Կուրսկի վրա հարձակման նախնական հետևանքները․ ինչպես Ուկրաինան շրջեց իրավիճակը
Ուկրաինայի հարձակումը Կուրսկի վրա
Ուկրաինայի առաջխաղացումը Կուրսկի մարզում արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ չի իջնում առաջատար համաշխարհային լրատվամիջոցների էջերից։ Թվում է՝ ոչ ոք չէր սպասում Ուկրաինայի կողմից նման քայլ։ Թեև լայնածավալ գործողության ռազմական նպատակները դեռևս պատերազմի մշուշի մեջ են, դրա քաղաքական ձեռքբերումներն արդեն ուրվագծվում են։
Մինչ ուկրաինական բանակը վերահսկողության տակ է վերցնում ռուսական քաղաքներն ու գյուղերը, Չինաստանը զուսպ կոչ է անում «հակամարտության կողմերին ձեռնպահ մնալ էսկալացիայից», իսկ արևմտյան երկրները ձևացնում են, թե արտառոց ոչինչ չի կատարվում։ Մինչդեռ Կրեմլում տենդագին փնտրում են իրավիճակը տեղայնացնելու հնարք՝ միաժամանակ չդադարեցնելով իրենց հարձակումն Ուկրաինայի արևելքում։
Որքանո՞վ է Կուրսկի գործողությունը սպառնում Պուտինի ռեժիմի կայունությանը, հնարավո՞ր է արդյոք տարածքների փոխանակում Ռուսաստանի հետ, և ինչպես է այս հարձակումը փոխել Արևմուտքի վերաբերմունքը պատերազմին։՝ կարդացեք hromadske-ի նյութում։
Ինչպե՞ս ռուսները չնկատեցին ուկրաինական հարձակման նախապատրաստումը
Ուկրաինական հարձակումը նախապատրաստվում էր լիակատար գաղտնիության պայմաններում։ Ռազմաքաղաքական ղեկավարությունն արել էր հնարավոր ամեն ինչ՝ ռուսներին մոլորության մեջ գցելու և ճեղքում իրականացնելու համար այն պահին, երբ թշնամին դա չէր սպասում։ Բայց ինչպե՞ս է հնարավոր թաքցնել տեխնիկայով հանդերձ մի քանի հազարանոց զորախմբի տեղաշարժ թշնամու սահմանին։
Մայիսին Գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովը հայտարարել էր, որ ռուսները կարող են երկրորդ անգամ ճակատ բացել Սումիի մարզում։ Նմանատիպ նախազգուշացում ԳՀՎ ղեկավարը հնչեցրել էր նաև հուլիսին՝ ուկրաինական հարձակումից մի քանի շաբաթ առաջ։
Վերջապես, Ռուսաստանի տարածք ներխուժելուց մեկ շաբաթ առաջ նախագահ Զելենսկին Le Monde ֆրանսիական թերթին տված հարցազրույցում դժգոհում էր, որ Ուկրաինայի բանակը զինվորների պակաս ունի։ Իսկ արդեն պատրաստված 14 նոր բրիգադներից, իբր, հաջողվել էր համալրել միայն երեքը՝ զենքի պակասի պատճառով։
Այսպիսով՝ օգոստոսի սկզբին տեղեկատվական դաշտում տպավորություն էր ստեղծվում, որ Ուկրաինան հարձակողական ներուժ չունի, իսկ Ռուսաստանի Կուրսկի մարզի սահմանին ուժերի ցանկացած կուտակում պաշտպանության կազմակերպում է՝ թշնամու նոր ներխուժմանը հակադարձելու համար։
Ինչպես ասում էր չին փիլիսոփա Սուն Ցզին. «Եթե թույլ ես՝ ձևացրու, թե ուժեղ ես։ Եթե ուժեղ ես՝ ձևացրու, թե թույլ ես»։
Միևնույն ժամանակ, «հերթական» պաշտպանողական գործողությունների տեսքով Ուկրաինայի ԶՈւ-ն իրականացնում էր նախապատրաստական աշխատանքներ՝ սկսած ռադիոէլեկտրոնային պայքարի նորարարական միջոցառումներից և սեփական նախնական հետախուզությունից, մինչև թշնամու լոգիստիկայի օբյեկտների՝ զինամթերքի պահեստների և նավթաբազաների համակարգված ոչնչացումը հրետանային հարվածներով։
Որքա՞ն լուրջ է հաջողությունը մարտի դաշտում
Օգոստոսի 6-ի գիշերը ուկրաինական զորքերը մտան Կուրսկի մարզ։ Ռուսաստանի ռազմական ղեկավարությունը պատրաստ չէր իրադարձությունների նման զարգացման։ Անակնկալի էֆեկտը թույլ տվեց Ուկրաինայի ԶՈւ-ին արագորեն առաջ շարժվել՝ ընդամենը 10 օրվա հարձակման ընթացքում հաջողվեց գրավել մոտավորապես նույնքան տարածք, որքան ռուսներն օկուպացրել էին Ուկրաինայում ամբողջ 2024 թվականի ընթացքում։
Սկզբում ռուսական պրոպագանդան համոզում էր, թե խոսքը միայն «սահմանային սադրանքի» և դիվերսանտների գործողությունների մասին է։ Բայց շուտով ռուսները ստիպված էին ընդունել, որ Ուկրաինան, այնուամենայնիվ, հարձակում է իրականացնում, Ռուսաստանի բանակն, իբր, արդեն հետ է մղել այն և «մաքրում է տեղանքը»։ Սակայն մարտերի սկզբից գրեթե մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 12-ին, նույնիսկ Պուտինը հրապարակայնորեն «իմացավ», որ ուկրաինական բանակն առաջ է շարժվել ավելի քան 10 կիլոմետր՝ Կուրսկի մարզի խորքը։ Ուշագրավ է, որ նույն օրը Կուրսկի գործողությունը առաջին անգամ հաստատեց նաև նախագահ Զելենսկին։
Օգոստոսի 13-ին Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին զեկուցեց պետության ղեկավարին, որ ուկրաինական զորքերի վերահսկողության տակ են գտնվում 74 բնակավայր և ռուսական տարածքի շուրջ 1000 կմ²։
Համեմատության համար՝ ռուսներին՝ Խարկովի ուղղությամբ լայնածավալ հարձակման ժամանակ, որը սկսվել էր դեռ մայիսի 10-ին, հաջողվել էր գրավել 11 ուկրաինական գյուղ և Ուկրաինայի տարածքի 184 կմ²։ Ընդհանուր առմամբ 2024 թվականի սկզբից թշնամին օկուպացրել էր մոտ 1000 կմ²։
Եվ Ուկրաինայի ԶՈւ-ն 10 օրվա ընթացքում վերահսկողության տակ վերցրեց ավելի շատ ռուսական տարածք, քան կարողացել էր ազատագրել ուկրաինական հողերը 2023-ի հակահարձակման ժամանակ։ Այն ժամանակ երկրի հարավում և արևելքում պաշտպանության ուժերը վերադարձրել էին իրենց հողի 395 կմ²-ի վերահսկողությունը։
Հարկ է նշել, որ գործողությունը դեռ շարունակվում է, հետևաբար, մենք չենք կարող անել նույնիսկ նախնական եզրակացություններ այն մասին, թե ո՞ր սահմանագծում կորոշեն ամրապնդվել Ուկրաինական զորքերը, և արդյո՞ք նրանց կհաջողվի պահել այդ սահմանագծերը։
Որոշ արևմտյան վերլուծաբաններ կարծում են, որ հիմա՝ արագ ճեղքման փուլից հետո, ուկրաինական ուժերն անցնելու են «հաջողության զարգացման» փուլին։ Թեև չեն բացառում նաև այն հեռանկարը, որ ուկրաինացի հրամանատարները կորոշեն օգտվել ռուսների պասիվությունից և էլ ավելի առաջ շարժվել Ռուսաստանի տարածքի խորքը։ Ուստի Կուրսկի հարձակման տարածքային ցուցանիշները ծառայում են ոչ թե որպես հաջողության չափանիշ, այլ ավելի շուտ՝ որպես այն իրավիճակի նշան, թե ինչ է հաջողվել Ուկրաինայի ԶՈւ-ին։
Այնուամենայնիվ, կա արդեն ակնհայտ արդյունք. ուկրաինացի զինվորականները գերի են վերցրել ռեկորդային թվով ռուսների, որոնք անհրաժեշտ կլինեն հնարավոր փոխանակման համար, մասնավորապես՝ «Ազովստալի» մարտիկների հետ։ Այսպես, ըստ The Independent բրիտանական թերթի հաշվարկների, Կուրսկի մարզում մարտերի ընթացքում շուրջ 2000 ռուս զինվորական արդեն հանձնվել է ուկրաինական ուժերին։
Ի վերջո, Կուրսկի մարզում պաշտպանության այսպիսի ձախողումը շփոթեցրել է Կրեմլին և ստիպել շտապ ուժեր փնտրել ուկրաինական հարձակումը կանգնեցնելու համար։
Առայժմ «անցքը փակելու» փորձեր են անում ռոսգվարդիայի, ԴԱԾ-ի ստորաբաժանումներով և դեռ լիովին չպատրաստված պահեստազորայիններով։ Սակայն նրանք հիմա չեն կարող ապահովել դիմադրություն Ուկրաինայի ԶՈւ-ի մի քանի հազարանոց զորախմբին։
Հետևաբար, Կիևի ասիմետրիկ գործողությունները Մոսկվային մղում են մարտունակ միավորումներ հանել Ուկրաինայի արևելքից, որտեղ ռուսները անցյալ տարվա աշնանից հաջող հարձակում էին իրականացնում։ Ուստի, ըստ ռազմական փորձագետ Միխայիլ Սամուսի, Կուրսկի հարձակումը կարող է ավելի լայն՝ ռազմավարական մակարդակի գործողության տարր լինել, որը պետք է շրջադարձ մտցնի պատերազմի ընթացքում։ Երբ ռուսները ուժերի զգալի մասը դուրս բերեն Ուկրաինայից, թուլացած հատվածներում կարող են առաջանալ պայմաններ պաշտպանության ուժերի հակահարձակողական գործողությունների համար՝ արդեն Ուկրաինայի տարածքում։
Կարո՞ղ են արդյոք ուկրաինական զորքերը պահպանել իրենց դիրքերը ռուսական տարածքում
Ներկայումս ռուսները փորձում են փոքր կորուստներով կանգնեցնել ուկրաինացիների առաջխաղացումը Կուրսկի մարզում՝ չհանելով Դոնեցկի կամ Խարկովի ուղղություններից հզոր զորախմբեր։
Ակնհայտ է, որ Վլադիմիր Պուտինը կա՛մ դեռևս չի գնահատում սահմանամերձ իրավիճակը որպես ճգնաժամային, կա՛մ դիտավորյալ որոշել է չզոհաբերել Ուկրաինայի արևելքում հարձակումը,- hromadske-ի հետ զրույցում բացատրում է ռազմական վերլուծաբան և New Geopolitics Research Network-ի տնօրեն Միխայիլ Սամուսը։
Սա ռուսների լիովին սխալ որոշումն է ռազմական տեսանկյունից, քանի որ այս ուժերը բավարար չեն։ Այո, հիմա նրանք կարող են ստեղծել առանձին դիմադրության կետեր և հարվածներ հասցնել մեր դիրքերին։ Սակայն նրանց ստորաբաժանումները բավարար չեն կենտրոնացված հարվածների համար, որպեսզի, օրինակ, սպառնան մեր ֆլանգերին կամ լիովին կանգնեցնեն Ուկրաինայի ԶՈւ-ի ճակատային առաջխաղացումը։
Միխայիլ Սամուս, ռազմական վերլուծաբան
Առայժմ մի քանի հազար ուկրաինացի զինվորական ժամանակակից արևմտյան զինամթերքով ամրապնդվում են նոր սահմանագծերում՝ ռուսական տարածքի խորքում, և նույնիսկ ստեղծել են զինվորական կոմենդատուրա։
Կուրսկի հարձակումը հանգեցրել է մի քանի կարևոր լոգիստիկ երթուղիների վերացմանը, որոնք օգտագործվում էին օկուպանտի կողմից իր բանակի աջակցության համար։
Բացի այդ, Սուջայի շրջանի վերահսկողության կորուստը ապակայունացնում է ռուսական ռազմական լոգիստիկան հարևան Բելգորոդի շրջանում,- նշել է ամերիկացի ռազմական վերլուծաբան Թրենթ Թելենկոն։
Ռուսական բանակի համար երկու առանցքային երկաթուղային տեսակավորման կայանները գտնվում են Բելգորոդում և Ռոստովում։ Ուկրաինական հարձակումը հյուսիսից կտրեց Բելգորոդի երկաթուղային տեսակավորման կայանը։ Գնացքների երթևեկության այսպիսի վերաուղղորդում, ինչպես հիմա, Ռուսաստանում չի եղել 1941 թվականից ի վեր։
Թրենթ Թելենկո, ամերիկացի ռազմական վերլուծաբան
Ուկրաինական հարձակման անտեսումը կարող է հանգեցնել դրա հետագա զարգացմանը դեպի հյուսիս-արևելք, որտեղ գտնվում է Կուրսկի ատոմային էլեկտրակայանը։ Դրա անջատումը հարավային մարզերի էներգահամակարգից ռուսների համար իսկական աղետ կդառնա։
Այնուամենայնիվ, վերլուծաբանները այս սցենարը համարում են ոչ իրատեսական, քանի որ ԿԱԷԿ-ից մինչև Ուկրաինայի ԶՈւ-ի ներկայիս դիրքերը ավելի քան 30 կիլոմետր հեռավորության վրա է, ինչը ժամանակակից պատերազմի պայմաններում թվում է չափազանց մեծ հեռավորություն։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ռազմավարական օբյեկտին օտարերկրյա բանակի այդ աստիճան մոտ լինելը ավելացնում է տեղեկատվական ճնշումը և թույլ է տալիս իրականացնել ՏՀԳ-ներ (տեղեկատվական-հոգեբանական գործողություններ), որոնք խուճապային տրամադրություններ են ստեղծում ագրեսոր պետության հասարակությունում։
Պուտինի ռեժիմի կայունությունը վտանգվա՞ծ է
Ուկրաինական զորքերի Կուրսկի գործողությունն իսկապես ցույց տվեց ռուսական ռազմաքաղաքական ղեկավարության անարդյունավետությունը։ Կրեմլում իրենց սահմանի ճեղքմանն արձագանքեցին նյարդայնորեն և էական ուշացումով։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի արտակարգ նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարեց հակաահաբեկչական գործողության իրականացման մասին երեք շրջանների տարածքում՝ Կուրսկի, Բելգորոդի և Բրյանսկի։
Որոշ ռուս պրոպագանդիստներ նույնիսկ կատակում են Կրեմլի՝ եռատառ հապավումներ օգտագործելու շուրջ. սկզբում ՀՌԳ-ն էր (հատուկ ռազմական գործողություն) հիմա ավելացավ նաև ՀԱԳ-ը (հակաահաբեկչական գործողություն)։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Պուտինը մերժում է իր կառավարությունը սանձազերծած լիարժեք պատերազմը, նույնիսկ երբ մարտական գործողություններն արդեն հասել են Ռուսաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք։
«Ըստ Վլադիմիր Պուտինի հռետորաբանության՝ «Կիևի ահաբեկչական ռեժիմը», ինչպես ժամանակին «Չեչնիայի ահաբեկչական ռեժիմը», իբր, հարձակվել է Ռուսաստանի խաղաղ տարածքի վրա»,- hromadske-ի հետ զրույցում բացատրում է լրագրող և հրապարակախոս Վիտալի Պորտնիկովը։
Մյուս կողմից, ՀԱԳ ռեժիմը փաստացի սահմանափակում է տեղեկատվության արտահոսքը սահմանամերձ շրջաններից, ինչպես նաև հնարավորություն է տալիս արգելափակել բնակիչների ելքն այդ տարածաշրջաններից, նշում է Պորտնիկովը։
ՀԱԳ ռեժիմը Կրեմլին տալիս է իրավիճակի լիակատար տեղեկատվական վերահսկողություն։ Դրանով Պուտինը ստեղծում է օպրիչնինա, որը կգոյատևի բացարձակապես արտաիրավական ռեժիմում։ Ուժային կառույցները կունենան գրեթե անսահմանափակ լիազորություններ։ ՀԱԳ ռեժիմը պետություն է ստեղծում պետության մեջ։ Մենք դա արդեն տեսել ենք Հյուսիսային Կովկասում պատերազմի ժամանակ։
Վիտալի Պորտնիկով, քաղաքական մեկնաբան
Այն, որ Ռուսաստանի տարածքը վերածվում է լիարժեք մարտական գործողությունների թատերաբեմի, կարող է օգնել զարգացնել Ռուսաստանի ներսում ուկրաինացիների՝ որպես թշնամիների կերպարը, բայց դա հազիվ թե արժե հաշվի առնել։
Առանց պատերազմը ագրեսորի կողմը տեղափոխելու խոսք չի կարող լինել նրա պարտության մասին, պնդում է Վիտալի Պորտնիկովը։ Քաղաքական մեկնաբանը համոզված է՝ որքան ավելի շատ այդպիսի գործողություններ իրականացնեն Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի տարածքում, այնքան ավելի մոտ կլինի այն օրը, երբ Կրեմլը ստիպված կլինի դադարեցնել պատերազմը։
Արևմտյան գործընկերները աջակցե՞լ են հարձակմանը:
Անսպասելի հարվածից հետո ոտքի կանգնելով՝ ռուս քարոզիչները և քաղաքական գործիչները կրկին կփորձեն աշխարհի ուշադրությունը հրավիրել «Ուկրաինայի զինված ուժերի կողմից խաղաղ բնակիչների դեմ հանցագործությունների» վրա և «Կիևի ռեժիմը» ներկայացնել որպես ագրեսոր, բայց նրանց դեմ կաշխատի իրենց իսկ հռետորաբանությունը. նույն բանը մենք լսում ենք դեռևս 2014 թվականից, մինչդեռ լայնածավալ ներխուժումից հետո արևմտյան լսարանը համոզվեց, թե որքան անհեթեթ են այս մեղադրանքները Ուկրաինայի հասցեին:
Սակայն շատ ավելի հետաքրքիր է, որ Ուկրաինայի հարձակումը Կուրսկի մարզում վերջապես իրականություն դարձրեց ռուսական պրոպագանդիստների վաղեմի վախը «ռուսական հողում ՆԱՏՕ-ի տեխնիկայի» մասին: Իրականում, այս հարձակման ժամանակ Ուկրաինայի զինված ուժերն օգտագործում են գերմանական և ամերիկյան զրահամեքենաներ, ինչպիսիք են Marder-ը և Stryker-ը: Իսկ ամենաանհանգստացնող ազդանշանը ռուսների համար դարձավ պաշտոնական Բեռլինի և Վաշինգտոնի համաձայնությունն այս հարցում:
Սկզբում Կուրսկի գործողության արձագանքները զուսպ էին․ «Մենք հետաքրքրված ենք մեր ուկրաինացի գործընկերների գործերի մանրամասներով»: Ապա մի շարք պաշտոնյաներ միանշանակ աջակցեցին Ուկրաինայի հարձակմանը:
Եվրոպական հանձնաժողովը նշեց, որ ուկրաինական զորքերի ներխուժումը Ռուսաստան չի խախտում միջազգային իրավունքը, որը նախատեսում է ագրեսոր երկրի տարածքում ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորություն՝ սեփական պետությունը պաշտպանելու համար: Այս գնահատականը հաստատել են նաև այլ արտասահմանյան դիվանագետներ:
Բայց եթե նախկինում խոսում էին ագրեսորի տարածքում արևմտյան տեխնիկայի չկիրառման չգրված կանոնի մասին, ապա այժմ բացահայտ խոսում են հակառակի մասին: Օրինակ, Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Ուկրաինան կարող է օգտագործել իրենց զենքերն իր հայեցողությամբ, քանի որ «փոխանցման պահից այն դառնում է Ուկրաինայի սեփականությունը»: Ավելին, Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Մարկուս Ֆաբերը Գերմանիայի կառավարությանը կոչ արեց Ուկրաինային ավելի շատ տանկեր ուղարկել:
Ուկրաինական գործողությանն աջակցել են նաև ԱՄՆ պաշտոնյաները: Այսպես, և՛ Պետական դեպարտամենտում, և՛ Պենտագոնում հայտարարել են, որ Ուկրաինան լիակատար իրավունք ունի որոշելու, թե ինչպես վարի մարտական գործողությունները:
Ավելին, Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Կիրբին ասել է՝ Վլադիմիր Պուտինն ինքն է մեղավոր, որ պատերազմը եկել է Ռուսաստանի տարածք:
Մի՛ մոռացեք, որ սա Պուտինի պատերազմն է Ուկրաինայի դեմ: Եթե դա նրան դուր չի գալիս, եթե նա դրանից մի փոքր դիսկոմֆորտ է զգում, ապա կա պարզ լուծում. նա կարող է պարզապես գրողի ծոցը գնալ Ուկրաինայից և վերջակետ դնել:
Ջոն Կիրբի, ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ
Ջո Բայդենն էլ չանտեսեց Կուրսկի հարձակումը: Լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում այդ գործողությանը, ամերիկյան նախագահը պատասխանեց, որ այն «իրական երկընտրանքի առջև է կանգնեցնում Պուտինին»:
«Կուրսկի վրա հարձակումը դարձավ լակմուսի թուղթ՝ Ուկրաինայի արևմտյան գործընկերների պատրաստակամության համար՝ փոխելու մոտեցումը Ռուսաստանին դիմադրելու հարցում: Դեռևս շատ սահմանափակումներով, բայց Արևմուտքը պատրաստ է բարձրացնել խաղադրույքները»,— մեկնաբանում է Վիտալի Պորտնիկովը:
Երկուսուկես տարի արևմտյան երկրները համոզում էին իրենց, որ Վլադիմիր Պուտինը կգնա բանակցությունների, եթե չկարողանա վերահսկողություն հաստատել Ուկրաինայի ողջ տարածքի վրա: Որ դրա համար բավական է «չպարտվել»: Ուստի նրանք զգույշ էին այն որոշումների հարցում, որոնք համարում էին ռազմական գործողությունների էսկալացիա: Այժմ նրանք համոզվեցին, որ Պուտինը չի ցանկանում բանակցել, ուստի պատրաստ են բարձրացնել խաղադրույքները: Առնվազն՝ չխանգարել Ուկրաինային դա անել:
Վիտալի Պորտնիկով, քաղաքական մեկնաբան
Ռուսաստանի ղեկավարությունն ինքն էլ ամեն կերպ ցույց է տալիս, որ մտադիր է շարունակել պատերազմը մինչև Ուկրաինայի կապիտուլյացիա։ Քննարկելով Կուրսկում Ուկրաինայի զինված ուժերի հարձակմանը հակազդելու հարցը՝ Վլադիմիր Պուտինն ընդգծեց, որ Կիևի հետ «բանակցելու ոչինչ չկա»:
Կուրսկը՝ բանակցությունների ճանապա՞րհ
Ուկրաինայի զինված ուժերի գործողությունը Կուրսկի շրջանում ի հայտ բերեց պատերազմի վերաբերյալ տարաձայնություններ նույնիսկ Ռուսաստանի և նրա ամենամտերիմ դաշնակիցների միջև:
Ասենք, Պեկինում Ուկրաինայի հարձակմանն արձագանքեցին նույնքան զուսպ, որքան նախկինում՝ ռուսական ագրեսիային. ՉԺՀ արտաքին գործերի նախարարությունը պարզապես կոչ արեց «բոլոր կողմերին՝ հակամարտության դեէսկալացիայի» և կրակի դադարեցման: Նույնիսկ բելառուս բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոն խնդրում է Ռուսաստանին և Ուկրաինային անհապաղ սկսել խաղաղ բանակցություններ վարել:
Այժմ Արևմուտքի դիրքորոշումը ոչ միայն խոսքերով, այլև կոնկրետ որոշումների մակարդակով մոտենում է Ուկրաինայի դիրքորոշմանը. Ռուսաստանը պետք է դադարեցնի պատերազմը և հրաժարվի տարածքներ զավթել: Իսկ եթե նա դա չի անում, նրան կստիպեն ճիշտ եզրակացություններ անել ուժի պարտադրանքով:
Կրեմլում դեռևս տրամադրված են պատերազմել մինչև հաղթական ավարտ, ինչ էլ որ դա նշանակի:
Ինչպես բացատրում է Վիտալի Պորտնիկովը, մինչև Ուկրաինան չանհետանա աշխարհի քաղաքական քարտեզից:
Պետք չէ կասկածել Ռուսաստանի մտադրությունների վրա: Իրականության մասին մնացած բոլոր պատկերացումները միամիտ են: Ո՞րն է ելքը իրավիճակից: Սպառել թշնամու ռեսուրսը և ռուսներին հասցնել այնպիսի վիճակի, որ նրանց ցանկությունները չհամընկնեն հնարավորությունների հետ»:
Վիտալի Պորտնիկով, քաղաքական մեկնաբան
Հարց է առաջանում. արդյո՞ք Ուկրաինայի կողմից ռուսական տարածքի օկուպացիան կարող է Մոսկվային մղել Կիևի հետ բանակցությունների: Վիտալի Պորտնիկովը կարծում է, որ գրավված շրջանների փոխանակման սցենարը քիչ հավանական է. Վլադիմիր Պուտինը հազիվ թե գնա դրան, քանի որ նույնիսկ նման բանակցություններին պատրաստակամության հիպոթետիկ հնարավորությունն իր համար թուլության դրսևորում կլինի:
Իսկ ահա Ուկրաինայի ղեկավարության պաշտոնական դիրքորոշումը բավականին գործնական է. ստեղծել յուրօրինակ միջնորմ Ուկրաինայի և ագրեսորի ուժերի միջև՝ իրեն հրետակոծություններից պաշտպանելու համար: Այս մասին հայտարարել է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Գեորգի Տիխին:
Մենք ուզում ենք պաշտպանել մեր մարդկանց կյանքը: Հիշեցնեմ, որ, մասնավորապես, Կուրսկի շրջանից միայն այս ամռան սկզբից և միայն Սումի շրջանի վրա ավելի քան 2 հազար հարված է հասցվել:
Գեորգի Տիխիյ, Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ
Ուկրաինայի ԱԳՆ-ն պնդում է, որ Ուկրաինան շահագրգռված չէ ռուսական տարածքի բռնակցմամբ, և Կուրսկի շրջանի վրա հարձակվելով նա միայն ձգտում է իրեն պաշտպանել հրետանային ռմբակոծությունից և օդային հարվածներից, քանի որ չի կարող թշնամուն դուրս հանել Ռուսաստանի խորքում հեռահար զենքերով հարվածներով։
Միգուցե Ուկրաինայի արևմտյան գործընկերներն այժմ համաձայնեն օգտագործել իրենց հեռահար համակարգերը ռուսական տարածքում գտնվող թիրախների դեմ: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը չի շտապում թույլ տալ Ռուսաստանին հարվածել հեռահար ATACMS բալիստիկ հրթիռներով։ Նույնը վերաբերում է Մեծ Բրիտանիային և նրա Storm Shadow թևավոր հրթիռներին և Գերմանիային, որը դեռ չի համաձայնել իր Taurus-ը փոխանցել Ուկրաինային։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ուկրաինայի հարձակումը Կուրսկի վրա