Ադրբեջանում նոր տեսանյութ է հրապարակվել և աղմկահարույց հանդիսության ևս 12 հյուրի անուն
«Գորշ կարդինալ» Ռամիզ Մեհթիևի թոռնուհու հարսանիքին հրավիրվածների թվում է եղել Ադրբեջանի խորհրդարանի ևս երկու պատգամավոր, մայրաքաղաքի բուհերից մեկի ռեկտորը, երկրի օմբուդսմենն, ինչպես նաև հայտնի առևտրային կառույցների մի քանի ղեկավար։
Հարսանեկան նոր տեսանյութում լավ երևում են հանդիսության որոշ հյուրեր, ինչպես նաև Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևայի, խորհրդարանի պատգամավոր Սիավուշ Նովրուզովի կնոջ պարը։ Ի դեպ, ինքը Նովրուզովը հարսանիքին մասնակցելու համար քննադատության պատճառով հրաժարական է տվել իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության կառավարման փոխնախագահի պաշտոնից։
Հարսանիքից հետո 15 օրով կալանավորվել էին հարսի հայրը՝ Ռամիզ Մեհթիևի փեսան, խորհրդարանի նախկին պատգամավոր Իլհամ Ալիևն, ինչպես նաև փեսայի հայրը՝ Պետանվտանգության ծառայության գնդապետ Ռովշան Մուստաֆաևը։ Նրանց դատը ցուցադրվել է երկրի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում։
2020 թ–ի մարտից Ադրբեջանում արգելված է հարսանիքներ և այլ հանդիսություններ կազմակերպել կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Հայտնի ադրբեջանցի բլոգեր և լրագրող Հաբիբ Մունթեզիրը, որը Գերմանիայում է ապրում, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է սկանդալային հարսանիքի ևս 12 մասնակցի անունները․
Ֆարիդ Մուստաֆաև (փեսայի եղբայրը, ոստիկանության ավագ լեյտենանտ);
Բախտիար Ալիև (խորհդարանի պատգամավոր);
Քամիլյա Ալիևա (Ռամիզ Մեհթիևի դուստրը, Բաքվի պետհամալսարանի ամբիոնի վարիչ);
Սաբինա Ալիևա (Ադրբեջանի օմբուդսմեն);
Այսել Թեյմուրզադե (երգչուհի, պետական ֆիլհարմոնիայի տնօրենի կինը);
Նիգյար Մեհթիևա (Ռամիզ Մեհթիևի հարսը, ВТВ բանկի դիտորդական խորհրդի անդամ);
Ֆիքրեթ Ալիև (հարսի քեռին, հատուկ ծառայությունների նախկին գնդապետ);
Ֆարիդա Ալիևա (Ֆիքրեթ Ալիևի կինը);
Օրհան Ալիև (նախկին պատգամավոր Իլհամ Ալիև զարմիկը, Աիլյա Թի–Վի կաբելային հեռուստատեսության ղեկավար);
Սաֆտար Ալիև (նախկին պատգամավոր Իլհամ Ալիևի մյուս զարմիկը, «AQUA SAFE» և «E and S» ընկերությունների սեփականատեր);
Ալիա Նախչիվանլի (խորհրդարանի պատգամավոր);
Գյուլչոհրա Մամեդովա (Ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտոր)։
Սոցցանցերի օգտատերերը ոչ միանշանակ են արձագանքել հարսանեկան նոր տեսանյութին։ Ահա մի քանի բնորոշ մեկնաբանություն․
«Զգացվում է, որ գաղտնի են նկարահանել»։
«Նոր օմբուդսմենի այս պարից հետո հարգանքով լցվեցի մարդու իրավունքների նախորդ պաշտպանի նկատմամբ»։
«Կադրերում երևացող այս մարդիկ իրականում մեր հասարակության ամենացածր շերտն են, սակայն ինչ–որ կերպով ղեկավարությունում են հայտնվել»։