Գյումրին մերժե՞ց Փաշինյանին․ ավագանու ընտրությունների արդյունքները
ՏԻՄ արտահերթ ընտրություններ Գյումրիում 2025
Մարտի 30-ին ավագանու արտահերթ ընտրություններ են կայացել Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ՝ իշխող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների ամենամեծ՝ 36,8 տոկոսը։ Իր թեկնածուի՝ քաղաքապետ ընտրվելու համար, սակայն, կուսակցությունը պետք է հավաքեր ձայների 50 տոկոսից ավելին։
«ՀՀ քաղաքացին ազատորեն ընտրություն կատարելու հնարավորություն ունի։ Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու շնորհավորել գյումրեցիների վստահությանը արժանացած, ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին և թեկնածուներին։
Քաղաքացիներն ակտիվորեն քննարկում են նախօրեին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։ Իշխող ուժի հաղթանակ չգրանցելը «խորհրդանշական» են համարում և գրում սոցցանցերում՝ «Գյումրին մերժեց Փաշինյանին»։ 7 տարի առաջ հենց մարտի 31-ին էր ներկայիս վարչապետը Գյումրիից քայլերթ սկսել՝ ազդարարելով հեղափոխության մեկնարկը: Դրա կարգախոսն էր․ «Քայլ արա, մերժիր Սերժին»։
Փորձագիտական շրջանակներն առաջարկում են վերլուծել և հասկանալ՝ որոնք են նման ընտրության պատճառները։ Ըստ նրանց՝ դրանց շարքում են նաև ձախողված բարեփոխումները։ Կարծում են՝ Գյումրիում կայացած ընտրություններն առիթ կդառնան, որ Փաշինյանը «զտումներ» իրականացնի «Քաղաքացիական պայմանագրում»։ Նաև հիշատակում եմ Գյումրիում ՌԴ ռազմաբազայի ու ռուսական ազդեցության հանգամանքը։
Նույն օրը ավագանու արտահերթ ընտրություններ են կայացել նաև Արմավիրի մարզի Փարաքար համայնքում։ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների համաձայն՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 3669 ձայն։ Առաջատարն է «Միասնություն» դաշինքը՝ 6508 ձայնով։ Մյուս ուժերն անհամեմատ ավելի քիչ ձայներ են ստացել։ Մասնավորապես՝ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 900 ձայն, «Կայունություն» կուսակցությունը՝ 426 ձայն։

- «Հայերի հանդեպ թշնամանքն Ալիևի ռեժիմի ցեմենտն է»․ կարծիքներ Երևանից
- «Ոտքի տակ կտամ ձեզ, ոչ թե կբանավիճեմ»․ Փաշինյանի ելույթն ու ընդդիմության արձագանքը
- «Մոսկվային չի հաջողվի տաքուկ տեղավորվել Երևանի և Բաքվի արանքում»․ Ռուբիո-Փաշինյան զրույցը
Ի՞նչ է հաղորդել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը
Հանձնաժողովը դեռևս ամփոփել է ընտրությունների արդյունքները 82 ընտրական տեղամասերից 81-ում։ ԿԸՀ փոխանցմամբ՝ 81 ընտրական տեղամասերում քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող 109․493 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 46․680-ը։
ՀՀ ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ Գյումրիում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111․236 է։
Քվեարկության արդյունքներով առաջատարը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որը հավաքել է 16 հազար 938 ձայն (ձայների 36,80 տոկոսը):
Հաջորդիվ ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝
- Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 9537 ձայն (ձայների 20.71 տոկոսը),
- «Մեր քաղաք»-ը դաշինք` 7296 ձայն (15.85 տոկոսը),
- «Իմ հզոր համայնք» կուսակցություն` 3659 ձայն (7.94 տոկոսը)
- «Մայր Հայաստան» դաշինք՝ 2844 ձայն (6.18 տոկոսը),
- «Եվրադաշինք»` 2071 ձայն (4.50 տոկոսը),
- «Ապրելու երկիր» կուսակցություն՝ 1658 ձայն (3.60 տոկոսը),
- «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն՝ 1387 ձայն (3.01 տոկոսը),
- «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն՝ 642 ձայն (1.39 տոկոսը)։
Նախնական արդյունքների համաձայն՝ անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Մեր քաղաքը» դաշինքը, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը և «Մայր Հայաստան» դաշինքը։
Ընտրական օրենսգրքով սահմանված է, որ ՏԻՄ համամասնական ընտրություններում կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոսն է, իսկ կուսակցությունների դաշինքների համար՝ 6 տոկոսը։
«Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու»․ իշխող ուժի թեկնածու
«Քաղաքացիական պայմանագրի»՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել գյումրեցիներին քվեի, վստահության և պատվախնդրության համար:
Շեշտել է՝ իշխող թիմի համար մարդը բարձրագույն արժեք է և հավելել․
«Մեր սկզբունքներում տեղ չունեն սպառնալիքը, պարտադրանքը, խաբեությունը, ցինիզմն ու սուտը։ Պարտավորված ենք ձեր վստահության համար, որն ի ցույց եք դրել ապահովելով կրկնակի քվեներ` ի համեմատություն շեմը հաղթահարած 2-րդ ուժի: Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին: Շարունակելու ենք Գյումրու զարգացման և շենացման մեր բոլոր ծրագրերը»:
Կա՞ կոալիցիա կազմելու հեռանկար
Ավագանու ընտրությունների արդյունքների համաձայն՝ անցողիկ շեմը հաղթահարած 5 ուժերից 4-ն ընդդիմադիր են։ Դեռևս նախընտրական քարոզարշավի ընթացքում են նրանց ղեկավարները հայտարարել՝ չեն պատրաստվում կոալիցիա կազմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։
Դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք 4 ընդդիմադիր ուժերը կմիավորվեն և Գյումրին կունենա ընդդիմադիր քաղաքապետ։
«Առանց պաշտոնի հավակնելու կսատարենք ամենաշատ ձայները ստացած ընդդիմադիր ուժին»
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը և «Մեր հզոր համայնք» կուսակցության համայնքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը հայտարարել են ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր թեկնածուին սատարելու պատրաստակամության մասին։ Անդրանիկ Թևանյանի խոսքով՝ ընդդիմադիր դաշտը պետք է համախմբվի և այնպես անի, որ իշխող ուժը չկարողանա Գյումրիում համայնքի ղեկավար ընտրել։ Դրա համար ընդդիմադիրները պետք է կոալիցիա չկազմեն «Քաղաքացիական պայմանագրի» հետ։
Թևանյանը հայտարարել է նաև՝ «առանց որևէ պաշտոն ուզելու, կոալիցիոն բանակցությունների կամ աթոռակռվի» սատարելու են ավելի շատ ձայներ ստացած ընդդիմադիր քաղաքական ուժին։
«Իմ հզոր համայնք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը նույնպես նշել է, որ պատրաստ է առանց նախապայմանների, առանց որևէ պաշտոնի հավակնելու «քվեարկել [ձայները փոխանցել] Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օգտին»։
Գյումրիում համայնքի ղեկավար ընտրելու համար ընդդիմությանն անհրաժեշտ են լինելու նաև «Մեր քաղաքը» դաշինքի մանդատները։ Դաշինքի ղեկավար Մարտուն Գրիգորյանը դեռևս մեկնաբանությամբ հանդես չի եկել։
«Ես չեմ ասել, որ չեմ համագործակցելու ոչ մեկի հետ։ Ես կոալիցիա կազմելու հետ կապված եմ ասել, որ կողմ չեմ։ Իսկ համագործակցությանը միանշանակ կողմ եմ: Բա որ 50+ չկարողացանք հավաքել, ո՞նց ենք քաղաքապետի պաշտոնը վերցնելու… Կարծում եմ, որ մենք այդ հարցի շուրջ համաձայնության կգանք»,— ավելի վաղ լրագրողների հետ զրույցում նկատել էր Գրիգորյանը։
ՄԻՊ-ն ու Ոստիկանությունը՝ արձանագրված խնդիրների մասին
Գյումրի և Փարաքար համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ուսումնասիրվել է ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում զետեղված ավելի քան 300 հրապարակում խախտումների վերաբերյալ։ ՄիՊ գրասենյակի փոխանցմամբ՝ դրանք առնչվել են՝
- ընտրողների ուղղորդումների,
- տեղամասերում կողմնակի անձանց ներկայության, կուտակումների,
- քվեարկության գաղտնիությունը խախտելու,
- ընտրատեղամասերի կահավորման վիճակի,
- տեղամասային կենտրոններում ընտրողների ցուցակների` տեսանելի տեղում փակցված չլինելու հետ կապված և այլ խնդիրների։
«Ընտրական գործընթացների ընթացքում արձանագրվել է ատելության, խտրական խոսքի ու հասարակության բևեռացման բարձր մակարդակ, ինչն անթույլատրելի է»,- ասվում է ՄԻՊ հաղորդագրության մեջ։
ՄԻՊ աշխատակազմից հայտնել են, որ արձանագրված խնդիրները կհասցեագրվեն պետական իրավասու մարմիններին:
Ոստիկանության փոխանցմամբ՝ ստուգման փուլում է գտնվում 14 հաղորդում։ Հաղորդագրության համաձայն՝ մարտի 30-ի՝ ժամը 20:00-ի դրությամբ նախաքննական մարմին է ուղարկել Գյումրիի և Փարաքարի ընտրություններին առնչվող ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում։
«Հաղորդումներից մեկը վերաբերում է քարոզչություն կատարելուն կամ կատարելուց հրաժարվելուն հարկադրելու, կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելուն, մեկը՝ խուլիգանության ու ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելուն, երկուսը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, ևս երկուսը՝ ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելուն»,- մանրամասնել են կառույցից։
Մեկնաբանություններ
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը գրում է․
«Շատ հեշտ է մեղադրել գյումրեցիներին, թե ինչո՞ւ են ձայն տալիս սխալ մարդկանց։ Եթե մեղադրում եք, քաղաքականությունից դուրս եկեք։
Քաղաքականության մեջ ժողովուրդը միշտ ճիշտ է, դուք եք/մենք ենք սխալ, քիչ ենք արել, վատ ենք բացատրել, օրինակ չենք ծառայել, համոզիչ չենք եղել։ Գուցե այլ պատճառներ ևս։
Իսկ նատաշկաներին, բոշեքին, ռուսական բազայի դռան պոլի շորերին, մազութ-համոներին տված ձայներն արդյունք են՝
- ձախողված ռեֆորմների,
- կրիմինալը և 20-ամյա կրիմինալ բռնապետության,
- քաղաքական ֆասադը ներկայացնող կոլաբորացիոնիստ կուսակցություններին ընտրական և քաղաքական պրոցեսում լեգալացման,
- ռուսական հինգերորդ շարասյան չեզոքացմանն ուղղված օրենսդրական և իրավակիրառական զրոյական աշխատանքի,
- ռազմավարական հաղորդակցության ոլորտի բացակայության,
- երկիրը կիսատ որոշումների գերի դարձնելու,
- կիսատ որոշումները «բալանսավորված» կոչելու։
Բարով «վայելեք», հարգելի ռեֆորմատորներ։ Բարի ախորժակ»։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նկատում է․
«Առկա կոնֆիգուրացիայով ՔՊ-ն չի կարողանում Գյումրիում միանձնյա ձևավորել քաղաքային իշխանություն և ընտրել քաղաքապետ: Մյուս ուժերը հայտարարել են, որ ոչ մի դեպքում կոալիցիա չեն կազմի ՔՊ հետ: Հարցը, իհարկե, այն է, թե կկազմե՞ն կոալիցիա միմյանց հետ, որպեսզի ընտրեն քաղաքապետ: Գյումրիում քաղաքական բուն ինտրիգը նոր է թերևս միայն ծավալվում, թե տեղում, թե նաև համապետական «պրոյեկցիայի» իմաստով:
Բոլոր դեպքերում, այն, որ Նիկոլ Փաշինյանը չգնաց թեկնածուի ամփոփիչ հանրահավաքին, վկայեց, որ հաջողության սպասումը գրեթե զրոյական է։ Փաշինյանը փորձեց որքան կարող է հեռու մնալ անհաջողությունից:
Ըստ ամենայնի, Գյումրու ընտրությունը նրա համար կլինի թե պատճառ, թե գուցե ավելի շատ առիթ՝ «զտումներ» սկսել ՔՊ ներսում:
Այդ ուղղությամբ աշխատանքը Փաշինյանը սկսել է շատ ավելի վաղ, այսինքն՝ 2026 թվականի [խորհրդարանական ընտրությունների] համար նոր թիմ ու նկարագիր ձևավորելու պրոցես: Բայց դա նրա համար շատ բարդ ու բազմաշերտ է, որովհետև ցանկացած համակարգում ձևավորվում է նաև այդօրինակ միտումների ներքին դիմադրություն, որը հաղթահարելու համար ինքնին ավտորիտարիզմը զուտ բավարար չէ: Այդ իմաստով, Գյումրին, ըստ ամենայնի, կծառայի որպես առիթ»։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը կանխատեսում է․
«Ի վերջո ի՞նչ է մեզ սպասվում։ Տարբերակները երեքն են։
Ամենահավանականն այն է, որ իշխանության թեկնածուին կհաջողվի թույլ չտալ ընդդիմադիր հատվածի միավորում (ինչպես եղավ Երևանում)։ Եվ նա կընտրվի քաղաքապետ՝ կարևոր չէ, թե ում ձայների հաշվին։
Երկրորդ հնարավոր տարբերակն այն է, որ ընդդիմադիրներն, այնուամենայնիվ, կմիանան և Վարդան Ղուկասյանը կընտրվի քաղաքապետ։
Եվ կա նաև երրորդ տարբերակը՝ Մարտուն Գրիգորյանը որևէ մեկի հետ չի միավորվի և նրա թիմը որևէ մեկի օգտին չի քվեարկի։ Հետևաբար՝ քաղաքապետ չի ընտրվի և կնշանակվեն նոր ընտրություններ։ Հետաքրքիր զարգացումներ են սպասվում։ Ամեն ինչ դեռ նոր է սկսվում»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՏԻՄ արտահերթ ընտրություններ Գյումրիում 2025