Մարդիկ, որոնց համար պատերազմը չի ավարտվում։ Հնարավո՞ր է արդյոք հաղթահարել հետտրավմատիկ համախտանիշը
2016 թվականի ապրիլի 2-6-ը ղարաբաղյան հակամարտության գոտում լայնամասշտաբ ռազմական գործողությունները կարելի է համարել Կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցած վերջին պատերազմը: Պատմության մեջ այն մտավ որպես «Ապրիլյան պատերազմ» կամ «քառօրյա պատերազմ»:
Դա ամենախոշոր և արյունալի սրացումն էր 1994-ի զինադադարից ի վեր: Ըստ պաշտոնական տվյալների, այդ չորս օրվա ընթացքում երկու կողմերից ավելի քան 200 մարդ մահացավ:
Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտությունը տեղի է ունեցել 1991-1994թթ-ին։ Պատերազմն ավարտվել է հրադադարի ստորգրմամբ, սակայն շփման գծում կրակոցներն ժամանակ առ ժամանակ վերսկսվում են։
Հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գոյություն ունի որպես դե ֆակտո անկախ հանրապետություն, որը չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության, այդ թվում՝ Հայաստանի կողմից։
Ադրբեջանը Ղարաբաղն ու դրա շուրջ տարածքները, որոնք գրավվել են պատերազմի ընթացքում, համարում է օկուպացված և պահանջում է վերադարձնել դրանք։ Հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները դեռևս արդյունք չեն տվել։
Հետտրավմատիկ սթրեսային խանգարումը ծանր հոգեբանական վիճակ է, որը մինչ օրս ակտուալ խնդիր է ղարաբաղյան հակամարտության վետերանների համար։
JAMnews-ի թղթակիցները խոսել են այս խնդրի մասին վետերանների և հոգեբանների հետ՝ Հայաստանում և Ադրբեջանում։
«Տղամարդ չե՞ս։ Ինչպե՞ս կարող ես արտասվել»։ Վետերանների պատմություններ Ադրբեջանից
Բաշիր Քիթաչաև, Բաքու
Գասիմը [անունը փոխված է] 64 տարեկան է, նա ինժեներ-տեխնոլոգ է նավթային ընկերությունում, երբեմն կիթառ է նվագում խմբով, ռոք է սիրում, մենակ է ապրում։
Երբ ղարաբաղյան պատերազմը սկսվել է, Գասիմն աշխատելիս է եղել շենքերը խճանկարով ձևավորելու արտադրամասում։ Նա Բաքվի հեղինակավոր բուհի մասնագիտացման դիպլոմ և Թուրքմենիայի նավթային պլատֆորմներում աշխատանքային փորձ ուներ։
- Երեք կանանց պատմություններ Ղարաբաղից․ պատերազմի և խաղաղության մասին
- Ղարաբաղ․ ինչո՞ւ են հայերը մզկիթ վերականգնում
- Ղարաբաղում ապրիլյան պատերազմից երեք տարի անց։ Ի՞նչ է այն փոխել։ Փորձագետները Բաքվում և Երևանում
1993 թ-ին Գասիմը բանակ է զորակոչվել։ Այնտեղ անհապաղ սպաներ էին պետք, իսկ բուհերի ծրագրերում ռազմական պատրաստվածության դասընթացներ կային, այնպես որ, դիպլոմի հետ միասին ուսանողը նաև լեյտենանտի կոչում էր ստանում։
Սպայի ուսուցման ծրագիրը Գասիմը մեկուկես ամսում է անցել մի քանի տարվա փոխարեն, և ճակատ է մեկնել որպես հակատանկային հաշվարկի հրամանատար։
Գասիմը հիշում է, որքան ծանր էր չպատրաստված զորակոչիկների համար․
«Հիշում եմ, թե ինչպես ականային հրաձգության տակ ընկանք։ Բոլորս ինչ-որ տեղ թաքնվեցինք։ Ես ցատկեցի փոսը։ Շուրջն ականներ էին ընկնում և պայթում։ Սարսափից դեմքս մխրճեցի հողի մեջ, ձեռքերով գլուխս ծածկեցի։ Միայն մեկ միտք ունեի․ «Գոնե այս ամենը շուտ ավարտվի»։ Երբ գնդակոծությունն ավարտվեց, հազիվ կարողացա վեր կենալ․ մկաններս լարվածությունից քարացել էին։ Ես ինքս չեմ լսել, սակայն, կարծես, բղավելիս եմ եղել, որովհետև կոկորդս շատ էր ցավում»։
Գասիմը ստիպված է եղել մասնակցել ծանր մարտերի, տեսնել, թե ինչպես են զոհվում իր ծառայակից ընկերները։ Ռազմական գործողություններն ավարտվել են 1994 թ-ին, բայց նա տուն է վերադարձել միայն 1996-ին։
Տուն վերադառնալուց մեկ ամիս անց Գասիմը գիշերը արթնացել է տագնապի ուժեղ զգացողությունից և գոռացել՝ վախեցնելով հարազատներին։
«Ես մի քիչ հանգստացա և քնեցի, բայց կարճ տևեց։ Տագնապը վերադարձավ, կրկին սկսել եմ գոռալ սարսափից։ Հետո դուրս եկա տնից, սակայն ոչ մի տեղ չէի ուզում գնալ։ Ողջ հաջորդ օրը այսուայնկողմ էի գնում և չգիտեի՝ ինչ անել, իսկ գիշերը կրկին թափառում էի քաղաքում, ինձ դիտմամբ հոգնեցնում, որ քնեմ»։
Գասիմը հիվանդանոց է գնացել, որտեղ նրան զննել են տարբեր բժիշկներ՝ հոգեթերապևտներ և նյարդաբաններ։ Ոչ ոք չի հասակցել, թե ինչ է նրա հետ կատարվում, սկզբից նրան երկար բուժել են նևրոզից։
Գասիմը հոգեբանի է դիմել, որն, ինչպես իրեն ասել էին, ԱՄՆ-ում է սովորել։ Նա խորհուրդ է տվել սեքսով զբաղվել և ծովի օդ շնչել։ Հետո մի երիտասարդ բժշկի է հանդիպել, որը ճիշտ ախտորոշում է դրել և դեղեր դուրս գրել։
«Թեթևանում էի, երբ զգում էի համազգեստիս հոտը։ Բժիշկը խորհուրդ էր տվել հագնել այն և զբոսնել։ Ես սիրում էի քաղաքից դուրս անտառ գնալ։ Դրա բույրն ինձ Ղարաբաղն էր հիշեցնում, ուզում էի հետ վերադառնալ։ Ես երկար կարող էի դաշտում պառկել և նայել, թե ինչպես են մոտակայքով անցնում գնացքները»։
Պատերազմի կարոտը վետերանների մոտ հետտրավմատիկ խանգարման ախտանիշներից մեկն է։ Մյուս ախտանիշներն են ընկճախտը, շփման դժվարությունները, գլխացավերն, անքնությունը, սուիցիդալ մտքերն ու ագրեսիան։
Ադրբեջանում ղարաբաղյան պատերազմի վետերանների հոգեբանական վերականգնման պետական ծրագիր երբեք չի եղել։ Ինչպես ասում է հոգեբան Ազադ Իսազադեն, այն ժամանակ երկրում պարզապես որակավորված հոգեբաններ չկային։ Վետերաններին բուժում էին նյարդաբաններն ու հոգեբույժներն, այն էլ՝ անհատական կարգով։ Բուժման դեպքերը կարելի է մատների վրա հաշվել։
Ինչպես ասում է Իսազադեն, հետտրավմատիկ խանգարումն ավելի հեշտ է բուժել, երբ այն դեռ «թարմ» է, որպեսզի զինվորականները կարողանան ադապտացվել խաղաղ կյանքին և դրան վերադառնալիս երկրորդ «վնասվածքը» չստանան։
«Վետերանը վերադառնում է խրամատներից և բոլորովին այլ իրականությունում է հայտնվում․ քաղաքը լի է վառ վահանակներով, մարդիկ ռեստորաններ են գնում։ Նա ստիպված բախվում է մարդկանց և պետության, հարազատների կողմից չհասկացվածության։ Ճակատում նրանց համար ավելի հեշտ էր, պարզ էր, թե ով է ընկեր, ով՝ թշնամի, հստակ խնդիրներ կային»։
Հոգեբանն ասում է, որ ուժեղ հոգեկանով մարդիկ կարող են բարեհաջող կերպով վերապրել սթրեսն ու դառնալ, օրինակ, պրոֆեսիոնալ զինվորական կամ վերադառնալ խաղաղ կյանքին։ Իսկ ոմանց մոտ հետտրավմատիկ սթրեսը կարող է արտահայտվել բավականին երկար ժամանակ անց։
Ըստ Գասիմի, զինվորական համազգեստով զբոսանքները կարճ ժամանակով էին օգնում։
«Մի անգամ ինձ հայելու մեջ նայեցի և վախեցա։ Դեմքս փոխվել էր նյարդային հյուծվածությունից։ Նախկինում ես գուրման էի, իսկ հիմա ուտելիքի համը չէի զգում։ Պատերազմից առաջ պաշտում էի երաժշտությունը, իսկ հետո տասը րոպե էլ չէի կարողանում լսել։ Ամեն ինչ նյարդայնացնում էր, ոչինչ չէի ուզում, ինքնասպանության մասին կպչուն մտքեր ունեի»։
Հիվանդանոցում կես տարի անցկացնելուց հետո Գասիմի բոլոր փողերը ծախսվել են թանկարժեք դեղորայքի վրա։ Նա փորձել է ալկոհոլ խմել, սակայն դա էլ չէր օգնում թուլանալ։ Ընտանիքի անդամները նրան չէին աջակցում, ընկերուհին լքել էր նրան՝ ասելով, որ վախենում է նրանից։
«Ինձ նյարդայնացնում էր հարազատներիս անփույթ վերաբերմունքը։ Հայրս ասում էր․ «Չէ՞ որ տղամարդ ես։ Սպա ես։ Ինչպե՞ս կարող ես գոռալ, լացել»։ Իսկ ես շատ էի ուզում, որ ինձ պարզապես շոյեն և հանգստացնեն։
Մի անգամ զանգահարեց զարմիկս Ռուսաստանից։ Նա առաջարկեց իր մոտ Պերմ տեղափոխվել։ Հայրս ձեռքս այնքան էր տանջվել, որ չէր առարկում»։
Պերմում Գասիմը զարմիկի խորհրդով տեղավորվել էր անտառում գտնվող վանքին կից հանրակացարանում, որտեղ յուրաքանչյուրը կարող էր անվճար սնունդ և տանիք ունենալ տնտեսությունում օգնելու դիմաց։
Թարմ օդը, բնական սնունդը, խոտաբույսերի թուրմը, հատապտուղների օղին, հանգստությունն ու վանքի հանդարտություն օգնել են Գասիմին ավարտել պատերազմն իր մեջ։ Վետերանը Բաքու է վերադարձել երկու տարուց։
«Ադրբեջանում վետերանների հիմնական խնդիրն, — ասում է Գասիմն, — այն է, որ մեզ մոտ ընդունված չէ դիմել հոգեթերապևտների օգնությանը, նրանք ամաչում են նույնիսկ հարազատների մոտ այդ մասին խոսել։ Մենք օգնության դիմելու տեղ էլ չունեինք։ Լավ է, որ հիմա համացանց կա, կարելի է օգնություն գտնել կայքերում, ֆորումներում շատ են մարդիկ, որոնք նույնպես տուժել են։ Սակայն պետք է խոսել այդ հիվանդության մասին»։
Էլշադ Ռահմանվը նույնպես տառապում է պատերազմի հետևանքներից, սակայն, ի տարբերություն Գասիմի, նա այդպես էլ չի կարողացել ազատվել տագնապից և ագրեսիայից։
Էլշադն աշխատում է շինարարությունում, ապրում մոր հետ մեկ սենյականոց բնակարանում և գրեթե ոչ ոքի հետ չի շփվում։ Նա իր երկու եղբայրների հետ պատերազմին է մասնակցել։ Ավագը զոհվել է, իսկ Էլշադն ու երկրորդ եղբայրը՝ վիրավորվել։ Բեկորները մինչև հիմա «իրենք իրենց դուրս են գալիս» վետերանի մարմնից։
Թեև Էլշադը չի ափսոսում, որ մասնակցել է պատերազմին, բայց ասում է, որ այն իրեն ընդմիշտ փոխել է, և ոչ դեպի լավը։
«Երբ ես ինչ-որ մեկին պատմում եմ, թե ինչ եմ այնտեղ վերապրել, ինձ խելագարի, գազանի տեղ են դնում», — ասում է Էլշադը։
Երբ ժամանակը չի բուժում։ Ինչպես են պայքարում այս խնդրի հետ Հայսատանում
Սոնա Մարտիրոսյան, Արման Ղարաջյան (լուսանկարներ, տեսանյութ), Երևան
Արցախյան պատերազմից անցել է 25 տարի, բայց ազատամարտիկ Դանիել Գրիգորյանը մինչև հիմա վատ է զգում բարձր ձայներից ու վառ լուսավորությունից: Հաճախ, ֆիլմեր դիտելիս, մտովի տեղափոխվում է մարտի դաշտ՝ 1990-ականների սկիզբ:
17 տարեկան էր, երբ պատերազմը սկսվեց: Չնայած փոքր տարիքին՝ պատասխանատվություն էր զգում, իրեն պարտավոր էր համարում պաշտպանել մարդկանց, որոնք թիկունքում էին:
«Չէինք պատկերացնում՝ ինչ է պատերազմը: Չէինք էլ կարող, պատանի էինք: Մտածում էինք՝ սովորական բան է», — ասում է նա:
Պռոշյանի ջոկատը, որի հետ պատերազմ է մեկնել Դանիելը, շատ զոհեր է ունեցել: Ընկերների մահը, կորուստը դժվար էր ընդունել երիտասարդ տղաների համար:
Պատերազմից ջոկատը վերադարձել է միայն զինադադարից հետո՝ 1994 թ.-ին, սակայն խաղաղության մեջ ապրելուն նրանք ստիպված էին կրկին սովորել:
«Երբ նոր էինք հետ եկել պատերազմից, մի քիչ դժվար էր: Չէի կարողանում հարմարվել: Անընդհատ ուզում էի հետ գնալ: Մենք ընկերներ ունենք, որ մինչև հիմա Շահումյանում [ադրբեջանական հատվածում] են մնացել՝ զոհվել են: Ուզում էինք գնալ, գոնե նրանց դիակները հետ բերել: Այդ միտքը տանջում է, մինչև այսօր», — ասում է Դանիելը:
Այս ամենը հոգեբանները անվանում են հետտրավմատիկ սթրես:
Վերջին 25 տարիները սահմանամերձ շրջաններում ապրող և այս կամ այն կերպ պատերազմին անմիջականորեն մասնակցող մարդիկ գտնվում են անընդհատ սթրեսի, հոգեկան և նյարդային լարվածության պայմաններում:
Հետխորհրդային ժամանակներում հոգեբանական խնդիրների լուծումն ընդունված չէր վստահել մասնագետներին: Հայաստանում հիմա էլ հոգեբանների ծառայությունները համեմատաբար նոր և դեռևս ոչ բոլորի կողմից միանշանակ ընդունվող երևույթ են:
Հայ-ադրբեջանական առաջին պատերազմի մասնակիցները 90-ականների սկզբին հոգեբանական պատշաճ օգնություն չեն ստացել: Չնայած այն հանգամանքին, որ այդ տարիներին ռազմական գործողությունների մասնակիցների համար հոգեբանական վերականգնողական կենտրոն է գործել, այն գրեթե անգործության է մատնվել։ Նախ պատրաստված մասնագետների բացակայության, ապա նաև հասարակության թերահավատության պատճառով:
Մարդկանց մեջ արմատավորված կարծրատիպերը թույլ չէին տալիս պատերազմի մասնակիցներին առերեսվել իրենց հոգեբանական խնդիրների հետ, առավել ևս դիմել համապատասխան օգնության համար:
Պատերազմի մասնակիցներից շատերը բուժում էին ստանում սթրես-կենտրոնում, սակայն դա ձևական բնույթ էր կրում։ Մարդիկ գնում էին դրան ընդամենը հաշմանդամության խումբ ստանալու համար:
Բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի պետական բժշկական համալսարանի հոգեբուժության ամբիոնի դոցենտ Կարինե Թաթրյանն ասում է՝ հետտրավմատիկ սթրեսային խանգարումն առաջանում են, հիմնականում, բացասական հույզերով գերհագեցած իրավիճակներից: Այս խանգարումները անհատի մոտ առաջացնում են անպաշտպան լինելու զգացողություն, ինչի պատճառով շատերը հետագայում չեն կարողանում հարմարվել և շարունակել բնականոն կյանքը:
«Նախկինում այս համախտանիշը կոչվում էր Վիետնամի համախտանիշ, Աֆղանստանի կամ Չեչնիայի համախտանիշ: Կոչվում էր այսպես, որովհետև նկատվում էր այն մարդկանց մոտ, որոնք վերապրել էին ռազմական իրավիճակներ: Հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այս համախտանիշը նկատվում է ոչ միայն պատերազմական գործողությունների մասնակիցների մոտ, այլև բոլոր այն իրավիճակներում, երբ գործ ունենք կյանքին սպառնացող վտանգի հետ՝ ահաբեկչություն, խոշտանգումներ, բռնություն», — բացատրում է հոգեբանը:
Պատերազմական գործողությունների մասնակիցները, սովորաբար, խնդիրներ են ունենում հենց կենցաղային հարցերում կամ իրավիճակներում: Մեքենաների ազդանշաններ, հրավառություն կամ այլ մարդկանց լաց՝ նման ազդակները պատերազմից հետո տարիներ շարունակ նրանց մոտ սթրես են առաջացնում՝ կպչուն մտքեր, վախեր, տագնապի, խուճապի բռնկումներ:
Հոգեբանն ասում է՝ հետտրավմատիկ սթրես տարած մարդիկ անընդհատ ապրում են տագնապով, որ իրենց վրա առավել ծանր տպավորություն թողած իրադարձությունը, կարող է կրկնվել ցանկացած պահի: Խոսքն այն իրավիճակի մասին է, որն էլ հիմք է դարձել խանգարման համար;
«Մասնագետին դիմելն ամենաճիշտն է, որովհետև հետսթրեսային խանգարումները այն դասի խանգարումներն են, որոնց դեպքում ժամանակն աշխատում է ի վնաս», — ասում է Կարինե Թաթրյանը:
Հայաստանում այսօր, որպես առանձին հոգեբանական ծառայություն, հետտարվմատիկ սթրեսի բուժում առաջարկում է միայն մեկ մասնագիտացված կենտրոն՝ «Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը»: Հոգեբան աշխատում է նաև այն վերականգնողական կենտրոնում, որտեղ բուժում և աջակցություն են ստանում հիմնականում 2016 թ.-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցները:
Հայկ Թորոսյանը հենց այս գործողությունների մասնակից է: Դեռ նոր էր զորակոչվել բանակ, երբ սկսվեց քառօրյա պատերազմը: Նա հայկական կողմի առաջին վիրավորն էր: Ստացված վիրավորումն այլևս համատեղելի չէր զինվորական ծառայության հետ: Զորակոչվելուց 80 օր անց Հայկը վերադարձավ քաղաքացիական կյանքին:
«Այդ իրավիճակը՝ պատերազմը, շատ չի շոշափվում մեր ընտանիքում, բայց դա երբեք չի մոռացվի: Մնալու է», — ասում է Հայկը:
Խաղաղ կյանքին վերադառնալուց անմիջապես հետո, նա, մյուս տղաների նման, ստացել է նաև հոգեբանական աջակցություն: Համարում է, որ դա իրեն շատ է օգնել, չնայած, հիմա էլ է ժամանակ առ ժամանակ տագնապի զգացում ունենում:
«Այսօր հազվադեպ է լինում, որ աղմուկն ազդում է ինձ վրա: Բայց, ընդհանուր առմամբ, աղմուկ չեմ սիրում: Առավել ևս հիմա: Հիմա ուղղակի չեմ դիմանում», — ասում է Հայկը:
Նրա վերականգնողական բուժումը դեռ շարունակվում է: Դեռևս դժվար է քայլում, բայց կարծում է՝ ամեն ինչ դեռ առջևում է: Պատերազմից հետո ինքն իր համար որոշել է՝ կյանքը շարունակվում է: Ընդունվել է Երևանի պետական համալսարանի Սոցիալական աշխատանք բաժինը: Բացատրում է, որ ընտրությունը պատահական չի կատարել: Ուզում է օգնել մարդկանց, ինչպես իրեն են օգնել դժվար պահին:
Նյութը պատրաստվել է Ռուսալեզու նորությունների փոխանակման աջակցությամբ