Հայ-թուրքական բանակցություններ․ հին օրակարգ՝ նոր պայմաններում։ Ի՞նչ սպասել
Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսում, որոնք խզվել էին Անկարայի նախաձեռնությամբ դեռևս 1993 թ-ին, Արցախյան հակամարտության պատճառով։ Երկու երկրներն էլ արդեն նշանակել են իրենց հատուկ ներկայացուցիչներին։ Թուրքիան ներկայացնելու է փորձառու դիվանագետ, ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Նա հայտնի է որպես Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման խոչընդոտման ակտիվ լոբբիստ։
Հայաստանը Քըլըչի թեկնածությունն ընդունելի է համարել և իր հատուկ ներկայացուցիչ նշանակել խորհրդարանի երիտասարդ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին, որը հայկական ԱԳՆ-ում աշխատանքային իննամսյա փորձ ունի։ Գլխավորն այն է, որ նա իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչ լինի, իր մոտեցումն է պարզաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Դիվանագիտական հարաբերությունների հաստատման փորձեր եղել են նաև անցյալում, սակայն դրանք արդյունք չեն տվել Անկարայի առաջ քաշած նախապայմանների պատճառով։ Մասնավորապես, խոսքը գնում է․
- Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու,
- Թուրքիայի տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչման,
- Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին։
Հայաստանի իշխանությունը մինչ այս պահը խոսում էր առանց նախապայմանների կարգավորման գործընթացի մեկնարկի մասին։ Սակայն Արցախյան պատերազմում պարտվելուց հետո հայ փորձագետներն արձանագրում են երկրի շահերը պաշտպանելու համար բոլոր ռեսուրսների կորուստ։
Այնուամենայնիվ, գործընթացը սկսվել է, և Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն արդեն հասցրել է հայտարարել «մոտ ժամանակներս» երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին։
Արևելագետի և տնտեսագետի կարծիքներն այն մասին, թե արդյոք հայ-թուրքական հարաբերությունները կարող են իրապես կարգավորվել, և ինչ ռիսկեր կան բոլոր առումներով թուլացած Հայաստանի համար։
- «Լավատեսության հիմքեր չկան, մենք փորձում են դրանք ստեղծել»․ Հայաստանի վարչապետ
- 3+3 կամ 3+2․ Հարավային Կովկասում խնդիրների լուծման նոր ձևաչափ
- Թե ինչպես էին 27 տարի առաջ հայ զբոսաշրջիկները գնացքով Թուրքիա մեկնում։ Մարդկանց պատմություններ և տեսանյութ
Արևելագետ Սուրեն Մանուկյան․ «Նոր բանակցություններ՝ հին օրակարգով»
«Հայ-թուրքական բանակցությունների թեման անհայտ է, այսօրվա դրությամբ օրակարգ չկա, պարզ չէ, թե ինչի շուրջ են բանակցելու և պայմանավորվելու կողմերը։
Հանուն արդարության՝ պետք է ասել, որ հայ-թուրքական հարաբերությունները երբեք զրոյական մակարդակում չեն եղել։
Ինտենսիվ շփումներ եղել են տարբեր մակարդակներում։ Հանդիպել են դիվանագետները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, գիտնականները և այլն, և այդ հանդիպումները եղել են Հայաստանի բոլոր երեք նախագահների պաշտոնավարման ընթացքում։
Լևոն Տեր-Պետրոսյանն անձամբ է հանդիպել Թուրքիայի վարչապետին։ Հանդիպումներ են կայացել նաև Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ՆԱՏՕ-ի հարթակում, իսկ Սերժ Սարգսյանը նույնիսկ «ֆուտբոլային դիվանագիտություն» էր վարում [նրա հրավերով Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Երևան էր ժամանել՝ երկու երկրների հավաքականների ֆուտբոլային խաղը դիտելու, որից հետո սկսվել էր հարաբերությունների կարգավորման փորձ, սակայն տապալվել էր — JAMnews]։
Եվ քիչ հավանական է, որ երեք նախագահների պաշտոնավարման տարիներին խնդիրը չի լուծվել, իսկ ահա այսօր հանկարծ կլուծվի։ Առավելագույնն, ինչին կարելի է հասնել, աննշան զարգացումներն են, այն էլ՝ Հայաստանի միակողմանի զիջումների հաշվին»։
Թուրքիայի ախորժակը
«Հնարավոր է, որ Թուրքիան ցանկանա մեկընդմիշտ փակել Արցախի հարցը։ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակում բազմիցս խոսվել է Արցախի կորստի մասին։ Սակայն Թուրքիան կարող է ավելի հեռուն գնալ՝ պահանջելով օրակարգից հանել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, թեև այդ թեման մեզ մոտ այժմ այնքան էլ ակտիվ չէ։
Խոսքն Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարասկզբին տեղի ունեցած իրադարձությունների մասին է։ Մինչև 1915 թվականն այստեղ բնակվում էր շուրջ երկուս ու կես միլիոն հայ։ Սպանդի և զանգվածային արտաքսման հետևանքով նրանց կեսից ավելին մահացել է։ Հայաստանը, մի քանի արևմտյան երկրներ և միջազգային կազմակերպություններ այդ իրադարձությունները ճանաչում են որպես ցեղասպանություն։ Թուրքիան այդ ձևակերպումը կտրականապես մերժում է։
Անհանգստություն է առաջացնում նաև այն, որ Թուրքիան կարող է օգտվել մեր բանակցողի անփորձությունից և փորձել իրագործել իր վաղեմի գաղափարը՝ Հայոց ցեղասպանության հարցը հանձնել պատմաբանների հանձնաժողովին։
Ժիրայր Լիպարիտյանի [պատմական գիտությունների դոկտոր, 1994-97 թթ-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարություններով բանագնաց] ակտիվացումը, որն արդեն մասնակցել է նման բանակցությունների, առիթ է տալիս ենթադրելու, որ այդ հանձնաժողովում հայկական կողմը կարող է ներկայացնել հենց նա։ Այս առումով մտավախություններ կան, և դրանք մեծ են։
Բանակցությունների արդյունքում ուղիղ տեքստի սպասել, կարծում եմ, չարժե, կողմերը կստորագրեն համագործակցության մտադրության մասին ինչ-որ հայտարարություն։
Սակայն դրանում ստորջրյա քարեր կլինեն, որոնք հետո հնարավոր կլինի մեկնաբանել ցանկացած կերպ։
Հնարավոր է, որ դա լինի «Առաջին աշխարհամարտի ժամանակ հայ և թուրք ժողովուրդների համընդհանուր ողբերգության» քննարկման մասին առաջարկ։ Այսինքն՝ դա Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվածներին որպես Առաջին աշխարհամարտի զոհ ներկայացնելու փորձ է։ Այս թեզը Թուրքիան անընդհատ փորձում է մտցնել զանգվածային գիտակցության մեջ, և ամեն տարի ապրիլի 24-ի [Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը] մոտ օրերին այդ երկրի ղեկավարությունը տեսքտեր է ասում «համատեղ զոհերի և համընդհանուր ցավի մասին»։
Թուրքիան նաև կարող է պահանջել անվերապահորեն ճանաչել իր տարածքային ամբողջականությունը։ Սակայն սրանով Թուրքիայի ախորժակը չի սահմանափակվում։
Մենք միշտ ասել ենք, որ Թուրքիան Հայաստանի համար երեք անընդունելի նախապայման ունի հարաբերությունների կարգավորման համար։ Այսօր այն լրացրել է այդ ցանկը ևս մի պահանջով՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով» [ճանապարհ, որն Ադրբեջանը կկապի նրա էքսկլավ Նախիջևանի հետ Հայաստանի հարավով, բայց վերջինիս ինքնիշխան վերահսկողության տակ չի լինի]»։
Դաշնակցի արջի ծառայությունը
«Հայկական կողմը, նորմալ տրամաբանությունից ելնելով, դժվար թե ձգտում է մասնակցել այդ բանակցություններին։ Թեև վերջին տարիներին հայկական իշխանության քայլերի մեծ մասը դուրս է ցանկացած տրամաբանությունից։ Հնարավոր է, որ մեր իշխանությունն իր հնարավորութունների մասին ուռճացված պատկերացում ունի, այն կարծում է, որ սա պատմական հնարավորություն է, և ինքը կկարողանա լուծել արդեն 30 տարի չլուծվող խնդիրները։
Այսպես թե այնպես, Հայաստանին պարտադրում են այդ բանակցությունները։
Մեզ վրա ճնշում է գործադրվում ինչպես Թուրքիայի իրավիճակային դաշնակից Ռուսաստանի, այնպես էլ նրա վաղեմի դաշնակից Ադրբեջանի կողմից։
Սակայն, եթե Ռուսաստանը Հայաստանի վրա ճնշում է գործադրում դիվանագիտական մեթոդներով, ապա Ադրբեջանը դիմում է ռազմական գործողությունների։ Նրանք բոլորն էլ հասկանում են, թե ինչ թույլ վիճակում ենք մենք հիմա, և ուզում են առիթը բաց չթողնել, հնարավորինս շատ բան պոկել։ Նրանց շտապեցնում է այն ընկալումը, որ Հայաստանի այս վիճակը չի կարող հավերժ լինել, և մի օր նա կսկսի դուրս գալ այս փոսից»։
Զիջումներ՝ առանց դիվիդենդների
«Հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորումից» Հայաստանը ոչինչ չի ստանա, անգամ եթե զոհաբերի բոլոր թվարկվածը։ Խոսքն այն մասին է, որ պատերազմում հաղթած երկրները պարտված կողմին թելադրում են իրենց պայմանները։ Հայաստանի համար այստեղ ոչ մի դրական գործընթաց չի կարող լինել։ Այն ամենն, ինչ ցանկալի է, որ Հայաստանի համար տեղի ունենա, այս գործընթացից նվազագույն կորուստներով դուրս գալն է կամ ինչ-որ կերպ գործընթացը ձգձգելը։
Թուրքիան ոչինչ չի խոստանում Հայաստանին, նա չի խոստանում, թե սահմանները բացելու է, առևտուրը զարգացնելու է և այլն։ Մեզ պարզապես թուղթ են «դեմ տալիս», որը նման է 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը [Արցախում հրադադարի հաստատման մասին], որը պետք է ստորագրել։
Հայաստանն այս ճնշմանը հակազդելու համար շատ փոքր խաբուսիկ ռեսուրս ունի՝ միջազգային հանրությունը, որի հետ միշտ հույսեր են կապվել, սակայն, ինչպես պարզվել է, զուր։
Պարզապես այսօր իրավիճակը մի փոքր այլ է։ Էրդողանը չափազանց շատ կարմիր գծեր է հատում և զրկվում է Արևմուտքի աջակցությունից։
Բացի այդ, Արևմուտքը չի ուզում կորցնել Արցախյան հարցը՝ որպես միջազգային քաղաքականությունում իր հաղթաթղթերից մեկը։ Բացի այդ, տարածաշրջանում կատարվող գործընթացները դուր չեն գալիս Չինաստանին և Հնդկաստանին։ Այս տեսակետից մենք ինչ-որ հնարավորություններ ենք ստանում շախմատի մեծ խաղատախտակի վրա խաղալու՝ այս անբարենպաստ իրավիճակից ինչ-որ կերպ դուրս գալու համար։
Հայաստանի վերջնական կապիտուլյացիան շահեկան չէ խաղացողներից շատերի համար, և սա միակ բանն է, որը մենք կարող ենք շահարկել։
Սակայն այստեղ էլ է երկրին անհրաժեշտ դիմադրության ներուժ։ Եթե մենք ունենք պետական ինստիտուտներ, լավ դիվանագիտություն, բավականաչափ ուժեղ բանակ, որն ունակ է գոնե դիմադրելու»։
Բանակցողը Փաշինյանն է լինելու
«Ցավոք, մեզ մոտ ամենուր կուսակցականացում է գնում․ բոլոր առանցքային պաշտոններում նշանակվում են ոչ թե տեխնոկրատներ, այլ կուսակցականներ։ Նույն վիճակն է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով բանակցողի պարագայում։
Ռուբինյանի թեկնածությունն ինքնին տարօրինակ է։ Սա նշանակում է, որ կամ մենք այդ բանակցություններին այնքան էլ լուրջ չենք վերաբերվում, կամ էլ ամեն ինչ արդեն որոշված է, և մենք նշանակել ենք մեկին, որը պարզապես պետք է բանակցությունների իմիտացիա ստեղծի։ Ես մեծապես կասկածում եմ, որ Ռուբեն Ռուբինյանն ընդհանրապես ի վիճակի է վարել այդ բանակցությունները։ Դա պետք է լինի նույնիսկ ոչ թե քաղաքական ծանր քաշային մեկը, այլ դիվանագետ, որը կարող է հասկանալ, թե ուր է տանում թուրքական կողմը, ու ինչպես փորձել ինչ-որ բան պաշտպանել։
Ենթադրաբար, Ռուբեն Ռուբինյանին որպես բանակցող նշանակելու գաղափարը ծնվել է մեկ մարդու գլխում, և դա վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որն իր ցանկացած քայլ համարում է ամենաճիշտն ու հանճարեղը։ Կարծում եմ՝ նրա ընտրությունն անգամ չի քննարկվել։
Գործնականում, ըստ ամենայնի, բանակցողը հենց Փաշինյանն է լինելու, իսկ Ռուբինյանը քողարկման համար է, խոսող գլուխ, որ փոխանցելու է այն, ինչ ասելու են Երևանից»։
Կարս-2
«Փաստաթղթերի ստորագրումից հետո իրավիճակն անհնար է լինելու կարգավորել։ Մենք մինչ օրս ապրում ենք Կարսի պայմանագրի իրողություններում՝ չնայած նրան, որ ոչ մի միջազգային չափանիշներով այն չի կարող համարվել իրավաչափ միջազգային փաստաթուղթ, որովհետև ստորագրվել է երկու ռեժիմի կողմից, որոնք սեփական երկրներում լիարժեք իշխանություն չեն ունեցել։ Մոսկվայի և Կարսի պայմանագրերից հետո մենք չունենք ոչ մի փաստաթուղթ, որով որոշվում են երկու երկրների սահմանները։
«Բարեկամության և եղբայրության մասին» Մոսկվայի պայմանագիրը ստորագրվել է 1921 թ-ի մարտին, Մոսկվայում, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության և ՌԽՖՍՀ կառավարության ներկայացուցիչների կողմից։ Թուրք-խորհրդային պայմանագրով որոշվել է Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը։ Այն ստորագրվել է առանց Հայկական, Վրացական և Ադրբեջանի ԽՍՀ-ների մասնակցության։ «Բարեկամության» մասին Կարսի պայմանագիրն այս երեք հանրապետությունների և Թուրքիայի միջև կնքվել է 1921 թ-ի հոկտեմբերին՝ ի կատարումն Մոսկվայի պայմանագրի։
100 տարի առաջ չի եղել անկախ ինքնիշխան Հայաստան, որն իր սահմանների մասին որոշումներ կկայացներ։ Առաջին դեպքում դա բոլշևիկյան Ռուսաստանն էր, որը ոչ մի կապ չուներ այդ տարածքների հետ, երկրորդ դեպքում՝ Երևանի խամաճիկային կառավարությունը։
Եվ մենք շատ լավ հասկանում ենք, որ այս երկու փաստաթղթերը լուրջ միջազգային նշանակություն չունեն և չեն կարող կարգավորել սահմանների հարցն անկախ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև»։
Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյան․ «Տնտեսությունը հետին պլանում է»
«Հայ-թուրքական հարաբերությունների թեման զուտ քաղաքական է։ Տնտեսությունն այս պարագայում մղվում է հետին պլան։ Թուրքիան Արցախյան պատերազմում ամենաակտիվ մասկցությունն է ունեցել, այդ պատճառով էլ օրակարգում պետք է լինեն քաղաքական հարցեր։ Հակառակ դեպքում, դա կնշանակի արցախյան օրակարգի փոխարինում Հայաստանի համար աննշան տնտեսական առաջընթացով։ Պատմությունը մեզ պարզապես չի ների։ Այդ պատճառով էլ սկզբի համար պետք է պատասխանել բոլոր քաղաքական հարցերին, հետո նոր անցնել տնտեսությանը։
Ամեն դեպքում, ես այս գործընթացը չէի անվանի «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում»։ Սա պարզապես աշխատանքային հարաբերությունների հաստատում է»։
Թուրքիան չի կարող Հայաստանը կապել Եվրոպայի հետ
«Հայաստանը չպետք է Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների հաստատումը դիտարկի որպես ելք դեպի Եվրոպա, քանի որ Թուրքիան ինքն է ամբողջությամբ արգելափակել իր ինտեգրումն Արևմուտքին։
Այսօրվա Թուրքիան մեծապես տարբերվում է 2016 թ-ի Թուրքիայից։ Այն Թուրքիան, որը ձգտում էր անդամակցել Եվրամիությանը, և Եվրամիությունն իներցիայով աշխատում էր նրա հետ, այսօր չկա։
Թուրքիայի «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը կտրուկ փոխվել է, ընդ որում, այնպիսի ինստիտուցիոնալ լրամշակումներով, որ Թուրքիան այլևս չի վերադառնա հին քաղաքականությանը։ Եվ դա շատ բացասական ազդեցություն կունենա այդ երկրի տնտեսության վրա։ Արդեն այսօր շատ երկրներ հրաժարվում են ներդրումներ անել թուրքական տնտեսությունում։
Բացի այդ, Թուրքիան ակտիվորեն զբաղվում է ահաբեկչության ֆինանսավորմամբ և փողերի լվացմամբ, և այս տարի նրան ներառել են Փողերի լվացման դեմ պայքարի միջազգային աշխատանքային խմբի (FATF) գորշ ցանկում»։
Էրդողանն ուզում է խորամանկել Բայդենի հետ հարաբերություններում
«Երկու երկրների հատուկ ներկայացուցիչները տնտեսագետներ չեն, այդ պատճառով էլ պետք է ենթադրել, որ բանակցությունների օրակարգը քաղաքական է լինելու, այլ ոչ թե տնտեսական։
Թուրքիան միշտ ապրիլի 24-ից առաջ փորձում է ցույց տալ, իբր Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորվում են՝ մեղմելու իր նկատմամբ ԱՄՆ դիրքորոշումն ու ճնշումը։
Հիմա՝ առավել ևս։ Որովհետև Բայդենն ԱՄՆ միակ նախագահն է, որն արտասանել է «ցեղասպանություն» բառը։ Չի բացառվում, որ ապրիլի 24-ից հետո Թուրքիան մոռանա իր այս «ջանքերը»։
Թուրքիայի օրակարգից Հայոց ցեղասպանության հարցն ու Արցախյան խնդիրը չեն անհետացել։ Թուրքիան շարունակում է մեծ ռեսուրսներ ծախսել Հայոց ցեղասպանության հերքման քաղաքականության վրա, հետևաբար, այս առիթը նույնպես բաց չի թողնի»։