Հայաստանում նշում են ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցը։ Արհավիրքը վերապրածների պատմությունները
1988թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 11.41-ին Հայաստանում 9 բալ մագնիտուդով ավերիչ երկրաշարժ գրանցվեց՝ Ռիխտերի սանդղակով: Տուժեց 11 քաղաք, 342 գյուղ: Զոհերի ընդհանուր թիվը կազմեց 25 հազար, դրանցից 15-17 հազարը մնացին փլատակների տակ Գյումրիում, 4000-ը՝ Սպիտակում: Անօթևան մնաց 514 հազար մարդ:
Ռեժիսորի, բժշկի ու փրկարարի պատմությունը։ Նրանք վերապրել են 1988-ի երկրաշարժն ու գտել հաղթահարման իրենց ճանապարհը։
Ռեժիսորը
30 տարի անց ռեժիսոր Արուսյակ Սիմոնյանը հասավ իր նպատակին՝ նկարահանեց ֆիլմ երկրաշարժի մասին: «Իմ Նոր տարին» ֆիլմը 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի էպիկենտրոն՝ Սպիտակում ապրող մի ընտանիքի պատմություն է:
Ռեժիսոր ու սցենարիստ Արուսյակը խտացրել է իր և իր հարազատների ապրումները 27 րոպեանոց ֆիլմում: Տորոնտոյում անցկացվող «Pomegranate» ամենամյա միջազգային կինոփառատոնում այն ճանաչվել է լավագույն կարճամետրաժ ֆիլմ:
«Երբ դեռ ընդունվում էի թատերական, իմ ընկերներն արդեն գիտեին, որ ես պետք է երկրաշարժի մասին ֆիլմ նկարեմ: Սա գուցե արվեստի միջոցով հոգեկան փրկության ձև է: Էս ֆիլմը նվիրել եմ բոլոր ապրողներին, որ այդ քաոսի միջից դուրս եկան ու ապրեցին», — ասում է Արուսյակը:
Փլատակների վրա անցկացրած մանկության ամեն մի դրվագը մնացել է Արուսյակի հիշողության մեջ: Բայց միայն տարիներ հետո են քույր ու եղբայր խորությամբ հասկացել, թե ինչ էր կատարվել այն օրերին: Ասում է, մի պահ հանկարծ գիտակցել են. երկրաշարժից անմիջապես հետո դրսում, հենց իրենց կողքին պառկեցրած երեխաները քնած չէին: Իրենց հաճախած մանկապարտեզում միայն 7 երեխա էր փրկվել:
«Իմ մաման երկրաշարժի ժամանակ զոհվել էր, բայց նրան չէին գտել: 300 եղբայրական գերեզման է բացել հայրս: Չորս ամիս անց է գտել մամային: Աշխարհի ամենակարևոր բանն է արել ինձ համար իմ պապան, որ ես գիտենամ իմ մամայի գերեզմանի տեղը: Ես անչափ շնորհակալ եմ նրան: 4 ամիս դիակների մեջ: Ինչքան կամք պետք է ունենար, որ էդ քայլին գնար»,- պատմում է Արուսյակը:
• Հայաստան. Աղետալի երկրաշարժից 29 տարի անց Գյումրիում դեռ 2500 տնակ կա
• Գյումրի. Նոր առաջարկ Հայաստանի զբոսաշրջային քարտեզի վրա
• Տեսանյութ և լուսանկարներ վրացական անվանումով հայկական փողոցից
ֆիլմում ներկայացրել է, թե ինչպես է հաղթահարվում ցավը, ինչն է առիթ դարձել, որ իր հայրը փորձի հաղթահարել այն: Մի օր տուն է վերադարձել ու տեսել. 6 տարեկան աղջիկն ու 4 տարեկան որդին երկրաշարժ-երկրաշարժ են խաղում.
«Տիկնիկներին դնում էինք մեր վագոն-տնակում, հետո խփում էինք, շուռ էին գալիս ու մենք սկսում էինք գոռալ, տիկնիկներին փրկել, թաղել: Ու հենց դա էլ սթափեցրել է հորս: Չի ուզել, որ իր երեխաների մանկությունը խարխլվի, բեկվի: Հայրս գնաց ու մեծ եղևնի բերեց: Փոքր տնակում որոշ իրեր հանեց, որ տեղավորի այդ եղևնին: Ու տոնեցինք մեզ համար ամենաուրախ Նոր տարին:
Ֆիլմում կա այդ պահը, ինչպես է մարդը ինքնաբուժվում ու սկսում է ապրել հանուն երեխաների: Էդ մեր ազգի հզորությունն է, ու դրա համար մենք կանք: Հետաքրքիր մի բան էլ կա: Նկարահանումների ժամանակ երրորդ բալիկով հղի էի: Ես չէի մտածել իմ աղջկան նկարել, հետո որոշվեց. աղջկա դերը խաղում է իմ մեծ աղջիկը, որը կրում է մամայիս անունը»:
Բժիշկը
«Ես կյանք տեսել եմ մինչև երկրաշարժը: Հետո ամուսնացել եմ, երեխաներ ունեցել: Բայց ես ապրել եմ մինչ երկրաշարժը, դրանից հետո պայքարել ենք, որ հաստատվենք, մարդ դառնանք, ինչ-որ մի բանով օգնենք մեր քաղաքին», — ասում է «Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկ Վարդան Սուքիասյանը:
Լավ հիշում է. 1988-ի դեկտեմբերի 7-ին, երկրաշրժի պահին դպրոցում նստած էր մաթեմատիկայի դասին:
«Մեր դպրոցի շենքը մասնակի փլվեց: Շատ աշակերտների նման ես էլ թռա երկրորդ հարկի լուսամուտից: Վնասվածքներ ունեի, բայց շոկի մեջ գնում էի հարազատներիս գտնելու», — պատմում է Վարդանը:
Մորն ու քրոջը գտնելուց հետո, 16 տարեկան Վարդանը շտապում է գտնել հորը՝ քաղաքում հայտնի վիրաբույժին: Հիվանդանոց հասնելու ճանապարհին տեսնում է ավերված քաղաքը, շենքերից կախված դիակները, տարբեր կողմ վազող մարդկանց:
«Հայրս վիրահատության է եղել: Հիվանդին գրկած ցանկացել է դուրս բերել շենքից: Հիվանդանոցի աստիճանների հատվածը ամբողջությամբ փլվել էր, իրեն էլ գտանք հենց այդ մասում», — աչքերը մի կողմ թեքելով պատմում է Վարդանը:
Ասում է, հենց այդ պահին է հորը երդում տվել՝ կշարունակի նրա գործը.
«Վճիռս կայացրեցի պապային փլատակների տակից հանելու ժամանակ: Ես երդվեցի, որ անպայման պետք է դառնամ բժիշկ: Այն ժամանակ հաշմանդամության կարգ ունեցողներին Երևանի պետական բժշկական համալսարանում հատուկ տեղեր էին հատկացնում, որ հարցազրույցով ընդունվեն, սովորեն ու վերադառնան մարզ և աշխատեն աղետի գոտում: Ես երկրաշարժի հետևանքով երկրորդ կարգի հաշմանդամություն ունեի:
Մի սկզբունք կա. ապրեմ ու բարձր պահեմ պապայի անունը: Էն, ինչ որ ես չկարողացա իմ ծնողի համար անել, իմ հիվանդների համար եմ անում, ինձ սրտի թեթևություն է բերում մարդկանց օգնելը: Իմ կյանքի հոգեբանը եղել է մամաս: Միշտ ասել է՝ տղե՛ս, պետք է ապրեք ու ձեր ապրելով Գյումրին ապրի, մասնագետ դարձեք, շենացրեք քաղաքը: Անցել է 30 տարի, էնքան վերքեր կան, էնքան խնդիրներ: Բայց կարևորը այն է, որ մի փոքր ժպիտ է ավելացել քաղաքում»:
Փրկարարը
Գյումրիում հայտնի փրկարար Լևոն Բոզոյանը 1988թ.-ին 16 տարեկան է եղել: Դժվարությամբ է խոսում այդ օրվա մասին: Համադասարանցիներով չեն հասցրել դուրս գալ շենքից: Վայրկյանների ընթացքում փլուզվել է դպրոցը: Փլատակների տակից Լևոնին հանել են դպրոցի ծնողների համատեղ ուժերով՝ ձեռքի տակ եղած գործիքներով, սղոցով, մուրճով, ով ինչ գտել է այդ պահին:
«Իմ ոտքերը մնացել էին բազրիքների արանքում, դեմքիս աջ կողմում ամրան էր մտել: Չեմ ուզում հիշել: Մեր դասարանը 24 հոգի էինք, 12-ը զոհվեցին, իրար կողք կողքի էինք, մեկս մյուսի վրա:
Տարերային աղետ է եղել, մենք ոչինչ չէինք կռնա էնե: Բայց մինչև հմի մեր դասարանի երեխեքով օր կհավաքվինք, կխոսանք, ինչխօր մեղավոր կզգանք, օր մենք կանք՝ իրանք չկան: Երևի էդ մեղավորության զգացողությունն էլ տարավ մեզ նրան, որ ստեղծենք մի ջոկատ՝ մարդկանց դժվար պահերին օգնելու համար:
Եթե ներկայիս մակարդակի փրկարար ծառայություն լիներ, փրկվածները ավելի շատ կլինեին: Աղետի գոտի եկել են օգնելու զինվորականներ, քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներից, բայց ոչ փրկարարներ: Առաջին փրկարարական ջոկատը Հայաստանում ստեղծեցին գերմանացիները՝ Սպիտակում: Հասարակական հիմունքներով մենք էլ Գյումրիում հավաքվեցինք ու ստեղծեցինք մեր ջոկատը՝ ալպինիստներ էին, օդանավակայանից տղերք:
Օր կփրկես մարդուն, էդ ուրիշ զգացողություն է, հոգուդ թեթևություն գուկա, օր կռնացար օգնել: Մենք մնացինք մեր քաղաքում, օր կարողանանք ապրելով փրկենք մեզի ու ապրեցնենք քաղաքը», — ասում է Լևոնը: