ՆԳՆ-ն փոխհատուցում կվճարի 2013թ-ի մայիսին տուժած անձանց
Վերաքննիչ դատարանը մայիսի 15-ին առանց փոփոխությունների է թողել Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը, որի համաձայն՝ ներքին գործերի նախարարությունը պետք է փոխհատուցում վճարի 2013թ-ի մայիսի 17-ին տուժած անձանց: Այդ մասին տեղեկատվություն է տարածել Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան:
Բարոյական վնասի փոխհատուցումն ընդհանուր առմամբ գնահատվել է 12 հազար 500 լարի: Այդ գումարը կբաշխվի այն անձանց միջև, որոնք 2013թ-ի մայիսի 17-ին մասնակցել են հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված ցույցին և տուժել են բախման արդյունքում:
Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչների խոսքով՝ Վերաքննիչ դատարանի որոշումը նշանակում է, որ 4 տարի առաջ ՆԳՆ-ն չի պաշտպանել իր քաղաքացիներին, իսկ պետության անտարբերությունն ու անգործությունը նման իրավիճակում իր քաղաքացիների հանդեպ հավասարազոր է բռնության խրախուսմանը:
Հիշեցնենք, որ 2013թ-ի մայիսի 17-ին մի քանի տասնյակ մարդ է միջամտել հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարին նվիրված ցույցին, և փորձել ուժով հաշվեհարդար տեսնել դրա մի քանի մասնակցի հանդեպ: Վերաքննիչ դատարանն այսօր վճռել է, որ ՆԳՆ աշխատակիցների գործողություններն այդ օրն անարդյունավետ են եղել, և գերատեսչությունը պարտավոր էր անհրաժեշտ համազգեստով ոստիկանների որոշակի թվաքանակ տրամադրել, օգտագործել իր բոլոր հնարավորությունները ցույցի մասնակիցների պաշտպանության համար: