«Կարևորելով ուղիղ շփումները»․ կայացել է Փաշինյան-Էրդողան առաջին հանդիպումը
Փաշինյան-Էրդողան առաջին հանդիպումը
Հոկտեմբերի 6-ի երեկոյան Պրահայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը։ Սա երկու երկրների ղեկավարների առաջին դեմառդեմ հանդիպումն է հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր։
Մեկ տարի առաջ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, թե Փաշինյանը իրեն հանդիպելու առաջարկ է փոխանցել Վրաստանի վարչապետի միջոցով։ Սակայն որևէ հանդիպում այդպես էլ չէր կազմակերպվել։
Մինչ այս Փաշինյանի ու Էրդողանի միջև ուղիղ շփում մեկ անգամ էր եղել՝ հեռախոսազրույցի տեսքով։ 2022 թ․-ի հուլիսի սկզբին կայացած զրույցի ընթացքում Հայաստանի և Թուրքիայի ղեկավարներն ընդգծել էին «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը»։
Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների դեմառդեմ հանդիպման մասին շատ բան չի հաղորդվել։ Պաշտոնական Երևանն է հանդես եկել հաղորդագրությամբ, որից տեղեկանում ենք, որ քննարկվել են ոչ միայն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, այլև տարածաշրջանային գործընթացները։
Այս պահին հայտնի բոլոր մանրամասները Փաշինյան-Էրդողան հանդիպման, հայ-թուրքական կարգավորման գործընթացի մասին, ինչպես նաև մեկնաբանություններ
Բուն բանակցությունների մեկնարկից առաջ տելեգրամյան ալիքներում հրապարակվեցին լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում երևում էր, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի առաջնորդները նստած են մեկ սեղանի շուրջ՝ ոչ պաշտոնական միջավայրում և ինչ-որ բան են քննարկում։ Տեսանյութերից մեկում էլ երևում էր, որ զրուցում են Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Հունգարիայի ու Ֆրանսիայի ղեկավարները։
Ի՞նչ է հաղորդվել Փաշինյան-Էրդողան հանդիպման մասին
Պրահայում կայացած հանդիպումից հետո Հայաստանի վարչապետի աշխատակազմը տարածեց հաղորդագրություն՝ ներկայացնելով հանդիպման արդյունքները։
«Հայաստան-Թուրքիա կարգավորման համատեքստում երկուստեք կարևորվել են ուղիղ շփումներն ու բարձր մակարդակի հանդիպումները»,- հայտնում է պաշտոնական Երևանը։
Հաղորդագրության համաձայն Փաշինյանն ու Էրդողանը՝
- քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը,
- մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջ:
Հայաստանի և Թուրքիայի ղեկավարներն անդրադարձել են նաև երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացման վերաբերյալ հատուկ ներկայացուցիչների պայմանավորվածությանը։ Ասվում է, որ «շեշտվել է պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը»։
Փաշինյան-Էրդողան հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների արտգործնախարարները, հայ-թուրքական կարգավորման գործընթացում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները։
Օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում Հայաստանի վարչապետը նշել էր, որ Էրդողանի հետ հանդիպելու պարագայում քննարկելու են «երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր»։ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ Պրահայում նախատեսված հանդիպումներն, ըստ էության, տեղավորվում են «խաղաղության օրակարգի քննարկման մեջ»։
Մինչ Փաշինյան-Էրդողան հանդիպումը թուրքական «Սաբահ» մերձիշխանական պարբերականը գրել էր, որ Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին ուղերձներ է փոխանցելու, մասնավորապես այն մասին, որ հատուկ ներկայացուցիչների հանդիպումներն անցկացվեն Թուրքիայում և Հայաստանում, ոչ թե երրորդ երկրներում: Հաղորդվում էր նաև, որ Էրդողանն ընդգծելու է՝ տարածաշրջանում լարվածության թուլացման համար Հայաստանը «պետք է զերծ մնա սադրանքներից, ինչպես նաև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրի»։
Երևան-Անկարա երկխոսության մասին
Հայ-թուրքական կարգավորման մասին խոսակցություններն ակտիվացան Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո: Կարգավորման գործընթացը գործնական փուլ մտավ 2021 թվականի տարեվերջին, երբ Երևանն ու Անկարան հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին երկկողմ բանակցություններ սկսելու համար:
Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը 1991 թվականի դեկտեմբերի 24-ին: Երկու երկրների միջև, սակայն, դիվանագիտական հարաբերություններ մինչ օրս չեն հաստատվել: Երկրների միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թ.-ից:
Մինչ օրս Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը չորս հանդիպում են անցկացրել։ Եվս մեկը նախատեսված էր սեպտեմբերին, սակայն այդպես էլ չկայացավ։ Ամենայն հավանականությամբ, պատճառը սեպտեմբերի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողություններն էին։
Ռուբինյան-Քըլըչ բանակցությունների դեռևս միակ շոշափելի արդյունքը երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումն է։ Դեռևս վերջին՝ հուլիսի 1-ի հանդիպման ժամանակ նրանք պայմանավորվել էին «հնարավոր ամենասեղմ ժամկետներում» բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև իրականացնել ուղիղ օդային բեռնափոխադրումներ։ Մինչ այս պահը չի հաղորդվել՝ ինչ քայլեր են ձեռնարկվել այս ուղղություններով։
Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը տարբեր առիթներով նշել է, որ կարգավորման գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի քաղաքական կամքից ու վստահեցրել, որ «Հայաստանը պատրաստ է հենց վաղը Թուրքիայի հետ ունենալ բաց սահմաններ և դիվանագիտական հարաբերություններ»:
Մեկնաբանություններ
Նախքան Պրահայի բանակցությունները հայ փորձագետները նշել էին, որ երկխոսության տեսանկյունից Փաշինյան-Էրդողան հանդիպումը կարևոր է, նաև ընդգծել, որ «բեկումնային փոփոխություններ ակնկալել պետք չէ»։
Թուրքագետ Գեորգի Միրզաբեկյանի գնահատմամբ՝ զուտ հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների թեման Անկարայի համար երկրորդական է, կարևոր են «այլ հարցեր»։
«Թուրքիան բանակցությունների սեղանին կդնի հայտնի «խաղաղության պայմանագիրը» և Հայաստանով անցնող «միջանցքի» հարցը»,- JAMnews-ի հետ զրույցում նշել էր Միրզաբեկյանը։
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ «կարգավորումը հնարավոր է իրագործել, փոքր քայլերով առաջ գնալ»։ Հայաստանի վարչապետը կարծիք էր հայտնել, որ գործընթացին «ուղիղ կերպով խոչընդոտում և բացասական ֆոն են ստեղծում» Թուրքիայից հնչող արտահայտությունները, մասնավորապես ՝«Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։ Հավելել էր նաև, որ ասվածը չի նշանակում, թե նմանատիպ հայտարարություններից հետո երկխոսությունը դադարեցնելու են։
Թուրքագետը կարծիք էր հայտնել, թե Թուրքիան փորձում է իր արևմտյան գործընկերների մոտ տպավորություն ստեղծել, որ Հայաստանի հետ երկխոսության կողմնակից է, կառուցողական է։ Նա նշել էր, որ այդ նպատակն է հետապնդում նաև Պրահայում նախատեսված հանդիպումը։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ Փաշինյան-Էրդողան հանդիպումը կարող է «նվազագույնի հասցնել հնարավոր նոր պատերազմի ռիսկերը»։
«Հայաստանը պետք է ձգտի շտապ կերպով պայմանագրեր կնքել Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ իր համար նվազագույն ռիսկերով։ Ակնհայտ է, որ մենք պարտված կողմն ենք, և այդ խաղաղությունը մեզ ամենաշատն է պետք։ Իսկ ինստիտուցիոնալ խաղաղությունը հնարավոր է միայն պայմանագրերի ստորագրումից հետո»,- նկատել էր Սուրենյանցը։
Նրա դիտարկմամբ՝ հարցերի լուծման՝ Բաքվի համար ձեռնտու ցանկացած տարբերակ ձեռնտու կլինի նաև Անկարայի համար։ Ասում է՝ դա բխում է ադրբեջանա-թուրքական դաշնակցային հարաբերություններից։
Թեև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է երկկողմ ձևաչափով և առանց նախապայմանների, սակայն թուրքական կողմը շարունակում է Հայաստանի հետ գործընթացը կապել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների հետ՝ հրապարակավ աջակցելով Բաքվին։
Փաշինյան-Էրդողան առաջին հանդիպումը