«Նորերի» քննադատություն, անցյալի արդարացում․ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը
Հայաստանում ողջ հասարակությունը քննարկում է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը։ Մեկուկես ժամվա ընթացքում երկրի նախկին առաջնորդը կոշտ քննադատության է ենթարկել ներկայիս իշխանություններին։ Մասնավորապես, այն բանի համար, որ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը 2020 թ-ի աշնանը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։
Նա ներկայացրել է Ղարաբաղյան բանակցային գործընթացի պատմությունը՝ հերքելով ներկայիս վարչապետի հայտարարություններն իր պաշտոնավարման ժամանակ թույլ տրված սխալների մասին։
Սարգսյանը հաստատել է, որ Արցախի տարածքների դիմաց միլիարդավոր դոլարների առաջարկ է ստացել Բելառուսի նախագահի միջնորդությամբ։ Նախկին նախագահը չի բացառում, որ նույնպիսի առաջարկ է արվել նաև Հայաստանի ներկայիս վարչապետին։
Նախագահի պաշտոնում երկու տարի պաշտոնավարելուց հետո Սերժ Սարգսյանը Հայաստանի խորհրդարանի կողմից վարչապետ էր ընտրվել։ Սակայն մոտ մեկ շաբաթ անց, 2018 թ․ ապիլի 23-ին նա հրաժարական է տվել՝ հազարավոր մարդկանց պահանջով, որոնք փողոց էին դուրս եկել «թավշյա» հեղափոխության ժամանակ։ Արդեն մայիսի 8-ին նրան այդ պաշտոնում փոխարինեց բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի հայտարարությունների հերքում
«Մենք [Արցախի վերաբերյալ] բանակցություններ էինք վարում այն բանի շուրջ, թե ինչ ենք ստանալու, այլ ոչ թե ինչ ենք տալու», — ասել է Սերժ Սարգսյանը հարցազրույցի ժամանակ։ Դա Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հերքումն է, որ Հայաստանի նախորդ իշխանությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները փակուղի են մտցրել և քննարկել միայն տարածքների զիջումը։
Փաշինյանն, ըստ նախկին նախագահի, այդպես էլ չհասկացավ բանակցությունների իմաստը․ Հայաստանի կողմից նախկին բանակցողների համար «կարմիր գծերն» այն էին, որ Արցախը չպետք է Ադրբեջանի կազմում լինի։
Բանակցային գործընթացն, այսպես թե այնպես, երաշխավորում էր ԼՂ անկախության վերաբերյալ հանրաքվե, հայտարարել է Սարգսյանը։
Մասնավորապես, նա պատմել է 2011 թ-ի Կազանի փաստաթղթի մասին։ Ըստ բանակցությունների միջնորդների այդ առաջարկի՝ Արցախն ունենալու էր միջանկյալ կարգավիճակ և հետևյալ երաշխիքները․
- Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովում են հենց ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը,
- Հայաստանը պաշտոնապես նրա անվտանգության երաշխավորն է,
- իշխանության բոլոր ճյուղերը (օրենսդիր, գործադիր, դատական) ճանաչվում են միջազգային հանրության կողմից,
- ԼՂՀ-ն այն միջազգային կազմակերպություններին անդամակցելու իրավունք է ստանում, որոնց անդամակցության համար անկախությունը պարտադիր պայման չէ։
«Այդ դեպքում հայկական կողմն Ադրբեջանին կփոխանցեր հինգ շրջան, սակայն, ընդհուպ մինչև Արցախի անկախության մասին հանրաքվեի համաձայնեցումը, կպահպաներ Լաչինի և Քելբաջարի շրջանները», — հավելել է Սարգսյանը։
«Լավրովի պլանը»
Նախկին նախագահի խոսքով՝ «Լավրովի պլան», որպես այդպիսին, գոյություն չի ունեցել։ Խոսքը Կազանի փաստաթղթի փոփոխված տարբերակի մասին է եղել։
Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը կարգավորման այդ տարբերակն էր առաջարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անունից։ Եվ այն ստացել է «Լավրովի պլան» անվանումը։
Հայաստանում ընդունված է համարել, իբր այն ենթադրում էր որոշ տարածքների հանձնում Ադրբեջանին՝ առանց Արցախի ապագա կարգավիճակի համաձայնեցման։
«Ես ուզում էի իշխանության մնալ՝ պատրաստ լինելով ստորագրել այդ տարբերակը, սակայն վստահ չէի, որ հասարակությունն այն կընդունի», — ասել է Սարգսյանը։
Դրա համար նա պատրաստվում էր լայն քննարկումներ կազմակերպել՝ փոխհամաձայնության գալու նպատակով։
Արցախի դիմաց «միլիարդների առաջարկի» մասին
2020 թ․ դեկտեմբերին համացանցում հայտնվեց Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անձնական զրույցի ձայնագրությունը, որը կայացել էր Երևանում, 2016 թ․ հոկտեմբերի 14-ին։
Ձայնագրությունում Լուկաշենկոն ասում է, որ Ադրբեջանի նախագահը պատրաստ է հինգ միլիարդ դոլար վճարել Արցախին հարող յոթ շրջանների համար։ Սերժ Սարգսյանը պատասխանում է, որ պատրաստ է Ալիևին վեց միլիարդ տալ՝ այդ տարածքներից հրաժարվելու համար։
Խոսքն այն շրջանների մասին է, որոնք հայկական կողմի վերահսկողության տակ էին անցել 1990-ականների Արցախյան առաջին պատերազմի ժամանակ և որոնք «անվտանգության գոտի» էին համարվում Արցախի համար։ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ին մեկնարկած Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով այդ շրջանները վերադարձել են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Սարգսյանը հաստատել է ձայնագրության իսկությունը․
«Նրանք լավ էին հասկանում, թե ինչ էի ուզում ասել։ Երբ ես պատասխանում էի Լուկաշենկոյին, ավելի ճիշտ, Լուկաշենկոյի միջոցով՝ Ալիևին, ասացի, որ Արցախն ու մարդկանց կյանքերն առուծախի առարկա չեն։ Պատասխանս կատակ չէր և կոշտ էր։ «Եթե չափանիշներդ փողով են չափվում, ապա ես քեզ ավելին կտամ»։ Ահա, թե ինչ էի ուզում ասել։ Եվ եթե ինչ-որ կերպ Ալիևը դրան համաձայներ, ապա, չեմ կասկածում, մնացած բոլոր հայերը կհավաքեին այդ գումարը»։
Այն հարցին, թե հավանակա՞ն է արդյոք, որ նման առաջարկ արված լինի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախկին նախագահն ասել է․
«Չեմ կարող բացառել։ Համենայնդեպս, հայտնի է դարձել, որ Ալիևն ու կապիտուլյանտը [այսպես է հարցազրույցի ժամանակ Սարգսյանն անվանել վարչապետ Նիկոլ Փաշինյանին – JAMnews] գաղտնի բանակցություններ են վարել։ Հայտնի է, թե ով է վարել այդ բանակցությունները։
Հայտնի է, որ Հայաստանի կողմից [Ադրբեջանի հետ] օպերատիվ կապ ապահովողը կապիտուլյանտին նամակ է փոխանցել։ Եվ վերջինս այն չի պատռել, չի ասել, որ այնտեղ անընդունելի բաներ կան, այլ ասել է․ «Շատ լավ»։ Չեմ կարող պնդել, որ դրանում առաջարկ է եղել, սակայն չեմ էլ կարող հերքել»։
«Ի՞նչը խանգարեց ճանաչել անկախությունը»
Հայաստանը պետք է ճանաչեր Արցախի անկախությունը 2020 թ-ի ռազմական գործողությունների ժամանակ, վստահ է նախկին նախագահը։ Նա հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչու 44 օրվա ընթացքում ներկայիս իշխանություններն այդ քայլին չդիմեցին․
«Եթե համանախագահները, եթե միջազգային հանրությունը կարծում էր, որ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը բանակցային գործընթացում կնշանակեր այդ գործընթացը փակուղի մտցնել և, որպես արդյունք, ռազմական գործողություններ, ապա ռազմական գործողություններն [արդեն ընթանում էին]․ ի՞նչն էր խանգարում ճանաչել անկախությունը»։
Սարգսյանը հիշեց նաև 2016 թ-ի քառօրյա պատերազմն Արցախում։ Այն ժամանակ, նրա խոսքով, ինքը Հայաստանում հավատարմագրված դեսպաններին հայտարարեց, որ եթե պատերազմը երկարի, ապա Հայաստանը ճանաչելու է ԼՂՀ անկախությունը։
«Փառք աստծո, պատերազմը երկար չտևեց, պատերազմի արդյունքում մենք ունեցանք Վիեննա և Սանկտ Պետերբուրգ [խոսում է Ավստրիայում և Ռուսաստանում մայիսին և հունիսին Իլհամ Ալիևի հետ հանդիպումների մասին – JAMnews], այդ պատճառով էլ ես համարեցի, որ դեռ վաղ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը», — ասել է նա։
Այն հարցին, թե արդյո՞ք արդեն ուշ է ճանաչել Արցախի անկախությունը, Սարգսյանն ասել է, որ «վաղ թե ուշ» դա տեղի է ունենալու․
«Սակայն մենք պետք է խոհեմություն դրսևորենք և ճիշտ ժամանակ գտնենք։ Մենք պարտավոր էինք դա անել և պարտավոր էինք աշխարհին ասել, որ դա անում ենք՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ոչնչացումից փրկելու համար»։