Փաշինյանի հրաժարականը պահանջող զինվորականներից մեկը՝ Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ
ԶՈւ գլխավոր շտաբի պետ է նշանակվել
Շուրջ կես տարի թափուր լինելուց հետո համալրվել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը։ Վարչապետի առաջարկությամբ այդ պաշտոնում նշանակվել է գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։ Նա այն զինվորականներից մեկն է, որոնք 44-օրյա պատերազմից հետո հանդես էին եկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Օրենսդրական փոփոխության համաձայն՝ ԳՇ նոր պետը համարվում է նաև երկրի պաշտպանության նախարարի տեղակալը։ Նախարարին փոխարինելու իրավասություն, սակայն, չունի։
Մինչ այս, գլխավոր շտաբը ղեկավարում էր Արտակ Դավթյանը։ Փետրվարի 24-ին, սակայն, նա ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին Դավթյանը որպես մեղադրյալ է ներգրավված և անցնում է բանակին անպիտան հրթիռներ մատակարարելու քրեական գործով։
Դավթյանի պաշտոնավարումից առաջ գլխավոր շտաբի պետը Օնիկ Գասպարյանն էր։ Նա պաշտոնանկ արվեց այն բանից հետո, երբ 40 բարձրաստիճան զինվորականների հետ հայտարարություն ստորագրեց՝ պահանջելով վարչապետի հրաժարականը։ Փաշինյանն այս թեմային անդրադառնալիս տեղի ունեցածը բնորոշել է որպես «ռազմական հեղաշրջման փորձ»։
Նոր նշանակման և օրենսդրական փոփոխության մասին, իշխող ուժի տեսակետն ու ընդդիմության քննադատությունները
«Ճիշտ որոշումը կայացվա՞ծ է»․ օրենսդրական փաթեթի մասին
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Հայաստանի Սահմանադրությամբ զինվորական ամենաբարձր պաշտոնն է։ Էդվարդ Ասրյանն այդ պաշտոնում նշանակվել է 5 տարի ժամկետով: Գեներալ-մայորն անցած տարվա մայիսից զբաղեցնում էր պետի տեղակալի պաշտոնը։
Հունիսի սկզբին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նշանակմանն անդրադարձել էր Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա ասել էր, որ «ճիշտ որոշում կայացնելուց» բացի սպասում են նաև «Պաշտպանության մասին» օրենքի փոփոխությանը, որն արդեն ընդունվել է ԱԺ-ի կողմից՝ մեկ շաբաթ առաջ։
Իշխող ուժի հիմնավորմամբ՝ փոփոխության նպատակը բանակի ղեկավարման արդյունավետությունը բարձրացնելն է։
«Փաթեթը միտված է ՊՆ-ում, ԶՈՒ-ում կառավարումն ավելի արդյունավետ դարձնելուն, շատ էական է այստեղ ուղղաձիգ կառավարման գոյությունը, որը բերելու է նրան, որ մենք կարողանալու ենք առաջին ձեռքից ավելի մանրամասն քաջատեղյակ լինել մեր կողմից իրականացվող քաղաքացիական վերահսկողությանը»,- օրենսդրական փաթեթի մասին ասել է Սուրեն Պապիկյանը։
Պաշտոնական մեկնաբանությամբ՝ «Պաշտպանության մասին» և հարակից օրենքների փոփոխությամբ հստակեցվել է ՊՆ և Զինված ուժերի գլխավոր շտաբի, այդ թվում՝ նախարարի ու շտաբի պետի լիազորությունների շրջանակը:
Նախկինում գործող օրենքի համաձայն՝ ԶՈՒ-ի օպերատիվ, տեխնիկական և թիկունքային ապահովումն իրականացնում էր գլխավոր շտաբը։ Այժմ այդ ամենով զբաղվելու են նախարարության ստորաբաժանումները։ Գերատեսչությունն է կազմակերպելու նաև ԶՈՒ-ի կարիքների համար անհրաժեշտ գնումների գործընթացը։
«Զինված ուժերը նախարարին ենթարկեցնելու փորձ է»
Օրենսդրական փաթեթն Ազգային ժողովում ընդունվել էր միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ձայներով։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չէին մասնակցել ո՛չ նիստին, ո՛չ էլ քվեարկությանը։
Ընդդիմությունը քննադատել էր իշխող ուժի նախաձեռնությունն ու այն որակել որպես «Զինված ուժերը նախարարին ենթարկեցնելու փորձ»։ Պաշտպանության նախարարը հակադարձել էր՝ փորձ չէ, այլ հստակ քայլ։
«Զինված ուժերը պետք է ենթարկվեն պաշտպանության նախարարին և գերագույն հրամանատարին»,- հայտարարել էր Պապիկյանը։
Խորհրդարանական ընդդիմության համոզմամբ՝ այս փոփոխությամբ իշխանությունը քաղաքականացնում է զինվորական ամենաբարձր պաշտոնը։ Նման տեսակետներ են հայտնել պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ինչպես նաև «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Զուտ ներքաղաքական խնդիր են լուծում։ Իրենք կարծում են, թե դրանով խորը վերահսկողություն են ապահովելու զինվորականի նկատմամբ՝ կանխելու որևէ փուլում զինվորականների կողմից որևէ քաղաքական հայտարարություն կամ քաղաքական գործողության հնարավորություն»,- շեշտել էր Տիգրան Աբրահամյանը՝ հղում անելով Օնիկ Գասպարյանի նախադեպին։
Այստեղ ևս իշխանության և ընդդիմության կարծիքները համընկել էին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը չէր հերքել՝ նախադեպն աչքի առաջ ունենալով են փորձել կանխել նմանատիպ իրավիճակները։
«Այո՛, Գլխավոր շտաբի պետն իրավունք չուներ նման հայտարարություններ անել, խախտել է Սահմանադրական նորմերը՝ լինելով զինվորական, և հենց այս բացի պատճառով էլ այդպիսի իրավիճակներ կարող են առաջանալ։ Մինչև խնդիրը չի առաջանում, օրենսդրական բացերն այդքան տեսանելի չեն լինում», — հայտարարել էր Խաչատրյանը։
ԶՈւ գլխավոր շտաբի պետ է նշանակվել