Ազատության հերթեր. Անսովոր զանգվածային ցույց Բելառուսում
Կիրակի՝ մայիսի 31-ին, հազարավոր բելառուսներ երկրի տարբեր քաղաքներում փողոց են դուրս եկել և երկար հերթեր կանգնել: Ինչպես հաղորդում է Եվրոռադիոն, մարդիկ դուրս են եկել իրենց ստորագրություններով աջակցելու նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային: Հասարակության կողմից նման համերաշխություն է առաջացրել Սվետլանայի նախաձեռնող խմբի ղեկավար, նրա ամուսին և պոպուլյար բլոգեր Սերգեյ Տիխոնովսկու ձերբակալությունը:

- Ռուսաստանի և Բելառուսի “խորացված ինտեգրացիան” հետաձգվում է: Մինսկում բողոք են անում անկախության կողմնակիցները
- Բյուրոկրատական բացահայտումների դարաշրջան. Թե ինչպես է կորոնավիրուսը Բելառուսում պաշտոնյաներին ստիպել խոսել
Տիխանովսկին և նրա կողմնակիցները ձերբակալվել են Գրոդնո քաղաքում «միլիցիայի աշխատակիցների նկատմամբ բռնության փաստի առթիվ» օրինական ստորագրահավաքի ժամանակ:
Արդյունքում՝ այն անձանց թիվն, ովքեր ցանկացել են ստորագրություններ հավաքել հօգուտ ընդդիմադիր թեկնածուի, կտրուկ աճել է: Ցույցեր են անցկացվել Բելառուսի բոլոր խոշոր քաղաքներում, իսկ Մինսկի կենտրոնում Տիխանովսկայայի և այլ ընդդիմադիր թեկնածուների կողմնակիցների հերթերը բառացիորեն կիլոմետրեր են ձգվել:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է ընդդիմության համախոհների ակցիան Պետական անվտանգության կոմիտեի ղեկավարի հետ հանդիպմանն ու համեմատել կատարվածն ուկրաինական Մայդանի հետ:
«Մենք շատ լավ գիտենք նպատակները, որոնք այստեղ հետապնդում են առանձին դատարկախոսներ: Եվ այդ նպատակները մեզ համար պարզ են. մեզ մոտ մայդան անել նախագահական ընտրությունների նախաշեմին: Այդպես էին նրանք պլանավորում… Այդ բոլոր մայդանասերներին ուզում եմ զգուշացնել, որ Բելառուսում մայդան չի լինելու», — հայտարարել է Լուկաշենկոն:
Բելառուսում նախագահական ընտրություններն անցկացվելու են 2020 թ-ի օգոստոսի 9-ին: