Մինսկի խմբի նոր համանախագահ՝ ԱՄՆ-ի կողմից. ի՞նչ է դա նշանակում
ԵԱՀԿ ՄԽ նոր համանախագահ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահ է նշանակվել Ֆիլիպ Ռիքերը։ Մինսկի խումբն այն ձևաչափն է, որի շրջանակում ընթանում էին Ղարաբաղյան հակամարտության շուրջ խաղաղ բանակցությունները մինչև 2020 թվականի պատերազմը։ Դրա ավարտից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ հակամարտությունը լուծված է ռազմական ճանապարհով, իսկ Մինսկի խումբը «մահացել է, ԵԱՀԿ Մինսկի խմբի վերակենդանացումն անհնար է»։ Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունները մշտապես ընդգծում են «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը»։ Նաև պատրաստակամություն են հայտնում Ադրբեջանի հետ երկխոսությունը վարել այս ձևաչափով։
Ավելին, Հայաստանի իշխանություններն ընդգծում են Մինսկի խմբի դերն ու դրա ներգրավվածության անհրաժեշտությունը ոչ միայն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այլև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցություններում։
ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992թ.։ Նրան էր վստահվել Ղարաբաղյան հակամարտության բանակցություններում հիմնական միջնորդական դերը։ Մինսկի խմբում ընդգրկված են Գերմանիան, Իտալիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Բելառուսը, Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը։ Համանախագահում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։
Ի՞նչ գործունեություն է ծավալել Ֆիլիպ Ռիքերը մինչև այս նշանակաումը, ի՞նչ է նա մտածում հակամարտության և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին։ Նաև ի՞նչ է նշանակում այս նոր նշանակումն ըստ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, և ինչ են մտածում դրա մասին Հայաստանում։
- Մինսկի խումբ այլևս չկա՞․ Արցախյան հակամարտոթյան կարգավորման միջնորդների ապագան
- Հայաստան-Ադրբեջան․ խաղաղության պայմանագրի ստորագրում՝ չնայած տարաձայնություններին
- «Ղարաբաղում հայերը ո՛չ կարգավիճակ կունենան, ո՛չ անկախություն». Իլհամ Ալիև
Պետքարտուղարություն. «ՄԽ-ն կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը»
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ֆիլիպ Ռիքերին միաժամանակ նշանակել է նաև «Ժնևյան միջազգային քննարկումների» ԱՄՆ ներկայացուցիչ։ Այս ձևաչափով էլ քննարկվում են Հարավային Կովկասի մյուս երկու հակամարտությունները (վրաց-աբխազական և հարավօսական): Twitter-ի իր միկրոբլոգում պետքարտուղարը գրել է, որ «դեսպան Ռիքերի նշանակումը հաստատում է Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ԱՄՆ հանձնառությունը»։
Պետքարտուղարությունը ևս նոր նշանակման վերաբերյալ հայտարարություն է տարածել.
«Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններին։ Դեսպան Ռիքերը կաշխատի նաև համախոհ գործընկերների հետ, ինչպիսին Եվրամիությունն է, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը: Այս փուլում դեսպան Ռիքերի նշանակումը հաստատում է նաև Վրաստանի շուրջ Ժնևյան քննարկումներում ԱՄՆ-ի դերի կարևորությունը»։
Հաղորդվում է, որ Ֆիլիպ Ռիքերը փորձառու դիվանագետ է։ Նա Միացյալ Թագավորությունում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատարն էր՝ մինչև վերջերս, 2019 թվականի մարտից մինչև 2021 թվականի օգոստոսը՝ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատարը, Միլանում աշխատել է որպես ԱՄՆ գլխավոր հյուպատոս, Հյուսիսային Մակեդոնիայում՝ ԱՄՆ դեսպան։ Նա աշխատանքային փորձ ունի ոչ միայն Բալկաններում, այլև Իրաքում։
ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստ են աշխատել ՄԽ ձևաչափով, Ռուսաստանը՝ ոչ
Ստեղծված իրավիճակը հարցեր է առաջացնում, քանի որ համանախագահող եռյակի երկրներից մեկը՝ Ռուսաստանը, հայտարարում է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով աշխատանքն անհնար է։
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի՝ նույն հարթակում աշխատելու հնարավորության վերաբերյալ կասկածները ծագեցին Ուկրաինայում պատերազմի սկզբից՝ որպես Ռուսաստանի և Արևմուտքի բացահայտ առճակատման հետևանք։
Դրանք հաստատեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հայտարարելով Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ աշխատանքը շարունակելու անհնարինության մասին։ Ի դեպ, սա զարմացրեց Հայաստանի վարչապետին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բոլորովին այլ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ռուսաստանի նախագահի հետ իր հանդիպման ժամանակ։
Այն, որ «եռյակի աշխատանքին բազմաթիվ առումներով անդառնալի վնաս է հասցվել», հայտարարել է նաև ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան խզել են հարաբերությունները ռուսաստանցի համանախագահի հետ ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո։
Սակայն ԱՄՆ-ը վերջին շրջանում տարբեր մակարդակներով բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է շարունակել Ռուսաստանի հետ աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբում «հանուն Ղարաբաղյան հիմնախնդրի համապարփակ խաղաղ կարգավորման»։ Իսկ հիմա նաև ԱՄՆ նոր համանախագահ է նշանակվել։
Ավելի վաղ՝ ապրիլին, Հայաստան էր այցելել Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյը, որը նույնպես հաստատել էր գործընթացին մասնակցելու իր երկրի պատրաստակամությունը։
Նրա այցից մի քանի օր անց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը նշանակվեց ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով»։ Մոսկվան հայտնեց, որ Խովաևի նոր կարգավիճակը կապված է եռանախագահության ձևաչափով Մոսկվայի հետ շփումներից հրաժարվելու Վաշինգտոնի և Փարիզի դիրքորոշման հետ։
Ռիքեր. «Խմբի մանդատը դեռ շատ կենսունակ է»
Անցյալ տարվա հունիսին Ֆիլիպ Ռիքերը տարածաշրջանային այցի շրջանակներում գտնվում էր Երևանում։ Այն ժամաակ նա զբաղեցնում էր ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնը: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա անդրադարձել էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։
Դիվանագետը խոսել էր հումանիտար խնդիրների լուծման մասին, մասնավորապես՝ Ադրբեջանում դեռևս պահվող հայ գերիների՝ հայրենիք վերադարձի անհրաժեշտության.
«ԱՄՆ կառավարությունը շարունակաբար ընդգծել է, որ բոլոր գերիները և պահվող անձինք պետք է ազատ արձակվեն և վերադառնան տուն։ Պետք է հիշենք, որ այս հակամարտությունը անդրադարձել է մարդկանց վրա, բավականին դյուրին է անմարդկային դարձնել հակամարտությունը։
Կարևոր է հիշել, որ սա մարդկանց մասին է, որոնք հակամարտության երկու կողմում են՝ մարդկանց երեխաների, ամուսինների, ծնողների մասին է, և մենք ցանկանում ենք տեսնել, որ բոլոր ձերբակալված մարդիկ ազատ են արձակվել, ցանկանում ենք տեսնել, որ վերջ է տրված ականներին և նրանց պատճառած մահերին, ցանկանում ենք տեսնել հակամարտության ավարտը և հակամարտության համապարփակ հանգուցալուծումը։ Սա այն է, ինչին Միացյալ Նահանգները աջակցել է տարիներ ի վեր՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»։
Նշանակումից դեռևս մեկ տարի առաջ դեսպան Ռիքերն ասել էր, որ Վաշինգտոնն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին.
«Վստահ ենք, որ խմբի մանդատը տակավին չափազանց կենսունակ է, և պետք է վերադառնալ այդ գործընթացին, վերակենդանացնել այդ գործընթացը՝ գործնականում որքան հնարավոր է շուտ անդրադառնալ այս բոլոր հարցերին։ […]Մեր ուղերձը հետևյալն է՝ ցանկանում ենք տեսնել այս հակամարտության հանգուցալուծումը, որպեսզի տարածաշրջանի բոլոր երկրները կարողանան առաջ շարժվել, առաջ նայել՝ կենտրոնանալով անվտանգ, կայուն երկրներ ստեղծելու ուղղությամբ, որոնք ժողովրդավար են և կարող են բարգավաճում ապահովել, ինչը բոլոր մարդկանց ցանկությունն է»:
«Ռիքերը կհամակարգի աշխատանքը Հարավային Կովկասի բոլոր հակամարտություններում»
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ մեկնաբանելով Ֆիլիպ Ռիքերի նշանակումը, ընդգծում է, որ նա կլինի ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, այլև ԱՄՆ ներկայացուցիչը «Ժնևի միջազգային քննարկումների» ձևաչափում։
«Այսինքն, Հարավային Կովկասի բոլոր հակամարտութուններում ամերիկյան ամբողջ դիվանագիտական աշխատանքը նա է համակարգելու: Ընդհանրապես, ամերիկյան հետաքրքրությունները Հարավային Կովկասում առավելապես կրում են ոչ թե երեք պետությունների հետ երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստ, այլ ավելի լայն տարածաշրջանային բնույթ։ Այսինքն, ԱՄՆ-ն հետաքրքրված է տարածաշրջանով և տարածաշրջանային խաղացողների հետ մրցակցության մեջ է։
Հարավային Կովկասն աշխարհագրորեն տեղակայված է ԱՄՆ վաղեմի ախոյան Իրանի հարևանությամբ, ռազմավարական դաշնակից և ՆԱՏՕ-ի առանցքային անդամ Թուրքիայի հարևանությամբ, ինչպես նաև պատմական մրցակից և հիմնական հակառակորդ Ռուսաստանի հարևանությամբ։ Սա ամեն ինչ բացատրում է: Իսկ այս նշանակումն ուղղակիորեն հաստատում է վերոշարադրյալը»,- գրել է փորձագետը Facebook-ի իր էջում:
ԵԱՀԿ ՄԽ նոր համանախագահ