Ինչպես են ապրում ՄԻԱՎ-վարակակիրները Վրաստանում
2020 թվականին Վրաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 496 նոր դեպք: Սա նշանակում է, որ ընդհանուր առմամբ 5379 մարդ (այդ թվում 600-ը՝ Աբխազիայում) պաշտոնապես ՄԻԱՎ վարակակիր են:
Այսօր ամբողջ աշխարհում նշվում է ՄԻԱՎ-ի դեմ պայքայի օրը: Վրաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակվելու առաջին դեպքը գրանցվել է 1989թ.: Դրանից հետո շատ բան է փոխվել: Ի հայտ են եկել բուժման նոր մեթոդներ և դեղամիջոցներ, որոնց միջոցով ՄԻԱՎ-ը վերածվել է խրոնիկ, կառավարվող հիվանդության: Սակայն հասարակության մեջ ՄԻԱՎ-վարակակիրների նկատմամբ վերաբերմունքում շատ բան չի փոխվել: Խարանը և խտրականությունը նրանց նկատմամբ շարունակում է մնալ անհաղթահարելի խնդիր:
ՄԻԱՎ-ը նախկինի պես շարունակվում է ասոցացվել մահվան հետ, շատերը մինչ օրս չգիտեն՝ ինչպես է փոխանցվում վարակը, և խուսափում են վարակակիրների հետ շփումից: JAMnews-ը խոսել է մարդկանց հետ, որոնք արդեն տարիներ շարունակ ապրում են ՄԻԱՎ ախտորոշմամբ, ինչպես նաև նրանց հետ, ովքեր անմիջականորեն շփվում են վարակակիրների հետ:
- Дискриминация людей с ВИЧ и СПИД в Армении – именно врачами
- О наркополитике — может ли быть полезен пример Португалии?
- Կյանքն՝ ատելությամբ շրջապատված։ ԼԳՏԲ համայնքն ու նրանց ծնողները Վրաստանում
Թամունա, 34 տարեկան
Թամունան, որն այսօր օգնում է այլ վարակակիրների, ինքը վարակվել է 9 տարի առաջ, բանտում: Մինչ օրս չգիտի՝ ինչ հանգամանքներում. ենթադրում է, որ կամ կույրաղիքի վիրահատության ժամանակ, կամ ատամնաբույժի մոտ: Դրանից հետո նրա կյանքը փոխվել է:
«Այն բանից հետո, երբ ես բացահայտ ասացի, որ ՄԻԱՎ-վարակակիր եմ, կանանց բանտի 1800 դատապարտյալներից ինձ հետ սկսեցին շփվել եզակի մարդիկ: Ես տեսա՝ ինչպես են ինձնից հեռանում մոտ ընկերներս, ինչպես էի նրանց համար դառնում օտար: Ես ինձ ավելորդ էի զգում, քանի որ տեսնում էի, որ մարդիկ խուսափում են ինձ հետ հարաբերություններից»,- պատմում է Թամունան:
Նա ասում է, որ իր ախտորոշումն անգամ մերձավորները դժվարությամբ են կարողացել ընդունել. «Դուք գիտեք, Վրաստանում կարծրատիպ կա, որ ՁԻԱՀ-ով մարդը կամ թմրամոլ է, կամ սեքս-ինդուստրիայի աշխատակից»:
Թամունան ասում է, որ խտրականության է բախվել ոչ միայն դատապարտյալների կողմից, այլև՝ բժիշկների: Ազատ արձակվելուց հետո նա չի կարողացել աշխատանք գտնել: Ասում է՝ քանի որ առողջության մասին ոչինչ չէր թաքցնում, իր առջև փակվում էին աշխատանքի բոլոր դռները:
Դժվարությունները հաղթահարելու հարցում Թամունային օգնում է արթ-թերապիայի կուրսը. «Ես կարում եմ, նկարում, դեկորատիվ բարձեր եմ պատրաստում, և դա ինձ շատ է օգնում: Ես բուժվում եմ, դեղամիջոցներ եմ ընդունում և գիտեմ, որ դրանք պետք է ընդունեմ մինչև կյանքիս վերջ: Իմ արյան մեջ այժմ վարակ չկա, ես ապրում եմ այնպես, ինչպես մնացածները: Պարզապես, մշտապես վերահսկում եմ իմ առողջությունը և հաճախ անալիզներ հանձնում»:
«Ես չեմ թաքցնում իմ կարգավիճակը: Ցանկանում եմ բոլորի համար օրինակ լինել և ասել բոլոր ՄԻԱՎ-վարակակիր կանանց, որ նրանք կարող են ունենալ առողջ երեխաներ և չպետք է հրաժարվեն այդ երջանկությունից: Ես երեք երեխա ունեմ, նրանցից երկուսը ծնվել են իմ վարկվելուց հետո: Եվ երկուսն էլ առողջ են: Ես ՄԻԱՎ-վարակակիր եմ, բայց ես վտանգավոր չեմ հանրության համար»,- ասում է Թամունան:
Տարիել, 39 տարեկան
Այն մասին, որ վարակված եմ, իմացել եմ 2015թ. վերջին: Դրանից առաջ արդեն մի քանի ամիս հիվանդ էի, իսկ նոր տարուց մեկ օր առաջ իմացա ՄԻԱՎ-ի անալիզի արդյունքները: Դժվար է նկարագրել՝ ինչ կատարվեց ինձ հետ: Ես շատ վախեցա, անգամ լաց եղա: Ես իսկական դժոխքի միջով եմ անցել: Ինձնից երկու ամիս պահանջվեց, որպեսզի հաշտվեմ այդ ախտորոշման հետ: Կողքս չկար մեկը, ով խորհուրդ կտար կամ կկիսվեր տեղեկատվությամբ: Ի վերջո համացանցում գտա ռուսալեզու մի խումբ, որտեղ հավաքված էին ՄԻԱՎ-վարակակիրներ: Նրանք կիսվեցին իրենց փորձով, խորհուրդներ տվեցին, հանգստացրին:
Այժմ ես բուժվում եմ, դեղամիջոցները պետք է ընդունեմ մինչև կյանքիս վերջը: Իհարկե, ստիպված եմ եղել փոխել կենսակերպս: Ես լավ թամադա էի և սիրում էի խմել: Այժմ ես չեմ խմում: Մնացած առումով ապրում եմ մյուսների պես, ինձ ոչ մի բանում չեմ սահմանափակում: Ես չեմ թաքցնում, որ վարակակիր եմ: Միակ մարդը, որ չգիտի դրա մասին, մայրս է: Նա առանց այն էլ հիվանդ է, և ես չեմ ուզում, որ նա անհանգստանա: Այժմ ես բոլորին զգուշացնում եմ, որ հոգ տանեն իրենց առողջության մասին: Ես վարակվել եմ չպաշտպանված սեքսի հետևանքով և ցանկանում եմ, որ մյուսները հաշվի առնեն իմ այդ սխալը: Բոլոր նրանց, ովքեր հենց նոր իմացել են, որ ՄԻԱՎ-վարակակիր են և չեն կարողանում դուրս գալ շոկից, ուզում եմ ասել՝ մի՛ վախեցեք, ՄԻԱՎ-ը մահվան դատավճիռ չէ:
Զազա, 32 տարեկան
Ինձ մոտ ՄԻԱՎ հայտնաբերվել է 7 տարի առաջ: Չգիտեմ՝ ինչպես եմ վարակվել, բացի նրանից, որ ունեցել եմ չպաշտպանված սեռական կապեր, նաև օգտվել եմ ատամնաբույժի ծառայություններից: Ես դարձել եմ խտրականության զոհ անգամ ընտանիքի անդամների կողմից. նրանք սկսել էին խուսափել ինձ հետ ֆիզիկական շփումներից և ինձ համար առանձնացրել էին առանձին բաժակ և ափսե: Ես երկար ժամանակ չէի կարողանում նրանց համոզել, որ գրկախառնության և համբույրի ճանապարհով ՄԻԱՎ-ը չի փոխանցվում: Ես ընկերուհի ունեի և անհրաժեշտ համարեցի նրան տեղյակ պահել իմ ախտորոշման մասին: Դրանից հետո նա խզեց ինձ հետ հարաբերությունները: Ես բուժվում եմ և ինձ լավ եմ զգում, բայց իմ ախտորոշման մասին բացահայտ չեմ խոսում: Քանի դեռ հասարակության գիտակցության աստիճանն այսքան ցածր է, թերևս, այդ մասին չեմ էլ խոսի:
Վարակաբան Մայա Բուցաշվիլի
Նա առաջին բժիշկներից մեկն է, որը բուժել է ՄԻԱՎ-վարակակիրներին Վրաստանում: Մայան ասում է, որ վարակակիրները մինչ այժմ խտրականության են ենթարկվում:
«Ես հիշում եմ, որ 1966թ. մահացել էր ՄԻԱՎ-վարակակիր, և նրա հուղարկավորությանը ոչ մեկը չգնաց: Դեպք է եղել, երբ այրել են հիվանդի տունը: Բժիշկները չէին համաձայնում նրանց բուժել: 15 տարի առաջ Թբիլիսիում միայն մեկ գինեկոլոգ կար, որն ընդունում էր ՄԻԱՎ-վարակակիր կանանց: Չեմ կարող ասել, որ ՄԻԱՎ-վարակակիրների նկատմամբ խարանը կտրուկ քչացել է: Չնայած որ նրանց առանձնապես չեն հետապնդում կամ նեղում, հասարակությունը, այնուամենայնիվ, անհանդուրժողական է ՄԻԱՎ-վարակակիրների նկատմամբ»:
Վիճակագրություն 2020
2020-ի ամռանը Վրաստանում պաշտոնապես գրանցվել է ՄԻԱՎ վարակի 8598 դեպք: Նրանցից 6,422-ը տղամարդ են, 2,176-ը՝ կին:
Հիվանդների մեծ մասը 29-ից 40 տարեկան են:
Վրաստանը ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի ցածր տարածվածություն ունեցող երկրների ցուցակում է և զբաղեցնում է վերջին տեղերից մեկը:
Սակայն, ամենայն հավանականությամբ, վարակվածների իրական թիվը կրկնակի ավելին է, ինչը արդեն իսկ բարձր ցուցանիշ կդառնար այնպիսի փոքր երկրի համար, ինչպիսին Վրաստանն է:
Վրաստանի ՁԻԱՀ-ի կենտրոնի տվյալներով ՝ վարակվածների 40,1 տոկոսը ներարկային թմրանյութեր օգտագործողներն են, 46,2 տոկոսը վարակվել են հետերոսեքսուալ շփման արդյունքում, և մոտ 11 տոկոսը՝ հոմո և բիսեքսուալ շփումների հետևանքով:
Մոտ մեկ ու կես տոկոսը երեխաներ են, որոնք հղիության ընթացքում վարակվել են մայրերից: Վրաստանում կա 103 ՄԻԱՎ վարակակիր երեխա:
Արյան փոխներարկման արդյունքում վարակվել է ՄԻԱՎ վարակակիրների 0.5 տոկոսը:
Ի՞նչ է ՄԻԱՎ-ը
Մարդու իմունային անբավարարության վիրուսը հայտնաբերվել է անցյալ դարի վերջին: ԱՄՆ-ում նրա համաճարակը սկսվեց 1981 թվականից՝ հետագայում տարածվելով ամբողջ աշխարհում: Ենթադրվում է, որ վիրուսը ԱՄՆ է մտել Աֆրիկայից:
Մարմնի վարակման արդյունքում դիմադրողականությունը թուլանում է: Մի քանի տարի շարունակ գործընթացն աննկատ է մնում, և ՁԻԱՀ-ը զարգանում է`ձեռք բերելով իմունային անբավարարության համախտանիշ:
ՄԻԱՎ-ով վարակվելը չի նշանակում, որ անձը ՁԻԱՀ ունի: Վարակված անձը ՁԻԱՀ է ստանում միայն այն դեպքում, եթե նա չի բուժվում. Նրա դիմադրողականությունն այնքան է թուլանում, որ չի կարողանում հաղթահարել որևէ հիվանդություն:
Այսօր ՄԻԱՎ-ն այլևս մահվան դատավճիռ չէ: Չնայած վիրուսից ամբողջությամբ ազատվելու ոչ մի տարբերակ չկա, միանգամայն հնարավոր է դադարեցնել դրա զարգացումը և ամրացնել իմունային համակարգը:
Բուժման ժամանակակից մեթոդների շնորհիվ ՄԻԱՎ-ը դարձել է քրոնիկական հիվանդություն: Վիրուսը մնում է մարմնում, բայց չի վնասում դրան: Բուժման արդյունքում հիվանդներն ապրում են լիարժեք կյանքով:
Որքան շուտ հայտնաբերվի վիրուսը, այնքան արդյունավետ կլինի բուժումը: Վարակված մարդիկ օրական մեկ կամ երկու դեղահաբ են խմում, դեղերի կողմնակի բարդություններ գրեթե չկան:
Հիմնական բանը այն է, որ բուժումներ անցնող անձը այլևս վիրուսի փոխանցող չէ:
Հիվանդության վաղ հայտնաբերումը կարեւոր է հղի կանանց համար. եթե վարակված մայրը հղիության առաջին եռամսյակում անհրաժեշտ դեղեր ընդունի, երեխան վարակված չի լինի:
Ժամանակին բուժումը նույնպես կարևոր է, քանի որ այն օգնում է կանխել ՄԻԱՎ վարակի տարածումը. արդյունքում՝ վիրուսի առկայությունը մարմնում նվազագույնի է հասցվում, և հիվանդը դադարում է լինել վարակի տարածման աղբյուր:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշումն ու բուժումը Վրաստանում անվճար է: Ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանի կառավարության և Համաշխարհային հիմնադրամի կողմից համատեղ:
Հիմնադրամը ֆինանսավորում է նաև վնասի նվազեցման ծրագրեր: «Վնասի նվազեցման ցանցեր»-ի շրջանակում Վրաստանի 11 քաղաքներում գործում է 14 կենտրոն, որոնք տարբեր ծառայություններ են առաջարկում ներարկվող թմրանյութեր օգտագործողներին՝ նրանց ապահովում են միանգամյա օգտագործման ներարկիչներով, առաջարկում են տարբեր բժշկական օգնություն: Կենտրոններից մեկը «ՆԵՌԱ+»-ն է: Նրա ղեկավարը՝ պրոֆեսոր Մանանա Սոլոգաշվիլին, պատմում է այն խնդիրների մասին, որոնց բախվում են կենտրոնի հաճախորդները, ՄԻԱՎ-վարակակիրները՝ իրենց ախտորոշման պատճառով:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի փոխանցման 3 ճանապարհ
- Չպաշտպանված սեքս,
- Արյան միջոցով (ոչ ստերիլ բժշկական սարքեր, ներարկիչներ, վարակված արյան փոխպատվաստում),
3. Ուղղակի՝ մորից երեխային:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով, ձեռքսեղմման, համբույրի, գրկախառնության, բաղնիքի ընդհանուր պարագաների օգտագործման և պաշտպանված սեքսի միջոցով:
Վրաստանում հայտնաբերված վերջին միտումները
- Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ թմրանյութերի ներարկման ճանապարհով ՄԻԱՎ-ի տարածումը չի աճում: Ինչպես ասում է «Վնասի նվազեցման ցանցեր» ծրագրի մենեջեր Մակա Գոգիան, դա անվճար ներարկիչներ բաժանելու արդյունք է:
- Ավելացել է ՄԻԱՎ-ի փոխանցումը տղամարդուց կնոջը՝ հետերոսեքսուալ կապի միջոցով:
- Ավելացել է վարակակիրների թիվն այնպիսի դժվար հասանելի խմբերում, ինչպիսիք են տղամարդկանց հետ սեռական կապեր ունեցող տղամարդիկ:
Գլխավոր մարտահրավերները
- Ուշ ախտորոշում: «Բաց հասարակություն-Վրաստան» առողջապահական հիմնադրամի ծրագրի համակարգող Մարի Չոխելին ասում է, որ «այդ 103 երեխաները հիվանդ չէին ծնվի, եթե նրանց մայրերը ժամանակին հետազոտություն անցնեին»:
- Բնակչության ցածր իրազեկվածությունը, ինչը, մի կողմից, նպաստում է վիրուսի տարածմանը, մյուս կողմից՝ վարակակիրների խարանավորմանը և նրանց նկատմամբ խտրականության դրսևորմանը:
- Համաշխարհային հիմնադրամը, որը Վրաստանում ֆինանսավորում է ՁԻԱՀ-ի, թոքախտի և մալարիայի բուժումը, փուլ առ փուլ (մինչև 2020թ.) իր գործունեությունն է ծավալում երկրում: Այդ ծրագրերի ֆինանսավորումն ամբողջությամբ իր վրա պետք է վերցնի պետությունը: Այժմ պետությունը մասամբ իր վրա է վերցնում դեղամիջոցների գնումը, սակայն առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք նա կֆինանսավորի վնասի նվազեցման ծրագրերը:
- Վրաստանում թմրանյութերի քաղաքականությունը, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում թմրամոլների համար: Մասնագետներն ասում են, որ պետության համար դժվար կլինի ֆինանսավորել վնասի նվազեցման ծրագիրը, քանի որ շահառուները չեն վստահում պետությանը: «Այժմ Համաշխարհային հիմնադրամը ներարկիչները բաժանում է անանուն, բայց կարո՞ղ է պետությունը գումար ծախսել անանուն շահառուների վրա: Իսկ եթե ծրագիրն անանուն չլինի, թմրանյութերից կախվածություն ունեցողները ներարկիչների հետևից չեն գա»,- ասում է Մակա Գոգիան: