«Հախուռն, առանց կոնցեպտի»․ կարծիք Փաշինյանի կադրային քաղաքականության մասին
Կարծիք Փաշինյանի կադրային քաղաքականության մասին
Հայաստանի վարչապետը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով իր վարած կադրային քաղաքականությանը։ Նիկոլ Փաշինյանը որոշ դիտարկումներ է ներկայացրել մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած պաշտոնանկությունների և նոր նշանակումների վերաբերյալ։ Արձանագրել է՝ ՀՀ կառավարող թիմը հիմնված է «2018 թ.-ի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության, Իրական Հայաստանի, պետականության, ինքնիշխանության ու անկախության արժեհամակարգերի վրա»։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կարծում է՝ աննպատակ գրառում է։ JAMnews-ի հետ զրույցում նա նշել է, որ գրառումից չի հասկացվում՝ ինչ սկզբունքներ է վարչապետը փորձում դնել իր կադրային նշանակումների հիմքում։
«Փաշինյանը շարունակում է նախկինում արմատավորված՝ արատավոր ավտորիտար մշակույթը, երբ մարդիկ ազատվում էին աշխատանքից և մենք չէինք կարողանում մինչև վերջ պատկերացնել՝ ինչն են ձախողել։ Հետո նշանակվում են նոր կադրեր, չգիտենք՝ ինչ առաքելությամբ և ծրագրով։ Մնացածը դատարկ խոսակցություններ են, գեղեցիկ արտահայտություններ, որոնք չեն փոխում կադրային քաղաքականության բնույթը»,- նկատել է Սուրենյանցը։
Ի՞նչ է գրել Փաշինյանը
Վարչապետի փոխանցմամբ՝ նոյեմբեր ամսվա ընթացքում բարձր պաշտոնների նշանակված կամ առաջադրված մարդիկ ներկայացնում են 2 խումբ՝
- կամ 2018 թ.-ի հեղափոխական թիմի այնպիսի անդամ են, որ անցել են ընտրական ֆիլտրի միջով, արժանացել ժողովրդի վստահությանը և արդյունավետորեն իրացրել այդ վստահությունը,
- կամ հեղափոխության պահին արդեն իսկ ներգրավված են եղել պետական կառավարման համակարգում, հեղափոխությունից հետո իրենց պոտենցիալն իրացնելու ավելի մեծ հնարավորություն են ստացել, արդյունավետորեն իրացրել են այն, կառավարող մեծամասնության գաղափարաբանության նկատմամբ անհրաժեշտ համախոհություն են ցուցաբերել և թիմի մասն են դարձել։
«Չեմ կարող ասել, թե առաջիկայում այլ բանաձևեր չեն կիրառվի, բայց վերը նկարագրված բանաձևերը կդառնան կադրային քաղաքականության հենասյուներ»,- գրել է վարչապետ Փաշինյանը։
Մեկ շաբաթ առաջ՝ նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ զբաղեցրած պաշտոններից ազատվելու դիմում են ներկայացրել ՀՀ 6 պաշտոնյաներ՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, Ներքին գործերի նախարարը, Քննչական կոմիտեի նախագահը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը և ՊԵԿ նախագահը։ Արդեն իսկ արվել է 2 նշանակում։ ՆԳ նախարարին փոխարինել է փոխնախարար Արփինե Սարգսյանը, ՏԿԵ նախարարին՝ Արմավիրի նախկին մարզպետ Դավիթ Խուդաթյանը։
Ազատումների պատճառները մինչ օրս պարզաբանված չեն։ Դրանց նախորդած կառավարության նիստում վարչապետն անդրադարձել էր դատաիրավական համակարգում առկա խնդիրներին և հայտարարել՝ իր «համբերության բաժակը լցվել է»։ Փաշինյանի խոսքով՝ պաշտոնանկությունների «պատճառներն անձնավորված չեն, այլ համակարգային»։ Ավելի ուշ՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հաստատել է լրատվամիջոցների կողմից տարածված այն տեղեկությունը, թե ինքն է պաշտոնյաներին խնդրել ազատման դիմումներ գրել։
Հայտնի է, որ Փաշինյանը մանդատը վայր դնելու խնդրանքով դիմել է նաև խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին։ Զեյնալյանն արդեն ներկայացրել է իր դիմումը, մինչդեռ Աղազարյանը որոշում չի կայացրել։ Միայն խոստովանել է՝ թիմից ճնշումներ կան և հավելել՝ «մի մասն ասում է, որ մանդատը վայր դնեմ, մյուս մասն ասում է, որ չդնեմ»։
Մեկնաբանություն
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ Հայաստանի վարչապետը վարում է «հախուռն, առանց կոնցեպտի, առանց մերիտոկրատիկ բաղադրիչի [նշանակվողի արժանիքները հաշվի առնելու]» կադրային քաղաքականություն, որին դժվար է գնահատական տալ։
«Մենք այդպես էլ չենք հասկացել հեղափոխությունից հետո արված նշանակումները, պատերազմից [2020 թ․-ի 44-օրյա] առաջ կատարվածը, պատերազմից հետո կատարվածը։ Ինչպիսի քաոտիկ ընթացք ունի Փաշինյանի քաղաքականությունը ներքին և արտաքին հարթությունների վրա, նույնպիսին է նաև կադրային քաղաքականությունը։ Հակառակ պարագայում մենք որևէ ոլորտում ավարտուն գոնե մեկ ռեֆորմ տեսած կլինեինք»,- արձանագրել է նա։
Շեշտում է՝ ստեղծված իրավիճակն արդյունքն է այն բանի, որ հեղափոխական հարթակն այնքան հասուն չէր, որ կարողանար փոփոխությունների հասնել ընտրական ճանապարհով․
«Որպես կանոն՝ բոլոր հեղափոխությունները իռացիոնալ կադրերի և իռացիոնալ գաղափարների սելեկցիա են։ Դրանից հետո սպասել կադրային քաղաքականության տրամաբանություն, կարծում եմ՝ տեղին չէ»։
Անդրադառնալով կառավարության ղեկավարի գրառման մեջ մատնանշված արժեհամակարգերին, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ 2018 թ․-ի հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանն առհասարակ չի խոսել, այսպես կոչված, Իրական Հայաստանի մասին։
«Պատերազմից [2020 թ․-ի 44-օրյա] հետո սեփական պատասխանատվությունը քողարկելու նպատակով նա սկսեց շրջանառել «Իրական Հայաստանի» թեզը, որի քողածածկույթի տակ պարտված Հայաստանի կերպարն է»,- ընդգծել է Սուրենյանցը։
Քաղաքագետի գնահատմամբ՝ ազատումներով Փաշինյանը մեկնարկել է իր նախընտրական քարոզարշավը․
«Նա փորձում է նոր մեղավորներ նշանակել, նոր կադրերով ռեստարտ անել իր բոլոր խոստումները, որ իրականություն չեն դարձել։ Որքանով այդ տեխնոլոգիան օգուտ կտա կամ կվնասի նրան, ժամանակը ցույց կտա»։
Խոսելով օրեր առաջ տեղի ունեցած փաթեթային ազատման մասին՝ նկատել է՝ տպավորություն էր, թե Փաշինյանն ուղղակի ուզում է տարրալուծել, երկրորդական դարձնել յուրաքանչյուրի պատասխանատվության գործոնը, ինչն անընդունելի է։
«Եթե վարչապետը մի կողմ է դնում այդ մարդկանց անձնական պատասխանատվությունը, ուրեմն բացահայտում է համակարգը աշխատացնողի [իր] թերությունը։ Ստացվում է՝ չի կարողացել 7 տարում համակարգ ստեղծել»,- շեշտել է նա։
Ըստ Սուրենյանցի՝ ժողովրդավարական երկրի քաղաքացիներին պետք էր բացատրել՝ ինչի համար է ազատվել կոնկրետ պաշտոնյան և ինչու է նրա փոխարեն նշանակվել հենց այդ կադրը։ Ասում է՝ հակառակ դեպքում պարզ չէ՝ ի՞նչ տարբերություն կա ազատվողի և նշանակվողի միջև։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Կարծիք Փաշինյանի կադրային քաղաքականության մասին