Տուգանք կամ ազատազրկում՝ արտակարգ դրության ժամանակ կարանտինի խախտման համար․ Հայաստանի խորհրդարանը շտապ որոշում էր, թե ինչ անել խախտողների հետ
Հայաստանում կոշտ միջոցներ են ձեռնարկվում արտակարգ դրության ռեժիմի խախտման համար, որը երկրում հաստատվել է մարտի 16–ին կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով։
Ազգային ժողովի պատգամավորները մարտի 20–ի երեկոյան շտապ հավաքվել էին արտահերթ նիստի։ Կառավարությունը պնդել էր երկու օրինագծերի անհապաղ քննարկումը՝ Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։
Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը պարզաբանել է, թե ինչում շտապողության իմաստը․ արտակարգ դրությունը նախատեսում է քաղաքացիների իրավունքների սահմանափակում, սակայն օրենսդրությունն այն խախտելու համար պատիժ չի սահմանում։
Արդյունքում՝ 102 պատգամավոր առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեցին մշակված օրինագծերը։ Վերջնական, երկրորդ ընթերցումը նախատեսված է երկուշաբթի՝ մարտի 23–ի առավոտյան։
Լրամշակումները վերաբերում են կիրառված բոլոր սահմանափակումների խախտումներին։ Մասնավորապես, մեկուսացման և ինքնամեկուսացման պահանջների խախտման համար նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 300-500-պատիկի չափով։ Նման ակտերում հաշվարկային հիմք է հանդիասնում 1000 դրամը:
Այդ նույն խախտման համար պատիժը շատ ավելի խիստ կլինի, եթե այն անզգուշությամբ հանգեցնի մի խումբ մարդկանց վարակման։ Այդ դեպքում, ըստ Քրեական օրենսգրքում կատարվող փոփոխությունների, նախատեսվում է մինչև 3–ամսյա կալանք կամ մինչև 5 տարվա ազատազրկում՝ կախված նրանից, թե քանի մարդ կտուժի։
Պատգամավորները երկար քննարկում էին նաև սահմանափակումը, որը վերաբերում է լրատվամիջոցներում և սոցցանցերում կատարվող հրապարակումներին։ Արտակարգ դրության հաստատումից հետո կարելի է հրապարակել միայն պաշտոնական տեղեկություններ հիվանդների, նրանց թվի և ընդհանուր առմամբ իրավիճակի մասին։ Ինչպես նշում են կառավարությունում, դա անհրաժեշտ է՝ հիվանդների նկատմամբ ագրեսիայից խուսափելու, ինչպես նաև բնակչության շրջանում խուճապ չսերմանելու համար։
Որոշ պատգամավորներ համաձայն են մեդիահանրության ներկայացուցիչների հետ այն հարցում, որ հստակ սահմանում չկա, թե որ հաղորդագրություններն են խուճապ տարածում, որոնք՝ ոչ։ Սակայն պատժամիջոց արդեն կա։ Արտակարգ դրության այս պահանջի խախտման համար նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 30-500-պատիկի չափով։