Ո՞վ է ուզում կամ չի ուզում Շուշի և Աղդամ մեկնել երկու ժամով և ինչո՞ւ
Ավտոբուսային էքսկուրսիաները դեպի Շուշի և Աղդամ ադրբեջանական երեք քաղաքներից սկսվել են հունվարի 24-ին։ Ինչպես հայտարարում են տեղական լրատվամիջոցները, տոմսերն ակտիվորեն վաճառվում են։ Արդեն վաճառվել է 400 տոմս, հաղորդում է Report գործակալությունը բոլոր տոմսերը՝ մինչև փետրվարի 15-ը։
Էքսկուրսիաներն անցկացվում են որոշակի խիստ կարգով․ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ կարելի է այցելել առանց գիշերակացի և միայն 18 տարեկանից բարձր քաղաքացիներին։ Ստացվում է՝ 12 ժամ տևում է ճանապարհը և մոտ երկու ժամ՝ էքսկուրսիան։ Ուղևորներին անընդհատ ուղեկցելու է ոստիկանությունը։
Շուշան (Շուշին) և Աղդամը այն քաղաքներն են, որոնք Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո (2020թ. սեպտեմբերի 27-նոյեմբերի 10) վերադարձել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ադրբեջանական բնակչությունը լքել էր այդ շրջանները 1990-ականների սկզբին, Արցախյան առաջին պատերազմից հետո։ Կազմակերպվող էքսկուրսիաներն Ադրբեջանի բնակիչների համար առաջին հնարավորությունն է՝ վերջին երեսուն տարում այդ վայրեր այցելելու։
Ադրբեջանում շատերն են ուրախ Շուշի և Աղդամ այցելելու ցանկացած հնարավորության համար, և ոչ մի պայման նրանց չի հուզում։ Օրինակ՝ ֆինանսիստ Նատալյա Եֆիսովան ասում է, որ վաղուց է այս մասին երազել․
«Ես սրան շատ երկար եմ սպասել և անպայման անելու եմ դա։ Թեև ոչ մոտ ժամանակներս․ թող իրավիճակն ավելի հանդարտվի։ Ականներն ու հնարավոր փոխհրաձգությունն, այնուամենայնիվ, վախեցնում են։
Հատկապես, որ ուզում ենք ողջ ընտանիքով մեկնել, այդ թվում՝ փոքր զարմիկս։ Նա անհամբեր սպասում է, թե երբ է Ղարաբաղում հայտնվելու, շատ է լսել այդ մասին և՛ տանը, և՛ դպրոցում։
Հուսով եմ՝ մոտ ապագայում կստացվի կատարել և՛ նրա, և՛ մեր երազանքը»։
Բայց քիչ չեն նաև մարդիկ, որոնք չեն ուզում էքսկուրսիա մեկնել ամենատարբեր պատճառներով։ Մենք հարցուփորձ ենք արել այդ մարդկանց, թե ինչով են նրանք հիմնավորում իրենց ընտրությունը։
Օրհան Սուլթանով, լուսանկարիչ․
«Կարծում եմ՝ հասկանում եմ, թե ինչու են հորինել այս ուղևորությունները։ Աղդամի դեպքում, երևի, որպեսզի ցույց տան, թե ինչ ավերածություն է այնտեղ տիրում հայկական կողմի վերահսկողության տակ 30 տարի գտնվելուց հետո, քանի դեռ այդ ավերածությունը կա։ Իսկ Շուշան, երևի, փորձում են որպես զբոսաշրջության ապագա կենտրոն։
Տարօրինակ է, իհարկե, որ այնտեղ չի կարելի գիշերել։ Կարող էին գոնե Շուշայում թույլ տալ գիշերն անցկացնել։ Բայց դա ինձ չի անհանգստացնում։ Ինչպես նաև ոստիկանության ուղեկցությամբ մեկնելը։ Իսկ այն, որ այդ ոստիկանությունն, ամենայն հավանականությամբ, թույլ չի տա լուսանկարել, անձամբ ինձ համար մեծ խնդիր է։ Առավելևս, որ այդպիսի արգելքների ամեն քայլափոխի բախվում ես նույնիսկ Բաքվում։
Ես՝ որպես լուսանկարիչ, ուզում եմ Ղարաբաղ մեկնել հենց արտահայտիչ և պատմականորեն կարևոր կադրեր անելու, քանի դեռ այնտեղ նոր քաղաքներ չեն կառուցել։ Չեմ ուզում ողջ երկիրը կտրել, որ ինձ ասեն՝ նայել կարելի է, լուսանկարել՝ ոչ։
Բացի այդ, ոչ մի տեղ լիարժեք ցանկ չկա, թե ինչ կարելի է և չի կարելի անել այդ ուղևորությունների ժամանակ։ Դա ամենամեծ թերությունն է»։
Արազ Նարիմանով, ֆիզիկայի ուսուցիչ․
«Իհարկե, շատ եմ ուզում տեսնել Ղարաբաղը։ Դրա բնությունը, ես սիրում եմ սարեր և անտառներ, հաճախ եմ այցելում Ադրբեջանի շրջաններ այսպես կոչված սիրողական «արշավների», եղել եմ գրեթե ամենուր՝ բացառությամբ այդ հատվածի։ Ուզում եմ ավելի լավ ծանոթանալ Ղարաբաղի մշակույթին։ Եվ ավելի լավ հասկանալ դրա ողբերգությունը։
Բայց ոչ հիմա, ոչ պետական քարոզչության շրջանակում։ Իսկ այդ ավտոբուսային էքսկուրսիաները ոչ այլ ինչ են, քան քարոզչություն։ Ապիկար և շինծու քարոզչության մի մասը, սեփական ժողովրդի աչքերին թոզ փչելու՝ իշխանությունների փորձը։ Չեմ ցանկանում մասնակցել դրան։ Հատկապես, որ ես կտրականապես դեմ էի Ղարաբաղյան երկրորդ պատերազմին։
Ի դեպ, փոքր ժամանակ՝ հինգ-վեց տարեկանում, Երևան եմ այցելել։ Դա 1980-ականների կեսերին էր՝ հակամարտության բռնկումից առաջ։ Իսկ Ղարաբաղում երբեք չեմ եղել։
Հուսամ՝ կտեսնեմ այն օրը, երբ այդ հակամարտությունն ինչ-որ կերպ կլուծվի, իրոք կլուծվի, այլ ոչ թե հիմիկվա պես։ Կկարողանամ մեկնել այն վայրեր, տեսնել այնտեղ և՛ հայերի, և՛ ադրբեջանցիների, որոնք միասին են ապրում, ինչպես նախկինում»։
Շահին Ռզաև, քաղաքական վերլուծաբան․
«Ես Շուշայում եղել եմ 1998 թ-ի օգոստոսին, լրագրողների խմբով ուղղաթիռով մեկնել ենք Հայաստանից։ Այդ այցը շատ ճնշող տպավորություն է թողել, որովհետև ստիպված էինք տեղաշարժվել վերահսկողության տակ, նկարահանել այն, ինչ թույլ էին տալիս։
Այդ այցից հետո խոսք եմ տվել, որ Շուշա չեմ մեկնելու, քանի դեռ այնտեղ չեն վերադարձել շուշեցիները։ Եվ թեև այսօր քաղաքն ազատագրված է, չեմ ուզում այնտեղ մեկնել՝ ամրոցի դարպասների ֆոնին սելֆի անելու համար։
Հույս ունեմ տեսնել և՛ Աղդամը, և՛ Շուշին, բայց միայն եթե հյուր գնամ ընկերներիս։ Եվ որ ոչ ոք չսահմանափակի ազատությունս, այդ թվում՝ մեր հատուկ ծառայությունները։
Ինչ վերաբերում է սահմանափակումներին, ապա գիշերակացի արգելքն, ըստ էության, հասկանալի է․ գիշերն ավելի դժվար է ամեն ինչ վերահսկել, բոլորին հետևել։ Իսկ եթե մեկն ականի վրա պայթի կամ պատահական գնդակի զոհ դառնա՞»։
Նարմին Շահմարզադե, գենդերային ակտիվիստ․
«Բանն այն է, որ, ըստ էության, իշխանությունն այդ տարածքներն օգտագործում է՝ բազմաթիվ մարդկանց զգացմունքների հետ խաղալու համար։ Քանի՜ մարդ զոհվեց, քանի՜սը հաշմանդամ դարձավ։ Իսկ կառավարությունը շարունակում է այդ հողերն իր շահերին ծառայեցնել։
Իմ կարծիքով՝ նրանք, ովքեր մեկնելու են այնտեղ, լուսանկարվելու և լուսանկարները հրապարակելու են սոցցանցերում, անուղղակիորեն սատարում են իշխանության քաղաքականությունն ու միլիտարիստական քարոզչությունը։ Հանուն դրա էլ անցկացվում են այսպիսի էքսկուրսիաները։
Այսպիսով՝ մեզ կրկին փորձելու են ներշնչել, որ «պատերազմն անհրաժեշտ էր»։ Բայց ես ոչնչով չեմ կարող արդարացնել այդքան մարդկանց մահն ու հաշմանդամությունը։ Եվ այս համոզմունքն ինձ թույլ չի տալիս մեկնել այդպիսի էքսկուրսիաների։ Դա խիստ հակասում է հայացքներիս»։
Այս պատմությունը «Հետագծեր» մեդիա նախագծի մասնիկն է: Այն պատմում է մարդկանց մասին, ում կյանքի վրա ազդեցություն են թողել Հարավային Կովկասի հակամարտությունները: Նախագծի մեջ ներգրավված են հեղինակներ և խմբագիրներ ողջ Հարավային Կովկասից, այն չի սատարում ոչ մի հակամարտության ոչ մի կողմի: Նախագիծն իրականացվում է GoGroup Media և International Alert կազմակերպությունների կողմից` Եվրամիության աջակցությամբ։