Ինչո՞ւ Վրաստանում պետությունը մինչև հիմա չի կարողացել արմատախիլ անել հարսնացուների առևանգման պրակտիկան" />

Առևանգված ճակատագրեր

Ինչո՞ւ Վրաստանում պետությունը մինչև հիմա չի կարողացել արմատախիլ անել հարսնացուների առևանգման պրակտիկան

Ամեն տարի Վրաստանում անչափահասների՝ հիմնականում դպրոցականների տասնյակ առևանգումներ են տեղի ունենում: Աղջիկներին բռնում են, բռնի կերպով նստեցնում մեքենա, տանում, իսկ հետո ստիպում առևանգողի հետ ամուսնանալ: «Առևանգումն՝ ընտանիք կազմելու նպատակով» այսօր առավել տարածված է Քվեմո Քարթլի շրջանում: Առևանգվածին, որպես կանոն, չի սատարում սեփական ընտանիքը, որը հրաժարվում է նրան ետ վերադարձնել՝ նրան «խայտառակված» համարելով: Առևանգվածների հարազատները, նրանց հարևանները, համայնքների ղեկավարները աղջկա ամուսնությունն ամենաբարենպաստ ելքը կհամարեն, իսկ պետությունը բռնարարի հետ բավականին օրինական գործարք կկնքի:

Ֆեմինիզմի այբուբեն

• Թուրքիա. կանանց սպանություններն ու նրանց հանդեպ բռնույթունն աճում է

•  Կյանքը՝ բռնաբարությունից հետո: 22-ամյա Սալոմե Զանդուկելիի պատմությունը

Զարիֆա

2017թ-ի ապրիլի 28-ին 12-րդ դասարանի աշակերտուհի Զարիֆա Ն.-ին Մառնեուլի շրջանի Թաքալո գյուղի դպրոցի բակից նրանից տասը տարով մեծ տղամարդ է առևանգել: Հարազատներն աղջկան փնտրում էին երկու օր, վստահեցնում, որ Զարիֆան չէր ուզում  ընտանիք կազմել և պահանջում վերադարձնել նրան:

Նույն բանն էր պնդում նաև ուսուցչուհի Մակա Մենթեշաշվիլին, որը Զարիֆային վրացերեն լեզու էր դասավանդում:

«Զարիֆան ակտիվ էր, ուզում էր ուսումը շարունակել համալսարանում, – ասում է ուսուցչուհին, – մենք դպրոցում քննարկել են վաղաժամ ամուսնությունների խնդիրը, այդ պատճառով էլ գիտեմ նրա կարծիքն այդ մասին»:

Սակայն արդյունքում իրադարձությունները զարգացել են այն սցենարով, որը Վրաստանի որոշ շրջաններում հասցրել են ամենայն մանրամասներով մշակել: Ծնողները պայմանավորվել են առևանգողի հետ և համաձայնել, որպեսզի իրենց անչափահաս աղջիկը նրա կինը դառնա: Շրջանային դատախազությունը, որը գրեթե քրեական գործ էր հարուցել, շուտով համաձայնել է բանակցել մեղադրյալի հետ, հաշվի է առել բոլոր հանգամանքները և դիմել է դատարան «փեսացուի» հետ դատավարական համաձայնագիր կնքելու համար: Մեղադրյալը բյուջե է փոխանցել զգալի տուգանք և ազատ արձակվել: Իսկ Զարիֆան ամուսնացած կին է դարձել, չնայած որ նրա համաձայնությունը ոչ ոք չի հարցրել:

Գյուղում այդ պատմությանը վերաբերվում են որպես ենթադրվող մի բանի: Այստեղ ոչ ոքի չի զարմացնում ոչ ընտանիքի առաջին արձագանքը, ոչ հետագա համաձայնությունը:

Այդ գյուղի և Քվեմո Քարթլի ողջ շրջանի հիմնական բնակչությունն էթնիկ ադրբեջանցիներ են:

Տեղացիներն ասում են, որ ամուսնանալու նպատակով աղջիկների առևանգումն ազգային ավանդույթների մի մաս է: Թերևս այս ձևակերպումն էլ թույլ է տալիս վրացական իշխանությունների աչք փակել խնդրի վրա: Եվ տեղական, և կենտրոնական իշխանությունները մատների արանքով են նայում անչափահաս աղջիկների հանդեպ կատարվող հարյուրավոր հանցագործություններին, սակայն ուշադիր հետևում են այլ օրենքների կատարմանը: Տեղին կլինի ասել, որ Քվեմո Քարթլի շրջանը հեռավոր բարձրադիր շրջան չէ (որտեղ օրենքի գերակայություն հաստատելու հետ կապված դժվարությունները կարելի կլիներ բացատրել աշխարհագրական գործոններով): Այս բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել Թբիլիսիից 45կմ հեռավորության վրա: Ընդ որում, Վրաստանի մնացած շրջանների մեծ մասում այս «ավանդույթին» գրեթե վերջ են տվել:

Ամուսնության նպատակով աղջկա առևանգումն այստեղ՝ Թբիլիսիից 45կմ հեռավորության վրա, ազգային ավանդույթ է համարվում: Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Նահիդա

Նահիդա Աբդուլաևան 30 տարեկան է: Ապրում է Մառնեուլիի շրջանի Քութլյարի գյուղում: Նա 17 տարեկան էր, երբ առևանգվել է հարևանի կողմից.

«Այդ օրն իմ Վերջին զանգն էր, ես այնքան ուրախ էի: Երազում էի, որ Թբիլիսի եմ մեկնելու սովորելու, իսկ հետո ոստիկանությունում եմ աշխատելու: Հայրս միշտ դեմ էր, որ ես ընտանիքից հեռու տեղ մեկնեմ, սակայն ես կարողացել էի նրան համոզել: Այդ երեկո ծնողներս ֆերմա էին մեկնել, տանը ես ու կրտսեր եղբայրս էինք: Այդ ժամանակ հարևանը եկավ և ջուր խնդրեց: Երբ ես դուրս եկա ջուր բերելու, մի քանի տղա ինձ բռնեցին և մտցրին մեքենան»:

Այսօր Նահիդան երկու երեխաների մայր է, նրա տղաները 11 և 9 տարեկան են: Ուսումը շարունակել նա, իհարկե, չկարողացավ, և ընդհանրապես գյուղից ընդամենը մի քանի անգամ է դուրս եկել:

«Սկզբում ծանր էր, սակայն տասներեք տարվա մեջ այսպիսի իրականությանն էլ ես հարմարվում: Ես աշխատում եմ առավոտից մինչև երեկո, մարմինս ցավում է: Երբ ընտանիքն ինչ-որ տեղ է գնում, ինձ տանն են թողնում որպես բանտարկյալի, դարպասները դրսից մեծ կողպեքով փակում են»:

Քվեմո Քարթլիում հազվագյուտ աղջիկ չգիտի, որ վաղ ամուսնությունն այնպիսի կյանք է նշանակում, ինչպես Նահիդայինն է: Չնայած դրան՝ առևանգումների գրեթե բոլոր զոհերը համաձայնում են ամուսնությանը:

Նահիդան ասում է, որ առևանգված աղջիկը «խայտառակված» է համարվում, և նրա հետ էլ ոչ ոք չի ամուսնանա:

«Վերադարձված աղջկան հարևանները միշտ մատով են ցույց տալու և ասելու, որ «փչացած է»: Մարդկանց չի հետաքրքրում, թե արդյոք ինչ-որ բան իրականում եղել է փեսացուի» և առևանգվածի միջև – խմբ.]: Ոչ ոք չի ուզենա այդպիսի աղջիկ և առավելևս կին ունենալ տանը: Այդ պատճառով էլ աղջիկները մնում են առևանգողների հետ»:  

Այգյուն

15-ամյա Այգյուն Մամեդովան (անունն ու ազգանունը փոփոխված են) երիտասարդ կին է, որը պատրաստակամությամբ կիսվում է իր երջանիկ ընտանեկան կյանքի պատմությամբ: 2016թ-ի սեպտեմբերին, երբ Այգյունին առևանգել են, նա 14 տարեկան է եղել: 15-ամյակը նա արդեն նշել է նոր ընտանիքում: Այգյունն ասում է, որ երջանիկ է, սիրում է ամուսնուն և կարծում է, որ աղջիկն ամեն դեպքում միշտ պետք է պատրաստ լինի առևանգմանը, և դրանում ոչ մի վատ բան չկա:

Նա խնդիր չի տեսնում նաև վաղաժամ ամուսնության մեջ. «Մեզ մոտ դա այդպես է. եթե վաղ տարիքում ընտանիք չկազմես, հետո քեզ ոչ ոք չի տանի»:

Այս պատմության մեջ, սակայն, կարևոր «բայց» կա. Այգյունը շատ լավ է ճանաչել իր ապագա ամուսնուն և առևանգման պահին, չնայած երիտասարդ տարիքին, նույնիսկ սիրահարված է եղել նրան:

«Ամուսինս ինձ առևանգել է նրա համար, որպեսզի ընտանիքը խուսափի հարսանիքի ավելորդ ծախսերից», – բացատրում է Այգյունը: Նա դպրոցից դուրս է եկել 8-րդ դասարանում և չի պատրաստվում շարունակել սովորել, համարում է, որ ընտանիքն ու ուսումը դժվար է համատեղել, և իր պարտականությունը լավ մայր և կին լինելն է:

Ուսման և ընտանեկան կյանքի անհամատեղելիության մասին Այգյունի կարծիքը կիսում են վրացական դպրոցների հարյուրավոր սաներ: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ միայն 2015թ-ին 576 աշակերտ է դպրոցից դուրս եկել ընտանիք կազմելու պատճառով: Շատ քաղաքացիական ակտիվիստներ այդ վիճակագրությունը ճշգրիտ չեն համարում և ենթադրում են, որ իրական թիվը պաշտոնականից ավելի մեծ է:

Գյունայ

Գյունայը պնդում է, որ առևանգման արդյունքում ստեղծված ընտանիքը կարող է երջանիկ լինել: Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Գյունայ Բայրամովային առևանգել են, երբ նա 20 տարեկան էր: Ապագա ամուսնուն նա առաջին անգամ տեսել է նշանադրությանը, դրանից առաջ նա նրան չի ճանաչել, փոխարենը մեկ անգամ սկեսուրին է տեսել: Նա եկել էր «թեյ խմելու». դա յուրօրինակ ադրբեջանական ստուգատես է, երբ երկտասարդի մայրը գալիս է աղջկա ընտանիք ծանոթանալու և նրա ծնողների հետ ապագա ամուսնության մասին պայմանավորվելու: Չնայած որ նրանք արդեն նշանադրված էին, փեսացուն այնուամենայնիվ առևանգել է նրան:

«Մեզ մոտ տղաները շատ են սիրում, երբ աղջկան առևանգում են», – ժպիտով ասում է Գյունայը:

«Առևանգումից հետո ես ուզում էի տուն վերադառնալ, սակայն մեզ մոտ այդպես ընդունված չէ: Կինը, որին առևանգել են, պետք է դիմանա, այլ ելք չկա: Ես դիմացել եմ, և այժմ ինձ մոտ ամեն ինչ լավ է»:

Կամիլա

«Փոփոխություններ տեղի են ունենում, թեև շատ դանդաղ», – ասում է Կամիլա Մամեդովան՝ «Մառնեուլի» համայնքային ռադիոյի տնօրենը: Նա ադրբեջանական ընտանիքի մի աղջկա պատմություն է պատմում, որին առևանգել են և 5 օր պահել: Աղջկա ծնողները կարողացել են հաղթահարել իրենց կարծրատիպերը, նրանք երես չեն թեքել աղջկանից և չեն տվել նրան առևանգողներին: Մոտ 15 տարի առաջ նման բան դժվար էր պատկերացնել:

Ինքը Կամիլան նույնպես Մառնեուլիում է ապրում, սակայն նրա պատմությունը տարբերվում է շրջանի կանաց մեծ մասի կյանքի պատմություններից: Նա ընտանիք չունի: Դպրոցից հետո նա ընդունվել է Վրաստանի մեդիադպրոցներից մեկը և ամեն օր Մառնեուլիից գնացել դասախոսություններ լսելու: Նրա ոչ բոլոր ընկերուհիներն էին հասկանում գիտելիքների հանդեպ նրա այդ ձգտումը:

Կամիլան ասում է, որ վաղաժամ ամուսնություններն իր համար ցավոտ թեմա են:

Հարսնացուներին առևանգելու ավանդույթն արդիական է ոչ միայն Վրաստանում. այդ պրակտիկան տարածված է ինչպես Հարավային, այնպես էլ Հյուսիսային Կովկասում:

Զուլֆիան ապրել է Սաբիրաբադում սովորական աշխատավորի ընտանիքում, որտեղ իրենից բացի ևս երեք երեխա է եղել: Նա 9-րդ դասարանն է ավարտել, հետո մորն է օգնել տնտեսության հարցերում: Երբ նրա 17 տարեկանը լրացել է, նրան «գողացել են»:

Ամուսնանալու նպատակով առևանգման «ավանդույթը» մինչև վերջերս  հատկապես տարածված էր Չեչնիայում, Ինգուշիայում և Դաղստանում: Ռամզան Կադիրովը 2013թ-ին հայտարարել է, որ հանրապետությունում հարսնացուների առևանգման պրակտիկան ամբողջությամբ արմատախիլ է արվել: Մինչ այդ՝ 2008թ-ին, այդ ավանդույթին դեմ է հանդես եկել Չեչնիայի մուֆտին: Չնայած կարծիք կա, որ առևանգումները Չեչնիայում չեն անհետացել, դրանք սկսել են ավելի լավ թաքցնել:

2017թ-ի մայիսին Ինգուշիայի նախագահ Յունուս-բեկ Եվկուրովը ամուսնանալու նպատակով առևանգման համար պատիժ սահմանելու նախաձեռնությանը դեմ է հանդես եկել: Նրա խոսքով՝ այդ գործողությունն առանց այդ էլ քրեորեն պատժելի է ՌԴ քրեական օրենսգրքով, և նորարարության անհրաժեշտություն չկա:

Վիճակագրություն  

Վրաստանի ժողովրդական պաշտպանի (օմբուդսմենի) աշխատակազմի վիճակագրության համաձայն՝ 2011-2014թթ-ին դպրոցի ուսումը թողել է 4599 աղջիկ: 2015թ-ին անչափահասների մասնակցությամբ 611 ամուսնություն է գրանցվել, 2014թ-ին՝ 665:

Օմբուդսմենի՝ 2016թ-ի հաշվետվությունում ասված է, որ 2015թ-ին մինչև 17 տարեկան 408 աշակերտ թողել է ուսումն ընտանիք կազմելու հետ կապված: Եվս 168 դեպքերում դպրոցը լքել են դպրոցականներ, որոնք հասցրել են չափահաս դառնալ:

Այս թվերը հիմնված են Վրաստանի կրթության նախարարության տվյալների հիման վրա, որը թույլ է տալիս, որ դրանք կարող են լինել ոչ ճշգրիտ, քանի որ Քվեմո Քարթլիի մուցիպալիտետներում, որտեղ անչափահասների ամուսնություններն ամենաշատն են տարածված, շատ դպրոցներ նման վիճակագրություն պարզապես չեն վարում. անհրաժեշտություն չեն տեսնում:

Վրաստանում կանանց շարժման ակտիվիստ Նոնա Սամխարաձեն երկար տարիներ աշխատում է Մառնեուլիում: Նա կարծում է, որ այժմ աղջիկներին ավելի հազվադեպ են առևանգում, քան առաջ, սակայն լավատեսության համար նախկինի պես հիմքերը քիչ են:

«Միայն ես կարող եմ երեք դեպք հիշել, որոնք տեղի են ունեցել վերջին մի քանի ամսվա ընթացքում: Երկու աղջիկներ մնացել են առևանգողների ընտանիքներում, իսկ մեկին ծնողները տուն են վերադարձրել: Ես կասկածում եմ, որ դա տեղի է ունեցել միայն այն պատճառով, որ ոստիկանությունը նրան գտել է համեմատաբար արագ. աղջիկը ստիպված չի եղել գիշերը առևանգողի հետ անցկացնել [նման դեպքերում հարազատները կարող են նրան «խայտառակված» չհամարել – խմբ.]», ասում է Նոնան:

Օրենք և պետություն

Ամուսնանալու նպատակով կանանց առևանգումը, վրացական օրենքների համաձայն, քրեական հանցագործություն է և 2-4 տարվա ազատազրկմամբ է պատժվում (ՔՕ 143-րդ հոդված «Ազատությունից ապօրինի զրկելը»): Անչափահասի առևանգման դեպքում՝ 8-12 տարվա ազատազրկում:

2014թ-ից Վրաստանի Քրեական օրենգրքում ավելացվել է 150-րդ հոդվածը՝ ստիպողաբար ամուսնություն, որը հասարակական աշխատանքներ կամ մինչև 2 տարվա ազատազրկում է նախատեսում: Անչափահասի դեպքում ժամկետը կկազմի 2-4 տարի: Սակայն օմբուդսմենի 2016թ-ի հաշվետվության համաձայն, 2015թ-ին Վրաստանում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել այդ հոդվածով:

2016թ-ին SIDA զարգացման շվեդական գործակալության անցկացրած հետազոտության համաձայն՝ Քվեմո Քարթլիի դատարաններում աղջիկների առևանգման փաստերով 39 գործ է քննվել: Եվ բոլոր 39 դեպքերում առևանգողների հետ դատավարական գործարքներ են կնքվել. նրանք բոլորը տուգանք են վճարել, պայմանական ժամկետներ ստացել և ազատ արձակվել:

Վրաստանի ՆԳՆ վերլուծական դեպարտամենտի տվյալներով՝ 2017թ-ի հունվար-մայիս ամիսներին հետաքննություն է սկսվել ազատությունից ապօրինի զրկելու 14 փաստի առթիվ: Դեպքերից վեցը տեղի են ունեցել Մառնեուլիում: Նույն փուլում Մառնեուլիում հետաքննություն է սկսվել ստիպողաբար ամուսնության 2 դեպքի առթիվ: Օրենքը պաշտպանում է առևանգվածների իրավունքները, իսկ պետությունը՝ ոչ, կարծում է Սահմանադրական հետազոտությունների կենտրոնի իրավաբան Գեորգի Մումլաձեն: «Եթե առևանգվածն ու նրա հարազատները համաձայն են, որ նա ընտանիք կազմի, պետությունն իրավունք ունի թեթևացնելու պատիժը, դա նրան ձեռնտու է», – ասում է Մումլաձեն:

Տնային տնտեսություն, երեխաներ, ոչ մի կրթություն և մասնագիտություն. այսպիսի կյանք է սպասվում վաղ տարիքում ամուսնացած աղջիկներին: Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Ինչո՞ւ է պետությունը գործարքի մեջ մտնում առևանգողների հետ

«Դա մի քանի պատճառ ունի, – կարծում է Նոնա Սամխարաձեն: – Առաջին հերթին, իրավապահների շրջանում քիչ չեն մարդիկ, որոնց համար առևանգումն ավանդույթ է, այլ որ թե հանցագործություն»:

«Դեպքեր են եղել, երբ դեռևս առևանգումից առաջ առևանգողը խորհրդակցել է ոստիկան ընկերների հետ այն մասին, թե ինչպես խուսափել պատժից», – ասում է իրավապաշտպանը:

Մյուս փաստարկն այն է, որ իշխանությունը փորձում է խուսափել հիմնականում ադրբեջանցիներով բնակեցված շրջանում և աչք է փակում այդ հանցավոր «ավանդույթի վրա» տեղի բնակչությանը չնյարդայնացնելու համար:

Նոնա Սամխարաձեն կարծում է, որ քաղաքական գործիչներին պետք են Մառնեուլիի բնակիչների ձայները, և հանուն դրա նրանք պատրաստ են համակերպվել տեղական «առանձնահատկություններին»: «Ես արդեն 20 տարի է՝ լսում եմ, որ Քվեմո Քարթլին «սենսիթիվ շրջան է», և որ պետությունը չի կարող դեմ գնալ տեղի ավանդույթներին… Իսկ աղջիկները նման մոտեցման զոհ են դառնում», – ասում է Նոնա Սամխարաձեն:

Նրա խոսքով՝ գործընթացում կարևոր դեր են խաղում նաև համայնքի ղեկավարները, որոնք հեղինակություն են իշխանության և իրավապահ մարմինների համար:

«Համայնքի ղեկավարները հաճախ առևանգողի կողմն են բռնում և աղջկա ծնողներին համոզում ոստիկանություն չդիմել», – ասում է իրավապաշտպանը: «Կնոջ հայացք» ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչ Գվանցա Խոնելիձեն նույնպես խոսում է մի ամբողջ մեխանիզմի մասին, որը գործում է աղջիկների դեմ:

«Աղջկան չի սատարում ընտանիքը, որը նրան ետ չի ընդունում՝ խայտառակված համարելով: Նրանից երես է թեքում պետությունն ու հասարակությունը: Նա այլ ելք չի տեսնում, քան ճակատագրին համակերպվելը», – ասում է Խոնելիձեն:

Վաղաժամ ամուսնություններից փրկում է դպրո՞ցը

Մակա Մենթեշաշվիլին երեք տարի է՝ որպես վրացերենի ուսուցչուհի է աշխատում Մառնեուլիի ադրբեջանական դպրոցում: Նա դպրոց է եկել, որպեսզի օգնի ադրբեջանցի աշակերտներին վրացերեն սովորել, սակայն շուտով հասկացել է, որ միայն պետական լեզվի իմացությունը բավարար չէ արժանապատիվ կրթություն ստանալու և հաջողության հասնելու համար: Այդ ժամանակ Մական սեփական նախաձեռնությամբ դպրոցում «Քաղաքացիական ակումբ» է բացել, որտեղ աշակերտները քննարկում են մարդու իրավունքները և իմանում, թե ինչ է գենդերային հավասարությունը: Դպրոցական ծրագրի դասաժամ, որին կարելի կլիներ քննարկել այդ հարցերը, Վրաստանում մինչև հիմա գոյություն չունի, և մեկուսացած հասարակություններում, որոնք ապրում են նահապետական կանոններով, դա հատկապես սուր է զգացվում, ասում է Մական:

Կրթության կառավարման տեղեկատվության համակարգի տվյալների համաձայն՝ 2015-2016թթ-ին քվեմո Քարթլիի աշակերտների 3,8%-ը թողել է դպրոցը: Շրջանի ադրբեջանական դպրոցներում ուսումը թողնում են հիմնականում աղջիկները, վրացականներում՝ տղաները: Միջինում ադրբեջանական դպրոցներում աղջիկների տասը տոկոսը չի ավարտում այն, վրացական դպրոցներում նրանք ավելի քիչ են՝ 1,9%:

«Ես տեսնում եմ առաջընթաց. մեզ մոտ՝ Թաքալոյում, ամեն տարի շատանում է դպրոցն ավարտած երեխաների թիվը», – ասում է Մակա Մենթեշաշվիլին:

Մառնեուլիի մունիցիպալիտետում 75 հանրակրթական դպրոց կա, որոնցում վերջին ուսումնական տարում 18 500 աշակերտ է սովորել:

Մենք Մառնեուլիի երիտասարդությունից հարցրել ենք, թե ինչ են նրանք մտածում վաղ ամուսնությունների և հարսնացուների առևանգման մասին: Շատերը պատասխանել են, որ առևանգումը ոչ մի ընդհանրություն չունի ավանդույթների հետ, և դա ուղղակիորեն կախված է կրթությունից:


Կարդալ ավելին JAMnews-ում