Ինչպես են Մոսկվայում տաճարը զարդարել Պուտինի և Ստալինի դեմքերով խճանկարներով
Մոսկվայի մերձակայքում (Պատրիոտ այգում) գտնվող Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր տաճարի կառուցվող շենքի պատերը զարդարված են Ռուսաստանի նախագահին և իշխանության այլ ներկայացուցիչների պատկերող խճանկարներով:
Այդ մասին առաջինը հայտնեց «ՄԲԽ մեդիա»-ն և հրապարակեց անավարտ խճանկարների լուսանկարներ: Դրանք ուղարկել է անհայտ օգտատերը. ոչ մեկին անձամբ տաճար չի թույլատրվում մտնեկ:
Ավելի ուշ «Նովայա գազետա»-ին հաջողվեց գտնել այդ որմնանկարների ամբողջական տարբերակը:
Մեծ որմնանկարի վրա նախագահ Պուտինի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի կողքին նաև պատկերված են՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:
Առանձին որմնանկար է նվիրված 2014 թվականին Ռուսաստանին Ղրիմի միացմանը (որը Ուկրաինան և միջազգային հանրությունը համարում են անօրինական բռնակցում). այնտեղ նույնպես կարելի է տեսնել Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին Ղրիմի ցնծացող բնակչության և ռուս զինվորականների հետ:
Տաճարի պատերին է հայտնվել նաև Իոսիֆ Ստալինը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակին նվիրված որմնանկարում: Այստեղ պատկերված են խորհրդային մարշալները և զինվորները Կարմիր հրապարակում՝ ձեռքներին պահած սովետական առաջնորդի պատկերով պաստառը:
Ահա թե ինչպես է որմնանկարում Ստալինի հայտնվելը «Նովայա գազետա»-ին բացատրեց Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Վասիլի Նեստերենկոն․
«Միտքը հետևյալն էր. որ նա Մեծ հայրենական պատերազմի ժամանակ նշանավոր գործիչ էր, իսկ պատմական գնահատական նրան կտան մյուս սերունդները, ոչ մեր»:
Իսկ տաճարի պատին Պուտինի և Ռուսաստանի մյուս պաշտոնական դեմքերի հայտնվելը նկարիչը բացատրեց «քրիստոնեական ավանդույթով», երբ տաճարի որմնանկարներում պատկերվում են այն մարդիկ, որոնք տաճարի շինարարությանն են նվիրաբերել իրենց սեփական միջոցները:
Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր տաճարի բացումը նախատեսված է 2020 թվականի մայիսի 9-ին՝ Մեծ հայրենական պատերազմի հաղթանակի 75-ամյակին: Պաշտպանության նախարարության պնդմամբ՝ տաճարը կառուցվել է հանգանակությամբ հավաքագրված միջոցների շնորհիվ: