«Զբոսաշրջային քաղաք կարող է լինել էն վայրը, որի բնակիչներն իրենց լավ են զգում ու երջանիկ են» " />

Գյումրի. Նոր առաջարկ Հայաստանի զբոսաշրջային քարտեզի վրա

«Զբոսաշրջային քաղաք կարող է լինել էն վայրը, որի բնակիչներն իրենց լավ են զգում ու երջանիկ են»

«Գյումրին տարիների ընթացքում չհայտնվեց Հայաստանի զբոսաշրջային քարտեզի վրա, նախ այն պատճառով, որ 1988 թվականի երկրաշարժը խոր հետք թողեց՝ ավերված քաղաք, մեծ տնակային թաղամասեր, որոնցից մինչև հիմա չենք ձերբազատվել: Ես միշտ ասել եմ, զբոսաշրջային քաղաք կարող է լինել այն վայրը, որի բնակիչներն իրենց լավ են զգում ու երջանիկ են: Չի կարող լինել զբոսաշրջություն, երբ հենց բնակիչն իրեն բավարարված չի զգում»,- նշում է Գյումրիի «Բեռլին» հյուրանոցի  տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը:

Նա երկար տարիներ է, ինչ փորձում է զբոսաշրջիկներին գրավել ու բերել Գյումրի:

Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական, Գյումրի…. Այս անունները  Հայաստանի երկրորդ քաղաքը վաստակել է դարերի ընթացքում: Գյումրիում պահպանվել են 18-20-րդ դարերի հազարից ավելի հուշարձան-շինություններ, 19-րդ դարի վերջին քաղաքն Անդրկովկասի առևտրաարդյունաբերական ու մշակութային կենտրոններից մեկն էր: Սակայն Գյումիից դուրս քչերն են  տեղյակ, թե ինչ պատմական շերտեր ունի այս քաղաքը:

Գյումրին զարգացնելու նոր ծրագիրը

Նախորդ տարի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը առաջարկեց ծրագիր, որ կօգներ Գյումրիին ոչ թե տնավարի, այլ  գեղեցիկ հագ ու կապով  հեռու ու մոտ տեղերից հյուրերին դիմավորել: Այդ նպատակով ստեղծվեց «Հույս Գյումրիի շենացման»  հիմնադրամը, որը միտված է հաջորդ տասնամյակի ընթացքում աջակցել այստեղ ձեռներեցության, քաղաքաշինության և արդյունաբերության զարգացմանը:

Վարչապետն էլ հայտարարեց. «Այս ծրագիրը Գյումրիում տրամադրություն փոխող ծրագիր է: Իմ ընտանիքի համար մեծ պատիվ կլինի, որ ստեղծվելիք ներդրումային հիմնադրամում առաջին ներդրում կատարողը լինի»:

Կրապետյանի ընտանիքն իրոք առաջինը ներդրում կատարեց՝ 500 հազար դոլարի չափով:     

Ծրագիրը կյանքի կոչվեց: Մի քանի ամիս է սկսվել են Գյումրիի պատմական միջուկում  վերականգնման աշխատանքները,  իսկ կառավարությունն էլ փորձում է էլի ներդրողների գրավել

«Շատ լավ ոգևորող ալիք էր, կարևոր էր  վարչապետի ոգևորությունը, որը փոխանցվեց, բայց, կարծես թե, հիմա մարել է այդ տրամադրությունը:  Եթե հույսներս դրել ենք, որ արտերկրից են գալու ներդրողներ, դա խաբկանք է, և  զարգացման ևս մեկ փուլ խափանում ենք, իսկապես պետք է լուրջ ներդրում ու պետական աջակցություն»,- նշում է Ալեքսան Տեր-Մինասյանը, վերջին մի քանի ամիսների իրավիճակն ի մի բերելով:

Նա նաև իր մտահոգությունն է հայտնում, որ Գյումրին դեռ հասանելի չէ տարբեր տրանսպորտային միջոցներով. այն 120 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում մայրաքաղաքից, ունի երկաթգիծ ու օդանավակայան, որոնց աշխատանքն այնքան էլ արդյունավետ չէ:

«Հիմնականում Գյումրի գալիս են նրանք, ովքեր արմատներով կապված են քաղաքին, և նրանք, ովքեր ցանկանում են գնալ Վրաստան, որ էժան գներով թռչեն արտերկիր: Գնալու և հետդարձի ճանապարհը անցնում է Գյումրիով: Մենք էլ ուրախանում ենք, որ Վրաստանում ինքնաթիռի տոմսերը էժան են, ու հյուրերը թեկուզ մեկ գիշերակացով կարող են մնալ Գյումրիում»,- ասում է «Բեռլին» հյուրանոցի տուրերի կազմակերպիչ Լուսինե Մանուկյանը:  

Զբոսաշրջությամբ զբաղվող ընկերությունները հավաստում են, որ Գյումրի հիմնականում գալիս են Եվրոպայից և Ռուսաստանի Դաշնությունից:  Եվրոպայից գալիս են հիմնականում ավագ սերնդի մեր հայրենակիցները, ՌԴ-ից ընտանիքներով են գալիս՝ հայրական տներն այցելելու ու բարեկամներին հանդիպելու, մի քիչ էլ Հայաստանում շրջելու համար: 

Այսինքն գալիս են մարդիկ, որոնք կապված են քաղաքի հետ, այդ պատճառով էլ մարզում հաշվարկված հյուրանոցային ընդամենը 300 մահճակալներից զբաղվածությունը ապահովվում է միայն 4-5 ամիս մինչև 70 տոկոս ծանրաբեռնվածությամբ:

Տարեկան քաղաք է գալիս շուրջ 50 հազար զբոսաշրջիկ: Միայն առաջին հայացքից է սա մեծ ցուցանիշ թվում, իսկ երբ այն բաշխում ես ամբողջ տարվա կտրվածքով, պարզվում է. սա շատ փոքր թիվ է, և հյուրանոցների աշխատանքը նույնիսկ ոչ եկամտաբեր է դառնում:  

Հիմնական պատճառն այն է, որ քչերը գիտեն Գյումրիի գոյության մասին: Բնապահպան, էքսկուրսավար Լևոն Մարտիրոսյանը, վերջին տարիների իր դիտարկումներն ամբողջացնելով, նշում է, որ թեև սկսել են ճանաչել քաղաքը, բայց տեմպերը դանդաղ են.

«Պակասում է համակարգված աշխատանքը, ինֆորմացիայի գրագետ  ներկայացումը: Կան Գյումրու մասին պատմող կայքեր, որոնք անգրագիտություն են տարածում: Առանց իմանալու, թե ինչ կա մեր տարածքում, տեղեկատվություն մատուցելով, մենք հաջողություն չենք ունենա»:

Լևոն Մարտիրոսյանի նախաձեռնությամբ Շիրակի պետական համալսարանում արդեն 6 տարի է  բացվել է  «Հյուրանոցային գործ և սերվիս»  բաժինը, բայց գրագետ էքսկուրսավարների բացը լրացնել դեռ չի հաջողվում:  

Գյումրին ու իր բրենդը

Գյումրիի գոյության մասին որոշել է աշխարհին պատմել «Deem Communications» մարկետինգային և PR-ընկերությունը, որը  մինչև տարեվերջ հետազոտելու է քաղաքն ու նաև դրա քաղաքացուն, ապա, ամբողջացնելով տվյալները, ստեղծելու է Գյումրու բրենդը:

Ընկերության ստեղծագործական տնօրեն կանադահայ Րաֆֆի Նիզիբլյանին Գյումրին վաղուց է գերել:  

«Ես երկրաշարժից 2 տարի հետո, 1990-ին Մոնրեալի պարախմբով եմ այցելել Գյումրի, հետո Սպիտակ, ապրեցինք Թալինում ու շատ բան հայտնաբերեցի ինձ համար», -պատմում է Րաֆֆին:

Հետագայում նրա տպավորությունները դարձել են Գյումրիի վերածնունդին նվիրված ֆիլմ, այս տարի էլ նա որոշել է օգնել քաղաքին ու կատարել սոցիալական ներդրում՝ բրենդավորել Գյումրին: Նախնական  հաշվարկներով, ընկերության ներդրումը կազմում է մոտ 35 հազար եվրո:

«Արդեն 15 տարի է ապրում եմ Հայաստանում, ու մենք որպես Հայաստանում ապրող քաղաքացի ու ընկերություն ուզում ենք ունենալ ոչ միայն մեկ շուկա, դա հիմա միայն Երևանն է, այլ լինի նաև երկրորդ, երրորդ քաղաք ու շուկա: Դրա համար նաև պետք է լինեն տնտեսապես, սոցիալապես կայուն քաղաքներ: Մենք ուզում ենք նպաստել մեր ապագային, ոչ միայն որպես քաղաք նայել ու ներդրում կատարել, այլ որպես բիզնես դիտարկել»,- ասում է Րաֆֆին:

Գյումրին բրենդավորելու համար ընկերության աշխատակիցները սկսել են ուսումնասիրել քաղաքը, մարդկանց, տները, բակերը, բնավորությունները: Համոզված են, մինչև տարեվերջ գտնելու են այն, ինչը կդառնա Գյումրու խորհրդանիշը, այն բացառիկը, որ կկանչի մարդկանց:

«Թբիլիսիի և Երևանի միջև է գտնվում Գյումրին ու կարող է կապել այս երկու քաղաքները, կարծում ենք, որ մեր ներդրումը իր արդյունքը կտա: Ես տեսնում եմ Գյումրին զբոսաշրջային կենտրոն դառնալու հեռանկարը»,- կանադահայ  գործարարը  նաև շեշտում է, որ  բրենդավորելուց հետո մարզային, քաղաքային իշխանություններն ու գյումրեցին ինքը պետք է աշխատեն, որ ճանաչելի դարձնեն քաղաքը:

«Կումայրիի, հին քաղաքի վերանորոգումը շատ կնպաստի դրան, բայց դա բավական չէ: Դա, այսպես ասած, կոշտ սկավառակն է,  բայց համով  մասը գյումրեցին պետք է կարողանա ապահովել` ռեստորաններ,  ժամանցի վայրեր, գրավիչ ու մաքուր միջավայր ստեղծել», – նշում է Րաֆֆի Նիզիբլյանը:

Նա կարծում է, որ 2018-20 թվականիններին, ցանկության դեպքում, կարելի է ծաղկեցնել քաղաքը, քանի որ այստեղ կա պատմական միջավայր, Գյումրին հայտնի է օլիմպիական չեմպիոններով, արվեստագետներով, հատուկ խառնվածքի մարդկանցով: Տեղացիների բնավորությունը, հումորն ու հաղթանակի ձգտումը, յուրաքանչյուր ոլորտում, հայնտնի են՝ գոնե Հայաստանում: Հիմա եկել է այդ որակներն ու սիրելի քաղաքը օտարերկրացիներին ներկայացնելու ժամանակը:


Կարդալ ավելին JAMnews-ում