Վրաստանի խորհրդարանի պատգամավոր․ «Ադրբեջանում ապրող վրացիները պետք է նույն իրավունքներն ունենան, ինչ Վրաստանում ապրող ադրբեջանցիները»
Կրթության և մշակույթի հարցերով խորհրդարանական կոմիտեի նախագահ Մարիամ Ջաշին կարծում է, որ Ադրբեջանում ապրող էթնիկ վրացիները պետք է նույն իրավունքներն ունենան, ինչ Վրաստանի էթնիկ ադրբեջանցիները։
Այսպիսի հայտարարությամբ է Մարիամ Ջաշին հանդես եկել սփյուռքի և Կովկասի հարցերով, մշակույթի և կրթության խորհրդարանական կոմիտեների համատեղ նիստից հետո։ Այս երկու կոմիտեների համատեղ նիստը կայացել է երեկ խորհրդարանում և նվիրված է եղել ադրբեջանական Սայինգիլոյում վրացական սփյուռքի խնդիրներին։ Մարիամ Ջաշիի հայտարարությունը մեծ արձագանք է առաջացրել։ Վրաստանի օմբուդսմենն այն «սխալ մեսիջ» է անվանել, իսկ իրավապաշտպանների մի մասն այն ընդհանրապես խտրական է համարում։
_________________
«Ադրբեջանում ապրող վրացիների իրավունքները պետք է հավասարեցվեն Վրաստանում ապրող ադրբեջանցիների իրավունքներին ինչպես կրթության, այնպես էլ այլ ոլորտներում», —Մարիամ Ջաշին է այսպես ամփոփել երկու կոմիտեների համատեղ նիստի արդյունքները։ Դրա ընթացքում քննարկվել են Ադրբեջանում ապրող վրացիներին առնչվող հարցեր։
Նիստին մի քանի հարց է բարձրացվել, որոնք անհանգստացնում են Ադրբեջանի վրացական սփյուռքին։ Այդ թվում, վրացական դպրոցներն Ադրբեջանում, վրացերենի ուսումնասիրման հնարավորությունը, վրացական մշակույթի տան վերականգնումը Կախի շրջանում և «վրացի բնակչության ինքնության պահպանումը»։
Պատգամավորները կարծում են, որ այս բոլոր հարցերը կարելի է կարգավորել երկկողմ համագործակցության ձևաչափում։
Մարիամ Ջաշին չի հերքում, որ այդպիսի խնդիրներ կան նաև Վրաստանի ադրբեջանական համայնքում, սակայն, նրա կարծիքով, նույնպիսի խնդիրներ ունեն երկրի բարձրադիր շրջաններում ապրող քաղաքացիները։
«Կան մի շարք գործոններ, որոնք խնդրահարույց են ինչպես Վրաստանի ազգային փոքրամասնությունների, այնպես էլ բարձրադիր շրջաններում ապրող վրացիների համար», — ասում է Ջաշին։
•Ժողովուրդն՝ ընդդեմ աղջիկների․ Վրաստանի ադրբեջանական գյուղերում նախկինի պես աղջիկ են առևանգում
•Ադրբեջանական ականները Վրաստանում
•Ակցիա Վրաստանի խորհրդարանի դիմաց․․ ադրբեջանցիները պահանջում են ապամոնտաժել հայ մարտիկի հուշարձանը
Պատգամավորը կարծում է, որ կրթության և մի շարք այլ ոլորտներում անհրաժեշտ է հավասարեցնել Ադրբեջանում ապրող վրացիների և Վրաստանում ապրող ադրբեջանցիների իրավունքները։
«Անհրաժեշտ է միասնական մոտեցում մշակել, որը հիմնված կլինի համագործակցության վրա», — հայտարարել է Ջաշին։
Սփյուռքի և Կովկասի հարցերի կոմիտեի նախագահ Զվիադ Կվաչանտիրաձեն ընդգծել է, որ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է, «ինչը հիմք կլինի Ադրբեջանում վրացի բնակչության խնդիրների փուլային լուծման համար»։
«Այնպես, ինչպես մենք ենք ձգտում լուծել Վրաստանի տարածքում բնակվող ադրբեջանցիների բոլոր խնդիրները», — պնդում է Կվաչանտիրաձեն։
Նրա խոսքով՝ մոտ ապագայում վրացի պատգամավորներն Ադրբեջան կայցելեն վրացական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով։
Արձագանքը
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորի այս հայտարարությանն արդեն արձագանքել են իրավապաշտպանները։ Նրանք սխալ են համարում Վրաստանի ադրբեջանական համայնքի խնդիրներն Ադրբեջանում վրացական սփյուռքի խնդիրների հետ կապելը։
Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան Ֆեսբուքում գրառում է կատարել, որում նշել է էթնիկական հատկանիշով Վրաստանի քաղաքացիներին խմբավորելու անթույլատրելիությունը։
«Վրաստանում ապրող էթնիկ ադրբեջանցիները Վրաստանի նույնպիսի քաղաքացիներ են, ինչպես և վրացիները, և օգտվում են նույն իրավունքներից, ինչ էթնիկ վրացիներն ու այլ ազգերի ներկայացուցիչները», — ասված է Նինո Լոմջարիայի հայտարարությունում։
Նա պնդում է, որ Վրաստանում քաղաքացիների, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը վրացական պետության անմիջական պարտականությունն է, և դա չպետք է իրականացնել «Ադրբեջանին կամ մեկ այլ պետությանը ցուցադրելու, ոչ էլ հակընդդեմ շահ ունենալու համար, անգամ եթե խոսքը գնում է ինչ-որ արդարացված նպատակների հասնելու մասին»։
«Սափարի» կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Բայա Պատարայան ավելի կտրուկ է արտահայտվել՝ Մարիամ Ջաշիի հայտարարությունը «հակապետական և խտրական» անվանելով։
«Ինչպե՞ս եք համարձակվում Վրաստանի քաղաքացիներին բաժանել՝ ըստ էթնիկ հատկանիշի և նրանց հավասարեցնել արտասահմանյան վրացական սփյուռքին։ Այդ ի՞նչ մոտեցում է», — գրում է Պատարայան ֆեյսբուքում։
Նա ուշադրություն է հրավիրում Վրաստանում ադրբեջանական համայնքի բազում խնդիրների վրա և կարծում է, որ դրանց լուծման հարցում վրացական պետությունն առանձնապես հպարտանալու բան չունի․
«Ի՞նչ է ընդհանրապես արվել Վրաստանի ադրբեջանցիների համար։ Այսքան տարվա մեջ նույնիսկ նորմալ վրացերեն չեն սովորեցրել, ոչ մի նորմալ ծրագիր չի առաջարկվել ոչ երեխաներին, ոչ մեծերին․․․ Խտրականություն եք կատարում և մրցում ալիևյան իշխանության հետ չգիտեմ, թե ինչում։ Ալիևը չպետք է Վրաստանում դարերով ապրող մարդկանց համար անհանգստանա, որոնք մեկ հայրենիք ունեն՝ Վրաստանը», — գրել է Պատարայան։
_______________
•Վրաստանի ադրբեջանական համայնքն ամենամեծ էթնիկ խումբն է։ Վրաստանում ապրում է 223 հազար ադրբեջանցի, ինչը կազմում է երկրի ընդհանուր բնակչության վեց տոկոսը (2014թ-ի մարդահամարի տվյալներ)։ Մեծ մասը խիտ բնակեցված է Քվեմո Քարթլիում՝ Վրաստանի արևելյան շրջանում։
Քվեմո Քարթլին Վրաստանի տնտեսապես առավել ուժեղ շրջաններից է։ Տեղի բնակչությունը գյուղատնտեսությամբ է զբաղվում՝ մրգեր ու բանջարեղեն աճեցնելով։ Զարգացած է նաև անասնապահությունը։
Շրջանի գլխավոր խնդիրներից մեկը տեղացիների կողմից պետական լեզվին չտիրապետելն է։ Բնակչության մեծ մասը վրացերեն չի խոսում, ինչը բարդացնում է նրանց ինտեգրումն ու աշխատանքի տեղավորվելը երկրի տարբեր կառույցներում։
• «Սայինգիլոն» ֆեոդալական Վրաստանի պատմական շրջանի անվանում է, որն այսօր Ադրբեջանի կազմում է։ Աշխարհագրորեն սահմանակից է վրացական Կախեթի հյուսիս-արևելյան շրջանին։
Սայինգիլոյի կազմում է Բեյլագանի, Զաքաթալայի և Կախի շրջանները։ «Սայինգիլո» եզրույթը նույնպես հին է։ Այս վայրերում ապրում են մահմեդականություն ընդունած վրացիներ։ Թուրքերեն տարբերակով նրանց անվանում են «նորադարձներ»։
2014 թ-ի տվյալներով՝ Ադրբեջանում բնակվում է 14 հազար 877 էթնիկ վրացի։ Նրանց մեծ մասն Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում է ապրում․ Կախիում՝ 7450, Բեյլագանում՝ 1731, Զաքաթալայում՝ 3071։
Ադրբեջանի տարածքում վեց վրացական դպրոց է գործում և վեց վրացական բաժին՝ ադրբեջանական դպրոցներում։ Դրանք բոլորը գտնվում են Սայինգիլոյում։ Այնտեղ ապրող վրացիների մեծ մասը պահպանել է վրացերենը։