«Փաշինյանը քաղաքական գործիչ է, ոչ թե Մովսեսը, նրա խոսքերը պատվիրաններ չեն»․ քաղաքագետի կարծիք
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վերջին ասուլիսին, պատասխանելով Արցախի ճակատագրի մասին հարցին, մի շարք հայտարարություններ է արել, որոնք քննադատության են արժանացել հասարակության կողմից սոցցանցերում և փորձագիտական շրջանակներում։ Փաշինյանի հայտարարություններն ընկալվել են որպես Արցախի հարցում հնարավոր ցավոտ զիջումներին, մասնավորապես, խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասարակությանը նախապատրաստելու փորձ, որով այդ տարածքը ճանաչվելու է Ադրբեջանի կազմում։
Այն մասին, թե Փաշինյանի հայտարարություններն ինչ են նշանակում ու ինչ նպատակ են հետապնդում, Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքը։
- Փաշինյանի կառավարության առաջնահերթությունները․ «Պահպանվում է հաստատված խաղաղության օրակարգը»
- Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հայեցակարգ։ Ի՞նչն այն չէ
- Փաշինյանը ՄԻԵԴ-ում շահել է «ընդդեմ Հայաստանի» գործը․ «Ընդդիմադիր գործչի իրավունքները խախտվել են»
Փաշինյանի հայտարարությունները․
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի, բայց փաստաթուղթը ստորագրվելուց առաջ պետք է ձևակերպվի, դա բանակցությունների արդյունք է: Մենք կարծում ենք, որ այդ բանակցությունները պետք է տեղի ունենան, և Հայաստանը պատրաստ է դրանց։
ՀՀ խորհրդարանի կողմից 1992 թվականին վավերացված համաձայնագիր կա, որով արձանագրվում է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը, և նման համաձայնագիր վավերացրել է նաև Ադրբեջանը:
Դե յուրե Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս 1992-ից ճանաչել են միմյանց սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը՝ ԱՊՀ-ում սահմանների ու տարածքների շրջանակում։
1988 թ-ի էթնիկ համամասնության պահպանման մասին դրույթը ԼՂ կարգավիճակի մասին հանրաքվե անցկացնելու դեպքում դուրս է եկել ԵՀԱԿ Մինսկի խմբի ձևաչափում քննարկվող փասստաթղթերի ցանկից։ Կազանի հանդիպումից հետո բանակցային փաստաթղթերից հանվել է Մադրիդյան սկզբունքների դրույթը, որի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության տակ հասկացվում էին ԼՂԻՄ-ում բնակվող բոլոր ժողովուրդներն այն էթնիկ համամասնությամբ, որը եղել է 1988 թ-ին՝ հակամարտությունից առաջ, երբ հայկական բնակչությունը մեծամասնություն էր կազմում։ 2016 թ-ի օգոստոսին հայկական կողմը դիմել է միջնորդներին՝ այդ դրույթը վերականգնելու խնդրանքով։
Ադրբեջանից շատ հաճախ հնչում են հայտարարություններ, որոնք հայելային են այն հայտարարություններին, որոնք Հայաստանում հնչել են 1994 թվականից, այսինքն Արցախյան առաջին պատերազմից հետո։ Մասնավորապես, 1994 թ-ից հետո Հայաստանից և Արցախից հնչում էին հայտարարություններ, որ «Ղարաբաղի հարցը լուծված է», «Բաքուն հայկական քաղաք է»։ Հիմա Ադրբեջանը նույն բանն է անում։
Ալեքսանդր Իսկանդարյանի մեկնաբանությունը
Փաշինյանն արդարացնում է իր գործողությունները
«Փաշինյանը պատմաբան չէ, ինչպես նաև տեքստերի մասնագետ և սոցիոլոգ։ 1994 թ-ից հետո հայկական մամուլում հրապարակված տեղեկությունները հավաքելը, բովանդակային վերլուծություն անելը, հասկանալը, թե ինչ արտահայտություններ ու ինչ կերպ են այն ժամանակվա հայկական մամուլն ու պաշտոնատար անձինք օգտագործել, նրա գործը չէ։
Փաշինյանը քաղաքական գործիչ է, և այն, ինչ նա ասում է, քաղաքական համատեքստ ունի, մասնավորապես․ 2020 թ-ի պատերազմում պարտված Հայաստանը պետք է որևէ համաձայնագրի ստորագրման գնա, որը թելադրվում է նրա նվազած սուբյեկտայնությամբ։
Այս իրավիճակում Հայաստանի իշխանության գործողությունները պետք է ինչ-որ կերպ իրացնել նաև երկրի ներսում։ Արտաքին քաղաքականությունից զատ՝ կա նաև ներքին քաղաքականություն։
Ներկայիս իրավիճակում, կրկին, պատերազմում պարտվելու, այն շոկի հետևանքով, որում գտնվում է հայ հասարակությունը, բավականին մեծ դժգհության արդյունքում, որն առաջանում է հասարակությունում Ադրբեջանի և Թուրքիայի հետ փոխգործակցության առթիվ, պետք է ինչ-որ կերպ հիմնավորել այն, ինչ անում ես։ Համենայնդեպս, իշխանությունն այսպես է դա ընկալում։
Հասարակությանն ընդհանրապես ոչինչ չասելն ու պարզապես համաձայանգիր կնքելը հղի է ներքին հուզումներով, և սա ցույց է տալիս Հայաստանի նախորդ կառավարությունների փորձը։
Այդ մասին է վկայում նաև Հայաստանում առկա մշտական դիսկուրսը, որ ձեռք բերվող բոլոր համաձայնությունները, շփումները բանակցային գործընթացում փակ ռեժիմով են ընթանում։ Սակայն գործող իշխանությունը դեռևս իշխանության գալուց առաջ հայտարարում էր, որ ամեն ինչ լինելու է բաց և թափանցիկ։
Մարդիկ դա հիշում են, և դրա տակից պետք է ինչ-որ կերպ դուրս գալ, ինչն էլ Փաշինյանն անում է։
Իսկ Ալիևի այսօրվա հռետորաբանությունը համեմատել Արցախյան առաջին պատերազմից հետո հայկական ղեկավարության հռետորաբանության հետ կարելի է միայն այն դեպքոմ, եթե տեքստերի համեմատության մեծ աշխատանք ես արել և գիտես, թե ինչպես էր դա աշխատում այն ժամանակ և հիմա։ Եվ ինձ չի թվում, թե Լևոն Տեր-Պետրոսյանի [Հայաստանի առաջին նախագահ 1991-1998թթ.], ասենք, 1995 թ-ի հռետորաբանությունը նույնն էր, ինչ Ալիևի 2021 թ-ի հռետորաբանությունը։
Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և ինչ խոսակցություններ ասես, որ չեն եղել, բայց ես չեմ հիշում, որ երկրի ղեկավարության մակարդակով ասված լինի, թե «Բաքուն մերն է»։
Ամեն դեպքում, դա հատուկ հետազոտություն է պահանջում։ Իսկ Փաշինյանի քաղաքական հռետորաբանությունը լիովին հասկանալի է․ քաղաքական գործիչը պետք է բացատրի, որ այն, ինչ անում է, ճիշտ է անում»։
Հռետորաբանություն՝ քաղաքական նկատառումներով
«Քաղաքական գործիչն ընդհանրապես Մովսես մարգարեն չէ, այն, ինչ նա ասում է, վերջին ատյանի ճշմարտություն չէ և պատվիրան չէ։ Նա օգտագործում է հստակ հռետորաբանություն քաղաքական նպատակով։ Այդպես են անում և՛ Փաշինյանը, և՛ Ալիևը։
Մինսկի գործընթացը գոյություն ունի 1992 թ-ից [խաղաղ բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում]։ Այդ գործընթացի նպատակն Արցախի կարգավիճակը որոշելն ու Ղարաբաղյան խնդիրը լուծելն է։ Իսկ թե լավ է այն ընթացել, թե վատ, այլ հարց է։ Ինչո՞ւ Մինսկի գործընթաց։ Որովհետև Մինսկում պետք է համաժողով ստեղծվեր, որի շրջանակում պետք է լուծվեր Ղարաբաղյան հակամարտությունը, հստակեցվեր Արցախի կարգավիճակը։
Եթե Հայաստանն այն ժամանակ ճանաչեր ԼՂՀ անկախությունն, այդ բանակցություններն անհնար կլինեին։ Եվ ինչի՞ շուրջ արդեն պետք է բանակցեին։
Բանակցությունների, ողջ Մինսկի գործընթացի իմաստն Արցախի կարգավիճակի հստակեցումն էր։
Այդ պատճառով էլ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության չճանաչումն ընկալվում էր որպես հայկական կողմի զիջում։ Մինսկի գործընթացի հիմքում այն էր, որ Արցախի կարգավիճակի որոշումն այդ գործընթացի արդյունք է լինելու, այլ ոչ թե նախապայման։ Գործընթացը գնացել է, և իրավաբանորեն այն կա մինչ օրս։
Մինսկի խումբը «սպասման ռեժիմի» մեջ է, բայց այն կա, և այն առաջարկները, որոնք ՄԽ-ում քննարկվում էին, Արցախի կարգավիճակի մասին էին»։
Ադրբեջանի ամբողջականությունը ճանաչելու անհրաժեշտություն Հայաստանը չունի
«ԱՊՀ-ին անդամակցելիս Հայաստանին պետք չէր ճանաչել որևէ մեկի տարածքային ամբողջականությունը։ Հայաստանի Հանրապետությունն ԱՊՀ կազմ էր մտնում Հայկական ԽՍՀ սահմաններով, իսկ Ղարաբաղյան խնդիրը Հայաստանի Հանրապետության տարածքում չէր։
Դա քաղաքական հռետորաբանություն է, սեփական դիրքորոշումն ինչ-որ կերպ հիմնավորելու միջոց։
Խոսքն այն դիրքորոշման մասին է, որն այսօրվա էլիտան ուզում է զարգացնել պատերազմում պարտվելուց հետո, ընդ որում՝ փորձում է այդ դիրքորոշումը ներկայացնել ոչ միայն Ադրբեջանին, Թուրքիային կամ Ռուսաստանին, այլ նաև հայկական ներքաղաքական շուկայում։
Այժմ փորձ է արվում ինչ-որ կերպ առաջ տանել Ադրբեջանի և Թուրքայի հետ շփման գործընթացը։ Ադրբեջանն ու Թուրքիան այդ գործընթացը լիովին կապում են Ղարաբաղյան հարցի հետ»։
Հարավային Կովկասում քվեարկությունը միշտ կանխատեսելի է
«Մադրիդի և Կազանի առաջարկներում [փաստաթղթեր, որոնք քննարկվել են բանակցությունների սեղանի շուրջ] ասված է, որ հանրաքվեն պետք է անցկացվի բոլոր ազգությունների մասնակցությամբ, որոնք 1988 թ-ի դրությամբ բնակվում էին ԼՂԻՄ տարածքում այն էթնիկ համամասնությամբ, որը կար այդ ժամանակ։ Ինչո՞ւ է դա այդպես։ Որովհետև Հարավային Կովկասի դեպքում հանրաքվեի արդյունքները միշտ նախապես հայտնի են։ Քվեարկությունը միշտ «էթնիկացված» է։ Մարդիկ քվեարկում են՝ ըստ իրենց ազգային պատկանելության։
Պատկերացնել արցախահայերի զգալի թիվ, որոնք կքվեարկեն Ադրբեջանի կազմ մտնելու օգտին, կամ հակառակը՝ ադրբեջանցիների որևէ թվաքանակ, որոնք կքվեարկեն անկախ Արցախում ապրելու օգտին, բարդ է։ Բայց աշխարհում միշտ չէ այդպես։
Օրինակ՝ Քվեբեկում ֆրանս-կանադական համայնքի ներկայացուցիչները դեմ են քվեարկել Քվեբեկի անկախությանը։ Այնտեղ, որտեղ իրական իրավաբանական մեխանիզմ կա, հնարավոր է ինքնորոշվել առանց ջարդի, սպանդի և էթնիկ զտումների։
Հարավային Կովկասում, եթե գիտես էթնիկ համամասնությունը, նախօրոք գիտես նաև քվեարկության արդյունքները։
Այդ պատճառով էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագծի խնդիրն այն չէր, որ տեսնի, թե ինչ արդյունք է տալու հանրաքվեն, որովհետև պարզ էր, թե ինչ է լինելու։ Խնդիրն այն էր, որ հանրաքվեն անցկացվի համապատասխան էթնիկական համամասնությամբ։ Եվ այդ էթնիկական համամասնությունը հայերի օգտին էր 1988 թ-ի դրությամբ։
Այդ պատճառով էլ հանրաքվեն գործիք է, և դա լավ էին հասկանում և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը։ Այդ պատճառով էլ այդ հարցով անհամաձայնություն կար։ Ադրբեջանը հասկանում էր, որ այն պահին, երբ համաձայնություն տրվի, մնացած ամեն ինչ հանրաքվեի՝ տեխնիկական միջոցով կյանքի կկոչվի»։
Դրույթներն անհետանում են և կրկին հայտնվում
«Ողջ բանակցային գործընթացի ժամանակ ինչ-որ դրույթներ ինչ-որ պահի անհետանում և կրկին հայտնվում են։ Հենց այդ պատճառով այս պրոֆեսիոնալ ոլորտները ենթակա չեն հանրային քննարկումների։ Այդ պատճառով էլ դրանցով զբաղվում են դիվանագետները, այլ ոչ թե փողոցից մարդիկ։ Այդ պատճառով էլ այս տեսակ համաձայնագրերը չեն կարող ձևավորվել հանրային կերպով։
Ղարաբաղյան հակամարտությունը բարդ, բազմաշերտ համալիր խնդիր է, որը կաղամբի է նման՝ իրավաբանական, աշխարհագրական, պատմական, տնտեսական շերտերով, լոբբինգի տեսակներով։ Այն պահանջում է պրոֆեսիոնալ գիտելիքներ և հազարավոր և տասնյակ հազարավոր էջերի վրա ամրագրված պրոֆեսիոնալ մոտեցումներ։
Գոյություն ունի գործընթացի պատմություն։ Դա բավականին բարդ համալիր է, որի հետ աշխատելը բավականին դժվար է։ Մարդիկ տարիներով աշխատել են, գործընթացը որոշակի ավանդույթ ունի, մշակված մեխանիզմներ։ Պատերազմն այդ մեխանիզմները խախտեց։
Իսկ քաղաքական գործչի խնդիրն այդ բարդ իրականությունը կարգախոսի, պարզ արտահայտության վերածելն է, որը գիտության մեջ կոչվում է փրովայդերություն։ Պետք է վերցնես բավականին բարդ տեքստ, անգամ հսկայական համատեքստ և այնպիսի ձևակերպում տաս, որ հրապարակի մարդիկ ասեն․ «Այո, նա իրավացի է»։ Քո առջև նախապես խնդիր է դրված, և նպատակդ բնավ ճշմարտությունը պարզելը չէ։ Դու պատմաբան չես, այլ քաղաքական գործիչ։
Դրույթներն անհետանում են, հետո կրկին հայտնվում, հետո ուրիշ դրույթներ են հայտնվում։ Այդպես [Ղարաբաղյան հակամարտության կարգավորման] սկզբից եղավ փաթեթային պլանը, հետո՝ փուլայինը, հետո միացումը, անկախ հանրապետությունը և այլն։ Քաղաքական գործիչը վերցնում է մի դրվագ և սկսում մանիպուլյացիա անել։ Դա է նրա գործը»։
Արդյո՞ք ԼՂ-ն կլինի փաստաթղթի ստորագրումից հետո
«Արցախի հարցը լինելու է, անգամ եթե վաղը Փաշինյանն ինչ-որ փաստաթուղթ ստորագրի։ Խնդիրը չի անհետանալու։ Սակայն, միաժամանակ, ես չգիտեմ, թե ինչ է նա ստորագրելու և ստորագրելու է արդյոք։
Ղարաբաղյան հակամարտությունը յուրաքանչյուր փուլում իր յուրօրինակ դժվարություններն ունի։ Ադրբեջանի նպատակն ակնհայտ է։ Միջանցքից [Հայաստանի տարածքով Ադրբեջանը դրա էքսկլավ Նախիջևանին միացնող ճանապարհ] և սահմանազատումից զատ Ադրբեջանն ուզում է ինչ-որ փաստաթուղթ ստանալ, որն այդ երկրի ներսում կարելի է ներկայացնել որպես Լեռնային Ղարաբաղի հետ միասին Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում Հայաստանի կողմից։
Հենց սա է Հայաստանի վրա տարբեր՝ դիսկուրսային, դիվանագիտական և ռազմական ձևաչափերով ճնշում գործադրելու պատճառը։
Պատկերացումը, թե այդպիսի փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանի վրա ճնշումը կդադարի, սխալ է։
Այն պատկերացումը, թե քիչ ռեսուրսների դեպքում, երբ քեզնից ինչ-որ բան են խլում, և դու տալիս ես, և քեզ վրա էլ չեն հարձակվելու, սխալ է։ Դու ավելի անվտանգ դիրքեր ունես, եթե ունես ավելի շատ ռեսուրս, այլ ոչ թե քիչ, երբ դու ուժեղ ես, այլ ոչ թե թույլ։
Սահմանդ անցնում է Արաքսի ափով, թե Կապանով՝ շատ տարբեր բաներ են։ Ունենալ բանակ, որը համարվում է տարածաշրջանի ամենաուժեղ բանակն, ու ունենալ բանակ, որը հարևաններից ոչ ոք բանակ չի համարում, նույնպես տարբեր բաներ են։ Ունենալ սահման, որտեղ ինչ-որ կերպ կարող ես դիմադրություն ցուցաբերել, և ունենալ սահման, որով անցնում են զինված մարդիկ, և նրանց դիմավորում է հովիվը, համայնքապետը կամ պատահական անցորդը, տարբեր բաներ են։
Ոչ, չեմ կարծում, որ ճնշումը կավարտվի այն պահին, երբ Ադրբեջանը ստանա այն, ինչ ուզում է հիմա։
Կա նվազագույն և առավելագույն ծրագիր, իսկ կան միջանկյալ ծրագրեր։
Դեռևս բարդ է ասել, թե ինչ է Փաշինյանը ստորագրելու, եթե ստորագրելու է։ Որովհետև փաստաթուղթը, որն Ադրբեջանը կարող է իր երկրի ներսում ներկայացնել որպես Արցախի հետ միասին իր տարածքային ամբողջականության ճանաչում Հայաստանի կողմից, և փաստաթուղթը, որով Հայաստանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, նույնպես տարբեր բաներ են։
Մենք ճանաչում ենք, չէ՞, Ռուսաստանի Դաշնությունը։ Բայց արդյո՞ք մենք ճանաչում ենք Ղրիմը դրա կազմում։ Աստված գիտի։ Ճապոնիան ճանաչում է ՌԴ-ն, նրանք դիվանագիտական հարաբերություններ ունեն։ Բայց արդյո՞ք Ճապոնիան ճանաչում է Կուրիլյան կղզիները Ռուսաստանի կազմում։ Աշխարհում բազմաթիվ այսպիսի օրինակներ կան»։