«ՀԱՊԿ զորախումբը մեկնեց Ղազախստան, իսկ Հայաստան այդպես էլ չեկավ»
ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են մեկնել շուրջ 70 հայ զինծառայողներ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներից ոչ բոլորի դիրքորոշումն է միանշանակ: Ղրղզստանի խորհրդարանն, օրինակ, չի հաստատել երկրի զինվորականների մասնակցության առաջարկը։
Ղազախստանում ստեղծված իրավիճակն ակտիվորեն քննարկում են Հայաստանի ընդդիմադիր ուժերն ու փորձագետները:
Իրադրությունը Ղազախստանում
Ղազախստանում իրավիճակը լարվեց տարեսկզբին, երբ Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս եկան հանրահավաքների: Պատճառը հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճն էր:
Էներգետիկայի նախարարության պարզաբանմամբ՝ 2022 թ. հունվարի 1-ից գազի գինը ձևավորվում է էլեկտրոնային բորսային աճուրդում՝ առաջարկի և պահանջարկի հիման վրա:
Ստեղծված իրավիճակը քննարկելու համար երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանձնարարությամբ ձևավորվեց կառավարական հանձնաժողով։ Ավելի ուշ Տոկաևը հանդես եկավ տեսաուղերձով՝ ցուցարարներին կոչ անելով խոհեմություն դրսևորել ու «չենթարկվել ապակառուցողական անձանց սադրանքներին, որոնք ուզում են խաթարել հասարակության կայունությունն ու միասնությունը»։
«Այժմ խաղասեղանին է դրված և՛ ձեր բարեկեցությունը, և՛ մեր երկրի տեղը ժամանակակից աշխարհում», — ասված էր Տոկաևի ուղերձում:
Բողոքի զանգվածային ակցիաները չդադարեցին: Ցույցերի ֆոնին հունվարի 3-ին հայտարարվեց, թե հեղուկացված գազի գինը նախկին մակարդակին կիջեցվի: Այս հայտարարությունը, սակայն, չթուլացրել բողոքի ալիքը։
Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել: Վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է Ալիխան Սմաիլովին։
Անվտանգության խորհրդի ցմահ նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո նրան այդ պաշտոնում փոխարինում է երկրի նախագահ Տոկաևը:
Հունվարի 5-ից 19-ը Ղազախստանի ողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել: Աշխատանքը դադարեցրել է Ակտաուի օդանավակայանը:
Բողոքի ակցիաները վերաճել են բախումների, որոնց արդյունքում կան զոհեր և հարյուրավոր վիրավորներ:
Ղազախստանում ՀՀ դեսպանության տեղեկություններով` այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան:
Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ ցուցարարները գրավել են նաև Ալմաթիի օդանավակայանը։
Օգնության խնդրանք ՀԱՊԿ-ից
Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ղազախստանը դեռ ՌԴ–ից օգնություն չի խնդրել։
«Մենք համոզված ենք, որ մեր ղազախ ընկերները կարող են ինքնուրույն լուծել իրենց ներքին խնդիրները։ Կարևոր է, որ դրսից ոչ ոք չխանգարի»,– նշել էր Պեսկովը:
Նույն օրը, սակայն, հաղորդվեց, որ Ղազախստանի նախագահը դիմել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին՝ խնդրելով աջակցել «ահաբեկչական սպառնալիքի» հաղթահարման հարցում:
Տոկաևի գնահատմամբ՝ տեղի ունեցածն արտաքին ագրեսիայի արդյունք է, քանի որ «երկրում անկարգություններ կազմակերպած ահաբեկչական խմբավորումները նախապատրաստվել են արտերկրում»:
Քննարկումներ Հայաստանում
Հայաստանյան մեդիայում Ղազախստանում ընթացող ցույցերն ու երկրի ներքաղաքական իրավիճակը ակտիվորեն սկսեցին քննարկվել այն բանից հետո, երբ հաղորդվեց, որ Հայաստանի վարչապետը ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ խորհրդակցություն է սկսում՝ համաձայն Ղազախստանի նախագահի դիմումի:
ՀԱՊԿ անդամ երկրներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: 2021-ի աշնանից Հայաստանն է մեկ տարով ստանձնել նախագահությունը ՀԱՊԿ-ում:
Վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Տոկաևի հետ ու «անհապաղ խորհրդակցություններ» է սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ՝ որպես Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ:
Ժամեր անց նա հայտնեց, որ իրավիճակի կայունացման ու կարգավորման նպատակով ՀԱՊԿ-ը խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան:
Ըստ Փաշինյանի՝ որոշումը կայացվել է Ղազախստանի նախագահի դիմումի հիման վրա, ինչպես նաև «Ղազախստանի ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության հետևանքով»:
Հավաքական անվտանգության մասին պայմանագրի համաձայն՝ ՀԱՊԿ ուժերը Ղազախստան են ուղարկվում սահմանափակ ժամանակով։ Խաղաղապահ ուժերի կազմը, կառուցվածքը և թվաքանակը որոշում են անդամ պետությունների ղեկավարները:
Խաղաղապահ զորակազմն արդեն իսկ Ղազախստանում է: ՀԱՊԿ պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ խաղաղապահ ուժերի կազմում ներառվել են անդամ բոլոր պետությունների, այդ թվում՝ Ղրղզստանի զինված ստորաբաժանումներ:
Ավելի վաղ Ղրղզստանի նախագահի խոսնակը նշել էր, թե իրենց զինվորականները «զբաղվելու են բացառապես ռազմավարական օբյեկտների հսկողությամբ», նրանք չեն մասնակցելու բողոքի ակցիաների մասնակիցների հետ դիմակայությանը:
Հունվարի 6-ին հրավիրված արտահերթ նիստում Ղրղզստանի խորհրդարանը չէր հաստատել երկրի զինվորականների մասնակցության առաջարկը։
Զորքերն արտերկիր ուղարկելու համար, ըստ երկրի օրենսդրության, կողմ պետք է քվեարկի խորհրդարանի 90 անդամներից առնվազն 60-ը, այնինչ այսօրվա նիստին ներկայացել էր ընդամենը 40 պատգամավոր։
Ըստ ՀԱՊԿ հաղորդագրության՝ խաղաղապահ ուժերի հիմնական խնդիրները լինելու են պետական և ռազմական կարևոր օբյեկտների պահպանությունն ու իրավիճակի կայունացման գործում Ղազախստանի իրավապահ մարմիններին աջակցությունը։
Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ը լուռ էր: Պատերազմից հետո՝ 2021 թ.-ի մայիսին, երբ Ադրբեջանի ԶՈՒ ներխուժել էին Հայաստանի սուվերեն տարածք, Հայաստանն էլ պաշտոնապես դիմել էր ՀԱՊԿ-ին, ռազմական կառույցից դրական արձագանք չստացվեց: Այս ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը բուռն արձագանք է գտել սոցիալական ցանցերում:
«Հայաստանի սուվերեն տարածքից 40-ից 45 քառակուսի կմ տարածք ամիսներ շարունակ հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Արագ կամ դանդաղ արձագանքման ոչ մի ուժ օգնության չեկավ՝ չնայած մեր բոլոր դիմումներին», — գրել է նախկին պատգամավոր, ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է
Հայաստանի արտաքին գերատեսչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին հետևում են անհանգստությամբ և մտահոգությամբ.
«Ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են։ Խստորեն դատապարտում ենք բռնությունը և համոզված ենք, որ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել»
ԱԳՆ-ում հավատացած են՝ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հետագա բախումները կանխելու և երկրում խաղաղ քաղաքական գործընթացների, այդ թվում՝ քաղաքացիների՝ խաղաղ հավաքներ անցկացնելու և արտահայտվելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ հանդուրժողականության մթնոլորտի վերականգնման ուղղությամբ։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի գնահատմամբ՝ ՀԱՊԿ-ն այս անգամ բացահայտ կերպով ի ցույց դրեց իր ոչ թե ռազմական, այլ ներքին ոստիկանական կառույց լինելը:
Ասում է՝ եթե նախկինում Հայաստանի անդամակցությունը ձևական բնույթ էր կրում և ուներ Ռուսաստանի հետ հարաբերությունները չփչացնելու նպատակ, ապա այժմ այն վտանգավոր է դառնում:
«Ոչ մի հայ զինվոր որևէ պայմանով, որևէ ժամանակով չպետք է մեկնի Ղազախստան։ Սա այնպիսի սպառնալիք է Հայաստանի պետականությանը, ինչպիսին մենք չենք ունեցել 1991 թ.-ից սկսած։ Հայ զինվորին Ղազախստան ուղարկելու հրամանի դեպքում Հայաստանի իշխանության լեգիտիմությունը կդառնա կասկածելի, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով արդեն Երևանի համար», — գրում է Ղևոնդյանը:
Քաղաքագետի կարծիքով՝ ղազախ ժողովուրդն իրավունք ունի կատարել իր ընտրությունը, իսկ Հայաստանը չունի «որևէ բարոյական կամ այլ պարտավորություն այդ գործընթացի մեջ «քիթը խոթելու»: