Հայաստանի կառավարությունը 2019 թ-ին պաշտպանության ոլորտին կտրամադրի մոտ 647 մլն դոլար: Դա մեկ քառորդով ավելի շատ է, քան նախորդ տարի: Հատկանշական է, որ երկնիշ թվերով պաշտպանությանը հատկացվող բյուջեն աճում է արդեն երկրորդ տարին շարունակ: 2018թ-ին այն կազմել է 518 մլն դոլար՝ 17%-ով ավելի շատ, քան 2017թ-ին:
Ինչով է դա պայմանավորված
1.
Ռազմական բյուջեի աճը մասնակիորեն պայմանավորված է Հայաստանի տնտեսության աճով: 2018թ-ին երկրի ՀՆԱ-ն աճել է 6,5%-ով, այս տարի 5% աճ է նախատեսվում: Ընդ որում, 2019թ-ին պաշտպանության ոլորտին կտրամադրվի ՀՆԱ մոտ 4,5%-ը: Զարգացած երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում, ռազմական բյուջեն չի գերազանցում ՀՆԱ 2%-ը:
2.
Ռազմական ծախսերն ավելացնելու որոշումը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինամթերքի մրցավազքով: Երկու երկրների զորքերի շփման գծում իրավիճակը կայուն լարված է: Բաց հակամարտության և մասշտաբային դիմակայության բանը չի հասնում, սակայն հրադադարի ռեժիմը մշտապես խախտվում է:
3.
Հայաստանի ռազմական բյուջեի կտրուկ ավելացումը կարող է կապված լինել նաև Ռուսաստանից ստացվող հերթական վարկի հետ: Այն կարող է Հայաստանին տրամադրվել զենքի նոր խմբաքանակ գնելու համար: Ըստ շրջանառվող լուրերի՝ պաշտոնական Երևանի և Մոսկվայի միջև բանակցություններ են ընթանում, 100 մլն դոլար գումարի մասին է խոսվում: Եթե կողմերը համաձայնության գան, դա կլինի զենք գնելու համար տրամադրված արդեն երրորդ ռուսական վարկը: Վերջին ժամանակներս Հայաստանն ընդհանուր առմամբ արդեն 300 մլն դոլարի վարկ է ստացել:
Ի՞նչ զենք է Հայաստանը գնում Ռուսաստանից
Հայաստանը Ռուսաստանից ձգտում է ժամանակակից զենք գնել: Մասնավորապես, Երևանն արդեն ստացել է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:
Մամուլը հաղորդում է նաև, որ երրորդ վարկով Հայաստանը կարող է ՍՈւ-30ՍՄ կործանիչներ գնել: Հնարավոր է, որ ռազմական բյուջեի ավելացումը պայմանավորված է հենց կործանիչ ավիացիա ստեղծելու ձգտմամբ:
Արդյո՞ք շփման գծում լարվածությունը կարող է նվազել
Մի քանի օր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են նվազեցնել լարվածությունը շփման գծում և քայլեր ձեռնարկել միջադեպերի կանխարգելման ուղղությամբ: