Հայաստանն՝ Արևմուտքի և Ռուսաստանի արանքում․ իրավիճակի գնահատում հայ փորձագետների կողմից
Հայաստանը բարդ իրավիճակում է հայտնվել՝ Ռուսաստանի և Արևմուտքի արանքում։ Ուկրաինական ճգնաժամն էլ ավելի է խորացրել այդ իրավիճակը։ Հայաստանի համար կողմերից մեկին սատարելը մեծ ճոխություն է։ Այդ քայլն, ըստ տեղի փորձագետների մեծ մասի, մահաբեր է։ Եվ Հայաստանի իշխանությունը դեռևս նախընտրում է չեզոքություն պահպանել։
Ընդ որում՝ իրավիճակը տարածաշրջանում կրկին սրվել է։ Հայաստանի սահմանին զինվոր է սպանվել, իսկ Արցախի շփման գծի ողջ երկայնքով գնդակոծվում են խաղաղ բնակավայրերը։ Բացի այդ, ադրբեջանական ԶՈւ-ն բարձրախոսներով ձայնագրություն է միացնում հայերենով, որը կոչ է անում բնակիչներին լքել իրենց տները՝ կյանքը փրկելու համար։
Ինչպե՞ս կարող են զարգանալ իրադարձությունները, ի՞նչ աջակցություն կարող է ակնկալել Հայաստանն Արևմուտքից և Ռուսաստանից։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի և «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանի մեկնաբանությունները։
- Հայ-ադրբեջանական սրացում․ բոլոր մանրամասները՝ երկու կողմից
- «Ռուսաստանն Արևմուտքը դուրս է թողել Հարավային Կովկասից»․ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ
- Հայաստանը՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև․ ճիշտ ընտրության երաշխիքներ չկան
- «Թուրքիան և Ադրբեջանը՝ Հայաստանի անվտանգության սպառնալիք»: IRI սոցհարցման արդյունքները
Հակոբ Բադալյան, քաղաքական տեսաբան․ «Մուրճի և սալի միջև»
Ամեն կերպ չեզոքություն պահպանել
«Հայաստանը միշտ բարդ իրավիճակում է հայտնվել, երբ Արևմուտքն ու Ռուսաստանը կոշտ դիմադրության ռեժիմի են հասել։ Այժմ Հայաստանի գլխավոր խնդիրը որևէ մեկի կողմը չանցնելն է գործնական քաղաքականության վարման տեսակետից։ Պարզ է, որ Հայաստանը ՀԱՊԿ ռազմական դաշինքի և ԵԱՏՄ տնտեսական միության անդամ է [երկուսն էլ գործում են Ռուսաստանի հովանու ներքո — JAMnews], այսինքն՝ արդեն լռելյայն այս կողմից է։
Սակայն այստեղ խոսքը գնում է հենց գործնական քաղաքականության մասին, որին Արևմուտքը կարող է ըմբռնումով մոտենալ, անգամ եթե նրանք որևէ քայլեր տեսնեն դեպի Ռուսաստանի կողմը։
Արևմուտքը հասկանում է, որ Հայաստանը բազմաթիվ խնդիրներ ունի, այդ թվում՝ անվտանգային, այդ պատճառով էլ ոչ ոք նրան չի ստիպում որևէ գործողություն անել, որը կարող է Ռուսաստանի ագրեսիվ արձագանքն առաջացնել։
Այդ պատճառով էլ Հասյաստանը պետք է ձգտի ակտիվ չեզոքության, բայց այնպես, որ իր քաղաքականությունը հասկանալի լինի ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Արևմուտքին։
Ընդ որում, Հայաստանը պետք է աշխատի ոչ միայն Ռուսաստանի և Արևմուտքի հետ, այլ պետք է շարունակի երկխոսությունը Թուրքիայի հետ՝ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, նվազագույնը՝ պահպանի այն շփումը, որն այսօր ձևավորվել է։ Սա կարևոր է ուկրաինական հարցում Թուրքիայի քաղաքական դերի բարձրացման համատեքստում։
Այս իրավիճակում առանձնահատուկ կընդգծեի Վրաստանի հարցը, որի համար, ինչպես և Հայաստանի, շատ կարևոր է կայուն իրավիճակը տարածաշրջանում, և կարևոր է այստեղ չբերել այն լարվածությունը, որը կա Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Եվ եթե միավորվեն երկու երկրների՝ Հայաստանի և Վրաստանի թեկուզ կուլիսային դիվանագիտական ջանքերը, ապա ստեղծված իրավիճակում չեզոք քաղաքականությունն էլ ավելի արդյունավետ կլինի։
Տնտեսական ռիսկերի տեսակետից Հայաստանը պետք է փորձի ակտիվացնել աշխատանքն արաբական երկրների հետ, նրանց կապիտալի համար գրավիչ նախագծեր առաջարկի՝ չեզոքացնելու այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետևանքով»։
Հասարակությունն ազատ հոսքի մեջ է
«Իշխանությունը դեռևս իրեն օպտիմալ է պահում, ինչը չես ասի հասարակության մասին, որն ինստիտուցիոնալ առաջնորդների, էլիտաների բացակայության պայմաններում ենթարկվում է ներքին և արտաքին մանիպուլյացիաներին։ Երկրում անցկացվող տարբեր ակցիաները դրա հաստատումն են։ Ընդ որում, մանիպուլյացիաներ իրականացվում են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի օգտին։
Սակայն Հայաստանի համար վտանգավոր են ինչպես ռուսամետ, այնպես էլ հակառուսական մանիֆեստները։
Կասկածում եմ, որ դա արվի Կրեմլի կամ Արևմուտքի հրահանգով։ Հիմքեր չեմ տեսնում մտածելու, թե որևէ մեկն ուզում է Հայաստանը ներքաշել ուկրաինական ճգնաժամի մեջ։ Այս սադրանքներն, ըստ ամենայնի, գալիս են Ռուսաստանի տարբեր խմբերից, ինչպես նաև Հայաստանում Ռուսաստանի «արբանյակներից», որոնք շահագրգռված են քաղաքական ակտորներին իրենց մանիպուլյացիաների վաճառքով։ Ցավոք, մեր հասարակությունն այս առումով խոցելի է․ տրվում է այդ մանիպուլյացիաներին, տարածում դրանք սոցցանցերում»։
Թուրքիայի հետ բանակցություններում Ռուսաստանը սովորաբար ինչ-որ բան է զիջում
«Ուկրաինայում մասշտաբային պատերազմի ֆոնին իրավիճակը Կովկասում կարող է գործիք դառնալ Ռուսաստանի համար։ Նա կարող է կովկասյան տարածաշրջանում «խաղալ» իրավիճակի հետ, եթե իր դեմ գործարկվեն Արևմուտքի որևէ քաղաքական նախագծեր։ Մյուս կողմից՝ այս իրավիճակը կարող է գործիք դառնալ ուրիշների ձեռքում՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար։
Կովկասում անկայունությունը բնավ պետք չէ Ռուսաստանին Ուկրաինայի հետ կապված սեփական լուրջ խնդիրների պատճառով։
Մեջքի հետևում ևս մեկ անկայունություն ունենալն ու հարկադրված դրանով զբաղվելը Ռուսաստանին պետք չէ։ Այդ պատճառով էլ ցանկացած անկայունություն կարելի է դիտարկել՝ որպես Մոսկվայի վրա ճնշում գործադրելու միջոց նրանց համար, ովքեր ազդեցություն ունեն Ադրբեջանի վրա, ովքեր ունակ են Ադրբեջանին ստիպել սրացման գնալ՝ նրան խրախուսելով ինչ-ինչ հարցերի լուծմամբ։
Հարկ է նշել, որ տարածաշրջանում իրավիճակը սրվում է՝ ուկրաինական հարցում Թուրքիայի ակտիվացմանը զուգահեռ։ Երկար ժամանակ Ռուսաստանը փորձում էր մերժել միջնորդության վերաբերյալ թուրքական առաջարկներն՝ ԱՄՆ հետ ուղիղ բանակցությունների հույսով։ Սակայն Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո Ամերիկան չի ուզում խոսել Մոսկվայի հետ, դրա փոխարեն աճում է Թուրքիայի միջնորդական դերը։
Չի բացառվում, որ, այսպիսով, իրավիճակի սրացումն Արցախում հենց այդ գործիքն է Թուրքիայի ձեռքերում՝ ուկրաինական հարցում միջնորդական առաքելություն ստանձնելու նպատակով Մոսկվայի վրա ճնշում գործադրելու համար։ Երբ Ռուսաստանը Թուրքիայի հետ նստում է բանակցությունների սեղանի շուրջ, որպես կանոն, ինչ-որ բան է զիջում։ Մեզ համար սա շատ վտանգավոր ազդակ է։ Եվ հենց այդ պատճառով մենք պետք է շարունակենք աշխատանքը ոչ միայն Ռուսաստանի և Արևմուտքի, այլև ուղղակիորեն թուրքերի հետ, որպեսզի հերթական անգամ սակարկության առարկա չդառնանք և ավելի ճկուն լինենք»։
Թուրքիան նյարդայնացնում է նաև Ֆրանսիային
«Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մակրոնի հետ [կայացել է մարտի 9-ին, Ֆրանսիայի նախագահը Հայաստանի վարչապետին Փարիզ էր հրավիրել՝ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը նշելու] պատահական չէ։ Թուրքիայի ցանկացած ակտիվություն լարվածություն է առաջացնում նաև Փարիզի մոտ։
Ֆրանսիան, առանց այն էլ, անհանգստացած է ողջ իրավիճակով՝ ուկրաինական պատերազմի համատեքստում Եվրոպայի դերի և ինքնիշխանության առումով։ Ֆրանսիան մտահոգված է Թուրքիայի դերի ավելացմամբ Եվրոպայի համար առանցքային գոտիներից մեկում։
Եվ այս ֆոնին Հայաստանն իր բոլոր խնդիրներով Ֆրանսիայի համար դառնում է քաղաքական գործիք՝ Թուրքիային զսպելու համար։
Սակայն Մակրոնը միաժամանակ ուզում է լուծել նաև իր հարցը։ Ֆրանսիայի նախագահի համար նախընտրական փուլում հայ համայնքը կարևոր գործոն է։ Ֆրանսիայի հայերը չափազանց ինտեգրված են ֆրանսիական կյանքին, համայնքը բարձր վարկանիշ ունի, ընդ որում՝ այնքան բարձր, որ կարող է ազդել նաև հենց ֆրանսիացիների դիրքորոշման վրա»։
Ի՞նչ կարող է հայերին տալ Արևմուտքը, ինչի՞ն պատրաստ չէ Ռուսաստանը
«Հիմա մենք տեսնում ենք, թե ինչ կարող է Արևմուտքը տալ Ուկրաինային։ Այն տալիս է զենք, որով Ուկրաինան ավելի ուժեղ է դիմադրում, սակայն այդ զենքը չի լուծում բոլոր խնդիրները։ Ուկրաինան խնդրում է փակել երկինքը, սակայն Արևմուտքը դա չի անում՝ Մոսկվայի հետ ուղիղ առճակատման չգնալու համար։
Արևմուտի համար անհամեմատելի են Հայաստանի և Ուկրաինայի կամ ուկրաինական խաղի կարևորությունը։ Այդ պատճառով էլ Լեռնային Ղարաբաղում կամ Հայաստանում նոր պատերազմի դեպքում արևմտյան երկրների զգալի օգնություն, մասնավորապես, երկնքի փակում կարելի է չսպասել անգամ։
Նման դեպքում Ռուսաստանի ներգրավման մասին ընդհանրապես անիմաստ է խոսել։
Ռուսաստանը երկու ճակատով պատերազմ վարելու ռեսուրս չունի, ի հավելումն՝ նա ցանկություն էլ չունի Թուրքիայի դեմ պատերազմի մեջ մտնելու։
Ռուսաստանը դաշնակից է թղթի վրա, որն իրականում այդպիսին չէ և չի էլ լինելու։
Անվտանգության հարցերով այլընտրանքային դաշնակից մենք չունենք, ձեռք բերելու հնարավորություն՝ նույնպես։
Մեր դեպքում պատերազմն ամենաանցանկալի զարգացումն է, որն ակնթարթորեն կարող է Հայաստանը վերածել փլատակի»։
Հովսեփ Խուրշուդյան, «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ․ «Կրեմլի պլանները Հայաստանի վերաբերյալ, ինչո՞վ կպատասխանի Արևմուտքը»
Կրեմլի պլանները
«Քաղաքակրթական առումով Հայաստանը Եվրոպա է։ 2018 թ-ի «թավշյա» հեղափոխությունից ի վեր ժողովրդավարական զարգացման երեք տարին բավական էր, որ Հայաստանը ժողովրդավարական զարգացման բոլոր միջազգային գնահատականներով սկսի հասնել, իսկ որոշ կետերով նույնիսկ անցնել Արևելյան գործընկերության երկրներին, որոնք Եվրամիության հետ ասոցացվեցին 2013 թ-ին։
Այլ բան է, որ բնակչությամբ և ռեսուրսներով 30 անգամ գերազանցող Թուրքիայից և Ադրբեջանից եկող մշտական էքզիստենցիալ սպառնալիքն ու Արևմուտքի զրոյական ռազմական ներկայությունը հանգեցրել են նրան, որ Հայաստանը երկար ժամանակ իր կայունությունը կապում էր Ռուսաստանի հետ։
2016 թ-ի Ապրիլյան պատերազմն ու 2020 թ-ի 44-օրյա պատերազմն Արցախում ցույց տվեցին, որ Կրեմլի կլեպտոկրատ էլիտան կարող է ոչ միայն պարզապես դավաճանել, այլև հանգիստ խղճով վաճառել ցանկացածին, անգամ ամենամոտ դաշնակցին։
Այժմ Հայաստանի ժողովուրդը նույնիսկ անվտանգության առումով է ավելի ու ավելի քիչ հույս կապում Ռուսաստանի և ավելի ու ավելի շատ՝ Արևմուտքի հետ։
Սակայն հարցն այստեղ նույնիսկ այն չէ, որ Հայաստանը հայտնվել է Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Ավելի վտանգավոր է այն, թե ինչ ռազմավարական պլաններ ունի Կրեմլը Հայաստանի մասով։
Պարզ է, որ Ուկրաինայի վրա հարձակվելուց առաջ Պուտինը մտադիր էր երկրորդ ԽՍՀՄ-ի պես մի բան ստեղծել։ Առանց Ուկրաինայի այդ նախագիծը նախապես դատապարտված կլիներ։ Սակայն, եթե Կրեմլի արկածախնդրությունն Ուկրաինայում հաջողվեր, կարելի էր չկասկածել, որ հաջորդ զոհը Հայաստանն էր լինելու։
Ընդ որում, Պուտինը գործելու էր Ալիևի հետ սերտ համագործակցությամբ․ Ադրբեջանը հարձակվելու էր Հայաստանի վրա, իսկ Ռուսաստանը սկսելու էր «փրկել» նրան։ Արդյունքում՝ մենք զրկվելու էինք մեր տարածքի հերթական հատվածից, որի վերադարձը Ռուսաստանը, բնականաբար, չէր ապահովելու։ Սակայն մնացած մասը ցեղասպանությունից «փրկելու» համար պահանջելու էր միանալ նոր միությանը, ընդ որում՝ վատթարագույն պայմաններով։
Այդ պատճառով էլ ուկրաինացիներն այժմ պայքարում են ոչ միայն իրենց, այլև Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի անկախության և ինքնորոշման իրավունքի համար»։
Ուկրաինական պատերազմի ֆոնին Բաքուն ագրեսիվ դիրքորոշում է զբաղեցրել
«Ալիևը կրկին գործում է Պուտինի հետ համագործակությամբ, ինչպես արել է 2020 թ-ին՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի օրերին, ինչպես նաև 2021 թ-ի մայիսին, երբ ադրբեջանական ԶՈւ-ն ներխուժեց Հայաստանի տարածք և օկուպացրեց, իմ տվյալներով և գնահատականով, շուրջ 100 քառակուսի կիլոմետր տարածք [Հայաստանի իշխանությունը հայտարարել է 41 քառակուսի կիլոմետրի մասին]։
Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը [Ռուսաստանի առաջնորդությամբ գործող ռազմական դաշինքը, որի անդամ է Հայաստանը] ոչ միայն չպաշտպանեցին իրենց ռազմական և տնտեսական դաշնակցին, այլև անգամ չդատապարտեցին ադրբեջանական սադրանքն ու ներխուժումը, ինչպես դա արեցին Ֆրանսիան ու ԱՄՆ-ն։
Կրեմլը կոշտ ձևով ճնշում գործադրեց Հայաստանի ղեկավարության վրա, որպեսզի նա չհամարձակվի դիմել ՄԱԿ Անվտանգության խորհրդին։
Այն դեպքում, երբ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը բացահայտ հայտարարեց, որ պատրաստ է ՄԱԿ ԱԽ ներկայացնել հատուկ բանաձև, եթե Հայաստանն իրեն դիմի այս հարցով։
Այդ պատճառով էլ Ալիևին հետագա սադրանքներից հեռու պահելը կարող է արդյունավետ կազմակերպվել միայն Արևմուտքի օգնությամբ։
Մարտի 9-ին մենք տեսել ենք Եվրախորհրդարանի կողմից «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևի գրեթե միաձայն (635 «կողմ», 2 «դեմ» և 42 ձեռնպահ) ընդունումը։
Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունն ու ընդգծում, որ հայկական մշակութային ժառանգության հետքերի ոչնչացումն իրականացվում է ոչ միայն վնասելու, այլև պատմության կեղծման և հայության հետքի ջնջման նպատակով։
Ամեն ինչ գնում է նրան, որ Արևմուտքը հակվում է Լեռնային Ղարաբաղի ճակատագրի լուծմանը Կոսովոյի սցենարով»։
Արևմուտքը Հայաստանին առաջարկելու բան ունի
«Մակրոնի հետ Փաշինյանի հանդիպումն այս փուլում բնավ պատահական չէ։ Նա Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Փարիզ վերջինիս և Վլադիմիր Պուտինի հանդիպումից առաջ [նախատեսվում է ապրիլի սկզբին]։
Այդպիսով Ֆրանսիայի նախագահն ակնհայտորեն հասկացնում է, որ Արևմուտքը Հայաստանին առաջարկելու բան ունի, այդ թվում՝ անվտանգության առումով։
Արևմուտքն այսօր կոնսոլիդացված է ինչպես երբեք, և տարածաշրջանային շատ խնդիրների լուծման առավելագույն ուժ ունի։ Հատկապես՝ Ուկրաինայի դեմ Պուտինի ագրեսիայի ձախողումից և Իրանի հետ միջուկային համաձայնագրից հետո, ինչի վերաբերյալ ես ոչ մի կասկած չունեմ։ Արևմուտքը Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև հարավկովկասյան և մերձավորարևելյան տարածաշրջանի վրա ավելի մեծ ազդեցություն կունենա»։