Պատմում ենք, թե ինչպես են Գյումրիում վերականգնել վրացի բանաստեղծ Շոթա Ռուսթավելու անվան փողոցը" />

Տեսանյութ և լուսանկարներ վրացական անվանումով հայկական փողոցից

Պատմում ենք, թե ինչպես են Գյումրիում վերականգնել վրացի բանաստեղծ Շոթա Ռուսթավելու անվան փողոցը

Ռուսթավելիի փողոցի պատմական գույները

Գրիգորյանների 1870 թվականի ֆրանսիական ժամացույցով կարելի է երկար հիանալ: Իսկ երևակայությունը կարող է տանել հեռավոր անցյալ:

«Մամիս, ջեհեզն է էս ժամացույցը»,– ասում է Արշակ Գրիգորյանն ու ցույց տալիս իրենց տնակի պատին կախված պապական տան լուսանկարը: Այն կառուցված է եղել 1883 թվականին՝ Ալեքսանդրապոլում տարածված ճարտարապետությամբ, յուրահատուկ պատշգամբներով: Բայց 1988 թվականի երկրաշարժին պապական տունը փլվել է, հիմա տան մասին հաճելի հիշողություններ արթնացնում են գրքերում տպագրված նկարները:

«Մեր պադվալները տան բոյի էին: Պադվալը բլել էր ժաժքին, մնացածն էլ վրեն էր բլել: Մենակ էս կողմի պատն էր մնացել, որի վրեն էս ժամացույցն էր, մնացած ամեն ինչ կորավ: Մեր բլած տան տեղը դոմիկ դրեցինք, ձգտում էինք, որ պապական տունը վերականգնենք», – Սահականույշ Գրիգորյանն է պատմում ու նկարի վրա ցույց տալիս, թե որ կողմում ինչ կար, ով էր ապրում:

Գրիգորյանների տունը գտնվում է «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տասնյակ փողոցներից մեկում՝ Ռուսթավելիում: Այս թանգարանը ստեղծվել է 1980 թվականին: Սա Գյումրիի, Հայաստանի երկրորդ քաղաքի, պատմական միջուկն է, այն սիրտը, որից սկիզբ է առել քաղաքը: Այստեղ կարելի է գտնել 18-րդ դարի շինություններ: Հայաստանում միակ արգելոց-թանգարանը ընդգրկում է տարբեր դարաշրջանների պատմական ու ճարտարապետական արժեք ունեցող 1200 շինություն:

Բայց Գրիգորյանների տան պես շինությունների որոշները վնասվեցին կամ փլվեցին հզոր երկրաշարժի ժամանակ: Դրանք հետերկրաշարժյան տարիներին մնացին անխնամ ու ուշադրությունից զրկված, որովհետև հարկավոր էր քաղաքի անօթևան բնակիչներին բնակարանով ապահովել: Բայց 2016 թվականից որոշվեց «վիրահատել Գյումրիի սիրտը» ու նոր կյանք տալ: Հեկտարներով ձգվող հին Գյումրիից ընտրվեց մեկ փողոց, որից սկսվեց վերականգնումը: Շոթա Ռուսթավելու փողոցի վերականգնումը դարձավ «Կումայրի վերածնունդ» ծրագրի սկիզբը:

Հին ու նոր փողոցի պատմությունը

«1834 թվականից քարտեզի վրա նշված է այդ փողոցը, հնում համարակալած են եղել փողոցները: Այն 14 փողոցն էր, կենտրոնական մասն էր, Ձորի մայլեն մի քիչ խառը փողոցներ ու շինություններ ուներ, մարդիկ էնտեղից դուրս էին գալիս Սուրբ Նշան եկեղեցի: 14 փողոցը կարևոր հանգույց է եղել քաղաքային շինություններով», -պատմում է Գյումրիի նախկին ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանը:

«Այստեղ կան պատմական ու ճարտարապետական տարբեր արժեք ունեցող շինություններ, երաժշտական դպրոցը նախկինում եղել է դպրոց, Խրիմյան Հայրիկի մակագրությամբ այստեղ բացվել է դպրոց դեռ 1800-ականներին, այս փողոցում ևս կարելի է գտնել գյումրեցի հայտնի արհեստավորների տները, որոնք կառուցվել են բարձր ճաշակով, եվրոպական ու ռուսական ճարտարապետական մոտեցումներով»,- նշում է «Կումայրի» արգելոց-թանգարանի տնօրեն Ստեփան Տեր-Մարգարյանը:

1950-ականներին, ինչպես ԽՍՀՄ-ի շատ քաղաքների փողոցներ, Լենինականի [Գյումրիի] այս փողոցը ևս անվանակոչվեց Շոթա Ռուսթավելիի անունով:

«Բայց փողոցը իր անունը չկրեց, պաշտոնական փաստաթղթերում Ռուսթավելի էր, սակայն ժողովրդի համար միշտ մնաց 14 փողոց: 14-ի երաժշտական, 14-ի քյալլախան, 14-ի պաժառնի, ոչ թե Ռուսթավելիի», –ասում է փողոցի հնաբնակներից Հովհաննես Հովհաննիսյանը: Ապա կիսվում մանկական հիշողություններով, որին միանում են փողոցի մյուս բնակիչները՝ և սկսվում է ուրախ խոսքն ու զրույցը.

– Էս փողոցին երեխեքով կըսեինք Ճիճվի դար [բարձունք]:

– Երևի օր օձանման է փողոցը, վերելքներով ու վայրէջքներով, դրա համար են էդպես ասել:

– Իսկ էս պաժառնու աշտարակին անցել է մեր մանկությունը:

– 1926 թվականից դարձել է պաժառնի, հմի էլ Հրշեջ փրկարարական ծառայությունն է: Հնում հեռախոս չի եղել աշտարակից նայել են հերթապահները, ուրդեղ մուխ են տեսել, գնացել են մարելու,- պատմում են փողոցի բնակիչները:

Ստեղծվեց «Կումայրի վերածնունդ» հիմնադրամը, որի միջնորդությամբ պատմաճարտարապետական արժեք ունեցող շինությունները վերականգնվելու են ներդրողի միջոցներով: Հուշարձանտները գնվելու են, վերականգնվելու են, հետագայում հյուրատուն, սրճարան, ժամանցի վայր դառնալու նպատակով: Այս ամենը նպաստելու է, որ Շիրակի մարզում զարգանա զբոսաշրջությունը:

Դեռ մինչև հեղափոխությունը, 2017 թվականի գարնանը, Հայատանի նախորդ կառավարության վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ Ռուսթավելու փողոցում սկսվեցին հիմնանորոգման աշխատանքները: Քարե սալերը, փոխարինվեցին նորերով, էլեկտրական լարերը, խողովակները ստորգետնյա դարձան: Նոր գույն ստացավ փողոցը:

Միայն թե գյումրեցիք ասում են. երբ նայում ես փողոցին, պակասում է կանաչ գույնը, հարկավոր էր նաև լուծումներ գտնել և փորձել պատմական շինություններն ու բնությունը միահյուսել:

Ռուսթավելիի փողոցի վերակառուցումն ավարտվեց 2017-ի հոկտեմբերին: Պատմական միջավայրը վերականգնելու նպատակով մեկնարկեց այս փողոցին զուգահեռ՝ Հովհաննես Շիրազի փողոցի բարեկարգումը: Այստեղ ևս կարելի է քայլել ու գտնել պատմության գույները, ինչպես Ռուսթավելիում. երբ դարերի հնության կողքին կա նորակառույցը, երբ երկու դար պատմություն ունեցող վթարված պատմական շինությունը հարևանություն է անում նորակառույցի հետ:

«Լավ է, որ էս փողոցը վերականգնվեց, նոր շնչառություն ստացավ: Դրսից են գալիս զբոսաշրջիկներ, Հայաստանի մարզերից կան հյուրեր: Մեր ճարտարապետությամբ կհիանան: Մեզի համար սովորական է մեր տները դարձել, բայց իրանք կհիանան, կզարմաման: Կուրախանամ, օր վերջապես բդի կառուցեն, չբդի քանդեն, ճիշտ է իրանց բիզնեսն է, բայց ինչ որ տեղ առաջընթաց կէղնի, գեղեցկություն կէղնի»,- գյումրվա բառբառով ասում է փողոցի անցուդարձին հետևող Անդրանիկ պապը:


Կարդալ ավելին JAMnews-ում