի Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:
Նա ձերբակալվել է 2007 թվականի մայիսին՝ ապօրինի եկամուտներն օրինականացնելու կասկածանքով։ Դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել հանցանքի ծանրության և իրավապահներից թաքնվելու, արդարադատությանը խոչընդոտելու և կրկնահանցագործության վտանգի հիման վրա: Կալանքը պարբերաբար երկարաձգվել է նույն հիմքերով: Արզումանյանը ազատ է արձակվել 2007-ի սեպտեմբերին՝ պարտավորվելով չհեռանալ Հայաստանից:
Արզումանյանը հայցը ՄԻԵԴ ներկայացրել է 2007 թվականի դեկտեմբերին հետևյալ հիմքերով.
- դատարանը բավարար կերպով չի արդարացրել նրա կալանքի անհրաժեշտությունը,
- խախտվել են նրա ազատության և անձնական անձեռնմխելիության,
- նաև ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի այն կետի խախտում, որը երաշխավորում է. ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր անձ ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք:
Հայցվորը պահանջել էր 81.250 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, բայց ՄԻԵԴ վճռով նրան պետք է վճարվի 2,5 հազար եվրո. 2000 եվրոն՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, 500-ը՝ որպես ծախսերի փոխհատուցում:
Այժմ լինելով իշխանության կողմից նշանակված դեսպան, Ալեքսանդր Արզումանյանը ոչ միանշանակ իրավիճակում է հայտնվել, և պարզ չէ, արդյո՞ք վերցնելու է ՄԻԵԴ վճռով իրեն հասանելիք գումարը: