Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հնարավոր է կալանավորվի: Այս մասին միջնորդությունն արդեն ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի դատարան: Դա տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 26-ին, Քոչարյանին «2008թ-ի մարտի 1-ի» գործով հարցաքննելուց հետո:
2008թ-ին հերթական նախագահական ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո, ցույցեր սկսվեցին: Այդ ընտրություններին մասնակցած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները համաձայն չէին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքների հետ: ԿԸՀ-ն ընտրությունների հաղթող էր ճանաչել Սերժ Սարգսյանին: Ընդդիմությունը հայտարարեց, որ ընտրությունների ժամանակ բազմաթիվ ընտրակեղծիքներ են եղել և իր կողմնակիցներին փողոց դուրս բերեց:
Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ցուցարարներից մաքրեց նրանց հավաքատեղին՝ Ազատության հրապարակը: Երեկոյան ոստիկանության և ցուցարարների միջև նոր բախումներ տեղի ունեցան: Այն ժամանակ գործող նախագահն էր դեռևս Ռոբերտ Քոչարյանը, և նա արտակարգ դրություն մտցրեց: Քաղաք մտավ բանակն ու զինվորական տեխնիկա: Ցույցը ցրելիս 10 մարդ զոհվեց: Տասը տարվա ընթացքում մարտի 1-ի գործն այդպես էլ չի բացահայտվել:
«2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար», — ասված է գերատեսչության հաղորդագրությունում:
Ավելի վաղ այս գործով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ: Նրա հանդեպ հետախուզում է հայտարարվել քրեական գործի շրջանակում, որը հարուցվել է նույն, «սահմանադրական կարգի տապալում» հոդվածով: