Հոլիվուդի գլխավոր օրը. կայացել է «Օսկար» մրցանակաբաշխությունը
Մարտի 4-ին Լոս Անջելեսում կայացել է ամենահեղինակավոր կինոմրցանակաբաշխությունը՝ «Օսկար 2018-ը», հաղորդում է CNN-ը:
Լավագույն ֆիլմ է ճանաչվել Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձևը» ֆիլմը, որը պատմում է գաղտնի գիտական լաբորատորիայի հավաքարարի և փորձարկման տակ հայտնված արարածի սիրո մասին: Կինոակադեմիայի որոշումը փորձագետներից շատերի համար անսպասելի էր, որոնք կանխատեսում էին, որ հաղթելու է «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմը: Գլխավոր մրցանակից բացի «Ջրի ձևը» հաղթել է ևս երեք անվանակարգերում, իսկ Գիլյերմո դել Տորոն լավագույն ռեժիսոր է ճանաչվել:
«Օտար լեզվով լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում հաղթել է չիլիացի ռեժիսորի «Ֆանտաստիկ կինը» ֆիլմը: Այն պատմում է գործարարի և կին տրանսգենդերի հարաբերությունների մասին: Գլխավոր դերակատարը տրանսգենդեր է:
Լավագույն երկարամետրաժ վավերագրական ֆիլմ է ճանաչվել «Իկարուսը», որի ռեժիսորն ամերիկացի Բրայան Ֆոգելն է: Ֆիլմը նվիրված է ռուսական սպորտում դոպինգի թեմային: Ֆիլմի գլխավոր հերոսը մոսկովյան հակադոպինգային գործակալության նախկին ղեկավար Գրիգորի Ռոդչենկովն է:
Դերասանական աշխատանքի համար պարգևատրվել է Գարի Օլդմանը («Մութ ժամանակներ») և Ֆրենսիս Մակդորմանդը («Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի»): Սա Մակդորմանդի երկրորդ «Օսկարն» է. առաջինը նա ստացել է «Ֆարգո» ֆիլմում խաղալու համար 21 տարի առաջ:
Մրցանակաբաշխությանը հիշատակվել է նաև խոշորագույն կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի, այնուհետև՝ ողջ Հոլիվուդի շուրջ անցյալ տարվա սկանդալը:
«Մենք այլևս չենք կարող տանել դատապարտելի վարքը: Աշխարհը մեզ է նայում, մենք պետք է օրինակ ծառայենք», — հանդիսավոր արարողության մեկնարկին հայտարարել է հաղորդավար Ջիիմի Քիմելը: