Հայաստանի ընդդիմությունը պայքարում է «սուպերվարչապետի» լիազորությունների դեմ
Հայաստանի խորհրդարանում քննարկվում է կառավարության կառուցվածքի և կազմի մասին օրենքը։ Կառավարությունը գնում է օպտիմալացման և պատրաստվում է մի քանի նախարարություն լիկվիդացնել։ Սակայն ընդդիմությանն ավելի շատ անհանգստացնում է այն, որ վարչապետի չափազանց մեծ լիազորությունները պահպանվում են։ Դրանք ժամանակին իր համար նախանշել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա մտադիր էր նախագահության երկու ժամկետները սպառելուց հետո երկիրը գլխավորել որպես վարչապետ և պահպանել իշխանության բարձրագույն լիազորությունները։
Հեղափոխության առաջնորդ և ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին փորձում են մեղադրել դրանում, որ նա պահպանել է «սուպերվարչապետական» լիազորությունները, որոնք իր նախորդը նախապատրաստել էր իր համար։
• Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղում է կանխատեսում
Ինչի՞ն է դեմ ընդդիմությունը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում կատարվելիք փոփոխությունների քննարկման ժամանակ քննադատել է պետական կառավարման ողջ համակարգը։
Մարուքյանի խոսքով՝ Հայաստանի նոր իշխանությունները փորձում են պահպանել կառուցվածքը, որը ստեղծվել է նախկին նախագահ և վարչապետ Սերժ Սարգսյանի համար։
«Հայտնի է, որ այս պետական կառավարման կառուցվածքը անվանվել է «Սերժ Սարգսյանի կոստյում»: Հիմա դուք բերել եք նախագիծ, առաջարկում եք անել հետևյալ բանը՝ ասում եք՝ այս կոստյումի այս կոճակները հանում ենք, մեկ էլ այս կողմից երկու կոճակ եք հանել ու ասում եք՝ ․․․սա լավ կոստյում է: Ուրեմն այն կոստյումը, որը կարվել էր, չի փոխվել։ Ինչո՞ւ եք հագել Սերժ Սարգսյանի կոստյումը», — վրդովվում էր Էդմոն Մարուքյանն՝ ասվածը սեփական հագուստի և դրա կոճակների վրա ցուցադրելով։
Ընդդիմադիր պատգամավորին ամենաշատն անհանգստացնում է այն փաստը, որ ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունն աշխատում են վարչապետի հետ ուղիղ կապի միջոցով և խորհրդարանը լծակներ չունի դրանց գործունեությունը վերահսկելու։
Մարուքյանը հիշեցրել է նաև Փաշինյանի այն ելույթը, որի ընթացքում նա հայտարարել էր՝ Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը պետք է նախարարություններ դառնան․
«Այդ կառույցները կառավարության կազմում ներառելու առաջարկը մեր երկուսինն էր, սակայն մերժվեց նախորդ իշխանությունների կողմից։ Իսկ ձեր առաջարկած համակարգն, ըստ էության, Սերժ Սարգսյանի նույն համակարգն է։ Երկու կոճակ եք պոկել, բայց վարչապետն ԱԱԾ և Պետեկամուտների կոմիտեի ղեկավարն է մնացել։ Եվ հիմա միջին օղակ չկա, որը պատասխանատվություն կկրի այդ կառույցների համար»։
«Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Մարուքյանը հայտարարել է, որ իր խմբակցությունը դեմ է քվեարկելու օրինագծին։
«Ուժային կառույցները քաղաքականի վերածելը նպատակահարմար չէ»
«Իմ քայլը» իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կառավարությունում կառուցվածքային փոփոխությունների մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է, որ ուժային կառույցները քաղաքականի վերափոխելը դեռ «նպատակահարմար չէ»․
«Մենք դա նպատկահարմար չենք համարում՝ ելնելով ինչպես մեր, այնպես էլ այլ երկրների փորձից, հաշվի առնելով այն մտահոգությունները, որոնք կարող են առաջացնել այդ կառույցները տվյալ փուլում որպես քաղաքական մարմին։ Հնարավոր է, որ ապագայում մենք դա քննարկենք և հասկանանք, որ նման խնդիր չկա»։
Ինչպե՞ս է փոխվելու կառավարության կառուցվածքը
Հայաստանի կառավարությունը մարտի 7-ին հաստատել է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում մտցված փոփոխություններն ու լրամշակումները։ Ենթադրվում է նախարարությունների քանակը 17-ից կրճատել մինչև 12։
Կկրճատվեն հետևյալ նախարարությունները․
- մշակույթի,
- գյուղատնտեսության,
- էներգետիկ ենթակառուցվածքների և բնական ռեսուրսների,
- սփյուռքի,
- երիտասարդության և սպորտի։
Այլևս չի լինի առաջին փոխվարչապետի պաշտոն, երեքի փոխարեն երկու փոխվարչապետ կլինի։
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով՝ կառավարության կազմի փոփոխությունը կբարձրացնի գործադիր իշխանության աշխատանքի արդյունավետությունը․
«Առաջարկված փոփոխությունների հիմնական նպատակը ֆունկցիոնալ առումով կառավարության՝ առավել օպտիմալ կառուցվածք ստեղծելն է, ինչը հնավորություն կտա բարձրացնել գործունեության արդյունավետությունը…»։