Շվեդական հրաշք, այնուամենայնիվ, տեղի չունեցավ․ կորոնավիրուսից մահացածների հսկայական թիվ և մեծ բռնկման սպառնալիք
Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդերս Տեգնելը բացահայտ սխալ է անվանել կորոնավիրուսի համավարակի ընթացքում կարանտին և ինքնամեկուսացման միջոցներ չսահմանելու իր ռազմավարությունը։ Դրա արդյունքը վարակին զոհ գնացածների չարդարացված մեծ թիվն է, ասել է Տեգնելը Swedish Radio–ին տված հարցազրույցում։
«Եթե մենք կրկին բախվեինք նույն հիվանդությանն այժմ, կարծում եմ, որ մեր ռազմավարությունն այլ կլիներ։ Մենք կընտրեինք այն բանի միջինն, ինչ արել է Շվեդիան և ինչ արել է մնացած աշխարհն», – ասել է Տեգնելը։
Տեգնելի ռազմավարությունն այն է եղել, որ հասարակությունը պետք է խմբակային իմունիտետ ձեռք բերի։ Այդ պատճառով էլ, մինչ աշխարհի գրեթե բոլոր երկրները խիստ կարանտին էին սահամնում, Շվեդիան հրաժարվում էր դրանից։
Միակ արգելքն այս ողջ ընթացքում այնտեղ եղել է հիսունից ավելի մարդկանց հավաքվելը։
• Հուլիսի 1–ին Պուտինն ուզում է իր իշխանության նոր հաշվարկ սկսել։ Ինչպե՞ս է նա անելու դա, և ի՞նչ է ստացվելու
• Ազատության հերթ․ անսովոր զանգվածային ցույց Բելառուսում
• Ամերիկան ոստիկանական մեքենաներ է այրում և պառկում գետնին՝ կրկնելով «Շունչս կտրվում է»։ Ֆոտոռեպորտաժ
Ռազմավարությունն ընտրվել է երկրի կառավարության հրահանգով և հիմնված է եղել իշխանությունների նկատմամբ բնակիչների մեծ վստահության վրա։ Համավարակի նկատմամբ նման մոտեցումը գրավել էր ողջ աշխարհի ուշադրությունը, և շատերը հենց այդպիսի վերաբերմունքն էին ճիշտ համարում։
Սակայն այժմ՝ առաջին արդյունքներն ամփոփելիս, պարզվել է, որ Շվեդիայում կորոնավիրուսից մահացության մակարդակը շատ ավելի բարձր է, քան հարևան երկրներում։ Եվ այդ հարևանները Շվեդիայի քաղաքացիներին իրենց մոտ չեն թողնում՝ վախենալով, որ նրանք նոր բռնկման աղբյուր կդառնան։
4 542 մահ Շվեդիայում և 580 մահ հարևան Դանիայում
Հունիսի 4–ի դրությամբ Շվեդիայում գրանցվել է մահացության 4 542, վարակման 40 803 դեպք 10 մլն բնակչության պարագայում։
Հարևան Դանիայում, Նորվեգիայում և Ֆինլանդիայում, որոնք խիստ սահմանափակումներ են կիրառել համավարակի ամենասկզբից, այդ ցուցանիշները շատ ավելի ցածր են։
Դանիայում 580 մահ է գրանցվել, Նորվեգիայում՝ 237, Ֆինլանդիայում՝ 321։
Այդ երկրներում վարակման և մահվան նվազագույն նոր դեպքեր են լինում։ Իսկ Շվեդիան հունիսի 3–ին հաղորդել է մահվան ևս 74 դեպքերի մասին։
«Ակնհայտ է, որ մենք կարող էինք ավելի լավ գործել, նման հետևանքներից խուսափելու համար ներուժ կար։Ապագայում ռազմավարություն ընտրելուց առաջ պետք է մտածել, թե արդյոք այս քանակությամբ մահերից խուսափելու միջոց կա», — ասել է Տեգնելը։
Եվ համաշխարհային տվյալների ֆոնին կորոնավիրուսից մահացության ցուցանիշները Շվեդիայում ամենաբարձրներից մեկն են։ Այստեղ 100 հազար բնակչության հաշվարկով մահվան 43 դեպք է գրանցվում, դա վարակվածների ընդհանուր թվի 11,6 տոկոսն է։
Դանիայում այն 4,9 տոկոս է, Նորվեգիայում՝ 2,8 տոկոս։
Մինչև վերջերս Տեգնելը պնդում էր, որ լոքդաունների պես խիստ միջոցները չեն կարող ճգնաժամի կայուն երկարաժամկետ լուծում լինել։ Եվ չնայած այլ պետությունների կողմից քննադատությանը, Շվեդիայում նրա ռազմավարությունը բնակչության մեծ մասի աջակցությունն էր վայելում։
Քաղաքական գործիչների և բնակչության նյարդային արձագանքը
Առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Լինա Հոլենգրենը Տեգնելի խոստովանություններին ի պատասխան հայտարարել է, որ մեկ հարցազրույցը չի կարելի ճշգրիտ պատասխան համարել այն հարցին, թե համավարակի դեմ պայքարի որ միջոցներն են ճիշտ, որոնք՝ ոչ։
Ֆինանսների նախարար Մագդալենա Անդերսոնն ասում է, որ կարանտինից հրաժարումը Շվեդիային չի օգնել փրկել տնտեսությունը։ Երկիրն ակնհայտորեն գլորվում է դեպի Երկրորդ ախարհամարտի տարիներից ի վեր վատթարագույն ճգնաժամ․ 2020 թ–ին ՀՆԱ–ի անկումը լինելու է նույն՝ մոտավոր 7 տոկոսն, ինչ Եվրամիության բոլոր երկրներում։
Վարչապետ Լևենն արձագանքել է հարցազրույցին՝ ասելով, որ հետաքննություն է անցկացվելու։
«Շվեդ դեմոկրատներ» հականերգաղթային հայտնի կուսակցության առաջնորդ Յիմի Օկեսոնը Տեգնելի մեկնաբանությունները «ցնցող» է անվանել։
«Ամիսներ շարունակ նա չլսեց քննադատներին։ Շվեդիան ամեն ինչ ճիշտ էր անում, մնացած աշխարհը սխալվում էր։ Իսկ հիմա սա», — Թվիթերում գրել է Օկեսոնը։
Տեգնելից առաջ այդ պաշտոնը զբաղեցրած 72-ամյա Անիկա Լինդը (նա երկրի գլխավոր համաճարակաբանն էր 2005–2013 թթ–ին) ասել է, որ սկզբից ինքը կողմ էր պաշտոնական ռազմավարությանը։ Սակայն փոխեց իր կարծիքն այն բանից հետո, երբ զանգվածաբար սկսեցին մահանալ երկրի տարեց բնակիչները․
«Չեմ հասկանում, թե ինչպես նրանք կարող են հայտարարել համավարակին պատրաստվածության լավ մակարդակի մասին, երբ իրականում այն վատն է»։
Եվս մեկ ճակատագրական սխալն, ըստ նրա, այն ենթադրությունն էր, որ կորոնավիրուսն իրեն դրսևորելու է սեզոնային գրիպի պես։ Սակայն բժիշկներն արդեն խոստովանում են, որ դա այդպես չէ։ Covid-19–ն ավելի դանդաղ է տարածվում, ավելի երկար գաղտնի ժամանակահատված ունի, այն ավելի դժվար է ախտորոշել, հետևաբար՝ խմբակային իմունիտետ ձևավորել։
«Շվեդական մոդելն ինտրիգային փորձարկում էր այն մասին, թե արդյոք կարելի է հույսը դնել քաղաքացու բարի կամքի վրա՝ խիստ միջոցներ չձեռնարկելով։ Եվ այն ակնհայտորեն ձախողվեց։ Շատ հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչպես են արձագանքելու մարդիկ հիմա, շարունակելո՞ւ են արդյոք հետևել ռազմավարությանը, որը, կարծես, չի աշխատում», — ասում է Էրիկ Շնայդերը՝ Համագործակցության հիմնադրամի հետազոտողը։
Անդերս Տեգնելը Dagens Nyheter թերթին ավելի ուշ տված հարցազրույցում իր դիրքորոշումն ավելի դրական տոնայնությամբ է ներկայացրել․
«Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ ռազմավարությունը լավ է աշխատել […]՝ չնայած մահացածների հսկայական թվին։ Ինչպես ցանկացած ռազմավարություն, սա նույնպես անընդհատ պետք է հարմարեցնել փոփոխվող հանգամանքներին»։