Հայաստանը էական փոփոխություն չի գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում, «ճահճացումը» շարունակվում է
Աշխարհի 180 երկրների շարքում Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով Եթովպիայի, Մակեդոնիայի և Վիետնամի հետ կիսում է 107-րդ տեղը: Այս գնահատականը տվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը:
Հայաստանը նախորդ տարիների համեմատ բարելավել է իր դիրքը հետազոտվող երկրների ցանկում 2 հորիզոնականով:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ սա ամենևին էլ չի նշանակում, որ Հայաստանը հակակոռուպցիոն պայքարի հաջողություններ է արձանագրել և նվազեցրել կոռուպցիայի մակարդակը:
«Այս գնահատականը վկայում է շարունակվող ճահճացման մասին: Հատկապես անցյալ տարի Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո որոշակի քայլեր արվել են, կստեղծվի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ընդունվել է ազդարարների օրենքը, ապօրինի հարստացման քրեականացման մասին օրենքը, բայց այդ ամենը բավարար չէ:
Օրենքներ ընդունվում են, բայց խնդիրը դրանք իրականացնելու մեջ է: Կարևոր է, որ օրենքում չլինեն սողանցքներ խուսափելու համար, հետո չասվի, թե այսինչ թերության պատճառով օրենքը չի գործում: Օրենքում սողանցքներ թողնելը, օրենքը չիրացնելը քաղաքական կամքի բացակայության ինդիկատոր են»,— ասել է Հոկտանյանը:
Փորձագետի հաղորդմամբ, ամենակոռումպացված երկրների շարքում են Սոմալին (8), Սիրիան (14), Հարավային Սուդանը (12), Ռուսաստանը (29), հետևաբար նրանց համեմատությամբ Հայաստանը «շատ ավելի մաքուր վիճակում է»։
Հոկտանյանն ասել է, որ կոռուպցիայի ընկալման համաթիվը ներդրողների, պետությունների կողմից կարևորվում է որպես «առավել ադեկվատ» գնահատական.
«Սա ոչ թե շարքային քաղաքացիների գնահատական է, որ չասեն, թե նրանք սոված են, աղքատ են, դրա համար ցածր են գնահատում, այլ փորձագետների, գործարարների ընկալման գնահատականն է, այդ թվում՝ արտասահմանցի փորձագետների»:
Վարուժան Հոկտանյանը շեշտել է, որ հարկավոր է մասնագիտացված հակակոռուպցիոն իրավական մարմին ունենալ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության համար.
«Կան երկրներ, որտեղ կոռուպցիայի մակարդակը ցածր է, բայց նման մարմին այնտեղ չկա: Եթե քաղաքական կամք լինի, նման մարմինները անհրաժեշտ չեն լինի: Բայց միջազգային փորձը ցույց է տալիս, որ քաղաքական կամքն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, երկրներ կան, ինչպես Սինգապուրը, որ նման մարմինների միջոցով են պայքար տանում»:
Փորձագետի կարծիքով, կոռուպցիայի նվազմանը նպաստում է քաղաքական ազատությունների և տնտեսական ազատությունների զուգակցումը: Ավելին, այդ պարագայում, առանց որևէ հատուկ ռազմավարությունների կարելի է հասնել կոռուպցիայի մակարդակի նվազեցման: