Փաշինյանի տիկնոջ այցն Ուկրաինա․ ո՞ւմ հետ հանդիպեց և ի՞նչ ասաց
Փաշինյանի կնոջ այցն Ուկրաինա
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահի և նրա տիկնոջ հետ։ Այդ մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարներից։ Այլ մանրամասներ հայտնի չեն։
Հակոբյանը Կիև է մեկնել Ուկրաինայի առաջին տիկնոջ հրավերով՝ մասնակցելու «Առաջին տիկնանց և ամուսինների գագաթնաժողովին»։ Գագաթնաժողովի իր ելույթում նա խոսել է ինչպես պատերազմի արդյունքում զոհված ուկրաինացի երեխաների, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի երեխաների մասին, ովքեր «շրջափակման մեջ են, սոված ու հյուծված, ցեղասպանության վախը սրտում»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Երևանը մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա։ Հայկական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հենց վարչապետի տիկինն էր փոխանցելու այն։ Այդ մասին տեղեկություններ, սակայն, դեռ չեն հրապարակվել։
Աննա Հակոբյանի ելույթն ու հանդիպումները Կիևում
«Ջերմ և անմիջական»․ հանդիպումների մասին
Իր ֆեյսբուքյան էջում Հակոբյանը Զելենսկու և նրա տիկնոջ հետ հանդիպման վերաբերյալ տեղեկություններ չի հայտնել։
Նշել է միայն, որ «ջերմ և անմիջական» շփումներ է ունեցել «Չեխիայի, Էստոնիայի, Սերբիայի, Ուկրաինայի, Լիտվայի առաջին տիկինների, ինչպես նաև Դանիայի, Սլովենիայի եւ Սլովակիայի պարոնների հետ»։
Գրառմանը կից նա հրապարակել է լուսանկարներ գագաթնաժողովից և նշել, որ անդրադարձել է «խաղաղության, ապագա սերունդներին ավելի լավ աշխարհ ժառանգելու» հարցերին։
«Բարձրացրեցի Լաչինի միջանցքի բլոկադայի արդյունքում 30 հազար հայ երեխաների իրավունքների ոտնահարման և կյանքի անմարդկային պայմանների հարցը»,- գրել է նա։
«Ինձ մեղավոր եմ զգում»․ Ուկրաինայի և ԼՂ-ի երեխաների մասին
«Առաջին տիկնանց և ամուսինների գագաթնաժողովն» ամենամյա է, անցկացվում է երրորդ անգամ։ Աննա Հակոբյանի գրասենյակի հաղորդմամբ՝ ներկա են եղել ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներ, Լիտվայի, Սերբիայի, Դանիայի, Սլովակիայի, Չեխիայի, Սլովենիայի և Էստոնիայի առաջին տիկինները և ամուսինները, շուրջ 18 երկրի առաջին տիկիններ մասնակցել են հեռավար:
Պատվիրակությունների անդամները նախ այցելել են «Նահատակ մանուկներ» խորագրով ցուցահանդես, հարգանքի տուրք մատուցել պատերազմում զոհված ուկրաինացի երեխաների հիշատակին՝ ոգեկոչման վայրում թողնելով փափուկ խաղալիքներ։
Գագաթնաժողովի այս տարվա թեման հոգեկան առողջությունն էր։
«Ես շատ մեղավոր եմ ինձ զգում աշխարհի այն բոլոր երեխաների համար, ովքեր նահատակվել են տարբեր պատերազմներում, անկախ նրանից, թե որ երկրում են նրանք սպանվել, առանց ռասսայական, գույնի, կրոնական կամ սոցիալական ծագման խտրականության»,- նշել է Աննա Հակոբյանը։
Շեշտել է՝ նորմալ չէ 21-րդ դարում ունենալ «Նահատակ մանուկներ» ցուցահանդես, նորմալ չէ, երբ երեխաները սպիներ են ունենում ռմբակոծության հետևանքով։
Խոսելով ԼՂ-ում ստեղծված իրադրության մասին՝ հավելել է՝ «նորմալ չէ 21-րդ դարում ունենալ երեխաներ, որոնք շրջափակման մեջ են, սոված ու հյուծված, ցեղասպանության վախը սրտում»։
Հերթական անգամ ահազանգել է՝ Լեռնային Ղարաբաղի 120.000 խաղաղ բնակչության կյանքը շարունակական սպառնալիքի տակ է, շուրջ 2000 հղիներ զրկված են բուժզննության հնարավորությունից, 30.000 երեխաներ տառապում են թերսնուցումից ու սննդի պակասից։
«Ստիպված են ժամերով հերթ կանգնել մինիմալ քանակի սնունդ ստանալու համար։ Նրանք հաճախակի գրանցվող ուշագնացության դեպքերի ականատեսն են, ինչը ԼՂ-ի բնակիչների գերլարված հոգեկան վիճակի հետևանքն է»,- ասել է նա։
Ըստ նրա՝ Արցախի երեխաներն «արգելափակված են մի փոքրիկ հողակտորի մեջ՝ զրկված իրենց անօտարելի իրավունքներից, ինչպիսիք են սննդի, առողջության պահպանման և կրթության իրավունքները»։
Վարչապետի տիկնոջ խոսքով՝ պետք է գնահատել յուրաքանչյուր մարդկային կյանք և գտնել նոր ճանապարհներ ու գործիքներ՝ կասեցնելու համար պատերազմներն ու արժևորելու մարդկային կյանքերը։
«Ի վերջո, գլոբալ խաղաղությունը անկյունաքարային նախապայման է առաջընթացի համար, և միայն այսպես մենք կարող ենք ժառանգել ավելի լավ աշխարհ հետագա սերունդներին»,- նկատել է նա։
Ելույթի ավարտին Աննա Հակոբյանը ներկաներին հրավիրել է Երևան՝ մասնակցելու «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխարհային ցանցի հետ համատեղ իրականացվող գագաթնաժողովին, որն անցկացվելու է հոկտեմբերի 19-ին։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փաշինյանի կնոջ այցն Ուկրաինա