Մարտեր Արցախում։ 2020 թ-ի հոկտեմբերի 1-ի ռեպորտաժները, տեսանյութերը, լուսանկարները
-
Հայաստանի ԱԳՆ-ն հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին, պատճառը Ադրբեջանին սպառազինության մատակարարումն է
ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է․
«Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն հստակ արտահայտել է իր դիրքորոշումը: Այս հարցը մշտապես եղել է մեր երկկողմ օրակարգում: Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության տրամադրումը մեզ համար անընդունելի է, դիվանագիտական խողովակներով մենք բազմիցս մեր իսրայելական գործընկերներին հայտնել ենք դրա մասին և նշել, որ դա հատկապես ցավալի է այն ժամանակ, երբ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ագրեսիա է իրականացնում Արցախի և Հայաստանի դեմ․․․ Ելնելով վերոնշյալից, ԱԳՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին»:
-
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման մասին են խոսել
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և նրա թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում այլ տարածաշրջաններից զինյալներ ներգրավելու անթույլատրելիությունը։ Այս մասին ասված է հինգշաբթի տեղի ունեցած հեռախոսազրույցի արդյունքների մասին ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
«Ընդգծվել է հակամարտությանն այլ տարածաշրջաններից ապօրինի զինված կազմավորումների զինյալների ներգրավման անթույլատրելիությունը։ Նշվել է ծայրահեղ կշռադատված քայլերի անհրաժեշտությունը Բաքվին և Երևանին քաղաքական-դիվանագիտական աջակցության ցուցաբերման հարցում», — նշվում է փաստաթղթում։
Նախարարները նաև կողմ են արտահայտվել Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը։
Լավրովը Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հետ զրույցում ուշադրությունը հրավիրել է Լեռնային Ղարաբաղի հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։
Նախարարները հաստատել են գործողությունների սերտ համակարգման պատրաստակամությունը Ղարաբաղում իրավիճակի կայունացման ուղղությամբ։
-
Պենտագոնը հաստատում է․ «Թուրքիան սիրիացի վարձկաններ է տեղափոխել Ադրբեջան»
«Արմենպրես» գործակալությունը փոխանցում է Պենտագոնի ներկայացուցչի խոսքերը՝ վկայակոչելով Sky News Arabia-ն․
«Տեղեկություններն այն մասին, որ հարյուրավոր սիրիացի վարձկաններ են տեղափոխվել Ադրբեջանի և Թուրքիայի միջև տասնյակ չվերթներով, հաստատվում են»։
-
Չորս խաղաղ բնակիչ է զոհվել Ղարաբաղում ադրբեջնական ԶՈՒ հրետակոծության հետևանքով
Ղարաբաղի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը հաղորդում է, որ նրանք զոհվել են Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքի հրետակոծման հետևանքով․
«11 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ հայ և ֆրանսիացի լրագրողներ։ Սա ռազմական հանցագործություն է, որը պետք է խստագույնս պատժվի», — հայտարարել է Բեգլարյանը։
-
Հրապարակվել է բնակիչների թիվը, որոնք լքել են ազատագրված տարածքները
Ադրբեջանի փախստականների և բռնի տեղահանվածների գործերի պետական կոմիտեն հրապարակել է այն բնակիչների թիվը, որոնք նախորդ դարի 90-ական թվականներին լքել են տարածքները, որոնք ազատագրվել են նախորդ օրերին։
Ինչպես հաղորդել են կոմիտեում՝ վիճակագրությունը հետևյալ տեսքն ունի․
Ֆիզուլիի շրջան․
Գարախանբեյլի՝ 700 ընտանք, 2600 մարդ
Գարբենդ՝ 245 ընտանիք, 1800 մարդ
Հորադիզ Քենդ՝ 960 ընտանիք, 4000 մարդ
Յուխարը Աբդուլրահմանլի՝ 562 ընտանիք, 2500 մարդ
Աշաղը Աբդուլրահմանլի՝ 320 ընտանիք, 1500 մարդ
Ջաբրայիլի շրջան․
Բեյուք Մարջանլի՝ 2518 ընտանիք, 10103 մարդ
Նուզգար՝ 264 ընտանիք, 1031 մարդ։
-
Ռուսաստանի ԱԳՆ-ն մանրամասներ չի հրապարակում, սակայն «փաստեր ունի» Ղարաբաղյան հակամարտության գոտի զինյալներ տեղափոխելու մասին
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է այն հարցին, թե որտեղից Ռուսաստանին տվյալներ վարձկանների և ահաբեկիչների մասին, որոնք ներգրավվել են Ղարաբաղի մարտական գործողություններում։ Նա հայտարարել է, որ այդ տեղեկությունը հրապարակված է եղել մամուլում և սոցցանցերում․
«Սակայն նման մեկնաբանություն անելիս մենք, անկասկած, ունեինք սեփական վերլուծություններ, փաստեր և տեղեկություններ․․․ Այս փուլում չէի ցանկանա մանրամասներ հաղորդել»։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն շահագրգիռ պետությունների ղեկավարություններին կոչ էր արել միջոցներ ձեռնարկել և թույլ չտալ Ղարաբաղյան հակամարտությունում օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների օգտագործել։
-
Ադրբեջանի տարածքը կրկին հրթիռակոծվել է Հայաստանի Գորիսի շրջանից․ Ադրբեջանի ՊՆ
Հոկտեմբերի 1-ին ժամը 17:28-ին Ադրբեջանի տարածքը կրկին հրթիռակոծվել է Հայաստանի Գորիսի շրջանից,- ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Հայաստանից արձակված հրթիռներն ընկել են ճակատագծի Ջաբրայիլ-Ֆիզուլի հատվածում,- նշել են գերատեսչությունում։
-
Ադրբեջանում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը հասել է 19-ի
Ադրբեջանի բնակավայրերի ուղղությամբ հայկական կողմի շարունակվող հրետակոծության հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 19-ի,- հաղորդում է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Եվս 55 մարդ վիրավորվել է,- ասված է հաղորդագրությունում։
-
Ղարաբաղում տեղացի է զոհվել, որն ուղեկցում էր լրագրողների խումբը
Զոհվածի անունը Գրիշա է։ Լրագրողներին տեղափոխող մյուս մեքենայի վարորդը որովայնի հատվածում վիրավորում է ստացել։
Հաղորդվում է նաև, որ վիրավորվել է 24News․am-ի լրագրող Սևակ Վարդումյանը։
Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը դատապարտել է լրագրողների հրետակոծությունը, որոնք Լեռնային Ղարաբաղում իրենց աշխատանքն էին կատարում։
-
Ադրբեջանի ԱԳՆ․ «Խորհուրդ ենք տալիս, նախևառաջ, ստանալ ադրբեջանական կողմի համաձայնությունը»
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 2020 թ-ի սեպտեմբերի 27-ին պաշտոնապես հայտարարել էր, որ ադրբեջանական բանակը չի գնդակոծելու քաղաքացիական հասարակությանը և, ի տարբերություն օկուպանտ Հայաստանի, ռազմական գործողությունների ընթացքում պահպանում է միջազգային հումանիտար իրավունքի, այդ թվում՝ Ժնևի կոնվենցիայի դրույթների պահանջները», — Le Monde պարբերականի լրագրողների վիրավորման փաստի վերաբերյալ ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանությունում։
«Արտասահմանյան լրագրողների՝ վտանգավոր տարածք այցելությունների նպատակաուղղված կազմակերպումը հստակ ցույց է տալիս, որ Հայաստանի կառավարությունն անտեսում է լրագրողների անվտանգության ապահովման վերաբերյալ իր պարտավորություններն ու արտասահմանյան լրագրողներին օգտագործում իր ապօրինի պրոպագանդիստական նպատակներով։
Դիմելով օտարերկրյա լրագրողներին՝ մենք հորդորում ենք, նախևառաջ, ստանալ ադրբեջանական կողմի համաձայնությունն՝ օկուպացված Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի հարակից տարածքներ այցելելու համար», — ասված է հաղորդագրությունում։
-
«Վերսկսել բանակցություններն՝ առանց նախապայմանների»․ Պուտինի, Թրամփի և Մակրոնի հայտարարությունը
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, որի շրջանակում անցկացվում են ղարաբաղյան կարգավորման բանակցությունները, համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Նրանք քննադատել են «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում բռնության սրացումը»․
«Մենք սգում ենք զոհերի համար և զորակցություն հայտնում սպանվածների ու վիրավորների ընտանիքներին: Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները մասնակից կողմերի զինված ուժերի միջև: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ ենք անում նաև անհապաղ իրենց վրա վերցնել կարգավորման շուրջ բանակցությունները բարեխղճորեն և առանց նախապայմանների վերսկսելու պարտավորություն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օժանդակությամբ»։
-
Արտասահմանցի և հայ լրագրողները Ղարաբաղում ընկել են ադրբեջանական ԶՈՒ հրետակոծության տակ
Այս անգամ հրետակոծվել է ավտոմեքենան, որը տեղափոխում էր Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը վնասված ավտոմեքենայի լուսանկարներ է հրապարակել։
Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում ֆրանսիական Le Monde պարբերականի ծանր վիրավորված երկու լրագրողներն այժմ տարհանվում են։
Մեքենայի լուսանկարը, որը տեղափոխում էր Le Monde-ի լրագրողներին։
«Բժշկական ինքնաթիռը պատրաստ է թռիչքի։ Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել՝ տարհանումից առաջ նրանց վիճակը կայունացնելու համար», — հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ուղիղ եթերում նա նաև նշել է, որ Ֆրանսիան տվյալներ ունի․ «Թուրքիան սիրիացի իսլամիստներ է ուղարկել՝ Ադրբեջանում կռվելու»։
Ադրբեջանական ԶՈՒ հրետակոծության տակ է հայտնվել նաև «Դոժդ» հեռուստաալիքի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին։ Հաղորդվում է, որ նա չի տուժել։
Սակայն Մարտունի քաղաքի հրետակոծման ժամանակ վիրավորվել է «Արմենիա» հեռուստաալիքի օպերատոր Արամ Գրիգորյանը։
-
Հայաստանի վարչապետ․ «Ինչո՞ւ է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս. շարունակելու հայոց ցեղասպանությունը»
Րոպեներ առաջ Նիկոլ Փաշինյանը այս հարցուպատասխանով գրառում է կատարել Facebook-ի իր էջում և շարունակել․
«Բայց ցեղասպան քաղաքականության շարունակությունը Թուրքիայի համար միայն հայատյացությունը իրացնելու միջոց չէ, այլև պրագմատիկ խնդիր: Հայաստանն ու Հարավային Կովկասի հայությունը վերջին խոչընդոտն են թուրքական էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի հարավ-արևելք և դեպի արևելք շարունակելու և կայսերական երազանքը կյանքի կոչելու համար:
Սա արդեն պարզապես Ղարաբաղի հարց չէ, սա միայն հայ ժողովրդի անվտանգության հարց չէ: Սա այլևս միջազգային անվտանգության հարց է, և հայ ժողովուրդը պաշտպանում է նաև միջազգային անվտանգությունը՝ ստանձնելով թերեւս մի նորագույն պատմական առաքելություն»:
-
Էրդողան․ «Այն երկրները, որոնք անտեսում են Լեռնային Ղարաբաղի օկուպացիան, երկերեսանի են»
Թուրքիայի խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացմանը ելույթ ունենալիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան սատարում է Ադրբեջանին օկուպացված տարածքների ազատագրման համար արդար պայքարում,- հաղորդում է Anadolu գործակալությունը։
«Կովկասում երկարաժամկետ խաղաղության պայմանն Ադրբեջանի օկուպացված ամեն մի թիզ հողի ազատագրումն է։ Թուրքիան Ադրբեջանն ընկալում է «մեկ ազգ և երկու պետություն» սկզբունքի տեսանկյունից։ Մենք շարունակելու ենք մեր ուժերի ներածի չափով աջակցել ադրբեջանցի եղբայրներին», — ասել է նա։
Իր ելույթում Էդողանը Հայաստանի իշխանություններին կոչ է արել «հրաժարվել Թուրքիայի մասին ստի և ապատեղեկատվության տարափից»։
«Լեռնային Ղարաբաղի օկուպացիան անտեսող երկրները երկերեսանի են», — նշել է Թուրքիայի նախագահը։
-
«Ղարաբաղի խաղաղ բնակչությունը կրկին հրետակոծության տակ է»․ ռազմական փորձագետ
Ինչպես հաղորդում է Արծրուն Հովհաննիսյանը, ադրբեջանական ԶՈՒ-ն կրկին հրետակոծում է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությունը․
«Հադրութին հարվածեցին հրետանիով»։
-
Հայր ու որդի խաղաղ բնակիչներ են զոհվել Ադրբեջանի Աղդամի շրջանում
Հայկական Զինված ուժերի կողմից Ադրբեջանի բնակավայրերի հրետակոծման հետևանքով՝ զոհվել է ևս երկու խաղաղ բնակիչ,- հաղորդում է ադրբեջանական АРА գործակալությունը։
Զոհվածներն Աղդամի շրջանի Հաջիմամեդլի գյուղի բնանկիչներ են՝ 54-ամյա Մուրշուդ Մամեդովն ու նրա որդի՝ 24-ամյա Սամիր Մամեդովը,- նշում է աղբյուրը։
Հրետակոծվել է նաև շտապօգնության մեքենա, որը պետք է տաներ զոհերի մարմինները,- ասված է հաղորդագրությունում։
-
Ղարաբաղի Մարտունի քաղաքում ադրբեջանական ԶՈՒ հրետակոծության տակ են ընկել ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները։
«Հրետակոծության հետևանքով կա երկու վիրավոր, նախնական տվյալներով՝ երկուսն էլ Ֆրանսիայի քաղաքացիներ են։ Նրանց տեղափոխում են քաղաքային հիվանդանոց», — Facebook-ում հաղորդում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի համակարգող Հովհաննես Մովսիսյանը։
Չնայած լրագրողների հրետակոծման դեպքերին՝ Հայաստանի ԱԳՆ-ում արդեն հավատարմագրվել է առաջատար միջազգային լրատվամիջոցների լրագրողական ավելի քան 50 խումբ՝ մոտ 200 օտարերկրյա լրագրող, որոնց մեծ մասը Հայաստանում և Արցախում են,- հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։ Նրա խոսքով՝ հավատարմագրման հայտերը շարունակվում են ներկայացվել նույն ինտենսիվությամբ։
-
Ադրբեջանի ԱԳՆ․ «Հերքում ենք կեղտոտ մեղադրանքները»
Վերջին օրերին մենք տեսնում ենք, թե ինչպես են որոշ օտարերկրյա լրատվամիջոցներ ստահոդ և զրպարտությամբ լի արշավ վարում իբր Սիրիայից Ադրբեջան զինյալներ տեղափոխելու մասին։ Ոչ մի կասկած չկա, որ որևէ փաստի վրա չհիմնված այս պնդումների հետևում, որոնք տարածվում են կեղծ անձանց հետ հարցազրույցների տեսքով, Հայաստանն է կանգնած»։ Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան։
Նրա պնդմամբ՝ այդ վարկաբեկող արշավի նպատակը միջազգային հանրության բացասական կարծիքի փոխհատուցումն է, որը ստեղծվել է Հայաստանի կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքներում Մերձավոր Արևելքի երկրներից ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների տեղակայմամբ։
«Մենք վճռականորեն հերքում ենք Ադրբեջանի դեմ այս կեղտոտ մեղադրանքներն ու ընդգծում, որ ադրբեջանական բանակը որևէ արտաքին ուժի կարիք չունի իր տարածքային ամբողջականության ապահովման համար իր միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում», — ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։
-
«Զոհված ադրբեջանցի զինվորների գրպաններում ներարկիչներ են հայտնաբերվել»․ Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար
Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանի խոսքով՝ մարտական գործողությունների հետևանքով Ղարաբաղի վերահսկման տակ գտնվող տարածքում են հայտնվել մեծ թվով ադրբեջանցի զինվորների դիեր։
«Գրեթե բոլորի գրպաններում ներարկիչներ են հայտնաբերվել։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը պատերազմ, մարտի է ուղարկում զինվորների, որոնք թմրանյութերի ազդեցության տակ են։ Սա միանշանակ հանցագործություն է միջազգային իրավունքի նորմերի տեսանկյունից», — ասել է նա։
-
Ադրբեջանի տարածքին Հայաստանի կողմից հրթիռային հարվածներ են հասցվել․ Ադրբեջանի ՊՆ
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հորադիզի շրջանից արձակված հրթիռներն ընկել են ճակատագծի Ջաբրայիլ-Ֆիզուլի ուղղությամբ։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պահանջում է կասեցնել հարվածները, հակառակ դեպքում պատասխան միջոցներ է խոստանում», — ասված է հաղորդագրությունում։
-
Ադրբեջանի խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 16-ի
Այս մասին հաղորդում է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
«Հակառակորդի սադրանքի հետևանքով ևս 55 խաղաղ բնակիչ վիրավորվել է», — ասված է հաղորդագրությունում։
-
Կայուն լարվածություն է պահպանվում․ Հայաստանի ՊՆ-ն՝ սահմանին տիրող իրավիճակի մասին
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն,- հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից:
«Մարտակարգերը բարելավելու նպատակով հակառակորդը փորձել է իրականացնել որոշակի վերախմբավորումներ ու զորաշարժեր, որոնք ժամանակին հավաստանշվել ու կանխվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից», — ասված է հաղորդագրությունում։
-
Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունների դեմ բազմահազարանոց բողոքի ակցիա է անցկացվել Լոս Անջելեսում
«Այսօր հազարավոր մարդիկ են հավաքվել Լոս Անջելեսում՝ իրենց բողոքն արտահայտելու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի դեմ», — ասված է Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (ANCA) նյույորքյան գրասենյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
-
Հայաստանի վարչապետը հայտարարել է հայկական դիվանագիտության խոշոր հաղթանակի մասին
Խոսքն այն մասին է, որ Երևանին հաջողվել է միջազգային հանրությանն ապացուցել Թուրքիայի կողմից սիրիացի զինյալների՝ Ադրբեջան տեղափոխման փաստը։
«Միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ։
Այսպիսով՝ արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ։ Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ, որի թիրախները տարանջատված չեն աշխարհաքաղաքական սահմաններով։
Այդ ահաբեկչությունը հավասարաբար սպառնում է ԱՄՆ-ին ու Իրանին, Ռուսաստանին ու Ֆրանսիային, և Արցախը, Հայաստանը, հայ ժողովուրդը կռվում են հանուն գլոբալ անվտանգության», — գրում է վարչապետը Facebook-ի իր էջում։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ էր արել հակամարտության գոտուց դուրս բերել «օտարերկրյա ահաբեկիչներին և վարձկաններին»։
-
Արկի պայթյունի հետևանքով Ադրբեջանի Թարթառ քաղաքում խաղաղ բնակիչ է զոհվել
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունն, այսօր առավոտյան ժամը 9-ին մոտ հայկական զինված ուժերի արձակած հրետանային արկը պայթել է Թարթառ քաղաքի հանրային տրանսպորտի կանգառի մոտ։
Կատարվածի հետևանքով՝ մահացել է տեղի 38-ամյա բնակիչ Զաբիլ Հասանովը։
Լուսանկարը՝ Qafqazinfo
-
Ադրբեջանական բանակը ողջ գիշեր հրետակոծել է հակառակորդի դիրքերը․ Ադրբեջանի ՊՆ
Այս հաղորդագրությանն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է կցել․
-
Նորություններ, ռեպորտաժներ, լուսանկարներ/տեսանյութեր Ղարաբաղում 2020 թ-ի սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների վերաբերյալ
Մարտեր Արցախում։ Թարմացվում է։ Սեպտեմբերի 30-ի տվյալներ, ռեպորտաժներ, տեսանյութեր, լուսանկարներ
Սեպտեմբերի 27-ի առավոտյան 7-ին մասշտաբային ռազմական գործողություններ են սկսվել Լեռնային Ղարաբաղի շուրջ և Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին։ Հաղորդվում է երկու կողմից տասնյակ զոհերի և հարյուրավոր վիրավորների մասին ինչպես զինվորականների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում։